20-րդ Դարասկզբին Ազրպէյճանական Ոճրագործութիւնները Շուշիի մէջ


 

Դեռեւս 1918թ. թուրքական համաթրքութեան հետեւորդների կողմից, իրենց ծրագրերը իրականացնելու համար, Կովկասում ստեղծուեց  Ազրպէյճան պետութիւնը, որի մուսաւաթական  կառավարութիւնը ունէր միեւնոյն եաթաղանի ծրագրերը, որը 1918թ. Պաքւում իրականացնելով բազմահազար հայերի ջարդ, իր գոյատեւման վերջին շնչում կարողացաւ նաեւ իրականացնել եւս մէկ հրէշաւոր ծրագիր` այս անգամ Արցախի սրտում` Շուշիում, որին զոհ դարձաւ մօտ 20000 հայ:

Շուշիում, Պաքւում եւ այլ բնակավայրերում կովկասեան թաթարների կողմից 20-րդ դարասկզբին իրկնացուած ջարդերը մոռացութեան տրուեցին եւ խորհրդային քարոզչական մեքենան ամէն ինչ արեց, որպէսզի պատմութեան էջերից ջնջի այդ ոճրագործութիւնը: Ցաւօք սրտի մենք` հայերս, նոյնպէս լռում ենք, յաճախակի մոռացութեան մատնելով այն, այդ մասին հրապարակումների շատ քիչ կարելի է հանդիպել: Ի տարբերութիւն հայերիս, ազրպէյճանական եւ թուրքական մամուլը եւ համացանցը մեծ թափով, մանաւանդ վերջերս, մեծ քարոզարշաւ են սկսել` արդէն իսկ յայտնի արհեստագիտութեամբ խեղաթիւրելով պատմութիւնը եւ հէնց Պաքուի եւ նոյնիսկ Շուշիի հայերի ջարդերը ներկայացնում են որպէս այսպէս կոչուած  «Հայերի կողմից ազրպէյճանցիների կոտորած»:

Սակայն դեռեւս պահպանուել է որոշակի փաստեր իրական դէպքերի մասին: Ցանկանում եմ ներկայացնել այդ փաստերից մի քանիսը:

Արտասահմանեան մամուլը եւ յատկապէս ամերիկեան մամուլը լայնօրէն անդրադարձել է    20-րդ դարասկզբին կովկասեան թաթարների կողմից հայերի նկատմամբ իրականացուած կոտորածներին:

Սկզբի համար մէջբերում ամերիկեան  «Տը քրիսչըն սայընս մոնիթըր» թերթից, որի 1919թ. օգոստոսի 5-ին լոյս տեսած համարում գրուած է.

«Ղարաբաղը բնակեցուած է  բացառապէս հայերով, եւ եղել է փաստօրէն անկախ եւ ինքնակառավարուող»:

Նոյն պարբերականը 1919թ. օգոստոսի 28-ի համարում, անդրադառնալով Անդրկովկասում հայերի եւ թաթարների միջեւ հակամարտութեանը` գրում է հետեւեալը.

«Խնդրի պատճառը ինչպէս ասւում է հաւանաբար քաղաքական է, որը կապուած է  հայկական Ղարաբաղ նահանգը թաթարական Ազրպէյճան Հանրապետութեանը բռնակցելու թաթարների ցանկութեան հետ: Փարիզից ստացուած տեղեկատուութեանը տալիս է հետեւեալ մանրամասները. «Դա տեղի է ունեցել  յունիսի 4-ի առաւօտեան ժամը 3-ին, երբ Ազրպէյճանի թաթարական կառավարութեան զինուած ուժերը, որոնք ղեկավարւում էին Սուլթանովի կողմից, որը ուժի միջոցով նշանակուել է որպէս հայկական Ղարաբաղի նահանգապետ, սկսեցին յարձակումը Ղարաբաղի մայրաքաղաք Շուշի քաղաքի վրայ»:

Ինչպէս տեսնում ենք, ամերիկեան հեղինակաւոր «Տը քրիսչըն սայընս մոնիթըր» պարբերականը Արցախը ներկայացնում է որպէս հայկական նահանգ` բնակեցուած բացառապէս հայերով եւ  ինքնակառավարուող: Սա թերեւս կարեւոր փաստարկ է պատմութիւնը խեղաթիւրելու փորձ անողների համար: Ցաւօք սրտի Հայաստանում նոյնպէս կան փաստերից ու պատմութիւնից անտեղեակ մարդիկ, որոնք մինչ օրս մտածում են, որ Արցախը հանդիսացել է Ազրպէյճանի մաս: Եւս մէկ թերեւս փոքրիկ, բայց կարեւոր հանգամանքը յօդուածում Շուշի քաղաքը գրուած է հայահնչիւն «Շուշի», այլ ոչ թէ աղաւաղուած «Շուշա»:

