Վիճակը բաւականին ծանր է․ չի բացառւում, որ վատթարագոյն զարգացումներ լինեն

ՀՀ իշխանութիւնների գործելաոճը ռուս խաղաղապահների նկատմամբ ոչ այլ ինչ է, եթէ ոչ սադրանք։ Նրանք ամէն ինչ անում են, որ Արցախը զրկեն սնուցող միակ խողովակից։ Այդ մասին «Փաստինֆո»ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, ԱՀ Աժ «ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Մոսիեանը։

«Իմ տպաւորութեամբ՝ ատրպէյճանցիների հետ համաձայնեցուած գործողութիւններ են իրականացւում, որը տանելու է էսկալացիայի։ Որեւէ կերպ հնարաւոր չի հասկանալ, թէ ինչու չեն կրակում Տեղ գիւղի մոտակայքում դիրքաւորուած ատրպէյճանցիների վրայ, ինչու են թոյլ տալիս, որ ատրպէյճանական դրօշներ ծածանուեն ՀՀ տարածքում․․․ Ես շատ ուրախ կը լինեմ, եթէ ՀՀ իշխանութիւնները թոյլ չտան, որ որեւէ ատրպէյճանցի ոտքը թէկուզ մէկ սմ առաջ դնի Հայաստանի տարածքում», ասում է Մոսիեանն ու հռետորական հարց տալիս՝ ինչո՞ւ չեն վերացնում նաեւ Հայաստան ներխուժած թշնամու զինուորին, այլ ՀՀ-ում, Արցախում կատարուողի մէջ միայն ՌԴ-ին են մեղադրում։

Արցախցի պատգամաւորի կարծիքով՝ Արեւմուտքն ու Թուրքիան Նիկոլ Փաշինեանին իշխանութեան են բերել այն նպատակով, որ տարածաշրջանից հեռացնեն Ռուսաստանին։ Դա իրագործել, ըստ մեր զրուցակցի, չի յաջողուելու, բայց միեւնոյն ժամանակ շատ թանկ է նստելու Հայաստանի ու Արցախի վրայ։

«Փաշինեանն ամէն ինչ անում է՝ միայն թէ կատարի իր տէրերի հրահանգը եւ հաճոյանայ թուրք-ատրպէյճանական տանդեմին։ Ռուսաստանը շատ ցաւոտ ձեւով է հակազդելու այս ամէն ինչին։ Դարձեալ ամենաշատը տուժելու ենք մենք՝ Հայաստանն ու Արցախը։ Շատ հնարաւոր է, որ էլի տարածքային կորուստներ ունենանք, անգամ կարող է պետականութիւնը կորցնենք», նշում է Մոսիեանը։

Պատգամաւորը խիստ թերահաւատ է, որ ստեղծուած իրավիճակում Արցախը նոր աղէտից կը ստացուի հեռու պահել։

«Առանց մայր Հայաստանի շատ դժուար է դիմակայել։ Կրկնակի դժուար է, երբ թրքահաճոյ իշխանութիւններ են այնտեղ․․․ Հումանիտար վիճակն Արցախում արդէն բաւականին սրուել է։ Քանի օր է՝ ոչ սնունդ է մտնում, ոչ վառելիք, ոչ հիւանդներին են կարողանում տեղափոխել․․․ Խանութներում անգամ կտրոնով նախատեսուած ապրանքներն են սպառուել․․․ Ծանր է, իրօք, վիճակը», ահազանգում է Արցախի ԱԺ պատգամաւորը։

Ատրպէյճանին որեւէ որոշումով, քաղաքական ճնշումով Արցախը խեղդելու ճանապարհից հետ պահել, մեր զրուցակցի համոզմամբ, արդէն անիրատեսական է։ Մատնանշելով Հաագայի դատարանի Փետրուարի 22-ի որոշումը՝ Մոսիեանը նկատում է՝ չկայ որեւէ երաշխիք, որ թէկուզ նման բարձր ատեանի մէկ այլ որոշում կամ այլ միջազգային կառոյցների որոշում Ատրպէյճանը յարգելու է։ Ըստ նրա՝ իրավիճակը փոխելու միակ ճանապարհը մնացել է ուժայինը՝ զուգահեռաբար շատ լաւ մշակուած դիւանագիտական քայլեր անելով։

Comments are closed.