Արցախի Պաշտօնական Յայտարարութիւնը Խրիմի Հանրաքուէին Վերաբերեալ
\n
\n
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Արցախի արտաքին գործոց նախարարութիւնը հանդէս եկած է պաշտօնական յայտարարութեամբ՝ Խրիմի մէջ անցեալ Կիրակի տեղի ունեցած հանրաքուէին վերաբերեալ: Ստորեւ կը ներկայացնենք սոյն յայտարարութեան բնագիրը՝ ամբողջութեամբ.
\n Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (Արցախի Հանրապետութեան) արտաքին գործերի նախարարութիւնը յայտնում է, որ նախարարութիւնը դիտարկում է Մարտի 16ին Ղրիմի Ինքնավար Հանրապետութիւնում հանրաքուէի անցկացումը՝ որպէս ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի իրականացման հերթական դրսեւորում:
\n Իր զարգացման ուղին ինքնուրոյն ընտրելու եւ ժողովրդավարական կամարտայայտութեան միջոցով ճակատագիրը որոշելու իւրաքանչիւր ժողովրդի իրաւունքը, որը ամրագրուած է ՄԱԿի Կանոնադրութիւնում եւ մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրաւունքի առանցքային սկզբունքներից մէկն է:
\n Վերջին տարիների փորձը եւ, մասնաւորապէս, Կատալոնիայում եւ Շոտլանդիայում նախատեսուած հանրաքուէները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրաւունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգաւորման առաւել օպտիմալ եւ ժողովրդավարական եղանակն է:
\n ԼՂՀ ԱԳՆն յոյս է յայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետութիւնում հանրաքուէի արդիւնքում ստեղծուած իրավիճակն իր լուծումը կը ստանայ իրաւական դաշտում բացառապէս խաղաղ ճանապարհով:
\n