Բազում փաստեր կան նաեւ կովկասեան թաթարների` այսինքն ներկայիս ազրպէյճանցիների կողմից հայերի նկատմամբ իրականացուած վայրագութիւնների մասին:

Ամերիկեան հեղինակաւոր «Տը Նիւ Եորք թայմզ» պարբերականի 1920թ. մայիսի 3-ին լոյս տեսած թերթում հանդիպում ենք հետեւեալ վերնագրով յօդուածի. «Պաքուի հայերը կանգնած են ոչնչացման առաջ. Դաշնակիցների Բարձր յանձնաժողովականները յայտնում են ազրպէյճանական մուսուլմանների յանցագործութիւնների մասին»: Որտեղ կարելի է կարդալ հետեւեալը.

20rt-1

«Պաքւում հայ բնակիչների իրավիճակը ծայրայեղ ծանր է: Ամէն օր ամէն տեսակի յանցագործութիւններ են կատարւում հայերի դէմ տեղական ցածրաստիճան իշխանաւորների եւ Պաքուի տեղաբնիկների կողմից:  Զանազան պատրուակներով հարուստ հայերը տուգանւում են ահագին չափերի գումարով: Հայ խանութպանները թալանւում են Ազրպէյճանի զինուորների, Պաքուի ոստիկանութեան կամ ցանկացած մէկի կողմից` առանց փոխհատուցման:

Այնուհետեւ յօդուածում նշւում է ականատեսի վկայութիւնը գնացքում հայերի կոտորածի մասին.

«Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց կազմակերպութեան ներկայացուցիչը յայտնում է, որ հայերը դուրս են բերւում գնացքներից եւ սպաննւում իր աչքերի առաջ»:

Հաղորդագրութեան հեղինակը տալիս է այդ իրավիճակի պատճառը եւ նշում, որ Պաքուի հայերը որեւէ առնչութիւն չունեն իրավիճակի սրման հետ եւ նրանք օրինաւոր եւ խաղաղասէր բնակիչներ են:

«Պաքւում իրավիճակի սրման պատճառ է հանդիսանում հայերի եւ Ազրպէյճանի միջեւ թշնամութիւնը, վիճելի տարածք լեռնային շրջան Ղարաբաղի համար, որը վիճելի տարածք է երկու երկրների միջեւ: Ես կարեւոր եմ գտնում, որպէսզի յայտնեմ Խաղաղութեան խորհրդաժողովին, որ հայ բնակչութիւնը Պաքւում կանգնած են բնաջնջման առջեւ, նաեւ այն, որ նրանք չեն հանդիսանում երկու կառավարութիւնների միջեւ  խնդրի մասնակից եւ նաեւ նրանք խաղաղասէր են եւ օրինապահ»:

Ինչո՞ւ որոշեցի հէնց այս յօդուածը մանրամասնօրէն ներկայացնել: Պատճառն այն է, որ յօդուածում նկարագրուող 20-րդ դարասկզբի իրավիճակը շատ նման է 20-րդ դարավերջին տեղի ունեցածին: Արցախում սկսուած արդարութեան շարժմանը Ազրպէյճանը պատասխանեց հայերի կոտորածով Պաքւում, նոյնը կրկնուեց 20-րդ դարավերջին Սումկայիթում, Պաքւում եւ այլուր: Դէպքերի ձեռագիրը նոյնպէս նոյն է մանր չինովնիկներին տրուած ամէնքթողութիւն, ոստիկանութեան անտարբերութիւն եւ նոյնիսկ մասնակցութիւն` հայերի ունեցուածքի թալանին ու ոչնչացմանը, հայերի զանգուածային կոտորածներին: Այո՛, պատմութիւնը կրկնուեց եւ կրկնուեց նաեւ այն բանի համար, որ այդ ոճրագործութիւնները չդատապարտուեցին եւ մոռացութեան մատնուեց անցեալը:

«Տը Նիւ Եորք Թայմզ» պարբերականի մէկ այլ համարում հանդիպում ենք  «Թաթարական կոտորածների փախստականները. Հայ փախստականների գնացքը յարձակման է ենթարկուել Ելիզաւէտապոլիսում» վերանագրով յօդուածի, որտեղ գրուած է.

