Ցեղասպանութեան Հատուցման Խնդիրները` Համահայկական Օրակարգի Նիւթ

Ստորեւ կը ներկայացնենք 16 մարտին սփիւռքի նախարարութեան մէջ տեղի ունեցած «Հայոց ցեղասպանութեան պատճառով հայութեան կրած նիւթական վնասները. «լքեալ գոյք» եւ հայրենազրկում» նիւթով գիտաժողովին ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանին արտասանած խօսքը:

Հետաքրքիր զուգադիպութիւն է, որ այսօր, Հայաստանի ու հայութեան համար շատ թանկ արժած ռուս֊թուրքական Մոսկուայի պայմանագրի ստորագրութեան 97-րդ տարելիցի օրը, անկախ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, մենք Հայոց ցեղասպանութեան հատուցման հարցերն ենք քննարկում: Այս պայմանագիրը քննարկման նիւթ է եղել Խորհրդային Հայաստանի Գերագոյն խորհրդում, 1989 թ. սեպտեմբերի 23-ի (համար 1602-XI) որոշումով, երբ կազմուել է «1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի քաղաքական եւ իրաւական գնահատման յանձնաժողով»` փրոֆ. եւ պատգամաւոր Հրաչիկ Սիմոնեանի գլխաւորութեամբ: Թէեւ այդ յանձնաժողովը այդպէս էլ իր եզրակացութիւնը չի հրապարակել, այդուհանդերձ, այդ քննարկումը քաղաքական կարեւոր նշանակութիւն ունի, որովհետեւ փաստացի արտայայտում է այդ պայմանագրի նկատմամբ հայութեան մօտ առկայ դժգոհութիւնը, որն արտայայտուել է նաեւ նախորդող տասնամեակներին` թէ՛ Խորհրդային Հայաստանի իշխանութիւնների, թէ՛ սփիւռքում գործող բազմաթիւ կազմակերպութիւնների եւ ընդհանրապէս հայ ժողովրդի կողմից: (Այս տեսանկիւնից կարեւոր է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից վերջերս լոյս տեսած Արման Կիրակոսեանի «Հայաստանը եւ խորհրդա-թուրքական յարաբերութիւնները 1945-1946թթ. դիւանագիտական փաստաթղթերում» գրքի անգլերէն տարբերակը: Ռուսերէն տարբերակը լոյս էր տեսել 2010 թուականին, Հայաստանի Ազգային արխիւի կողմից): 1921 թուականի Մոսկուայի ռուս-թուրքական պայմանագրի հայութեան, Հայաստանի վերաբերուող տրամադրութիւնները հիմնականում առնչւում են Հայաստան-Թուրքիա սահմանին եւ Նախիջեւանին: Թէեւ Հայաստան-Թուրքիա սահմանի խնդիրը ուղղակի չի բխում ՄԱԿ-ի Ցեղասպանութեան հռչակագրից, այդուհանդերձ, 1920 թուականի օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագիրը եւ Միացեալ Նահանգների նախագահ Վուտրօ Ուիլսընի 1920 թուականի նոյեմբերի իրաւարար վճիռը հիմնականում նպատակ են հետապնդել մեղմացնել Ցեղասպանութեան պատճառով հայ ժողովրդի կրած կորուստներն ու հետեւանքները: Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը արժեւորում է այդ փաստաթղթերի նշանակութիւնը Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում: Համահայկական հռչակագրից առաջ իսկ, Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների օրը, 2009թ. հոկտեմբերի 10-ին, Հայաստանի նախագահը հաստատել է Հայաստան-Թուրքիա սահմանների հարցի առկայութիւնը` ասելով. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկայ սահմանների հարցը ենթակայ է լուծման միջազգային իրաւունքի համաձայն»:

Նոյն արձանագրութիւնների մասին Հայաստանի Սահմանադրական դատարանի 2010թ. յունուարի 12-ի որոշումը եւս անդրադարձել է այս հարցին` ակնարկելով «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ փաստացի սահմանի» մասին: Նոյն տարուայ նոյեմբերի 20-ին Հայաստանի նախագահը կարեւորելով Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Վուտրօ Ուիլսընի Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբերեալ իրաւարար վճիռը` ասել է. «Քսաներորդ դարի պատմութեան մէջ [այդ վճիռը] մեզ համար, թերեւս, ամենակարեւոր իրադարձութիւններից մէկն էր, որով պէտք էր վերականգնուէր պատմական արդարութիւնը եւ վերացուէին հայ ժողովրդի դէմ Օսմանեան կայսրութիւնում իրագործուած Ցեղասպանութեան հետեւանքները: Այդ վճռով միջազգայնօրէն ճանաչւում եւ ամրագրւում էին Հայաստանի սահմանները» …): Այսօր, երբ արդէն Հայաստանը առ ոչինչ է յայտարարել Հայաստան-Թուրքիա 2009 թուականի արձանագրութիւնները, պահպանւում են Հայաստանի նախագահի յայտարարութիւններն ու Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը:

Հայաստանի անկախ պետականութեան առկայութեան պայմաններում, միջազգային իրաւունքի համաձայն, այդ տարածքների իրաւատէրը Հայաստանի Հանրապետութիւնն է: Որպէս այդպիսին` Հայաստանի Հանրապետութիւնը պարտաւորութիւն ունի չցուցաբերելու այնպիսի կեցուածք, որը կը վտանգի այդ իրաւատիրութիւնը: Ընդհակառակը, անհրաժեշտ է այնպիսի պահուածք եւ գործունէութիւն, որը մշտապէս կը յուշի այդ իրաւատիրութեան մասին: Սա չի նշանակում պատերազմ հռչակել Թուրքիայի դէմ. սա նշանակում է իրաւատէրը մնալ այն ամէն ինչին, որը միջազգային համայնքը, միջազգային իրաւունքի համաձայն, ճանաչել է որպէս Հայաստանի կենսունակութեան համար անհրաժեշտ: Ճիշդ է, որ Հայաստանի Հանրապետութիւնը իր անկախութիւնից ի վեր երբեք տարածքային պահանջ չի ներկայացրել Թուրքիային, միաժամանակ` երբեք չի հրաժարուել այդ իրաւունքից: Առաւելագոյնը, որ ասուել է, այն է, որ այսօր նման խնդիր չկայ Հայաստանի օրակարգում: Իսկ դա չի նշանակում, որ վաղը չի լինելու:

Իրականում այս խնդիրը Հայաստանի Հանրապետութեան համար առաջնային է դարձել, երբ Թուրքիան է ուզեցել այն դարձնել այդպիսին` առկայ փաստացի սահմանները որպէս իրաւական սահման ճանաչելու իր պահանջով:

Հայաստանի պետականութեան վերականգնման 100-ամեակը լաւ առիթ է, որպէսզի Հայաստանի Հանրապետութիւնը աշխարհին յիշեցնի իր իրաւատիրութեան մասին. դա կարող է դրսեւորուել տարբեր քաղաքական քայլերով` կառավարութիւնը, Ազգային ժողովի, հանրապետութեան նախագահի, քաղաքամայր Երեւանի եւ կամ այլ լիազօր մարմինների ու բարձրաստիճան պաշտօնեաների կողմից: Նման կեցուածքը համահունչ կը լինի Հայաստանի սահմանադրութեան հիմքը հանդիսացող 1990թ. օգոստոսի 23-ի Հայաստանի անկախութեան մասին հռչակագրով արտայայտուած այն կեցուածքին, որ գիտակցում է` «իր պատասխանատուութիւնը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայութեան իղձերի իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման գործում»:

Հայ հասարակութիւնը հայկական քաղաքական, եկեղեցական եւ այլ կառոյցների ու կազմակերպութիւնների միջոցով կարող է եւ պէտք է զօրավիգ կանգնի Հայաստանի Հանրապետութեան նման քայլերին: Սակայն, հասարակական նախաձեռնութիւններ, ի՛նչ անունով էլ նրանք հանդէս գան, չեն կարող փոխարինել միջազգային իրաւունքի հայկական միակ իրաւատէր հանդիսացող Հայաստանի Հանրապետութեանը, կամ որպէս իրաւատէր ներկայանալ նրա միջազգային իրաւունքներին եւ պարտաւորութիւններին:

