«Ցեղասպան թուրքը երբեք իր քաղաքականութեան մէջ չի փոխուել»․ Պատմաբան Էդիկ Մինասեան

Հայոց Ցեղասպանութեան 108-րդ տարելիցին նուիրուած «Հորիզոն»-ի յատուկ թողարկման համար մեր թղթակիցը զրուցել է Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետի դեկան, պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր Էդիկ Մինասեանի հետ։

Հ.- Պարո՛ն Մինասեան, ինչպէ՞ս կը գնահատէք Հայաստանի՝ ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը, պահանջատիրութեանը միտուած քայլերը։

Է.Մ.- Մենք մեր պահանջատիրութիւնից չպէտք է հրաժարուենք։ 1990 թուականի Օգոստոսի 23-ին Հայաստանի անկախութեան հռչակագրում առանձին կէտով արձանագրուեց Հայաստանի Հանրապետութեան՝ Օսմանեան Թուրքիայում՝ Արեւմտեան Հայաստանում իրականացուած ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին աջակցելու փաստը։ Ընդ որում՝ դա հռչակագրում իբրեւ կարեւոր փաստաթուղթ արձանագրուեց։ Եւ դա ընկաւ հայոց պետականաստեղծման հիմքում։ Իսկ արդէն 90-ական թուականներին դարձաւ մեր արտաքին քաղաքականութեան գլխաւոր ուղղութիւններից մէկը։ Արձանագրենք, որ արդէն 2015 թուականին՝ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին, ընդունուեց 100-ամեակի հռչակագիրը, որում արձանագրուեց մեր պաշտօնական դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ-ն սատար է կանգնելու Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ պահանջատիրութեան խնդրին։ Դա առաջին անգամ պաշտօնապէս արձանագրուեց․ այն կարեւորագոյն փաստաթուղթ է։

Միւս կարեւոր փաստը․ 2016-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր պատարագի ժամանակ արձանագրում կատարեց՝ ասելով, որ արիւնոտ վէրքը շարունակում է արնահոսել, այն չի ապաքինուել, եւ դրա գլխաւոր մեղաւորը Թուրքիան է, ապա յատուկ շեշտեց, որ հարկաւոր է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։ Եւ գիտենք՝ յետոյ Թուրքիայի կողմից ի՛նչ արշաւ կազմակերպուեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի դէմ․ Թուրքիան հանդէս եկաւ իր ժխտողական կեցուածքով։

Հ.-108 տարի է անցել, բայց հայութիւնն էլի՛ ցեղասպանուելու վտանգի առաջ է․․․

Է.Մ.-Թուրքիայի այս ձեռագիրը շարունակեց իր եղբայր Ատրպէյճանը․ յիշե՛նք 1988 թուականի Սումկայիթեան ցեղասպանութիւնը՝ յայտնի շարունակութեամբ՝ Պաքուի, Խանլարի, Կիրովաբադի ու միւս շրջանների ատրպէյճանահայութեան դէմ իրականացուած ցեղասպանութիւնը, որի արդիւնքում մազապուրծ 350-400 հազար հայ հանգրուան գտաւ Հայաստանում։ Թուրքիայի ցեղասպան քաղաքականութիւնը շարունակեց Ատրպէյճանը։ Թուրքիայի աջակցութեամբ ու հովանաւորութեամբ՝ Ատրպէյճանի այդ նոյն ձեռագիրը տեսանք 2020 թուականի 44-օրեայ պատերազմի ժամանակ, որտեղ մենք մօտ 5 հազարի հասնող մարդկային կորուստներ ունեցանք։ Ատրպէյճանն այսօր էլ Թուրքիայի հովանաւորութեամբ ցեղասպան քաղաքականութիւն է կիրառում։ Դրա ապացոյցն են նաեւ 2022 թուականի Սեպտեմբերին Ջերմուկում տեղի ունեցած դէպքերը, երբ Ատրպէյճանը նորից յարձակման անցաւ եւ մեր դիրքապահներին գնդակահարեցին։ Այդ քաղաքականութիւնը նրանց ձեռագիրն է։ Բնական է, որ այդ ձեռագրից նրանք չեն հրաժարուել։

Հ.- Իսկ Ինչպէ՞ս կը գնահատէք Հայաստանի վարած քաղաքականութիւնը հայ-թրքական յարաբերութիւնների համատեքստում։

