«Թուրքերը փորձում են շարունակել ցեղասպանութիւնը, որը սկսել են 1915-ին», հարցազրոյց թրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի հետ



Թուրքիայի սահմանին մօտ գտնուող սուրիական Քեսապի շրջանը, որը բնակեցուած է գլխաւորապէս հայերով, ենթարկուել էր նախագահ Պաշար Ասատի եւ Սուրիայի  կառավարական բանակի դէմ կռուող ծայրայեղականների՝ վարձկան ապստամբների յարձակմանը: Դրա հետեւանքով տեղի հայերը լքել էին Քեսապը եւ ապաստան գտել Լաթաքիայում: Հայերի համոզմամբ, թրքական իշխանութիւնը օժանդակում է Քեսապի հայ համայնքի վրայ յարձակում գործած զինեալ ապստամբներին: Անգարան էլ պաշտօնապէս յայտարարել է, որ թրքական կողմը չի աջակցել Քեսապի հայերի դէմ կռուող զինեալներին եւ տեղի հայերը կարող են ընդունուել ու պաշտպանուել Թուրքիայի կողմից: Թուրքիայի արտաքին գործոց նախարարութեան տարածած յայտարարութիւնը զաւեշտալի է, քանի որ Թուրքիան աջակցելով զինեալներին՝ իր աշխարհաքաղաքական նպատակներն է  հետապնդում, որոնցից մէկն էլ Քեսապի հայ համայնքի վերացումն է եւ բացի զինեալներին աջակցելուց, դրան հասնելու տարբերակներից մէկն էլ նման խորամանկ յայտարարութիւն անելն է:

 Քեսապում տեղի ունեցած վերջին դէպքերի վերաբերեալ զրուցեցինք ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի հետ:

 

Ռուբէն Սաֆրաստեան – Երբ Սուրիայի շուրջ ճգնաժամ սկսուեց, այդ ժամանակուանից նախազգուշացնում էի, որ Թուրքիան խառնուելով այդ ճգնաժամին, մասնակցելու է դրան՝ առաջին հերթին լուծելով իր աշխարհաքաղաքական խնդիրը, այն է՝ տարածաշրջանում ուժեղացնել իր դիրքերը: Սուրիան Թուրքիայի աշխարհաքաղաքական հակառակորդն է եւ Սուրիային հարուած հասցնելով՝ Թուրքիան լուծում է նաեւ մէկ այլ խնդիր. ձերբազատուել Սուրիայի հայութիւնից՝ ստիպելով, որ տեղի հայերը լքեն Սուրիան: Ինչու՞, քանի որ տեղի հայ համայնքը ձեւաւորուել է ցեղասպանութիւնից փրկուածների կողմից, որոնց զաւակները ցեղասպանութեան մասին յիշողութիւնները վառ են պահում: Սուրիայի հայ համայնքը զարգացած ազգային կազմակերպութիւններ ունի՝ դպրոցներ, եկեղեցիներ, քաղաքական կազմակերպութիւններ, որոնք տասնամեակներ շարունակ սուրիահայերի ազգային ոգին պահել են բարձր մակարդակի վրայ: Սուրիայի հայ համայնքը, ի տարբերութիւն Մերձաւոր Արեւելքի երկրների այլ համայնքների՝ Լիբանանի, Իրանի, վերջին տարիներին շատ ամուր եւ պինդ էր մնացել ու մինչեւ այս վերջին դեպքերը չէր լքում Սուրիան: Գիտենք, որ Հալէպից, Պէյրութից հայերն Արեւմուտք էին մեկնում: Նոյնը վերաբերւում էր Իրանի հայերին: Թուրքիայի խնդիրն է՝ ուժեղ հարուած հասցնել Սուրիայի հայութեանը եւ այն, ինչ տեղի ունեցաւ Քեսապում, այդ ռազմավարական ծրագրի իրականացման մի փուլն է: Թուրքերը փորձում են շարունակել այն ցեղասպանութիւնը, որը սկսել են 1915-ին, անհրաժեշտ է դրան վերջ տալ: Եթէ Քեսապի հայութեան դէմ տեղի ունեցածը չդատապարտուի, իրադարձութիւնների նման զարգանում կը սպասուի նաեւ Հալէպում եւ Լաթաքիայում:

 

Տեղի հայութեան իրաւունքները պաշտպանելու համար կարծիքներ են հնչում, որ Հայաստանը կարող է զինուած ջոկատներ, զօրք մտցնել Քեսապ, եթէ մենք ԱՄՆ-ը կամ Ռուսաստան լինէինք, նման բան կարող էինք անել, սակայն հիմա իրողութիւնն այլ է:

Ասեմ, այն հրոսակները, ովքեր յարձակուեցին Քեսապի հայութեան վրայ, նախապատրաստուել, զինուել, ուղղորդւում են Թուրքիայի կողմից, նրանց առջեւ սահմանը բացուել է, նրանք յատուկ ուղարկուել են Քեսապի ուղղութեամբ:

Իսկ Հայաստանի կառավարութիւնն ինչպե՞ս կարող է օգնել Քեսապի հայերին։ Պէտք է յուսալ, որ մենք կը կարողանանք  քեսապահայութեան համար ապահովել կեանքի անվտանգութիւն եւ ապրելու նորմալ պայմաններ: «Կարեւոր է, որ երբ Սուրիայի կառավարական ուժերը յաղթանակի հասնեն, դրանից յետոյ նման բաներ չկրկնուեն: Այս առումով անհրաժեշտ է համագործակցել Սուրիայի իշխանութիւնների հետ»:

Անահիտ Սիմոնեան

Ժուռնալիստների «Ասպարէզ» ակումբ

հասարակական կազմակերպութիւն


Leave a Comment

You must be logged in to post a comment.