20rt-2

 

 «Շուշի քաղաքից հայ փախստականներով լցուած հինգ վակոն  յարձակման է ենթարկուել թաթարների կողմից: Փախստականների մեծ մասը սպաննուել են, կանայք առեւանգուել են: Նման գազանութիւններ տեղի են ունենում տարբեր շրջաններում»:

Վերը նշուածը վկայում է այն մասին, որ հայերը զանգուածային կոտորածների էին ենթարկւում կովկասեան թաթարների կողմից ոչ միայն արցախեան Շուշիում կամ Պաքւում, այլեւ` Ազրպէյճանի տարբեր շրջաններում:

Ամերիկեան մամուլի պահոցում կարելի է գտնել շատ յօդուածներ Արցախում ու նրա շրջակայքում կովկասեան թաթարների կողմից հայերի նկատմամբ իրականացուած ոճրագործութիւնների մասին: Յատկապէս ուշագրաւ է հետեւեալ յօդուածը. «Տը Նիւ Եորք թայմզ»  պարբերականի 1919թ. սեպտեմբերի 4-ի համարում (այս մասին գրել են նաեւ ամերիկեան այլ թերթեր) լոյս է տեսել մի յօդուած, որը պատմում է Շուշիի ջարդերի եւ վիրաւորներին չլքելու  ամերիկացի բուժքոյրերի վճռականութեան մասին: «Բուժքոյրերը կպած մնում են իրենց գործին» վերնագրով յօդուածում նշւում է ամերիկեան երկու բուժքոյրերի մասին, ովքեր անտեսելով իրենց կեանքին սպառնացող վտանգը, նախընտրեցին մնալ Շուշիում եւ օգնել վիրաւոր հայերին.

20rt-3

 

 «Երկու ամերկացի բուժքոյրեր` միսս Մարկըրեթ Մաքը` Հիլպուրնից եւ միսս Ռութ Սթիւարթը Նիւ Եորքից, ովքեր աշխատում էին Մերձաւոր Արեւելքում օգնութիւն ամերիկեան յանձնաժողովում, հրաժարուել են լքել Հայաստանի Շուշի քաղաքում վիրաւորներին, որոնք ողջ են մնացել թաթարների կողմից իրականացուած կոտորածից յետոյ, որին զոհ է գնացել 700 քրիստոնեայ, այդ մասին հաղորդւում է հէնց նոր ստացուած նամակում»:

«Նիւ Եորք Թայմզ»-ի այս յօդուածը ոչ միայն փաստում է Ազրպէյճանի թաթարների կողմից Շուշիի հայերի կոտորածների մասին, այլեւ ապացոյց է այն մասին, որ այդ կոտորածները ոչ միայն մէկ կամ մի քանի օր են եղել, այլեւ պարբերական բնոյթ են կրել, որն իր գագաթնակէտին է հասել 1920թ. մարտին, երբ Շուշիում կոտորուեցին տասնեակ հազարաւոր հայեր:

Հայերի զանգուածային ջարդեր տեղի են ունցեցել ոչ միայն Շուշիում, այլեւ քաղաքի մօտ գիւղերում, այդ մասին նոյնպէս կարելի է կարդալ 1919թ. լոյս տեսած ամերիկեան մամուլի էջերում.

«Ինչեւէ, վայրագութիւնների նոր ալիք է սկսուել Շուշիին յարակից հայաբնակ գիւղերում. Յունիսի կէսին լաւ զինուած 2000 հոգուց բաղկացած խմբաւորում, որը առաջնորդում էր Սուլթանովի եղբայրը, յարձակուել է մեծ Ղայպալիշէն (Գայլատուն)  հայկական գիւղի վրայ, որը գտնւում է հէնց Շուշիի մօտ, թալանել եւ վառել են այն, մօտաւորապէս 600 հայեր սպաննուել են»:

Կովկասեան թաթարների կողմից հայկական գիւղերի վրայ յարձակումներին է անդրադարձել նաեւ  ռուսալեզու «Քաւքազոքոէ սլովօ» պարբերականը.

«1919 թ. յունիսի 4-5-ը Շուշիի եւ նրա շրջակայքում տեղի են ունեցել բախումներ ազրպէյճանցիների, քրտերի եւ հայերի միջեւ: Քիւրտ եւ ազրպէյճանցի քոչուորները առաջնորդուելով  նահանգապետ Սուլթանովի եղբօր կողմից կոտորեցին հայկական Ղայբալի (Գայլատուն)  գիւղի բնակիչներին: Յարձակման ենթարկուած այլ հայկական այլ գիւղերի բնակիչները կազմակերպել են ինքնապաշտպանութիւն եւ յարձակումները հետ են մղել: Ըստ Բրիտանական ռազմական առաքելութեան ներկայացուցչի Ղայբալիքենդ (Գայլատուն) գիւղի 700 բնակիչներից կենդանի են մնացել, միայն 11 տղամարդ եւ 87 կին եւ երեխայ: Այդ դէպքերից յետոյ Սուլթանովը շրջափակել է Շուշիի  հայկական թաղամասը»:

Արցախի հայկական գիւղերի վրայ 20-րդ դարասկզբին թաթարական յարձակումներին անդրադարձել է նաեւ ֆրանսական մամուլը «Լը թան» թերթը գրում է.