Է.Մ.- Ցեղասպան թուրքը երբեք իր քաղաքականութեան մէջ չի փոխուել։ Թուրքիայի հետ հարեւանութիւն անելու մասին խօսելով՝ պէտք է ասեմ՝ նախ հարկաւոր է զգուշանալ։ Առայժմ Թուրքիայի հետ ջերմ, բարեկամական յարաբերութիւններ հաստատելը որեւէ օգուտ չի կարող տալ։ Որոշողը Թուրքիան է, ոչ այնքան մենք։ Դեռեւս 2009 թուականին ֆուտպոլային դիւանագիտութիւնը ցոյց տուեց, որ թելադրող կողմը թրքական կողմն է։ 2015-ին թրքական խորհրդարանը այդ հայ-թրքական արձանագրութիւնները չհաստատեց, հետեւաբար այն ետ կանչուեց Ազգային ժողովից․ դրանք փաստեր են։ Այս փաստերը գալիս են ապացուցելու՝ որքան էլ խաղաղութեան պայմանագիր ուզենանք կնքել, մէկ է՝ Թուրքիան իրեն դիտարկում է որպէս թելադրող կողմ եւ որոշակի պահանջներ ներկայացնող։ Պատմութիւնից լաւ իմանալով Թուրքիայի քաղաքական վարքագիծը՝ կարող ենք նշել՝ Թուրքիան, հաշուի առնելով իր քաղաքական նպատակադրումները, նախապայմաններ անպայման առաջադրելու է։ Եթէ Թուրքիային իր շահերը թելադրեն գնալ այդ քայլին, կը գնայ, եթէ իր թելադրած նախապայմանները հաշուի չառնուեն, ապա չի գնայ այդ քայլին։ Թուրքիան Արցախում լուրջ յաջողութիւնների հասաւ՝ Ատրպէյճանին հովանաւորելով, օգնելով։ Եօթ տարածքները, Հադրութն ու Շուշին բռնագրաւեցին, աւելին՝ Էրտողանը հասցրեց Ալիեւի հետ Շուշիի յայտնի համաձայնագիրը ստորագրել, որը փանթուրքիստական բնոյթ ունի։

Թուրքիան այսօր էլ չի հրաժարուել իր փանթուրքիստական նկրտումներից։ Ատրպէյճանը յոխորտում է՝ շարունակելով իր մեծ եղբօր քաղաքականութիւնը։ Ալիեւը յայտարարում է, թէ Երեւանն «իրենցն է»։ Սա, իհարկէ, խեղկատակութեան ժանրից է, աւելին՝ Զանգեզուրն ու միւս շրջաններն էլ Արեւմտեան Ատրպէյճան է անուանում, ամբողջ Արեւելեան Հայաստանը համարում է իրենց տարածքները՝ ջանալով հասնել փանթուրքիստական նպատակներին, այն է՝ Նախիջեւանով Թուրքիայի հետ ուղիղ կապ ապահովել, միաժամանակ հաղորդակցական ճանապարհների անուան տակ հասնել գլխաւոր նպատակին։ Թուրքիան ջանում է հասնել նրան, որ Հայաստանը հրաժարուի պահանջատիրութիւնից։ Ցեղասպանութեան ենթարկուած մեր ժողովուրդը չի կարող ներել․․․ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ լուրջ քայլեր էին ձեռնարկուել վերջին տարիներին։ 2019 թուականին ԱՄՆ Գոնկրէսի երկու պալատները որոշում կայացրին՝ ցեղասպանութեան դատապարտման հետ կապուած․ ի հարկէ, նախագահն այն դեռեւս չի ստորագրել։ 2001 թուականին Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած Ֆրանսայում 2019-ից Ապրիլ 24-ը նշւում է որպէս Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի ազգային օր։ Ցեղասպանութիւնը ճանաչող պետութիւնների քանակը 2,5 տասնեակից անցնում է, իսկ այդ շարքում կան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, որի խորհրդարանը 2016-ին ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը՝ ընդունելով Գերմանիայի մեղսակցութիւնը՝ որպէս Թուրքիայի դաշնակից։ Այսքանից յետոյ որոշակի զիջումների գնալը լուրջ չէ։ Թրքական կողմն էլ դեռ չի հասել իր գլխաւոր պահանաջի կատարմանը, այն է՝ հայկական կողմի հրաժարումը ցեղասպանութեան հարցից։ Քանի դեռ Թուրքիան դրան չի հասել, խաղաղութեան պայմանագիր չի ստորագրի։ Բացի այս՝ սահմանների բացումը որոշակի հետեւանքներ է ունենալու մեզ համար՝ թրքական տարրի ներխուժումը ՀՀ սահման, ինչո՞ւ չէ, նաեւ բնակչութեան ժողովրդագրական փոփոխութիւններ կարող են լինել։ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար մեր պայքարը պէտք է շարունակուի նոր ուժով։ Դա նաեւ մեր արժանապատուութեան դրսեւորումն է։

Հ.- 2023-ի Փետրուարի 22-ին ՄԱԿ-ի արդարադատութեան միջազգային դատարանը որոշում կայացրեց, որտեղ նշւում էր` Ատրպէյճանը պարտաւոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպէսզի ապահովի տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Բերձորի միջանցքով՝ երկու ուղղութիւններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ատրպէյճանի ներկայացրած միջանկեալ միջոցների պահանջը։ Այսուանենայինիւ, Ատրպէյճանը շարունակում է իր քաղաքականութիւնը։ Ի՞նչ քայլեր պէտք է ձեռնարկել արցախահայութեանը գոյաբանական վտանգից փրկելու համար։

