«Այն, ինչը ժառանգել ենք մեր պապերից, պարտաւոր ենք փոխանցել սերունդներին» – Հարցազրոյց «Կարին» պարի համոյթի հիմնադիր Գագիկ Կինոսեան – Video


 

 

Մօտաւորապէս մէկ տարի առաջ, առաջին անգամ ըլլալով, ներկայ գտնուեցայ «Կարին» ազգագրական պարախումբի ելոյթին եւ անդրադարձայ, թէ ինչքան մեծ դեր կրնայ ունենալ առանձին անհատ մը՝ երիտասարդներուն ազգային ոգի փոխանցելուն մէջ: Բեմին վրայ ներկայացուած պարերուն զուգահեռ՝ կը պարէ նաեւ ելոյթին ներկայ գտնուող երիտասարդներուն 60 տոկոսը, նոյն ոգեւորութեամբ եւ վարպետութեամբ: Համերգէն ետք հնչեց պարերուն մեծ շունչ ու ոգի փոխանցող Գագիկ Կինոսեանի խօսքը, որ նոյնքան ոգեւորիչ էր եւ կը բացայայտէր հայրենասէր մարդու մը դրական կերպարը:

Ո՞վ է Գագիկ Կինոսեանը։ 

Գագիկ Կինոսեանը մասնագիտութեամբ‘ կիբեռնետիկ է (մեքենական ուղեղներու ուսումնասիրող – cybernetic) եւ արցախեան պատերազմին մասնակից։ Ան նաեւ ազգային պարարուեստի երախտաւոր գործիչ է, զբաղած է բանահաւաքչական գործունէութեամբ‘ մոռացութենէն փրկելով բազմաթիւ աւանդական պարեր։ Հիմնադրած է «Կարին» աւանդական երգի-պարի խումբը: Ան կը շարունակէ զբաղիլ ազգագրական պարերու վերականգնման եւ տարածման գործով‘ հաւաքելով, մշակելով եւ բեմադրելով Մեծ Հայքի տարբեր գաւառներու պարերը: Այդ առումով ան ազգագրական պարերու մերօրեայ Կոմիտասն է:Գագիկ Գինոսեանի արմատները՝ Կարին քաղաքէն մի քանի քիլոմեթր հիւսիս-արեւմուտքին գտնուող Եղէգիս (թրքական արտասանութեամբ՝ Իլիջան)  փոքրիկ քաղաքէն են, ուր հաստատուած եղած է Գինոսենց տոհմը:

1829-ին. Ադրիանապոլսոյ պայմանագրով, ծանր ռազմական եւ միջազգային կացութեան մէջ յայտնուած Ռուսական կայսրութիւնը հարկադրուած Օսմանեան կայսրութեան վերադարձուց իր գրաւած հայկական քաղաքներն ու գիւղերը։ Հաշտութենէն ետք, կայսրութեան լուծին տակ մնացած եւ պատերազմի ընթացքին ռուսերուն օգնած հայերու անվտանգութիւնը ապահովելու պատրուակով՝ Ռուսաց կայսրութիւնը կը կազմակերպէ արեւմտահայերու վերաբնակեցում նոր գրաւուած Արեւելեան Հայաստան։ Նախկին իլիջանցիները կը հաստատուին Ախալցխայի Ծուղրութ գիւղը։ Այդ ճակատագիրը վիճակուած էր նաեւ Գինոսենց տոհմին։ 

1966-ին ծնած է Գագիկ Կինոսեանը եւ կրթութիւնը ստացած տեղւոյն Յովհաննէս Թումանեանի անուան հայկական միջնակարգ դպրոցէն։

1990-ին բարձրագոյն կրթութիւնը աւարտած Գագիկ Կինոսեանը տեղափոխուած է Երեւան։ Արցախեան պատերազմի օրերուն ան մեկնած է ռազմաճակատ: 1992-1994 մասնակցած է Արցախի ազատագրական պայքարին: Զինադադարէն ետք‘ 1994-1996 թուականներուն ծառայած է ՀՀ բանակին։ 