Պէտք է արձանագրել, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների եւ Հայոց ցեղասպանութեան հատուցման խնդիրների հետապնդումը չի ենթադրում նախ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչում, թէեւ նման ճանաչումը պարզ է, որ կը հեշտացնի այդ հարցերի արծարծումը: Առաւել, Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքներն ու պահանջները Թուքիայից չսկսեցին, հետեւաբար նաեւ չեն սահմանափակւում 1948թ. ՄԱԿ-ի Ցեղասպանութեան հռչակագրով: Վերջապէս, այդ ուղղութեամբ աշխատանքները ոչ միայն իրաւական են, այլ նաեւ` քաղաքական:

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրով ուրուագծուել է հայ ժողովրդի իրաւունքների, պահանջների շրջանակը` անհատական, համայնքային եւ համազգային: Գործել եւ գործում են մի շարք կառոյցներ, կեդրոններ` մշակելու այն որոշակի, յստակ հիմքերն ու ուղիները այդ իրաւունքների հետապնդման համար: Առնուել են նաեւ որոշ նախնական, մասնակի քայլեր: Այս տեսանկիւնից անհրաժեշտ, բայց ոչ բաւարար քայլ է Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի 2013թ. ապրիլի 24-ի համատեղ յայտարարութիւնը, որով, մասնաւորաբար, Թուրքիայից պահանջւում է վերադարձնել բռնագրաւուած հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալուածներն ու հոգեւոր-մշակութային արժէքները: Այս ուղղութեամբ քաղաքական կարեւոր քայլ էր նաեւ Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 2011թ. դեկտեմբերի 13-ի (թիւ 306) բանաձեւը, որը Թուրքիային կոչ է անում քրիստոնէական, ներառեալ` հայկական բոլոր եկեղեցիները, եկեղեցական կալուածներն ու ունեցուածքները վերադարձնել իրենց պատմական իրաւատէրերին:

Նման քայլերից է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան յարուցած դատական գործը` վերադարձնելու համար կաթողիկոսութեան Սիսի նստավայրը: (Այս մասին կարճ կ՛անդրադառնամ վերջում): Նման քայլ կարելի է համարել նաեւ Երուսաղէմի հայոց պատրիարքութեան ջանքերը` վերատիրանալու Թուրքիայի այսօրուայ սահմաններում գտնուող իր կալուածներին. այս ուղղութեամբ պէտք է արտայայտել գործընթացի մասին ոչ մի հրապարակային զեկուցում չտալու վարքի նկատմամբ առկայ մտահոգութիւնը:

Կենսական է, որ այս ուղղութեամբ առնուած ու առնուող իրաւական թէ քաղաքական քայլեր, յատկապէս անհատական վնասուց հատուցման նպատակով անհատ հայերի կողմից յարուցուած դատեր չխոչընդոտեն մեր ազգային պահանջատիրութեանը, ինչը ազատագրական պայքարը հետզհետէ կը դատարկի իր քաղաքական բովանդակութիւնից եւ կը վերածի սոսկ նիւթական դատի:

Պէտք չէ ազգի ողբերգութիւնը որոշ անհատների կամ կառոյցների կողմից նիւթական շահ ապահովելու միջոցի վերածել եւ կամ դատական աննպաստ նախադէպեր ստեղծել` այդպիսով, թէկուզ ակամայից, հաւաքական ու ազգային իրաւունքների հետապնդման խոչընդոտ հանդիսանալ: Խօսքը չի վերաբերւում անհատական իրաւունքները զոհելուն. խօսքը վերաբերւում է այդ անհատական իրաւունքները մի խումբ մարդկանց, հիմնականում որոշ փաստաբանների անզուսպ շահի աղբիւրի վերածելու ճիգերին, ինչպէս դժբախտաբար ականատես եղանք ապահովագրական ընկերութիւնների դէմ դատական գործերին առնչուած մի շարք փաստաբանների փոխադարձ մեղադրանքներով եւ չարաշահումների մասին մերկացումներով:

Ցանկալի է, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների ու Հայոց ցեղասպանութեան հատուցման խնդիրների ու անելիքների ընդհանուր ծրագրի, ռազմավարութեան շուրջ գոյանայ համահայկական համախոհութիւն, այնպէս` ինչպէս կայ համախոհութիւն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման խնդրում: 2015 թուականի Համահայկական հռչակագիրը այդ համախոհութեան ձեւաւորման առաջին քայլն է: Անհրաժեշտ է առաւել հիմնաւորել, ամրապնդել այդ համախոհութիւնը:

Ամէն տեսակէտից ցանկալի է, հաւանաբար նաեւ անխուսափելի է, որ այդ համահայկական համախոհութեան ձեւաւորման առանցքը լինի պետութիւնը, բայց այն պէտք չէ սահմանափակուի պետութեան իրաւունքներով, հնարաւորութիւններով եւ կատարելիքներով: Հայաստանի ու հայ ժողովրդի իրաւունքների ձեռքբերման եւ Հայոց ցեղասպանութեան հատուցման իրագործման ռազմավարութիւնը, որն իր մէջ ներառելու է թէ՛ քաղաքական եւ թէ` իրաւական քայլեր, պէտք է հաշուի առնի եւ խարսխուած լինի համայն հայութեան իրաւունքների եւ հնարաւորութիւնների վրայ, ունենայ իր համապատասխան բաժանումներն ու ենթաբաժանումները, իրաւատէրերի, հասցէատէրերի ու գործելադաշտերի եւ ատեանների յստակ նշումներով:

Համահայկական խորհրդակցութիւններով եւ մինչեւ Համահայկական խորհուրդի ցանկալի ձեւով` ընտրութիւններով ձեւաւորումը, անհրաժեշտ է զարկ տալ այս ռազմավարութեան մշակման աշխատանքին: Այս նպատակով անհրաժեշտ է Երեւանում ձեւաւորել համապատասխան ոչ պետական կառոյց, կամ վերափոխել, ընդարձակել Հայոց ցեղասպանութեան իրաւական հետազօտութիւնների կեդրոնը, որը մէկ կողմից կը կատարի, կը ղեկավարի ռազմավարութեան մշակման համար անհրաժեշտ ուսումնասիրութիւնները, միւս կողմից` փոխադարձ խորհրդակցութիւններով փաստացի կը համադրի Հայոց ցեղասպանութեան հետեւանքների վերացման` հատուցումների եւ իրաւունքների վերականգնման ուղղութեամբ տարբեր շրջանակների, կեդրոնների եւ կազմակերպութիւնների կողմից տարուող աշխատանքները: Նման կեդրոնը պէտք է լինի ոչ պետական, պէտք է ընդգրկի մեր երկրի ու ժողովրդի կարող ուժերին, վայելի համահայկական հոգատարութիւն ու վստահութիւն: Նման կեդրոնի ուսումնասիրութիւնները հիմք կը ծառայեն համահայկական ռազմավարութեան մշակման եւ տարբեր դերակատարների կողմից նախաձեռնուող քայլերի:

Ամփոփելու համար, Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների եւ Հայոց ցեղասպանութեան հատուցման խնդիրների հետապնդումը նախ եւ առաջ ենթադրում է Հայաստանի եւ հայ ժողովրդի կողմից այդ իրաւունքներից չհրաժարուե՛լ, բայց նաեւ պահանջում է ծրագրաւորած, հետեւողական քայլեր: Այդ կերպ, Հայոց ցեղասպանութեան հատուցման խնդիրները ոչ միայն կը մնան համահայկական օրակարգի նիւթ, այլեւ կը դառնան տեւական գործունէութիւն, որի դրական արդիւնքները հաստատ չեն ուշանայ:

Leave a Comment

You must be logged in to post a comment.