«Այսօր թաթարական հզօր ուժեր յարձակուել են Ասկերանի անցքին վրայ, որը գտնւում էր հայերի վերահսկողութեան տակ, բայց չկարողացան այն վերցնել: Դրա համար յարձակուեցին Հարմհութ (Խրամորթ) եւ այլ գիւղերի վրայ: Երեքշաբթի քրտերը եւ թաթարները յարձակուել են հայկական Ղայիբալիքենդ  (Գայլատուն) եւ Կրկժան գիւղերի վրայ, որպէսզի ճանապարհ բացէն Շուշիի հասնելու համար: Շուշիի շրջակայքը մատնուած է կրակի»:

Այսպիսով, յստակ երեւում է, որ 20-րդ դարասկզբին Ազրպէյճանի թաթարների կողմից հայերի զանգուածային ջարդեր կազմակերպուել են ոչ միայն Շուշիում, այլեւ` Արցախի տարբեր վայրերում:

Շուշիի կոտորածը հետեւեալ կերպ է բնութագրել յայտնի համայնավար գործիչ Սերգօ Օրջոնիկիծէն, ով գլխաւորել է 1920թ. գլխաւորել է  լիք բքիի (б) (Խորհրդային Միութեան բարձրագոյն ղեկավար մարմին) կովկասեան պիւրոն.

«Այսօր ես սարսափով եմ յիշում այն տեսարանը, որ մենք տեսանք 1920թ. մայիսին Շուշիում: Գեղեցիկ հայկական քաղաքը հիմնովին աւերուել, թալանուել էր, իսկ ջրհորներու մենք տեսանք կանանց եւ երեխաների դիակներ»:

Ազրպէյճանցի համայնավար գործիչ Մուսայեւը այսպէս է բնութագրել 1920թ. մարտին Շուշիում տեղի ունեցածը.

«Անխնայ ոչնչացում անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի: Հայերը ենթարկուել են զանգուածային կոտորածի: Սիրուն հայ աղջիկները բռնաբարւում էին, այնուհետեւ` գնդակահարւում: Խոսրով-բեկ Սուլթանովի հրամանով ջարդերը շարունակուեցին վեց օր, հայկական մասի տները թալանուեցին եւ վերածուեցին մոխրի: Այդ դէպքերի ընթացքում Խոսրով-բեկ Սուլթանովը մուսուլմաններին ասում էր սուրբ պատերազմի (Ճիհատի) մասին եւ կոչ էր անում նրանց վերջ տալ Շուշի քաղաքի հայերին` չխնայելով կանանց եւ երեխաներին:

shushi-1920-2

Շուշին 1920թ.-ի հայերի ջարդերից յետոյ Ազրպէյճանի թաթարների կողմից 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացուած վայրագութիւնների մասին կան շատ փաստեր, սակայն չգիտես ինչո՛ւ` պատմութիւնը լուռ էր ու անտեսում էր այդ ողբերգութիւնները: Ցաւօք սրտի մեր ժողովրդի պատմութեան գրեթէ իւրաքանչիւր օր կապուած է ողբերգութեան հետ, սակայն պէտք չէ լրել ու անտեսել այն, մանաւանդ երբ ոճրագործները փորձում են խեղաթիւրել տեղի ունեցածը եւ իրենց վայրագութիւնները ոչ միայն արդարացնում են, այլեւ դրանք վերագրում են այդ վայրագութիւնների զոհերին: Իսկ վերջում` ուղղակի թուերի ապացոյց: 1883թ մարդահամարի տուեալներով, Շուշիի բնակչութիւնը կազմում էր 25656 մարդ, որի 57 առ հարիւրը հայեր էին, 43 առ հարիւրը կովկասեան թաթարներ, իսկ 3 առ հարիւրը ռուսներ եւ հրեաներ: 1930թ. Շուշիում բնակւում էր ընդամէնը 300 հայ:

ՎԱՀԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

 «Ապառաժ»


Leave a Comment

You must be logged in to post a comment.