«2018 թուականին  Այս իշխանութիւնը եկաւ Արցախը յանձնելու ծրագիրը կեանքի կոչելու համար․ նրանք մեզ տարան նպատակադրուած, կազմակերպուած պարտութեան»․ Ագնեսա Խամոյեան

«Հորիզոն»-ի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշեանը հարցազրոյց է անցկացրել «5-րդ Ալիք» հեռուստաընկերութեան «Հարցազրոյց» հաղորդման զրուցավար, լրագրող, «Հայաստան» դաշինքի պատգամաւորի թեկնածու Ագնեսա Խամոյեանի հետ։ Հարցազրոյցի ընթացքում քննարկուել են հայաստանեան ներքաղաքական վիճակին, նախընտրական կացութեան ու սահմանային անվտանգութեանը վերաբերող հարցեր։ Հարցազրոյցը ներկայացնում ենք ստորև․

– Մայիսի 3-ին Դուք Ձեր ֆեյսբուքեան էջում հետևեալ գրառումն  էինք կատարել․«Երեք տարի առաջ փողոցից իշխանութեան եկած տղաներն ու աղջիկները մսխեցին մեր անցեալը, խայտառակեցին ներկան, իսկ այսօր խօսում էին ապագայից»։ Ի՞նչը մսխուեց, և ի՞նչը վտանգի ենթարկուեց։

– Կարծում եմ՝ յատկապէս այս օրերին պէտք է օգտագործենք բոլոր հարթակները ՀՀ-ում ու սփիւռքում ապրող մեր հայրենակիցներին բացատրելու, թէ ինչ տեղի ունեցաւ 44-օրեայ պատերազմի ընթացքում և թէ ինչպէս այս իշխանութիւնները ստանձնեցին մեր երկրի կառավարումը։ 2018 թուականին  իրենք եկան իշխանութեան, ես կասէի՝ զաւթեցին իշխանութիւնը՝ Արցախը յանձնելու ծրագիրը կեանքի կոչելու համար։ Հիմա մեզ հետևողներ, գուցէ, պնդեն, թէ պատերազմ է եղել ու մենք պարտուեցինք, սակայն ամէն օր պարզ է դառնում՝ սա ուղղակի պարտութիւն չէր․ մեզ տարան պարտութեան։ Ասուածի հետ կապուած՝ փաստեր կան։ Միայն այն  հանգամանքը, որ հակաօդային պաշտպանութեան սպառազինութեան ցանկն այս իշխանութիւնը փոխել է, իսկ պատերազմի ժամանակ մեր խնդիրը բաց օդն էր։ Անօդաչուները և բայրաքթարներն էին մեր տղաների զոհուելու հիմնական պատճառը։ Պատերազմի երրորդ օրը գերագոյն գլխաւոր հրամանատարին, ես կասէի՝ գերագոյն գլխաւոր խեղկատակին  ՀՀ Զինուած ուժերի Գլխաւոր շտաբի պետը յայտնել է, որ մենք այլևս ի վիճակի չենք պատերազմելու,ու մեզ ընդամէնը մի քանի օր է մնացել պատերազմելու համար։ Հոկտեմբերի 19-ին ստանալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ պատերազմը կանգնեցնել ու Շուշին թողնել հայկական վերահսկողութեան ներքոյ, այս իշխանութիւնները մերժել են։ Ադրբեջանի դրօշի օրը նուէր անելով Ադրբեջանին՝ իշխանութիւնները ստորագրեցին կապիտուլիացիայի ակտը։ Կարծում եմ՝ այլևս որևէ մէկի համար գաղտնիք չէ, որ  այս իշխանութիւնները մեզ տարան նպատակադրուած, կազմակերպուած պարտութեան։

Նիկոլ Փաշինեանը Սպիտակ քաղաքում յայտարարեց․ «Ես հպարտ եմ, այո՛, որ մենք պարտուել ենք, և այդ պարտութեան պատասխանատուութիւնը մերն է»։ Մենք գտնւում ենք մի իրավիճակում, երբ պարտուած իշխանութիւնը հպարտանում է իր պարտութեամբ։ Այս իշխանութիւնը թշնամուն տուեց մեր հայրենիքի 75 տոկոսը, զոհեց 5000-ից աւելի տղաների կեանքեր։ Կարծում եմ՝ փաստ է իմ խօսքերի ճշմարտացիութիւնը։  Օրեր առաջ ՀՀ միջազգայնօրէն ճանաչուած սահմաններից ադրբեջանցիները գերեվարել են 6 հայ զինծառայողի։ Այս իշխանութիւնները, անամօթաբար շրջելով արդեն սահմանամերձ դարձած մարզերում, յայտարարում են՝ «ապագայ կայ»։ Ապագան նոր գերիներն են ու ամէն օր ունեցած տարածքային կորուստները։

 

– ԱԺ ընտրութիւններում «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներկայացուած է նաև ձեր անունը։ Ի՞նչը Ձեզ մեղեց համաձայնել նախընտրական ցուցակում ընդգրկուել։

