Հայաստանը Փորձում Է Վերականգնել Ռազմարդիւնաբերական Համալիրը

\n

\n

ՍԱՄՈՒԷԼ ԱՒԱԳԵԱՆ

\n

ԵՐԵՒԱՆ, «Հետք».- Հայաստանում փորձեր են կատարւում վերականգնելու ռազմարդիւնաբերական համալիրը: Այդ նպատակով մշակուել է օրէնք «Ռազմարդիւնաբերական համալիրի մասին», որն արդէն ներառուել է ՀՀ Ազգային ժողովի նիստերի օրակարգում:
\n Հայաստանը նախկին խորհրդային հզօր ռազմարդիւնաբերական համալիրին ինտեգրուած (միաւորուած-Խմբ.) էր հիմնականում իր գիտական պոտենցիալի (կարողականութեան-Խմբ.) միջոցով: Ձեւաւորուել էին խոշոր գիտաարտադրական միաւորումներ, որոնցում պատրաստի զէնք երբեք չի արտադրուել, սակայն որոշ կարեւոր հետազօտութիւններ իրականացում էին:
\n Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանը հասաւ նրան, որ ձեւաւորեց փամփուշտների արտադրութիւն, որոշ չափով կարգի բերուեց նաեւ ռազմական տեխնիկայի պահեստամասերի նորոգման ու արտադրման գործընթացը: Սակայն նոր ռազմարդիւնաբերական համալիր, որպէս այդպիսին, չձեւաւորուեց, իսկ նախկին գիտաարտադրական համարեա բոլոր հիմնակները դադարեցին աշխատել: Նախկին «Հրազդանմաշ»ի փորձերը՝ սկսել նռնակների ու ականանետների արտադրութիւն, յաջողութեամբ չպսակուեցին: Ներկայում հայկական «Ասպար» ընկերութիւնը մշակել է հրազէնի տեսակներ (ատրճանակ, դիպուկահար հրացաններ, ինքնաձիգներ), որոնք արդէն փորձարկուել են զինավարժութիւններում, հնարաւոր է դրանց զանգուածային արտադրութիւնը: Սակայն այդ ընկերութեան բիզնես-նախագծերն առաւելապէս կենտրոնացած են որսորդական զէնքի շուկայում: Նախագծեր կան հայ-ռուսական համատեղ ձեռնարկութիւնների ստեղծման վերաբերեալ՝ զրահատեխնիկա արտադրելու համար:
\n Հայաստանը պէտք է հաշուի նստի նաեւ այն հանգամանքի հետ, որ հարեւան Ադրբեջանում հսկայական ներդրումներ են իրականացւում ռազմական տեխնիկայի արտադրութիւն կազմակերպելու համար, այդ թւում՝ ռէակտիւ յարմարանքներ, ականներ, ներկայում փորձարկւում է ռուսական ու թուրքական տեխնիկայի բազայի վրայ զրահամեքենաների արտադրութիւնը: Ադրբեջանը գնում է այլ երկրների արտադրանքը պատենտաւորելու (արտոնագրելու-Խմբ.) եւ նմանակելու ճանապարհով՝ հիմնականում շեշտը դնելով թուրքական ընկերութիւնների հետ համագործակցութեան վրայ: Հայաստանում վերջին շրջանում աւելի մեծ ուշադրութիւն է դարձւում սեփական մշակումների վրայ:
\n Ի հարկէ, օրէնք գրելով ռազմարդիւնաբերական համալիր ինքնին չի ձեւաւորուի: Սա բաւական մեծ ներդրումներ պահանջող ոլորտներից է: Սակայն փորձը ցոյց է տալիս, որ Հայաստանի նման երկրները կարող են ստեղծել ուժեղ ռազմարդիւնաբերական համալիրներ՝ օգտագործելով նորարարական նուաճումներ: Դա է վկայում Իսրայէլի կամ Սերբիայի օրինակը: Սակայն այդ համալիրները կարող են յաջողութեան հասնել միայն միջազգային շուկայ դուրս գալու պայմանով, այլապէս ծանր բեռ կը դառնան տուեալ պետութեան տնտեսութեան համար: Հեռանկարային են համարւում թեթեւ տեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի, հրազէնի, օպտիկական միջոցների արտադրութեան ոլորտները: Հայաստանը կարծես թէ յաւակնում է նրան, որ կը սկսի հրազէնի, ոչ ծանր զրահամեքենայի, իսկ ապագայում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրութիւն:
\n Զէնքի համաշխարհային շուկան ներկայում գերհագեցած է ու բաւականին մենաշնորհացուած: Այս շուկայի հիմնական խաղացողները վաղուց յայտնի են (ԱՄՆ, Ռուսաստան, Արեւմտեան Եւրոպա), սակայն Հայաստանը գտնւում է աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում, որտեղ զէնքի նկատմամբ պահանջը առաջիկայ տասնամեակներում կը մնայ բարձր: Յիշեցնենք, որ զէնքի համաշխարհային շուկան գնահատւում է տարեկան մօտ 400 մլրդ. դոլար:
\n Ըստ Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների ուսումնասիրման ինստիտուտի (SIPRI) տուեալներին՝ վերջին 5 տարում զէնքի արտահանումների 30 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆին, 26 տոկոսը՝ Ռուսաստանին, 7 տոկոսը՝ Գերմանիային, 6 տոկոսը՝ Ֆրանսիային, 5 տոկոսը՝ Չինաստանին: Իրաքի պատերազմի աւարտը բացասաբար է անդրադարձել ամերիկեան զէնքի արտահանումների վրայ, փոխարէնն այս շուկայում էապէս ամրապնդւում է Ռուսաստանը: Ռուսական զէնքի խոշոր գնորդներ են հանդիսանում Սիրիան ու Հնդկաստանը: Եթէ Հայաստանը հասնի նրան, որ հայ-ռուսական համատեղ ձեռնարկութիւնների միջոցով արտադրի նորագոյն զինատեսակներ, ապա կարող է ներառուել նաեւ զէնքի արտահանման ռուսական սխեմաներում:

\n

Leave a Comment

You must be logged in to post a comment.