Արժանացած է տարբեր մետալներու, ինչպէս նաեւ 4 տարբեր միջազգային փառատօներու դափնեկիր է։ 

Գագիկ Կինոսեան պարի ասպարէզի մէջ յայտնուած է պատահականօրէն, երբ 1987-ին անդամակցած է Հայրիկ Մուրատեանի ստեղծած «Վան» ազգագրական խումբին: Այս մասին Գագիկ Կինոսեան կը պատմէ, «Պար եկել եմ շատ պատահական ու երջանիկ դիպուածով, սակայն պարել սիրել եմ միշտ։ Պարել եմ թաքուն‘ ամաչկոտ լինելու պատճառով։ Պարել եմ իմ բանակ գնալու խնճոյքի ժամանակ միայն, այն յոյսով, որ մինչեւ բանակից վերադառնայի, բոլորը մոռացած կը լինէին, թէ ես ինչքան վատ էի պարում: Մի անգամ ընկերներիցս մէկը, որ սիրահարուել էր Հայրիկ Մուրատեանի խմբում պարող մի աղջկայ, ինձ համոզեց, որ գնանք պարի, քանի որ, երբ ինքը գնում է այդ աղջկան տուն ճանապարհելու, խմբի տղաները այնքան էլ լաւ չեն վերաբերւում իրեն: Եւ այդպէս մենք միասին գնացինք «Վան» ազգագրական երգի պարի խումբ ընդունուելու: Ես լինելով 22 տարեկան, համոզուած էի, որ ինձ չեն ընդունի խումբ, քանի որ սովորաբար 22 տարեկանում մարդիկ արդէն հեռանում են պարից, ոչ թէ ընդունւում: Ես այդ ժամանակ անգամ չէի լսել Հայրիկ Մուրատեանի անունը, ով պարզուեց 90 տարեկան հասակում կարողանում էր սիրել երեխաներին, սիրել իր կրած ազգային մշակոյթը, ինչպէս նաեւ շատ բարեհամբոյր լինել ու բոլորին վերաբերուել հարազատի պէս, ու ոչ մէկի դէմ չփակել ճանապարհը դէպի մշակոյթ: Հայրիկ Մուրատեանը ինձ ասաց. «Բարձրացիր բեմ, բալիկս», ու ես միացայ խմբի փորձերին, շատ շուտով այդ տղան ու աղջիկը ամուսնացան ու դադարեցին պարախումբի փորձերին մասնակցել, իսկ ես մնացի ու մնացի պարի մէջ: Յետոյ «Ակունք» ազգագրական անսամպլում եմ պարել ու 2001 թուականից ստեղծել եմ երկու խմբեր՝ «Ծովակ» մանկապատանեկան խումբը եւ «Կարին» երգի պարի համոյթը: Այդ ժամանակ, անկեղծ ասած, շատ չէի հաւատում որ նոր սերունդը կը հետաքրքրուի ազգագրական պարերով: 

«Ծովակ» խումբը ստեղծուեց Ծովակ Համբարձումեանի նախաձեռնութեամբ եւ Ա. Իսահակեանի անուան գրադարանի ղեկավարութեան աջակցութեամբ, իսկ Ծովակի մահից յետոյ խումբը կոչուեց իր անունով: Յետագայում միտք առաջացաւ ստեղծել «Կարին» խումբը, խմբի առաջին քայլերը արուեցին իմ հաւաքած Կարնոյ պարերով, դրա համար խմբի անունը եղաւ «Կարին»: Հիմա, ի հարկէ, խմբի երգերի, պարերի աշխարհագրութիւնը չափազանց մեծացել է‘ համշէնահայերի պարը, Արաբկիրի, Արցախի ու Պարահայքի:

Հ- Կը պատմէ՞ք ձեր պարի ուսուցման ծրագիրներուն մասին:

Պ- Պարի ուսուցման ծրագիրը արդէն 8 տարի է որ իրականացւում է։ Սկզբում եռակողմ ծրագիր էր՝ Նարեկացի արուեստի կեդրոնի եւ «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի հետ։ Տարիներ անց, երբ արդէն Նարեկացի արուեստի կեդրոնի սրահը չէր բաւարարում, Գաֆէսջեան հիմնադրամի տարածքը սկսանք օգտագործել։ Արդէն 4-րդ տարին է, Մայիսէն՝ Սեպտեմբեր, ամէն ամսուայ վերջին Ուրբաթ օրերին, կազմակերպում ենք ազգային պարի ուսուցման ծրագրեր, որին մասնակցում են շատ երիտասարդներ: Շատերը չեն ուզում բեմ բարձրանալ, նրանք ուղղակի ներուժ են ստանում պարելիս։ Երբեմն նրանց չի բաւականացնում ամիսը մէկ անգամ պարելը եւ նրանք գալիս են մեր խմբերում շաբաթը 2 անգամ պարելու: Մի նոր նախաձեռնութիւն է ծնուել այս սիրողական խմբերի կողմից, որը կոչւում է «պարենք հայերէն»։ 

Հ- Դուք պարուսուցման զուգահեռ՝ երիտասարդներուն կը ծանօթացնէք նաեւ ազգային տարբեր հարցեր, անոնց փոխանցելով պատմական տեղեկութիւններ:

Պ- Ես մի բանաձեւ ունեմ, որպէսզի կաթը սափորից յորդի, պէտք չի որ սափորի տակը ճաքի, պէտք է ուղղակի լիքը լինի յորդելու համար: Ամէն ամիս ներկայացնում եմ մի յոբելեան, մի իրադարձութիւն, եւայլն…: 

Վստահ եմ, որ պարը լաւագոյն միջոցներից մէկն է երեխայ դաստիրակելու համար եւ դա լոկ իմ համոզմունքը չի։ Կոմիտասը լուրջ աշխատութիւն ունի «Պարն ու մանուկը», որտեղ ասւում է. «Ինչը որ հնարաւոր չէ տալ երեխային 5 դասի քարոզի միջոցով, հնարւոր է՝ ընդամէնը մէկ պարի միջոցով, որովհետեւ գիտական գաղափարական ազդեցութիւնից բացի, պարը նաեւ ենթագիտակցական ազդեցութիւն ունի: Պարը ոչ միայն միջոց է դաստիարակելու, այլեւ միջոց է ինքնաճանաչման, որովհետեւ այն հնարաւորութիւն է տալիս բացայայտել քո հոգին, քո մարմինը։ Պարի միջոցով երբեմն նաեւ բացայայտւում են նաեւ թերութիւնները, թէ ինչին պատրաստ չեն քո մարմինն ու քո հոգին: Յետոյ աշխատում ես վերացնել խնդիրները ու հասնում ներդաշնակութեան: Դէպի Աստուած տանող ճանապարհներից, աւելի բարդ է դէպի քեզ տանող ճանապարհը։ Եթէ դէպի Աստուած տանող ճանապարհի վերջում ծնւում է հաւատացեալը, ապա դէպի քեզ տանող ճանապարհի բարեյաջող աւարտին՝ ծնւում է աստուածամարդը։ 

Ինքնաճանաչողութեան կատարեալ միջոցներից մէկը ազգային պարն է, որը հազարամեակներով մշակուել, յղկուել, ազդել է հայ մարդու կերտման վրայ։ Կարծում եմ պէտք է մէկընդմիշտ հրաժարուել այն կեղծ պարարուեստից, որը ստեղծուել է Խորհրդային միութեան պարտադրանքով։ Պէտք է վերադառնալ այն պարային նմուշներին, որոնք այսօր էլ ունեն իրենց կրողները, տատիկ-պապիկները, որոնք այսօր էլ պարում են։ Պէտք է գտնել այն ոգեշնչիչ ուժը, որ խանդավառում է նրանց, օրինակ ինչն է ոգեշնչում 84 տարեկան պապին, երբ «Շարանի» է պարում‘ Մարտունու շրջանի Ձորագիւղ գիւղում, ու պարելուց կարծես վերածւում է 60 տարեկանի: 

Հ- Դուք յաճախ պարի ուսուցման ծրագիրներ կ՚իրականացնէք նաեւ ՀՀ բանակի մէջ, կը պատմէ՞ք այդ մասին։

