Վերադարձի իրաւունքի իրաւաքաղաքական հենքը․ Արցախահայութեան վերադարձի իրաւունքի խնդիրը (Բ. Մաս)

Գէորգ Ղուկասեան

Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Հորիզոնում հրապարակուած սոյն յօդուածի առաջին մասով անդրադարձել էինք վերադարձի իրաւունքի իրաւաքաղաքական հիմնաւորումներին, ինչպէս նաեւ մի շարք պետութիւնների դիրքորոշմանը՝ արցախահայութեան վերադարձի իրաւունքի վերաբերեալ։ Սոյն յօդուածում կ’անդրադառնանք արցախահայութեան վերադարձի իրաւունքի շուրջ միջազգային մի շարք կազմակերպութիւնների դիրքորոշումներին։

(Յօդուածի Ա. մասը կարդալ այս յղումով)

Արդարադատութեան միջազգային դատարան

Կարեւոր է Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից 2023 թ. Նոյեմբերի 17-ի որոշումը(1), որը կայացուեց Հայաստանի միջնորդութեամբ Ռասայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքոյ քննուող Հայաստանն ընդդէմ Ատրպէյճանի դատական գործի շրջանակներում։ Որոշման գործառնական մասով Դատարանն Ատրպէյճանին պարտաւորեցրել է «(ա) ապահովել, որպէսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թ. Սեպտեմբերի 19-ից յետոյ, եւ ովքեր ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել եւ արագօրէն»(2):

Պետութիւնների հաւաքական յայտարարութիւններ

2023 թ․ Հոկտեմբերի 5-ին, Գրանատայի քառակողմ հանդիպումից յետոյ (Հայաստան-Ֆրանսա-Գերմանիա-ԵՄ) ընդունուած յայտարարութեան մէջ նոյնպէս յղում կայ վերադարձի իրաւունքին․ «Փախստականները պէտք է ազատօրէն օգտուեն իրենց տներ եւ բնակութեան վայրեր վերադառնալու իրաւունքից՝ առանց որեւէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքոյ եւ իրենց պատմութեան, մշակոյթի եւ մարդու իրաւունքների նկատմամբ պատշաճ յարգանքով»(3)։

2023 թ․ Հոկտեմբերի 11-ին, ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդում Ֆրանսայի ներկայացրած համատեղ յայտարարութեանն են միացել Հայաստանը, ԱՄՆ-ն, Անտորրան, Արժանթինը, Աւստրալիան, Աւստրիան, Պելճիքան, Պուլկարիան, Գանատան, Խրուաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանտան, Գերմանիան, Յունաստանը, Իսլանտան, Իրլանտան, Ճափոնը, Լաթվիան, Լիխտենշտէյնը, Լիթվիան, Լիւքսէմպուրկը, Մալթան, Մարշալեան կղզիները, Հիւսիսային Մակեդոնիան, Հոլանտան, Նիւ Զելանտան, Նորվեկիան, Լեհաստանը, Փորթուկալը, Սպանիան, Սլովաքիան, Սլովենիան, Շուէտը, Զուիցերիան, Միացեալ Թագաւորութիւնը եւ Ուրուկուէյը։ Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւում է. «Այս պահին մենք Ատրպէյճանին կոչ ենք անում ապահովել Լեռնային Ղարաբաղի այն հայերի իրաւունքներն ու անվտանգութիւնը, ովքեր մնացել են, եւ անյապաղ պայմաններ ստեղծել տուն գնալ ցանկացողների կամաւոր, անվտանգ, արժանապատիւ եւ կայուն վերադարձի համար»(4):

Միաւորուած ազգերի կազմակերպութիւն

ՄԱԿ-ի տարբեր մարմիններ նոյնպէս անդրադարձել են արցախահայութեան վերադարձի իրաւունքին առնչուող խնդրին։ Այսպէս, 2023 թ․ Հոկտեմբերին ցեղասպանութեան կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի յատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն ասել է․ «Կոչ եմ անում բոլոր ջանքերը գործադրել՝ ապահովելու տարածքում մնացած էթնիկ հայ բնակչութեան պաշտպանութիւնն ու մարդու իրաւունքները, ինչպէս նաեւ նրանց, ովքեր հեռացել են, ներառեալ վերադարձի իրաւունքը, որը պէտք է առաջնահերթութիւն լինի»(5)։ Մինչ այդ, Սեպտեմբերի վերջին նման յայտարարութիւններ են արել ներկայումս ՄԱԿ մարդու իրաւունքների բարձր յանձնակատար Վոլքեր Թուրքը(6), եւ նոյն խորհրդի յատուկ զեկուցող Մորիս Թիդբաս-Բինցը(7)։

Եւրոպական Միութիւն

Եւրոպական խորհրդարան

Անցնող երեք տարիների ընթացքում, Եւրոպական խորհրդարանը շուրջ մէկ տասնեակի հասնող տարբեր բնոյթի բանաձեւերի ընդունմամբ անդրադարձել է արցախցիների վերադարձի իրաւունքին։

Մասնաւորապէս, Եւրոպական խորհրդարանի կողմից 2021 թ․ Մայիսի 20-ին ընդունուած «Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ վերջին հակամարտութեան հետեւանքով ռազմագերիների մասին» բանաձեւով(8), 2023 թ․ Յունուարի 18-ին ընդունուած 2022 թ․ ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականութեան տարեկան զեկոյցով(9), 2023 թ․ Մարտի 15-ին ընդունուած ԵՄ-Հայաստան յարաբերութիւնների վերաբերեալ(10) եւ ԵՄ-Ատրպէյճան յարաբերութիւնների վերաբերեալ(11) առանձին զեկոյցներով Եւրոպական խորհրդարանը յստակ պահանջել է արցախահայութեան վերադարձի իրաւունքի գործնական իրացում՝ միջազգային երաշխիքների կիրառմամբ։

Արցախի հայաթափումից յետոյ, 2023 թ․ Հոկտեմբերի 5-ին Եւրոպական խորհրդարանն ընդունել է «Լեռնային Ղարաբաղում Ատրպէյճանի յարձակումից յետոյ ստեղծուած իրավիճակի եւ Հայաստանի դէմ շարունակուող սպառնալիքների վերաբերեալ» բանաձեւը(12)։ Խորհրդարանը 2024 թ․ Փետրուարի 28-ի լիագումար նիստի ընթացքում ընդունել է 2023 թ. ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան(13), ինչպէս նաեւ ԵՄ պաշտպանական եւ անվտանգութեան ընդհանուր քաղաքականութեան(14) վերաբերեալ տարեկան զեկոյցները, որտեղ Ատրպէյճանի իշխանութիւններին կոչ է արւում թոյլատրել հայ բնակչութեան անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ ամուր երաշխիքներ տալ նրանց իրաւունքների պաշտպանութեան հարցում։

2024 թ․ Մարտի 13-ին ընդունուած «Եւրոպական միութեան եւ Հայաստանի միջեւ կապերի սերտացման եւ Ատրպէյճանի ու Հայաստանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի անհրաժեշտութեան մասին»(15) բանաձեւում նոյնպէս խօսւում է վերադարձի իրաւունքի մասին։

ԵՄ յանձնաժողով եւ խորհուրդ

Ինչ վերաբեում է Եւրոպական միութեան իշխանութեան գործադիր թեւին, ապա վերջինս, բազմիցս անդրադարձներ է կատարել Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքին։

2023 թ․ Սեպտեմբերի 22-ին արտաքին գործողութիւնների Եւրոպական ծառայութեան ղեկավար Ժոզէպ Բորելը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին ուղղուած իր խօսքում վերադարձի իրաւունքի վերաբերեալ նշել է․ «Ատրպէյճանը պատասխանատուութիւն է կրում ապահովելու Ղարաբաղի հայերի իրաւունքների եւ անվտանգութեան լիարժէք յարգանքը… ներգրաւուել Ղարաբաղի հայերի հետ համապարփակ եւ թափանցիկ երկխօսութեան մէջ՝ ապահովելու նրանց իրաւունքները եւ անվտանգութիւնը, ներառեալ՝ իրենց տներում արժանապատիւ ապրելու իրաւունքը»(16):

Արտաքին եւ անվտանգային քաղաքականութեան հարցերով Եւրոպական յանձնաժողովի խօսնակ Պետեր Ստանօն 2023 թ․ Նոյեմբերի 17-ին յայտարարել է․ «Մենք շատ յստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենայ։ Գիտէք, նրանց ունեցուածքը չի կարող վերաբնակեցուել կամ բռնագրաւուել ուրիշի կողմից: Պէտք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար, եթէ նրանք որոշեն։ Մենք պէտք է դիւանագիտական եւ քաղաքական միջոցներ օգտագործենք միջազգային հարթակներում եւ միջազգային գործընկերների հետ համագործակցութեան միջոցով, որպէսզի համոզուենք, որ կան բաւարար երաշխիքներ, որպէսզի մարդիկ, եթէ այդպէս որոշեն, կարողանան վերադառնալ իրենց տները»(17)։

