Ջաւախք. Պատմական ակնարկ
Լուսանկարը՝ Սամուէլ Կարապետեանի։ Ջաւախքի Սուլդա գիւղի համայնապատկեր
Ջաւախքի պատմութիւնը հնադարում
Ջաւախքը պատմական Մեծ Հայքի թագաւորութեան հիւսիսում ընկած Գուգարք աշխարհի իննը գաւառներից մէկն է: Այն մ.թ.ա. 2-րդ հազարամեակում մաս է կազմել Հայասա պետական կազմաւորմանը, «Զաբախա» ձեւով յիշատակւում է Արգիշտի Ա. թագաւորի (մ.թ.ա. 786-764) արձանագրութիւններում:
Մ.թ.ա. 6-3րդ դարերում, Ջաւախքը Երուանդունի թագաւորութեան հիւսիսային գաւառներից էր: Կարճ ընդմիջումից յետոյ Գուգարք նահանգի հետ այն Արտաշէս Ա. Բարեպաշտի (մ.թ.ա. 189-160 թ.) կողմից վերամիացուել է Մեծ Հայքի թագաւորութեանը, որի կազմում մնացել է մինչեւ Արշակունեաց հարստութեան անկումը: Արշակունիների օրօք գաւառը յիշատակւում է որպէս Վարձաւունի նախարարական տան կալուածք:
Ջաւախքի պատմութիւնը Զաքարեանների օրօք
428 թուականից յետոյ երկրամասը սասանեանները մտցրել են պարսկական մարզպանութեան մէջ: 7-րդ դարի երկրորդ կէսին այն գրաւուել է արաբների կողմից:
10-րդ դարում Ջաւախքը հայ Բագրատունիների թագաւորութեան կազմում էր, որի կործանումից յետոյ կարճ ժամանակով՝ 11-րդ դարի կէսերին ենթարկուել է վրաց պետութեանը՝ մինչեւ Սելճուք թուրքերի արշաւանքները:
12-րդ դարի վերջից, ի թիւս Հիւսիսային Հայաստանի այլ գաւառների, Ջաւախքն իր Թմուկ (Թմկա) բերդի ու Ախալքալաքի (Նոր քաղաք) հետ տրուել է հայ Զաքարեաններին՝ որպէս ժառանգական կալուածք: Այնտեղի հայ հոգեւոր կեդրոնը եղել է Զրէսկ աւանը: Մոնղոլական լծի տապալումից յետոյ 1266 թ. այս տարածաշրջանը եղել է Սամցխէ – Ջաւախք իշխանութեան կազմում: 1587 թ. այն գրաւել են Օսմանեան թուրքերը եւ մտցրել Չլդրի (ապա՝ Ախալցխա) էյալէթի (վիլայէթ, նահանգ) մէջ՝ իբրեւ առանձին սանճագ (գաւառ):
Ջաւախքի պատմութիւնը մինչեւ գաղթ
19-րդ դարի սկզբին Ջաւախքը Հարաւային Կովկասի այլ գաւառների հետ յայտնուեց ռուսական կայսրութեան արտաքին քաղաքականութեան ոլորտում:
1828 թ. Յուլիսին, զօրավար Ի. Ֆ. Պասկեւիչի զօրքերը գրաւեցին Ջաւախքի կեդրոն Ախալքալաքը:
1828 թ. Արեւմտեան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի, Դերջանի եւ այլ գաւառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ Արքեպիսկոպոս Բագրատունու գլխաւորութեամբ գաղթեցին եւ բնակութիւն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի եւ Ծաղկայի (պատմական Գուգարաց աշխարհի Թռէղք գաւառը) շրջակայքում՝ վերականգնելով ու հիմնադրելով աւելի քան 60 գիւղ եւ 50 եկեղեցի:
Այդ գաղթի շնորհիւ կրկին վերականգնուեց Ջաւախքի նախկին հայեցի էթնիկական (խմբգր. ցեղային ) պատկերը: Տեղացի 1716 ընտանիք (մօտ 10 – 11 հազար շունչ) հայերի, 639 ընտանիք մահմետականների ու 179 ընտանիք վրացիների կողքին հաստատուեցին 58 հազար արեւմտահայեր:
Ջաւախքի պատմութիւնը գաղթից յետոյ մինչեւ խորհրդայնացում
1840 թ. Ախալքալաք գաւառը, որ կազմում էր թուրքական նախկին սանճագի հիմնական տարածքը, մտցուեց Վրացա – իմերեթական, իսկ 1846 թ.` Թիֆլիսի նահանգին մեջ, 1874 թ. վերածուեց ինքնուրոյն գաւառի:
1841-1843 թ. Ռուսաստանի տարբեր մարզերից աքսորուած ռուս աղանդաւորները` դուխոբորները (խմբգր. հոգու համար պայքարողներ), գաւառի հարաւային մասում (այժմեան Նինոծմինդայի շրջան) հիմնում են 8–9 գիւղ: Այսպէս, Ջաւախքը դառնում էր բազմազգ:
1886 թ. գաւառում առկայ էր 110 գիւղ, որոնք միաւորւում էին 10 գիւղական համայնքներում՝ ընդամէնը մօտաւորապէս 63,8 հազար բնակչութեամբ, որից 46386-ը, այսինքն՝ 72,7%-ը՝ հայեր էին: Մահմետականները 10,7% էին, ռուս դուխոբորները (խմբգր. հոգու համար պայքարողներ)՝ 10,4%, վրացիները՝ 5,8%:
Ռուսական տիրապետութեան շրջանում Ախալքալաքի գաւառը սոցիալ(խմբգր. ընկերային) – տնտեսական եւ մշակութային զգալի վերելք ապրեց: Ախալքալաքը դարձաւ արհեստաւորական կեդրոն, իսկ գիւղերը սկսեցին կարեւոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրութեան բնագաւառում:
1830-ական թ. սկզբներին Կարապետ Արքեպիսկոպոսի նախաձեռնութեամբ Ախալցխայում բացուեցին Կարապետեան, Ախալքալաքում՝ Մեսրոպեան ծխական արական դպրոցները: 1856 թ. բարերար Կարապետ Եաղուբեանի ջանքերով աւարտուեց Ս. Խաչ եկեղեցու վերաշինութիւնը: 1870 թ. սկսեցին գործել Սանդխտեան օրիորդաց, իսկ 1880-ական թ. սկզբին՝ ռուսական դպրոցները, 1889 թ.՝ քաղաքային ուսումնարանը, ստեղծուեց թատերական խումբ:
19-րդ դարի վերջին Ախալքալաքում Ջ. Տէր Գրիգորեանի եւ Պ. Աբէլեանի ջանքերով ստեղծուեց ազատագրական խմբակ: Այստեղ իր գործունէութիւնը ծաւալեցին Հայ յեղափոխական դաշնակցութիւն եւ Սոցիալիստ յեղափոխականների (էսէռական) կուսակցութիւնները:
Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան գաղափարները ջերմ արձագանգ գտան ախալքալաքցիների շրջանում, որոնց զգալի մասը, ծագումով լինելով արեւմտահայեր, շարունակում էր պահպանել հոգեւոր կապը իրենց նախկին հայրենիքի՝ Էրզրումի նահանգի հետ:
Ջաւախքը ծնունդ տուեց ազգային այնպիսի յայտնի դէմքերի, ինչպիսիք էին Յովհաննէս Քաջազնունին, Համօ Օհանջանեանը, Ռուբէն Տէր-Մինասեանը, Ռուբէն Դարբինեանը, գրողներ՝ Վահան Տէրեանը, Դերենիկ Դեմիրճեանը, աշուղ Ջիւանին եւ ուրիշներ:
Ջաւախքի պատմութիւնը խորհրդային ժամանակշրջանում
1918 թ. Մայիսին, Ախալքալաքի գաւառ թուրքական զօրքերի ներխուժման պատճառով բնակչութեան ճնշող մեծամասնութիւնն արտագաղթեց Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան: Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազար զոհուեց:
1921 թ. Նոյեմբերի 6-ին կնքուեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջեւ հայ-վրացական սահմանագծի վերաբերեալ, որը մասնակի փոփոխութիւններով պահպանուեց առ այսօր:
Կորցնելով աջակցութեան յոյսի վերջին նշոյլը՝ գաւառի բնակչութիւնը դարձեալ բարձրացրել է Ախալքալաքը Հայաստանին միացնելու հարցը: Արտայայտելով ժողովրդի կամքը՝ համապատասխան որոշումներով 37 գիւղական խորհուրդներ 1925 թ. դիմել են Հայաստանի, Վրաստանի եւ ԽՍՀՄ (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնների Միութիւն) բարձրագոյն իշխանական մարմիններին:
1927 թ. Օգոստոսի 13-ին ստորագրուեց հայ-վրացական նոր համաձայնագիր՝ ՀՍԽՀ (Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն) Լենինականի եւ ՎՍԽՀ (Վրաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւն) Ախալքալաքի գաւառների վարչատնտեսական սահմանների անցկացման մասին, որը հաստատուեց Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահութեան 1929 թ. Փետրուարի 18-ի նիստում:
Ախալքալաքի նախկին գաւառի մեծ մասից կազմուեց նոյնանուն վարչական գաւառը (յետագայում՝ շրջան): Հիւսիսային գիւղերից Տաբածղուրին, Մոլիթը եւ Չիխարուլան մտցուեցին Բորժոմի, իսկ Դամալան՝ աւելի ուշ կազմաւորուած Ասպինձայի շրջանների մեջ: 1930 թ. Ախալքալաքի շրջանից անջատուեց նրա հարաւ-արեւելեան մասը՝ կազմելով Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանը:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին, Ախալքալաքն ունեցաւ մարդկային մեծ կորուստներ: Բաւական է նշել, որ պատերազմի օրերին բանակ զօրակոչուած 12684 ախալքալաքցիներից զոհուեց (մասամբ անհետ կորածներ) 7788-ը, այսինքն՝ 61,4 %-ը:
1946-1949 թ. զգալի թիւով հայեր Վրացական ԽՍՀ հայաբնակ շրջաններից՝ Ջաւախքից, աքսորուեցին Ալթայի երկրամաս եւ Սիպիր:
1950-70-ական թուականներին տնտեսական եւ քաղաքական շարժառիթներով հայ բնակչութեան արտահոսքը Հայկական ԽՍՀ, Հիւսիսային Կովկաս եւ նախկին ԽՍՀՄ հանրապետութիւններ, մեծ չափեր ընդունեց: Ահա թէ ինչու բարձր ծնելիութեամբ եւ ընտանիքների բազմանդամութեամբ աչքի ընկած Ախալքալաքի եւ Բոգդանովկայի շրջաններում 1989 թ. բնակչութեան ընդհանուր թիւը հասաւ սոսկ 1917 թ. մակարդակին՝ 105 հազար մարդու:
Ջաւախքի պատմութիւնը յետխորհրդային ժամանակշրջանում
1989 թ. Ապրիլին Աջարիայում տեղի ունեցած երկրաշարժից անօթեւան մնացած կամ մասնակիօրէն տուժած աջարներին վրաց կառավարութիւնը չհապաղեց բնակեցնել Ախալքալաքի վրացական մի քանի (Կոթելիա, Հոկամ, Գոգաշէն, Չունչխա եւ այլն) եւ Բոգդանովկայի ռուս դուխոբորների (խմբգր. հոգու համար պայքարողներ) գիւղերում:
Այդ տարածաշրջանը խորհրդային ժամանակաշրջանում լիովին անտեսուած էր վրացական իշխանութիւնների կողմից: Վրաստանի անկախացումից յետոյ, ինչպէս Ջաւախքի, այնպէս էլ ողջ հանրապետութեան հայութեան նկատմամբ, յատկապէս 1990-ական թ. սկզբին՝ Զւիադ Գամսախուրդիայի (խմբգր. երկրի առաջին նախագահ) նախագահական շրջանում, աւելի ուժեղացաւ ազգային խտրականութիւնը:
Ջաւախքը ազգային կազմի միատարրութիւնից զրկելու համար Ախալքալաքի, Ախալցխայի, Նինոծմինդայի, Ասպինձայի եւ Ադիգէնի շրջանները միաւորեցին վարչական մէկ նահանգի մեջ, որի կեդրոն դարձաւ Ախալցխա քաղաքը: Դրանով Ախալքալաքն ու Նինոծմինդան դադարեցին անգամ ինքնուրոյն վարչական շրջան լինելուց, ջաւախքահայութիւնը կորցրեց Թիֆլիսի հետ ուղղակի յարաբերուելու հնարաւորութիւնը: Վարչական հիմնարկների մեծ մասը տեղափոխուեց Ախալցխա:
Յատկապէս ծանր է Ջաւախքի տնտեսական վիճակը: Աշխատատեղերի բացակայութիւնը, ազգային խտրականութեան առկայութիւնը, վրացական իշխանութիւնների նկատմամբ հիմնաւորուած անվստահութեան աճը, հազարաւոր մարդկանց հարկադրում են թողնել հայրենի բնակավայրերն ու արտագաղթել Ռուսաստան եւ այլ երկրներ:
Անմխիթար վիճակում է Ջաւախքի կրթամշակութային կեանքը: Դպրոցների մեծ մասը կիսաքանդ վիճակում է: Լիովին խաթարուած է հոգեւոր-եկեղեցական կեանքը: Նիւթական ծանր վիճակում են թոշակառուները, ջաւախքցի ազատամարտիկները:
Այդուհանդերձ, այսօր պատմական Ջաւախքն իր երկու շրջաններով, հիմնականում հայաբնակ մօտ 100 գիւղերով եւ աւելի քան 100 հազար բնակչութեամբ (95 %ը՝ հայեր, հարեւան Ախալցխայի, Ասպինձայի, Բորժոմի եւ Ծալկայի շրջաններում հաշւում է մօտ 30 հայկական գիւղ՝ 60 հազար հայ բնակիչներով) Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնների տարածքից դուրս գտնուող ամենամիատարր հայաբնակ երկրամասն է, որը ծանրագոյն սոցիալ (խմբգր. ընկերային)-տնտեսական ու քաղաքական պայմաններում իսկ շարունակում է ապրել իր հայաշունչ եւ հայեցի կեանքով: