Սփիւռքի Նախարարը` Սուրիահայերու Դժգոհութիւններուն Մասին


 

ԵՌԱԳՈՅՆ.- Հոկտեմբեր 30-ին, ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին լրագրողները հարց ուղղեցին սիրիահայերու խնդիրներուն եւ անոնց դժգոհութիւններուն մասին, որոնց ան պատասխանեց.

«Ի վերջոյ, մեր երկիրը ամենազարգացած հարուստ երկիրը չէ, որ հէնց դրսից գան, բոլորի խնդիրները կարողանայ լուծել, բոլորին բնակարաններ կարող է տալ: Մենք երեք ներգաղթ ենք ունեցել: Այժմ սիրիահայերի ներգաղթն է, եւ ամենափայլուն ձեւով լուծուել են նրանց բոլոր խնդիրները: Այսօր մենք սիրիահայերի համար բոլոր պայմաններն ենք ստեղծել` տարբեր հարցերը կարգաւորելու համար: Հիմա էլ փորձում ենք հնարաւորինս աշխուժացնել «նոր Հալէպ» թաղամասի միջոցով, որպէսզի  նրանք այստեղ մնան, հաստատուեն: Նրանց 30 տոկոսը բնակարան ունի, եւ ապրում են իրենց բնակարաններում: Նրանց մի հատուածը կարողացել է իր ֆինանսներով լուծել վարձի խնդիրը եւ ապրում է բարեկեցիկ բնակարաններում, իսկ այն մասը, ովքեր քիչ են եւ բաւարար գումար չունեն, նրանց հարցերը հնարաւորինս լուծում ենք: Այսօր նրանց համար ստեղծուել են բոլոր պայմանները` նորմալ (բնականոն) ապրելու համար: Մօտ 20 միլիոն դոլարի օգնութիւն է յատկացուել` նրանց տարաբնոյթ խնդիրները լուծելու համար, եւ այսօր չկայ մէկ սիրիահայ, ով փողոցում է մնացել: Այնինչ Լիբանանում, Յորդանանում, Թուրքիայում սիրիացիները ճամբարներում են ապրում, վատ պայմաններում ու օրուայ ջրի ու հացի կարօտ են»:

Հրանոյշ Յակոբեանի խօսքով` սուրիահայերու դժգոհութիւնները կարելի է հասկնալ, որովհետեւ անոնք ֆիզիկապէս փրկուած են, բայց հոգեպէս դեռ ծանր վիճակի մէջ են, անոնց բարեկամները տակաւին Սուրիա կը գտնուին, ուր ամէն օր կը ռմբակոծուին հայաշատ թաղամասերը: Ան նշեց, որ Հայաստանի մէջ սուրիահայերուն թիւը 10 հազարէն աւելի է: «Մի քանի տասնեակ սիրիահայեր Հայաստանից մեկնել են եւրոպական երկրներ: Սակայն Եւրոպան ու Ամերիկան էլ դռները լայն չեն բացել նրանց համար: Լիբանանից ամէն շաբաթ տասնեակ սիրիահայեր գալիս են Հայաստան, քանի որ այնտեղ ապրելն էլ շատ թանկ է, իսկ Հայաստանում նրանց համար ապրելը համեմատաբար մատչելի է»,- աւելցուցած է Սփիւռքի նախարարը:

 

Սուրիահայերու Ներհոսքը Վերսկսած է

 

 Նախարարուհին լրագրողներուն յայտնեց նաեւ, թէ որոշ դադարէ ետք վերսկսած է սուրիահայերու հոսքը դէպի Հայաստան։

Անոր պարզաբանումով` անիկա կապուած է Պէյրութ-Երեւան օդային թռիչքներու վերսկսման, ինչպէս նաեւ Հալէպէն Լիբանան փոխադրակառքի վերականգնման հետ:

Շաբաթական Հայաստան կը ժամանեն մօտ 200 սուրիահայեր, անոնց թիւը ներկայիս կը  գերազանցէ 10 հազարը:

Ըստ Հ. Յակոբեանի` Հայաստան ժամանած սուրիահայերէն քիչերը կը տեղափոխուին այլ երկիր, շատերը Հայաստանը կը նախընտրեն Լիբանանէն այն պատճառով, որ այստեղ ձրի կրթութիւն ստանալու հնարաւորութիւն ունին եւ կայ պետութեան աջակցութիւնը։

Հ. Յակոբեանն ըսած է, որ Սփիւռքի հայկական բարեգործական կազմակերպութիւնները (“Կիւլպենկեան” ֆոնտը, Հայ բարեգործական ընդհանուր միութիւնը), Աւստրիայի դեսպանութիւնը, Ռուսաստանի կառավարութիւնը, “Կարիտաս” հիմնադրամը ներկայիս օգնութեան ծրագիրներ կ’իրականացնեն Հայաստանի մէջ:


Leave a Comment

You must be logged in to post a comment.