– Մեր երկրում շատ ծանր իրավիճակ է։ Բարոյահոգեբանական վիճակն այսօր ՀՀ-ում խեղուած է։ Իսկապէս, գոնէ «Հայաստան» դաշինքի պատգամաւորի թեկնածուների համար առաջադրուելու հետ կապուած որոշումը կայացնելը դժուար է եղել։  Այդ որոշումը կայացնելն ինձ համար ևս շատ բարդ է եղել։ Դա մեծ պատասխանատուութիւն է։ Մեծ պատիւ է լինել երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարեանի ղեկավարած նախընդրական դաշինքի ցուցակում։ Մեր դաշինքում են նաև մեր դաշնակցական քոյրերն ու եղբայրները։ Ես սերտ կապեր եմ ունեցել նրանց հետ․ եղել եմ «Yerkir.am» կայքի գլխավոր խմբագիրը։ Դաշինքում են նաև Սիւնեաց աշխարհի՝ մեր «Վերածնուող Հայաստան» կուսակցութեան ներկայացուցիչները։ Դաշինքում չկայ մէկը, որի գաղափարներն ու պատկերացումները՝ ստեղծուած իրավիճակից դուրս գալու հետ կապուած,  ես չէի ընդունում, ուստի, այս առումով, աւելի հեշտ էր որոշում կայացնելը։

 

– Որպէս լրագրող՝ ինչպէս կը մեկնաբանէք այս իշխանութեան օրով ապատեղեկատուութեան ու կեղծիքի մշակոյթը։ Յատկապէս պատերազմի օրերին համատարած ապատեղեկատուութեան քարոզ էր ընթանում։

– Պատերազմների ընթացքում լինում է ապատեղեկատուութեան ինչ-որ չափաբաժին։ Դա գործիք է ցանկացած պատերազմի ժամանակ՝ իրավիճակը վերահսկելի դարձնելու համար, քանի որ ռազմադաշտից զատ՝ թշնամին նաև տեղեկատուական դաշտում է յարձակում գործում։ Բայց, ինչպէս գիտէք, նաև  Մովսէս Յակոբեանը խօսեց այն մասին, որ 44-օրեայ պատերազմի ժամանակ իշխանութիւնները մեզ մատուցել են 100 տոկոսանոց սուտ ինֆորմացիա։  Կարծում եմ՝ դա յատուկ նպատակ էր հետապնդում՝ մեր հասարակութեան զգայարանները բթացնելու համար։  Հասարակութեանը բթացնում էին՝ վստահեցնելով,թէ  իրավիճակը վերահսկելի է, գերագոյն գլխաւոր հրամանատարը, իբր, իր պարտականութիւններն է կատարում։

100 տոկոսանոց սուտ ինֆորմացիա էին ներկայացնում, որպէսզի յետոյ հասարակութեանն անակնկալ կանգնեցնէին պարտութեան առաջ։ 44 օր մեզ ասում էին՝ առաջ ենք գնում, իրավիճակը վերահսկելի է, Հադրութը չենք կորցրել, Շուշին չենք կորցրել, իսկ նոյեմբերի 9-ին պարզուեց՝ կորցրել ենք Արցախի 75 տոկոսը։ Վեց ամիս անց մենք չգիտենք զոհուածների թիւը, չգիտենք՝ քանի գերի ու վիրաւոր ունենք, չգիտենք՝ քանի անհետ կորած ունենք, և այս ամէնը կատարւում է 21-րդ դարում։ Ռուս խաղաղապահները վերջերս յայտարարեցին՝ շուրջ 3500 հայ քառաքացի դիմել  է անհետ կորածների խնդրով ու այս իշխանութիւններն այդ ամէնից յետոյ կանգնում ու ապագայի խոստումներ են  տալիս։ Այս իշխանութիւնն ասում էր՝ Արցախը Հայաստան է ու վերջ, բայց Արցախը յանձնեց։ Ինչ ասացին, ճիշտ հակառակն արեցին։ Սուտ խօսելու մրցումներ լինէին, իրենք օլիմպիական չեմպիոններ կը լինէին։

 

– Չակերտներով ասած՝ «սիրոյ ու համերաշխութեան» յեղափոխականները անցնող երեք տարուան ընթացքում հասարակութիւնն ու ժողովրդին բևեռացման տարան ու ատելութիւն սերմանեցին։ Ապագայում այս ատելավառութեան մշակոյթն ինչպէ՞ս պետք է փոխել։

– Ժամանակին Երևանի քաղաքապետի ընտրութիւնների ժամանակ Հայկ Մարութեանն ասաց՝ սևեր ու սպիտակներ կան։ Շատերս մտածեցինք ՝ դերասան Հայկ Մարութեանի խօսքերն են։ Յետոյ այդ խօսքերը կրկնեց Նիկոլ Փաշինեանը։ Եւ մենք հասկացանք՝  դա իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնն է, որը մինչև վերջ տարան, ու դա կարևոր բաղկացուցիչներից էր՝ մեզ  պատերազմում պարտութեան տանելու համար։ Հասարակութիւնն այսօր տրոհուած է։

«Հայաստան» դաշինքը և անձամբ նախագահ քոչարեանը կարևորում է ներազգային համերաշխութեան  հաստատումը։ Բոլոր մարդիկ, որոնք մինչև օրս շարունակում եմ պաշտպանել, արդարացնել այս իշխանութիւններին, նախագահն ասում է՝ նրանք մոլորուած են, պէտք չէ նրանց պիտակաւորել։ Պէտք է աշխատել նրանց հետ, մանրակրկիտ բացատրել, թէ մեր երկրում ինչ է տեղի ունեցել։ Առանց ներազգային համերաշխութեան՝  չի կարող երկրում կայունութիւն լինել։ Ես չեմ կասկածում, որ յունիսի 21-ին մենք ճանապարհելու ենք այս կապիտուլանտ իշխանութիւններին։ Յունիսի 21-ից սկսուած՝ պէտք է դրուի  ներազգային համերաշխութեան, հասարակութեան առողջացման մեկնարկը։

Մանրամասնութիւնները տեսանիւթում

 

 

 

 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.