Տեղի ունեցաւ «Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

Այսօր՝ Սեպտեմբերի 14-ին «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Սէյրան Օհանեանը եւ Արթուր Խաչատրեանը հանդէս եկան մամուլի ասուլիսով:

Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթը եւ պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Հայաստանի իշխանութիւններն որոշումներ են ընդունում ռազմաքաղաքական իրավիճակին ոչ համահունչ, հաշուի չեն առնւում գերակայ եւ կարեւոր խնդիրները», ասաց Սէյրան Օհանեանը։

Ըստ նրա, ՀՀ իշխանութիւնների համար գերակայ խնդիրը իրենց իշխանութեան պահպանումն է, այս ժամանակահատուածում իրենց ամբողջ ուժերն ուղղել են իրենց աթոռները պահելուն, աւելի շատ ուշադրութիւն են դարձնում երկրի ներսում իրականացուող իրադարձութիւններին, քան այն խնդիրներին, որոնք Արցախում են, ՀՀ սահմաններում են։

«Ազգային ժողովում երէկուայ հարցուպատասխանը ցոյց տուեց, որ Հայաստանի իշխանութիւնները 2020 թուականի պատերազմից յետոյ մինչեւ հիմա գործում եւ որոշումներ են ընդունում ճնշումների ներքոյ եւ այն պայմանաւորուածութիւնները, որոնք ձեռք են բերել, ձեռք են բերել միայն ու միայն տարածաշրջանում նոր խաղացողների, նոր դերակատարների ճնշման ներքոյ», ասաց ընդդիմադիր խմբակցութեան ղեկավարը։

Սէյրան Օհանեանն ընդգծեց, որ այս իշխանութիւնները երկու վատ քաղաքականութիւն են վարում՝ Արցախի Հանրապետութիւնը հաշուելով Ատրպէյճանի կազմում եւ հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ երկիրը վերածելով ուժային կենտրոնների միջեւ, կարելի է ասել, ռազմադաշտի, բախման միջավայրի։

Ըստ նրա, վերջին ժամանակահատուածում կարեւոր ու դրական իրադարձութիւն է Արցախի Հանրապետութեան նախագահի ընտրութիւնը։

Արթուր Խաչատրեանն իր խօսքում նշեց, որ բոլոր ձախողումներն արդարացելու համար Փաշինեանն ու իշխող քաղաքական թիմը փորձում են ժամանակի ու տարածութեան մէջ մեղաւորներ փնտռել։

«Իրենց համար մեղաւոր են նախկինները, համանախագահները, ուրիշներին մեղադրելու համար իրենք չեն խորշում ամենապարզ, հանրայայտ ճշմարտութիւնները գիտակցաբար աղճատելուց։

Պրիմիտիւ ստերով փորձում է արդարացնել սեփական ձախողումը։

Իրեն արդարացնելու համար այսօր այնպիսի յայտարարութիւններ է անում, որոնք վաղը քաղաքական իրավիճակի փոփոխութեան դէպքում էլի մեր դէմ են օգտագործելու։ Ոչ միայն վնաս է տուել, նաեւ շարունակում է իր քաղաքական յայտարարութիւններով վնաս տալ, քանի որ ինքը համակերպուել է Արցախի կորստի հետ, դրանում մեղադրում է բոլորին՝ իրենից բացի, սեփական ձախողումն արդարացնելու համար ասում է անլուծելի խնդիր է։

Իր մաքսիմալիստական յայտարարութիւններով նա Ալիեւի բերանը լեզու դրեց, եւ Ալիեւն ասի՝ այնպիսի բաներ ես ասել, ես էլ պատերազմ կը սկսեմ ու փորձել արդարացնել իր ագրեսիան Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների դէմ», ասաց Ա. Խաչատրեանը՝ ընդգծելով, որ Հայաստանի դիրքորոշումը Արցախի նկատմամբ երբեք այսքան թշնամական չի եղել։

Comments are closed.