«Բոլոր Հակամարտութիւնները Պէտք Է Խաղաղ Լուծում Ունենան». Նալբանդեան
ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».– Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան 28 Սեպտեմբերին ելոյթ ունեցած է ՄԱԿի Ընդհանուր ժողովի 68րդ նստաշրջանին ընթացքին:
Իր ելոյթի ներածական հատուածը սկսելով ֆրանսերէնով՝ ան իր խօսքը շարունակած է անգլերէնով՝ անդրադառնալով ղարաբաղեան հակամարտութեան, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման խնդիրին եւ սուրիական ճգնաժամին:
«Չնայած այն փաստին, որ մեզնից շատերը հասկանում են, որ բռնութեան եւ ահաբեկչութեան բացառումը խիստ կարեւոր է խաղաղ, կայուն եւ զարգացող հասարակութիւն կառուցելու համար, այնուամենայնիւ, աշխարհի շատ երկրներում դա շարունակում է անհասանելի երեւոյթ մնալ», յայտարարած է Նալբանդեան:
«Հայաստանը շարունակում է տագնապել Սիրիայում հումանիտար իրավիճակի վատթարացումից, փախստականների հոսքը Սիրիայից Հայաստան շարունակւում է եւ այն արդէն հատել է 10 հազարի սահմանը: Սակայն տասնեակ հազարաւոր սիրիահայեր շարունակում են մնալ այդ երկրում, որը իրենց երկրորդ հայրենիքն է դարձել 1915 թուականի ցեղասպանութիւնից յետոյ, եւ անտանելի պայմաններում նրանք պայքարում են իրենց գոյատեւման համար՝ իրենց սիրիացի համերկրացիների հետ», հաստատած է ան:
«Հայաստանը ողջունում է ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի ըն-դունած բանաձեւը, որ հիմնուած է Ժընեւում Միացեալ Նահանգների պետքարտուղար æոն Քերրիի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի համաձայնութեան վրայ», յայտարարած է նախարարը՝ յոյս յայտնելով, որ ասիկա կ՛առաջնորդէ սուրիական ճգնաժամի խաղաղ լուծման:
Նախարար Նալբանդեան դիտել տուած է, որ բոլոր հակամարտութիւնները պէտք է խաղաղ լուծում ունենան:
«Մենք համոզուած ենք, որ չկայ այլընտրանք հակամարտութիւնների խաղաղ լուծմանը, եւ դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ վճռականութիւն: Երեք ամիս առաջ ԵԱՀԿի Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները նոր յայտարարութիւն տարածեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ՝ Էնիսկիլենում Մեծ ութնեակի գագաթնաժողովի ընթացքում:
«Մենք կիսում ենք համանախագահների կարծիքը, որ այդ դրոյթները պէտք է դիտարկուեն որպէս մէկ ամբողջութիւն, եւ դրանցից որեւիցէ մէկին գերակայութիւն տալու փորձերն անհնարին կը դարձնեն հիմնախնդրի կարգաւորումը»:
«Մենք բացարձակ միակարծիք ենք, որ ժողովուրդներին պէտք է նախապատրաստել խաղաղութեանը եւ ոչ պատերազմին: Ցաւօք սրտի, Ադրբեջանի ղեկավարութիւնն անում է հակառակը՝ ամէն օր աւելացնելով հակահայ հռետորաբանութիւնը, դրա համար օգտագործելով նոյնիսկ ՄԱԿի բարձրագոյն ամբիոնը:
« Մենք համաձայն ենք համանախագահ երկրների հետ, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտութիւնը, եւ միայն բանակցային ճանապարհով կարգաւորումը կարող է խաղաղութիւն եւ կայունութիւն բերել, մինչդեռ Ադրբեջանը յարձակողական սպառազինութիւնների զանգուածային կուտակումով լրջօրէն վտանգում է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութիւնը», ընդգծած է Հայաստանի արտաքին գործոց նախարարը: «Ի տարբերութիւն Ադրբեջանի՝ Հայաստանը եւս մէկ անգամ հաստատում է իր հաւատարմութիւնը միջազգային իրաւունքի սկզբունքներին, մասնաւորապէս՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականութեան սկզբունքների հաւասարութեանը»:
Է. Նալբանդեան իր խօսքին մէջ նաեւ նշած է, որ Ատրպէյճան չի պահպաներ զինադադարը, այլ կը սաստկացնէ յարձակողական գործողութիւնները՝ թէ՛ Ղարաբաղի, եւ թէ Հայաստանի նկատմամբ՝ օգտագործելով տխրահռչակ ահաբեկչական խումբերուն հետ կապ ունեցող վարձկաններ:
«Նախորդ նստաշրջանի ընթացքում ես խօսեցի Ադրբեջանի իշխանութիւնների կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակման ու հերոսացման մասին, որ խստօրէն դատապարտուեց միջազգային հանրութեան կողմից, սակայն անգամ այսօր՝ այդ դէպքից մէկ տարի անց, Ադրբեջանի իշխանութիւնները շարունակում են յայտարարել, որ այն, ինչ իրենք արել են, շատ լաւ է, եւ անգամ համարձակւում են քննադատել միջազգային հանրութեանը: Սա յստակ ցոյց է տալիս, որ լաւի եւ վատի մասին Ադրբեջանի ղեկավարութեան եւ միջազգային հանրութեան պատկերացումների տարբերութիւնը գնալով խորանում է», յայտարարած է Էդուարդ Նալբանդեան:
Ան իր խօսքին մէջ յիշած է ատրպէյճանցի գրող Աքրամ Այլիսիի դէմ պետական մակարդակով կազմակերպուած հալածանքները՝ միայն այն պատճառով, որ ան իր գիրքին մէջ անդրադարձած էր հայերու ջարդերուն՝ Պաքուի եւ Սումկայիթի մէջ տեղի ունեցած: «Այլիսլիի գրքերը հրապարակայնօրէն այրուեցին, իսկ գրողը ստիպուած եղաւ լքել երկիրը մահուան սպառնալիքների պատճառով», յայտարարած է Նալբանդեան՝ աւելցնելով. «Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական մօտեցմանը՝ Հայաստանը կը շարունակի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան՝ բացառապէս խաղաղ ճանապարհով եւ միջազգային սկզբունքների եւ նորմերի համաձայն կարգաւորման ուղղութեամբ»։