Այս յայտարարութիւնից երկու օր անց, Նոյեմբերի 19-ին Հարաւային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցով Եւրոպական միութեան յատուկ ներկայացուցիչ Տոիւօ Կլաարն է խօսել արցախահայութեան վերադարձի իրաւունքի մասին՝ կարեւորելով Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչների՝ իրենց տները անվտանգ վերադառնալու առանցքային անհրաժեշտութիւնը: Նա պնդել է, որ ԵՄ-ն քաջալերում է, որ տեղահանուածները ապահով եւ անվտանգ վերադառնան, եթէ նրանք ցանկանան, եւ որ պէտք է պայմաններ ստեղծուեն նրանց վերադարձը հեշտացնելու համար(18):

2023 թ․ Սեպտեմբերի 29-ին, արցախահայերի վերադարձի իրաւունքի արձանագրմամբ, յայտարարութիւն է արել նաեւ Հայաստանում Եւրոպական միութեան առաքելութիւնը(19)։

Վերը նշուած 2023 թ․ Հոկտեմբերի 11-ին, ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդում Ֆրանսայի ներկայացրած համատեղ յայտարարութիւնն ստորագրած քառասուն պետութիւններից քսաներեքը Եւրոպական Միութեան, հետեւաբար նաեւ ԵՄ խորհուրդի անդամ են։ Յիշեալ յայտարարութիւնը չեն ստորագրել միայն Հունկարիան, Իտալիան եւ Ռոմանիան։

ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզէպ Բորելը 2023 թ․ Դեկտեմբերի 12-ին կրկին անդրադարձել է վերադարձի իրաւունքին՝ նշելով «ԵՄ-ն Ատրպէյճանին կոչ է արել ապահովել ղարաբաղցի հայերի իրաւունքներն ու անվտանգութիւնը, ներառեալ տեղահանուածների վերադարձի իրաւունքը, եւ թոյլ տալ միջազգային մշտական մշտադիտարկում տեղում ՝ ի լրումն ՄԱԿ-ի առաքելութեան այցելութիւնների(20)»։

2024 թ. Մարտի 4-ին ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդում ԵՄ ներկայացուցիչը, ի թիւս այլնի, յայտարարել է․ «ԵՄ-ն հաւասարապէս ընդգծում է Ղարաբաղի հայերի իրաւունքների եւ անվտանգութեան ապահովման, ինչպէս նաեւ փախստականների եւ տեղահանուածների՝ Լեռնային Ղարաբաղ կամաւոր, անվտանգ, արժանապատիւ եւ կայուն վերադարձի պայմանների ստեղծումը, մասնաւորապէս՝ իրենց տներում արժանապատիւ, առանց ահաբեկման կամ խտրականութեան նրանց ապրելու իրաւունքը»(21)։

ՄԱԿ-ի Ժնեւի գրասենեակում եւ միջազգային այլ առաքելութիւններում հաւատարմագրուած Եւրոպական միութեան առաքելութիւնը 2024 թ․ իր առաջնահերթութիւնների ցանկում 18-րդ կէտով նշել է նաեւ Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի իրացումը․ «ԵՄ-ն կ’ընդգծի Ղարաբաղի հայերի իրաւունքների եւ անվտանգութեան ապահովման կարեւորութիւնը, ինչպէս նաեւ պայմանների ստեղծումը փախստականների եւ տեղահանուածների Լեռնային Ղարաբաղ կամաւոր, անվտանգ, արժանապատիւ եւ կայուն վերադարձի համար, մասնաւորապէս՝ իրենց տներում նրանց արժանապատիւ, առանց ահաբեկման կամ խտրականութեան ապրելու իրաւունքը»(22)։

Եւրոպայի խորհուրդ եւ ԵԽ խորհրդարանական վեհաժողով

Եւրոպայի խորհուրդը եւ դրա տարբեր կառոյցներ մի շարք առիթներով բարձրաձայնել են արցախահայերի վերադարձի իրաւունքի իրացման անհրաժեշտութեան մասին։ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակի վերաբերեալ 2023 թ․ Հոկտեմբերի 12-ին որդեգրել է թիւ 2260 (2023) յանձնարարականը,(23) որում արձանագրուած է վերադարձի իրաւունքի իրացման կարեւորութիւնը։ Նոյն նիստին, ԵԽԽՎ-ն որդեգրել է նոյն խորագրով իր թիւ 2517 (2023) բանաձեւը(24), որտեղ հինգ անգամ նշւում են արցախցիների վերադարձը իրականացնելու համար Ատրպէյճանի պարտաւորութիւնները։

Նաեւ յիշատակման են արժանի ԵԽ մարդու իրաւունքների յանձնակատար Դունիա Միտովիչի 2024 թ․ Յունուարի 12-ի դիտակումները(25)։

