ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի ամանորի մաղթանքը


 

 

Սիրելի հայրենակիցներ, 

Ջերմօրէն շնորհաւորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդեան տօների առթիւ և մաղթում, որ 2014 թուականը լինի կայունութեան, վերելքների ու բոլոր սպասումների իրականացման տարի:

Թանկագին ազգակիցներ, վստահ եմ, որ 2014 թուականին ձեր հայանպաստ ու հայրենանուէր գործունէութեամբ, ձեր նուիրումով ու միասնական գործակցութեամբ էլ աւելի կը զօրանայ Սփիւռքը, և կեանքի կը կոչուեն բազում հայանպաստ ձեռնարկներ:

Համոզուած եմ, որ տարբեր ոլորտներում մեր ջանքերը ևս պէտք է ուղղորդենք Սիրիայում պատերազմից տուժած մեր հայրենակիցների աջակցութեանը և մաղթենք, որպէսզի օր առաջ խաղաղութիւն տիրի, և սիրիահայութիւնը վերագտնի իր հոգեկան անդորրը:

Կարծում եմ, որ Նոր տարին կը լինի զբօսաշրջութեան զարգացման բուռն տարի, և Հայրենիք չայցելած իւրաքանչիւր հայ կը գայ և Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշէմին իր գլուխը կը խոնարհի անմեղ զոհերի յիշատակի առջև:

Հայրենիքը կանչում է ձեզ և սպասում:

Թող աշխարհում խաղաղութիւն լինի, ու հանդուրժողականութիւնը համատարած համակի բոլորիս, թող սէրն ու երջանկութիւնն ուղեկցեն ամէնքին և ամենուր:

Մաղթում եմ ձեզ երկարակեցութիւն, հոգու մշտատև զուարթութիւն, ոգու զօրացում՝ Սփիւռքում իրականացնելու դժուարին, սակայն պատուաբեր ու ազգանպաստ ձեր առաքելութիւնը:

Թող գալիք տարին Հայրենիքի և Սփիւռքի համար լինի համազգային նպատակների իրականացման, նուաճումների և նորանոր ձեռքբերումների տարի:

Թող Սուրբ Ծննդեան լոյսն առաջնորդի աշխարհասփիւռ հայութեանը՝ ի շէնացումն Հայոց պետութեան և զօրացումն բովանդակ Սփիւռքի:


Leave a Comment

You must be logged in to post a comment.