12-ամեայ հադրութցի Տէնիսը երազում է հարազատ տուն վերադառնալու մասին

 Հադրութի Մեծ Թաղեր գիւղի բնակիչ 12-ամեայ Տէնիսն իր ընտանիքի հետ այժմ բնակւում է Հայաստանում՝ Արարատի մարզի Վէտի քաղաքում․ պատերազմը նրանից խլել է հարազատ տունը։ Նա այժմ իր քրոջ, հօր ու մօր հետ է ապրում Վէտիում, իսկ երկու եղբայրները Արցախում են, հայրենիքն են պաշտպանում։

«Եղբայրներս պատերազմի օրերին կռւում էին», —հպարտօրէն, բայց նաև թախիծն աչքերում «Հորիզոն»-ի թղթակցին պատմում է Տէնիսը։ Նա ասում է՝ շատ է կարօտել իրենց հարազատ տունը։

«Նայելով մեր տղաներին, իմ եղբայրների քաջութեանը՝ վստահ եմ՝ դեռ վերադառնալու ենք մեր տուն», — ասում է Տէնիսն ու շեշտում՝ թէև Հայաստանում արդէն նոր ընկերներ ունի, դպրոց է յաճախում, բայց անդադար կարօտում է Մեծ թաղերը, արցախցի ընկերներին։ Տէնիսը տեսախցիկի առջև խօսելիս փոքր-ինչ կաշկանդւում է, բայց երբ խօսում է Մեծ թաղեր վերադառնալու յոյսի ու երազանքի մասին, փոքրիկի աչքերը փայլում են։

Նրա հայրը՝ Անատոլի Հայիրեանը պատմում է՝ Մեծ Թաղերում աւտօտնակ էր կառուցել, էլեկտրոնիկայի հետ կապուած աշխատաքներ էր կատարում, աւտօմեքենաներ վերանորոգում, բայց պատերազմը սկսուեց, խլեց մեր քաջերի կեանքը,  հայրենի հողերը, հարազատ տունը․․․․ Անատոլին պատմում է՝ երբ իր ընտանիքի անդամները լքել են տունը հոկտեմբերի 3-ին և ոչինչ չեն կարողացել իրենց հետ վերցնել՝ բացի փաստաթղթերից։

«Մարդիկ նոյնիսկ հագուստ չէին կարողանում վերցնել իրենց հետ», –  ցաւով պատմում է նա։

Թէև նրա ընտանիքի անդամները Հադրութից ճարահատ հեռացել են հոկտեմբերի 3-ին, բայց ինքը մինչև հոկտեմբերի 27-ը մնացել է Արցախում, իր բաժին պայքարը մղել, և երբ նրա առողջական վիճակը վատացել է, ստիպուած է եղել  գալ Հայաստան։ Ի դէպ, նա մասնակցել է նաև 90-ականների պատերազմին, վիրաւորում ստացել գլխի շրջանում։ Երբ նրան հարցնում են իր ընտանիքի ունեցած խնդիրների մասին, արցախցի լայնսիրտը Անատոլի Հայիրեանը յիշում է՝ բազմաթիւ սոցիալական ու ֆինանսական խնդիրներ ունեն, չգիտեն՝ ինչպէս են յաղթահարելու դրանք․ հիմա յոյսը բարի մարդիկն ու բարերարներն են։ Նա աւելացնում է՝ այո՛, սոցիալական խնդիրները շատ ծանր են, բայց մեր լաւագոյն տղաներին կորցնելու, հայրենիքը կորցնելու ցաւը ոչնչի հետ չես համեմատի․․ Այդ ցաւը  միայն իրենը կամ իր ընտանիքինը չէ,  ողջ հայ ժողովուրդն  է այդ ցաւի մորմոքը զգում․․․

«Միայն մենք չենք այս վիճակում գտնւում, բազմաթիւ ընտանիքներ կան։ Այնքան բաներ ենք  տեսել․․․․», — ասում է Անատոլին ու չի կարողանում շարունակել  խօսքը․  մեր քաջերի ու հայրենիքի կորստի մասին խօսելիս բառերը սառչում են նրա շուրթերին։

Զրոյցի վերջում նա ասում է՝ անկախ ամէն ինչից՝ ցաւից, նեգ ու դաւից՝ յոյս ունեն, որ դեռ պիտի վերադառնան հարազատ Մեծ  Թաղեր համայնք, ապա աւելացնում՝ եթէ այդ յոյսն էլ չլինի, ի՞նչ պիտի անեն մարդիկ․․․ ուղղակի  է՛լ չեն դիմանայ։

Յասմիկ Բալէեան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.