Միջազգային եւ այլ կազմակերպութիւններ

Միջազգային ամենատարբեր բնոյթ ունեցող կազմակերպութիւններ նոյնպէս անդրադարձել են Արցախի հայութեան վերադարձի իրաւունքին։ Մասնաւորապէս, այդպիսի կազմակերպութիւններից են Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը(26), Սոցիալիստական ինտերնացիոնալը(27), Միջազգային քրիստոնէական համերաշխութեան կազմակերպութիւնը(28), “Human Rights Watch”-ը(29), Միջազգային ճգնաժամային խումբը(30), Հանրային միջազգային իրաւունքի եւ քաղաքականութեան խումբը(31) եւ այլն։

 

1.- https://icj-cij.org/sites/default/files/case-related/180/180-20231117-ord-01-00-en.pdf

2.- ՀՀ ԱԳՆ հայտարարութիւնն Արդարադատութեան միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ – mfa.am

3.- Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի եւ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարութիւն – Մամլո հաղորդագրութիւններ – Լրատվութիւն – Հայաստանի Հանրապետութեան վարչապետ (primeminister.am)

4.- HRC54 – Joint Statement Situation in Nagorno-Karabakh – Embassy of Armenia to Switzerland and Permanent Mission of Armenia to the UN office at Geneva (mfa.am)

5.- UN says ethnic Armenians’ right of return to Nagorno-Karabakh must be prioritized (arabnews.com)

6.- Azerbaijan / Armenia – Comment by UN Human Rights Chief Volker Türk | OHCHRAzerbaijan must respect and protect the lives of ethnic Armenians in Nagorno-Karabakh: UN expert | OHCHR

7.- Karabakh: Azerbaijan must ‘guarantee the rights of ethnic Armenians’ | UN News

8.- Texts adopted – Prisoners of war in the aftermath of the most recent conflict between Armenia and Azerbaijan – Thursday, 20 May 2021 (europa.eu)

9.- European Parliament resolution of 18 January 2023 on the implementation of the common foreign and security policy — annual report 2022 (2022/2048(INI)) (europa.eu)

10.- Texts adopted – EU-Armenia relations – Wednesday, 15 March 2023 (europa.eu)

11.- Texts adopted – EU-Azerbaijan relations – Wednesday, 15 March 2023 (europa.eu)

12.- Texts adopted – Situation in Nagorno-Karabakh after Azerbaijan’s attack and the continuing threats against Armenia – Thursday, 5 October 2023 (europa.eu)

13.- Texts adopted – Implementation of the common foreign and security policy – annual report 2023 – Wednesday, 28 February 2024 (europa.eu)

14.- Texts adopted – Implementation of the common security and defence policy – annual report 2023 – Wednesday, 28 February 2024 (europa.eu)

15.- JOINT MOTION FOR A RESOLUTION on closer ties between the EU and Armenia and the need for a peace agreement between Azerbaijan and Armenia | RC-B9-0163/2024 | European Parliament (europa.eu)

16.- Azerbaijan: Address by the High Representative Josep Borrell to UN Security Council on Nagorno-Karabakh | EEAS (europa.eu)

17.- EU ‘demanding very clearly that people of Nagorno Karabakh need to have guarantees for safe return’ – Exclusive | ARMENPRESS Armenian News Agency

18.- EU Special Representative Toivo Klaar Advocates for Safe Return of… (bnnbreaking.com)

19.- Azerbaijan: Statement by the Spokesperson on the displacement of people from Nagorno-Karabakh | EEAS (europa.eu)

20.- E-9-2023-002830-ASW_EN.pdf (europa.eu)

21.- HRC55 – Item 2 – General debate on the oral update by the High Commissioner – EU Statement | EEAS (europa.eu)

22.- Council Conclusions on EU Priorities in UN Human Rights Fora in 2024 | EEAS (europa.eu)

23.- https://pace.coe.int/en/files/33146/html

24.- https://pace.coe.int/en/files/33145/html

25.- https://www.coe.int/en/web/commissioner/-/armenia-and-azerbaijan-effective-human-rights-protection-of-all-persons-affected-by-the-conflict-over-the-karabakh-region-is-key-to-the-success-of-the-peace-process

26.- WCC calls for international response to the needs of Nagorno-Karabakh refugees | World Council of Churches (oikoumene.org)

27.- Council of Socialist International adopts resolution on Artsakh (armenianweekly.com)

28.- CSI: Armenians’ right of return to Nagorno Karabakh must be secured (csi-int.org)

29.- Guarantee Right to Return to Nagorno Karabakh | Human Rights Watch (hrw.org)Guarantee Right to Return to Nagorno Karabakh – Azerbaijan | ReliefWeb

30.- Responding to the Humanitarian Catastrophe in Nagorno-Karabakh | Crisis Group

31.- https://static1.squarespace.com/static/5900b58e1b631bffa367167e/t/653fca8a87273e298f8cd04f/1698679435138/PILPG+-+Nagorno+Karabakh+-+Right+of+Return+-+Oct2023.pdf

Comments are closed.