Պ- Մենք համերգներով եւ պարի ուսուցման ծրագրերով յաճախ ենք հանդէս գալիս զօրամասերում: Իմ կարծիքով, այսօր օրհասական խնդիր է ռազմապարը զինուորներին ուսուցանելը, որովհետեւ դա դաստիարակութիւն է, դա մարզանք է, իսկ ազգային գաղափարների առումով այն լաւագոյն դաստիարակութեան միջոցն է: Ցաւօք սրտի, այս հարցը օրակարգում մնացել է, մի քանի անգամ դիմել ենք պաշտպանութեան նախարարութիւն, մերժում չենք ստացել, բայց եւ առաջընթաց չկայ։ Ես վստահ եմ, որ կարելի է տնտեսել ուրիշ բաների վրայ ու անել այն, ինչը որ հայ զինուորին կը դարձնի աւելի գաղափարի զինուոր, աւելի ոգեղէն մարդ, կամ՝ պարտադիր ծառայութեան մեկնած հայ զինուորին հոգեբանօրէն կը վերածի կամաւորագրուած զինուորի: Եղել են դէպքեր, երբ զօրամաս ենք գնացել, նոյնիսկ ղեկավար կազմը մեզ խանդավառուած չի դիմաւորել, բայց մեծ մասամբ համերգների վերջում, մեզանից ներողութիւն են խնդրել եւ ասել են, որ իրենք չէին պատկերացնում, թէ պարը ինչքան դրական ազդեցութիւն կարող է թողնել զինուորների վրայ, որովհետեւ հայկական ռազմապարերը հզօր ուժ ունեն։ 

Հ- Ին՞չ կը մտածէք Հայաստանի ազգային խնդիրներուն շուրջ:

Պ- Բարդ է Հայաստանում ազգային խնդիրների շուրջ խօսելը, որովհետեւ Հայաստանը շատ փոքր է, բոլորը իրար ճանաչում են, եւ ինչ էլ խօսես՝ ինչ- որ մէկը քեզանից վիրաւորւում է, բայց կան բաներ, որոնք անձնական յարաբերութիւններից աւելի բարձր են եւ քանի մենք չենք սովորել սեփական անձից վեր կանգնել եւ սեփական շահերից աւելի բարձր շահ տեսնել, մենք շատ խոտոր ճանապարհներ ենք ունենալու: Իմ պատասխանները այս հարցերի շուրջ միշտ անկեղծ են ու սուր, ճիշդ այնպէս ինչպէս մտածում եմ: 

Հայաստանում շատ են ազգային խնդիրները եւ այդ զուտ ազգի խնդիրը չէ, որովհետեւ 20 եւ աւելի տարիներ, ազգը այլասերւում է որպէս ազգ եւ ազգի մէջ սպանւում է ազգը, կարեւոր չէ ինչպէս եւ ինչ պատճառներով։ Մենք օր առաջ պէտք է սթափուենք եւ բոլոր հարցերին նայենք ազգային տեսանկիւնից, անգամ մեր անկախութիւնը դիտենք միայն ու միայն ազգային աշտարակից: Անկախութիւնը կարող է անգամ շատ վտանգաւոր լինել ազգի համար, կան նման օրինակներ, երբ երկրները, ովքեր չունէին անկախութիւն, պահպանում էին իրենց ազգային նկարագիրը, եւ յանկարծ, անկախութիւն ձեռք բերելուց յետոյ, կորցնում են իրենց ազգային տեսակը: Այս առումով մենք կարծես թէ վտանգաւոր եզրին ենք, ազգային ինքնութիւնը կորցնելու եզրին, որը որ շատ վտանգաւոր եզր է: 

Մենք մի կարեւոր բանաձեւ պիտի հասկանանք, այո, անկախութիւնը բացարձակ արժէք է, չեմ կարող չհամաձայնել այս գաղափարի հետ, պէտք է ամէն ինչ անել, որպէսզի անկախութիւնը լինի մնայուն, բայց բացարձակ արժէք լինելով հանդերձ այն նպատակ չէ, նպատակը ազգն է, անկախութիւնը միջոց է ազգի բնականոն զարգացման եւ անվտանգ գոյատեւման համար: Եթէ մենք անկախութեան օրօք արձանագրում ենք ազգային անկում, դա վտանգաւոր անկախութիւն է, ես չեմ վախենում այդ բառերից, որովհետեւ մեզ սթափուել է պէտք: Եթէ մենք չհասկանանք, որ անկախութիւնը տրուած է մեր ազգային ինքնագիտակցութիւնը վերագտնելու, ազգային արժեհամակարգը վերակերտելու համար, իրօք այն կարող է կործանարար լինել, որովհետեւ Խորհրդային Միութեան ժամանակ մենք աւելի կայացած էինք որպէս ազգ, քան այսօրուայ սերունդը: Մենք քաղաքացիական աշխոյժ սերունդ ունենք, որոնք պայքարում են ճանապարհածախսի թանկացման դէմ, «Մաշտոց»ի պուրակի կառուցապատման դէմ, բնապահպանական խնդիրների համար, բայց որեւէ լուրջ նախաձեռնութիւն, որը ազգային հիմնախնդիրներ է բարձրացնում, կարծես թէ չկայ: 

Մենք լուրջ խնդիրներ ունենք. ազգի իւրաքանչիւր զաւակ պէտք է անցնի երեք կարեւոր ուղղութիւններով. նախ՝ ինքնաճանաչութեան, ազգային նկարագիրը ճանաչելով եւ ազգի պատմութիւնը ուսումնասիրելով, նա ինքզինքը պիտի ճանաչի, որից պիտի բխի ինքզինքը յարգելու գաղափարը, որից էլ պիտի բխի ինքնիշխան լինելու ազգային ձգտումը: Մենք չունենք ինքնիշխան լինելու դիրքորոշումը, մենք փոխզիջումային քաղաքականութիւն ենք վարում, որովհետեւ նախ եւ առաջ մենք դեռ չենք դարձել «ինքնայարգ», քանի որ բաւարար չափով «ինքնաճանաչ» չենք: Այսօր երկրի քաղաքացի դաստիարակելու ի սպառ բացակայութիւն է տիրում, չկայ ինստիտուտը, թէ ինչպիսին պէտք է լինի ՀՀ քաղաքացին վաղը: Պետութիւնը պիտի լինի հաւաքող ոսպնեակի դերում եւ այդ ոսպնեակը արեւի ճառագայթները պէտք է ուղղի մի կիզակէտի: Նման առաքելութիւն պէտք է սպասուի մեր իշխանութիւններից, քանի որ իւրաքանչիւր ոլորտի ջանքը պէտք է նպատակաուղղուած լինի մէկ կէտի‘ քաղաքացի դաստիարակելուն։ Մշակոյթը, կրթական համակարգը ինքնանպատակ չեն կարող լինել, ամէն ոլորտ պէտք է համակարգուած լինի, տնտեսութիւնը պիտի աջակցի մշակոյթի զարգացմանը, դպրոցը պիտի պատրաստի այն զինուորին, որը մտածելու է հայրենիքի պաշտպանութեան եւ ոչ թէ ընկերոջը ճնշելու մասին: Այսինքն՝ այս ոլորտները պէտք է շաղկապուած լինեն եւ իրար աջակցելով կերտեն նոյն մարդուն: Նախ եւ առաջ պէտք է որոշուի, թէ ով է լինելու վաղուայ քաղաքացին, ինչպիսին է լինելու նա, որը ոչ միայն ազգային նկարագիրը պիտի չկորցնի, այլ պատրաստ լինի 22-րդ դարի համաշխարհային մարտահրաւէրներին: Սրանք լուրջ խնդիրներ են, որոնցով պէտք է զբաղուեն ինստիտուտներ, իսկ մենք վերացնում ենք ազգային ակադեմիան, զարգացնում ենք առեւտուրը, բայց ոչ տնտեսութիւնը, գիտութեան ասպարէզում զարգացնում ենք փոքրիկ դրսեւորումներ, բայց ոչ գիտութիւնը: Մենք պէտք է մարտավարական խնդիրներից անցնենք ռազմավարական խնդիրների, որ անձերը շատ քիչ դեր ունենան եւ սեփական շահերով ուղղորդուեն: Մենք այսօր պէտք է մտածենք 2050-ի քաղաքացու մասին, մենք այսօր մտածում ենք՝ ոնց անենք որ 3 քաղաքացի պակաս արտագաղթի, դա շատ կարեւոր խնդիր է, բայց ինչքան մենք շարունակենք մենակ մեր քթերի առաջ նայել, երկար ճանապարհ չենք կարող գնալ:

Հ-Դուք նաեւ գիրքի հեղինակ էք, կը ներկայացնէ՞ք ինչի մասին է այդ գիրքը:

Պ-Գիրքը կոչւում է «Ողջոյն տղերք», արձակ բանաստեղծութիւններ են, կան նաեւ մի քանի հրապարակախօսական յօդուածներ, որոնց մեծ մասը նուիրուած է Արցախեան պատերազմին, մեր ջոկատին, հրամանատարներին եւ Գարեգին Նժդեհին։ Ներառուած են նաեւ գաղափարական որոշ յօդուածներ, նուիրուած՝ պարարուեստին, ազգագրութեանը, մի յօդուած էլ նուիրուած է իմ ծննդավայր՝ Ախալցխային, որը որպէս ազգային քաղաք հոգեվարքի մէջ է: 

Հ- Դուք յաճախ կ՚այցելէք մարզեր՝ ազգային պարեր հաւաքագրելու համար, ի՞նչ յաջողութիւններու հասած էք այս իմաստով:

Պ- Մենք լինում ենք մարզերում, ինչպէս նաեւ սփիւռքեան համայնքներում։ Հաւաքագրման աշխատանքների ընթացքում գրառել ենք մօտ 50-ից աւելի պարեր, որոնք նախ գիտական նիւթ են այդ պարերից մօտ 30-ը արդէն բեմ է բարձրացուել: Եթէ չհաւաքագրուէին, դրանցից առնուազն կէսը կորած կը լինէր: Վերջին պարը գրառել եմ Լիբանանում, Այնճարում, 81 տարեկան քահանայից վերցրել եմ դաշոյններով պարը: Այս տարի այդ պարը Սեպտեմբերի 21-ին բեմ է բարձրացել, կոչւում է «Չալմա դանգը». Էջմիածին խնամիների պար՝ «Շաւալի», ծիսական պար՝ «Խոժբիլազիկ», Վանայ «Ձկնորս», համշէնահայերից գրառուած «Թրթռուկ», գրառուած պարեր կան Պարսկահայքից, Ջաւախքից փրկուել են պարեր։ Աշխատանքը աւարտուած չի, նիւթեր դեռ կան։ Հիմա մենք կարեւոր խնդիր ունենք. եթէ գումարներ գտնուէին, շատ կ’ուզէինք մեկնել Ամերիկա, որտեղ 3 լուրջ պարագէտներ կան, 70 եւ աւելի տարիքով: Նրանք տիրապետում են նիւթերի, որոնք վկայում են այն մասին, որ ցեղասպանութիւնից յետոյ ոչ միայն հայ մարդիկ փրկուեցին, այլեւ օտարութեան մէջ պահպանեցին իրենց մշակոյթը: Լոս Անճելոսում ապրող Թոմ Պոզիկեանը, Նիւ Եորքում ապրող Ռոպերթ Յարութիւնեանը եւ Պոսթընում ապրող ամուսիններ՝ Կարի եւ Սիւզըն Լինտ Սինանեանները ունեն բաւականաչափ գրառած նիւթեր, որոնք օր առաջ պէտք է տեսագրել եւ իրենց իսկ հեղինակութեամբ գիրք հրատարակել։ Այդ պարերը կարող են նաեւ հայ բեմի շքեղ մարգարիտներից լինել: 

ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՎԱՐԵՑ՝ ՆԱՅԻՐԻ ՄԿՐՏԻՉԵԱՆ-ՏԱՂԼԵԱՆ

VIDEO
http://www.youtube.com/watch?v=Rxnx7i1pt-0


Leave a Comment

You must be logged in to post a comment.