Է.Մ.- Ատրպէյճանն, իր թիկունքում ունենալով Թուրքիային, անպայման խորհրդակցում է այդ երկրի հետ։ Վերջին պատերազմն էլ դրա արդիւնքն էր։ Ատրպէյճանն, օգտուելով աշխարհաքաղաքական այս իրավիճակից, փորձում է իր քաղաքականութիւնը թելադրել՝ իբրեւ յաղթող կողմ։ Ատրպէյճանն իր ագրեսիան չի թուլացնում նոյնիսկ ՀՀ տարածքների նկատմամբ։ Զօրք են տեղադրել Գեղարքունիքում, Սիւնիքում, Արցախում էլ առաջանում են․․․ Այո, անգամ միջազգային դատարանի որոշումը հաշուի չի առնում։ Եւրոպական երկրները մեծ չափի ճնշում չեն գործադրում, եթէ գործադրէին, հաւանաբար, հաշուի կ’առնէր։ Արցախը, որը դարեր ի վեր հայի բնօրրան է եղել, չի կարողանում անհրաժեշտ օգնութիւն ու աջակցութիւն ստանալ․ այնտեղ մարդասիրական ճգնաժամ է։ Ատրպէյճանի նպատակը՝ Արցախը հայաթափելն է։ Հարկաւոր է վարել այնպիսի քաղաքականութիւն, որ Ատրպէյճանի վրայ եւրոպական երկրները զանգուածային  ճնշում գործադրեն։ Այդ դիւանագիտութեան մէջ պէտք է ներգրաւել նաեւ Ռուսաստանին։ Ես դէմ եմ այս հակառուսական ցոյցերին ու ելոյթներին։ Այս պարագայում մենք այլընտրանքային տարբերակ չունենք։ Պատմութիւնը դասեր ունի, այդ դասերը մենք այսօր հաշուի չենք առնում։ Այդ դասերը ցոյց են տուել՝ ո՛չ Ֆրանսան, ո՛չ Անգլիան, ո՛չ էլ ԱՄՆ-ն երբեք զօրք չեն ուղարկի այստեղ մեր շահերը պաշտպանելու համար։ Իսկ ռուս խաղաղապահներն այսօր էլի ինչ-որ կերպ կարողանում են զսպել Ատրպէյճանի ախորժակը։ ՌԴ-ի հետ յարաբերութիւնները պէտք է առաջին պլան մղել, ի հարկէ, ոչ ոք չի ասում՝ Եւրոպայի հետ յարաբերութիւններ չհաստատէ՛ք։ Մենք պիտի դիւանագիտական պայքար մղենք, որպէսզի միջազգային ճնշումն ուժեղացնենք ու հասնենք յաջողութիւնների, բայց լուրջ ցուցանիշներ չկան այդ ուղղութեամբ։ Հնարաւոր է, որ որոշակի աշխատանք տարւում է այդ ուղղութեամբ, բայց չեմ կարող ասել, թէ լուրջ յաջողութիւններ ենք արձանագրել այս գործում․․․

Հ.- Ատրպէյճանը զօրք է կուտակել Արցախի հետ սահմանին։ Ատրպէյճանի կողմից ռազմական յարձակման վտանգ տեսնո՞ւմ էք։

Է.Մ.- Այո՛, այդպիսի հաւանականութիւն տեսնում եմ։ Ատրպէյճանն անպայման նախապատրաստւում է յարձակման։ Այս ընթացքը ցոյց տուեց՝ եթէ խաղաղ ճանապարհով չի կարողանում հարցեր լուծել, անպայման դիմում է ռազմական գործողութիւնների․ դրա հաւաստիքն է նաեւ այսօր սահմանային շրջաններում զօրքերի կուտակումը։ Մեզ անհրաժեշտ է ռազմական հագեցուածութիւնն ու սահմանների պաշտպանութիւն ուժեղացնել։ Դժուար է ասել, թէ հեռանկարում ինչ կը լինի։ Ամէն դէպքում, դիւանագիտական աշխատանք պէտք է իրականացնել, միջազգային ատեանում Ատրպէյճանի վրայ յաւելեալ ճնշումների պէտք է հասնել։ Իմանալով Թուրքիայի եւ Ատրպէյճանի հետապնդած քաղաքական նպատակները՝ ես կարծում եմ՝ նրանք հեշտութեամբ չեն գնայ խաղաղութեան պայմանագիր ստորագրելուն։ Նրանք իրենց կամքն են թելադրելու՝ յստակ նպատակադրումով։ Ատրպէյճանն իր նկրտումները փորձում է իրագործել եւ որոշակի յոյսեր ունի, որ կը հասնի յաջողութեան։

Հարցազրոյցը վարեց՝ Յասմիկ Բալէեան

 

Comments are closed.