2019-ին Ատրպէյճանը թող նոր անակնկալներ սպասի. ՀՅԴ Հայ դատի եւրոպայի գրասենեակի պատասխանատու

Եւրոպայի մէջ Արցախի Հանրապետութեան եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղուած աշխատանքներուն, Ատրպէյճանի եւ Թուրքիոյ հակահայկական քաղաքականութեան դէմ իրականացուող միջոցառումներուն եւ ներհայաստանեան կեանքին վերաբերող հարցերուն մասին Yerkir.am-ը զրուցած է ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի պատասխանատու Գասպար Կարապետեանին հետ:

Հարց.– Եւրոպայի Հայ դատի գրասենեակն ընթացիկ տարում եւս կազմակերպել է եւրոպացի պատգամաւորների այց Արցախ: Նմանատիպ այցերն արդեօ՞ք յանգեցրել են կամ նպաստել Արցախի խնդրի շուրջ տրամադրութիւնների եւ պատկերացումների փոփոխութեանը:

Պատ. Եւրոպայի Հայ դատի գրասենեակի աշխատանքն ընդգրկում է ոչ միայն Արցախի խնդիրը, այլեւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման հարցերը: Մենք տարբեր խորհրդաժողովներում եւ խողովակներով հաղորդում ենք այս պնդումը` Թուրքիան պէտք է ստանձնի Հայոց ցեղասպանութեան իրականացման պատասխանատուութիւնը: Ժամը կը գայ, եւ մենք կ’որոշենք, թէ ինչպէ՛ս պէտք է պարտադրենք մեր պահանջները Թուրքիային: Այս տարի եւրոպական խորհրդարանի բանաձեւի մէջ դարձեալ նշուեց Թուրքիայի պատասխանատուութեան հարցը: Մեր տեղական շրջանների հետ լաւ յարաբերութիւններ ունենք եւ մեր օժանդակութիւնն ենք ցուցաբերում, որ նրանք այս ուղղութեամբ աշխատանքներ տանեն: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա մեր նպատակն Արցախը մեկուսացումից դուրս բերելն է: Այդ իսկ պատճառով կազմակերպում ենք այցեր Եւրոպայից Արցախ եւ Արցախից Եւրոպա: Վերջին երկու տարուայ ընթացքում 23 եւրոպացի պատգամաւորներ են այցելել Արցախ, ինչպէս նաեւ Եւրախորհրդարանի 10-15 անդամ: Նրանք իրենց աչքով տեսան, որ ատրպէյճանի պնդումները ոչ մի աղերս չունեն իրականութեան հետ: Այցի ընթացքում նրանք հանդիպել են Արցախի Հանրապետութեան ղեկավարութեան, ինչպէս նաեւ ժողովրդի հետ: Մենք ցանկացել ենք, որ նրանք շուկայ այցելեն, լսեն քաղաքացիներին եւ ծանօթանան նաեւ նրանց ապրումներին: Բոլորն էլ վերադարձել են իրենց երկիր` սիրահարուած Արցախին: Այսինքն` Ատրպէյճանի «սեւ ցուցակը» որեւէ արդիւնք եւ ազդեցութիւն չի ունենում: Աւելին` դրանով նրանք գրգռում են եւրոպացիներին, որովհետեւ նրանք` որպէս ազատ մարդիկ, չեն ընդունում այն, որ դիկտատորական ռեժիմն իրենց պիտի ասի, թէ ուր գնան, ուր չգնան: Վերջին այցելողներից` պելկիացի բարձրաստիճան պատգամաւոր, իր անձնագրում դրեց Արցախի վիզան, իսկ մի եւրոպացի պատգամաւոր անգամ նկարել տուեց վիզան, որ բոլորը տեսնեն, որ այցելել է Արցախ:

Ատրպէյճանը ծիծաղելի ձեւով փորձեց դէմ դուրս գալ Եւրոպայի Հայ դատի գրասենեակին` Ինտերպոլից պահանջելով հետապնդել ինձ: Ատրպէյճանն ինձ դատապարտել է բանտարկութեան, դրա համար էլ Ինտերպոլից պահանջել է իմ ձերբակալութիւնը: Սա ծիծաղելի է, քանի որ քաղաքական հետապնդում է, ուստի Ինտերպոլը սրանով չի զբաղւում: Պելկիացի 24 պատգամաւոր բաց նամակ ստորագրեցին` դատապարտելով Ատրպէյճանին, որ իրենց երկրում գործող կազմակերպութեան նախագահին զրպարտում է: Բացի այս` 3 մեծ կուսակցութիւնների խորհրդարանական խմբակցութիւնների ղեկավարները Պելկիայի արտգործնախարարին նամակ գրեցին, որ Ատրպէյճանին ասուի, որ չեն կարող Պելկիայում գործող կազմակերպութեան ղեկավարի հասցէին սպառնալիք հնչեցնել: Սրանից յետոյ Ատրպէյճանը դեսպանութեան միջոցով փորձեց խոչընդոտներ ստեղծել արցախցիների համար Եւրոպա մուտք գործելու հարցում: Պրիւսէլը Եւրոպայի կենտրոնն է, ուստի խաղն այստեղ էր արւում: Բայց Ատրպէյճանի այս խաղը եւս արդիւնք չտուեց, եւ միայն վերջին շրջանում Արցախի նախագահ Բակօ Սահակեանը 2 անգամ այցելեց Պրիւսէլը: Ատրպէյճանին չի յաջողւում Արցախին մեկուսացնել: 2019-ին Ատրպէյճանը թող նոր անակնկալներ սպասի: Ի դէպ, Ատրպէյճանը փորձեց նաեւ միջամտել արցախցի ուսանողների մուտքին, բայց մեր պարտադրանքով եւրոպացի պատգամաւորներից մէկը եւրոպական Միութեան համապատասխան յանձնակատարին նամակ գրեց, թէ ազատ տեղաշարժի իրաւունքի մասին սկզբունքը պէտք է տարածուի նաեւ արցախցի ուսանողների վրայ, եւ ստացուեց դրական պատասխան: Այս համատեքստում ուզում եմ ասել, որ «Վահան Յովհաննիսեան» ծրագրով երիտասարդներ ենք բերում մեզ մօտ` սովորելու, որ նրանք տեսնեն, թէ ինչպէս է աշխատում Եւրոպան: Մէկ այլ ծրագրով արցախցի երիտասարդների ենք բերում. այս պահին Արցախից երիտասարդ դիւանագէտ կայ մեզ մօտ:

Հարկ է նշել, որ զբաղւում ենք նաեւ Սիրիայի մեր հայրենակիցների հարցով. նրանց անվտանգութեան խնդրով Եւրոպայի կարեւոր դերակատարների հետ հանդիպումներ ենք ունեցել: Մարդասիրական օգնութիւններ ենք ուղարկել Իրաք եւ Սիրիա Միջին Արեւելքի քրիստոնեայ համայնքների միութեան միջոցով: Քեսապի իրադարձութիւններից յետոյ պատուիրակութիւններ ենք ուղարկել Սիրիա, որ դէպքերը ճիշդ ներկայացուեն: 14 երկրում կառոյց ունենք, որտեղ հայութեան հարցերով ծրագրերին օժանդակութիւն ենք ցուցաբերում:

Հարց.Ատրպէյճանի կողմից կաշառուած եւրոպացի պատգամաւորների նկատմամբ պատշաճ գործողութիւններ կատարուեցի՞ն:

Պատ.Սթրասպուրկում եւ Պրիւսէլում մեծ աղմուկ բարձրացաւ, եւ այդ կաշառուած եւրոպացի պաշտօնեաները ստիպուած եղան հրաժարուել իրենց պաշտօններից: Ես անցած տարի յայտարարել էի, որ մենք նրանց հանգիստ չենք թողնելու, եւ այդպէս էլ եղաւ` իրենց պաշտօններից հրաժարուեցին 2 պելկիացի, գերմանացիներ: Բացայայտումը մենք չարեցինք, բայց պատկան մարմիններին տեղ հասցրեցինք խնդիրն ու իրավիճակը, յատկապէս Պրիւսէլում լուրջ աշխատանք տարանք: Մեր պատուիրակութիւններն էլ լուրջ գործ արեցին, եւ այդ պաշտօնեաներին նոյնիսկ արգելուեց մուտք գործել շէնք: Այսքան կոշտ եղաւ ԵԽԽՎ-ի պատիժը: Հիմա Ատրպէյճանը խաղը Սթրասպուրկից տեղափոխել է Պրիւսէլը, բայց այստեղ աւելի բարդ է լինելու, որովհետեւ մոնիթորինգն ուժեղ է: Ի հարկէ, դարձեալ փորձեր արւում են, բայց մենք էլ ձեռքերը ծալած նստած չենք: Սա է պատճառը, որ, փորձելով հաւասարակշռել իրավիճակը, ինձ սկսեցին մեղադրել, թէ ադամանդի գործ եմ անում, մեծահարուստ եմ եւ աշխարհի կէսն իմ ձեռքում է: Եթէ այդպէս լինէր, հայկական հարցը լուծուած կը լինէր: Նրանք ոչ մի բանի առաջ չեն կանգնում: Շատ կարեւոր է նաեւ հայատեացութեան հարցը: Մենք օտարներին բացատրել ենք, որ պատմութեան մէջ պարտադրուած ենք եղել միասին ապրել, բայց Ատրպէյճանի` երիտասարդներին թունաւորելու քաղաքականութիւնն անհնարին է դարձնում արցախցու` նրանց կողքին ապրելը: Մենք ասում ենք, որ խնդիրը նրանց մէջ է, իսկ մենք մեր ժողովրդի անվտանգութեան մասին ենք մտածում` սա կեանքի եւ մահուան հարց է:

Եւրոպայի հայերն ի՞նչ սպասելիքներ ունեն Հայաստանի նոր իշխանութիւնից եւ առաջիկայում սպասուող խորհրդարանական արտահերթ ընտրութիւններից: Կը ցանկանայինք տեղեկանալ նաեւ, թէ Դո՞ւք ինչ ակնկալիքներ ունէք:

– Եւրոպայի հայերը մեծ ոգեւորութեամբ ընդունեցին թաւշեայ յեղափոխութիւնը, ի վերջոյ, նրանց մէջ մեծ թիւ են կազմում Հայաստանից արտագաղթածները: Ըստ իս, սակայն, այդ խանդավառութիւնը, յեղափոխութիւնը պիտի վերածի իրական արդիւնքի, գործի: Այո, նախկին իշխանութիւններն այլեւս չէին կարող շարունակել, եւ հիմա յառաջիկայ ընտրութիւնը կը տայ լուծումը: Եւրոպայի հայերը սպասում են ընտրութիւնների արդիւնքին: Ես կարծում եմ, որ արտահերթ ընտրութիւնները պիտի անցնեն թափանցիկ, եւրոպական չափանիշներին համապատասխան, որպէսզի միջազգային դիտորդները նոյն կարծիքը յայտնեն, ինչ Արցախի ընտրութիւնների դէպքում: Բոլոր կուսակցութիւնները պիտի ունենան նոյն իրաւունքները: Ես բոլորին պատրաստ եմ օժանդակել հայութեան հարցերով: Բայց ես դաշնակցական եմ, եւ ինձ համար կարեւոր է Դաշնակցութեան յաջողութիւնն ու ներկայութիւնը նոր խորհրդարանում: Շատ երկրներ կ’երազէին, որ Դաշնակցութեան նման կառուցողական ուժ լինէր իրենց երկրում` թէ´ ներքին խնդիրների համատեքստում, թէ´ արտաքին: Արմէն Ռուստամեանը ԵԽԽՎ-ում հայկական պատուիրակութեան ամենահին անդամն է եւ կարող է վկայել, որ իր շնորհիւ հայերի համար կրիտիկական հարցերում Հայաստանը ստացել է սոցիալիստական խմբի աջակցութիւնը եւ պաշտպանութիւնը:

Զրուցեց Մարիամ Պետրոսեանը

Leave a Comment

You must be logged in to post a comment.