Սփիւռքից կոշտ են արձագանգում Սինանեանի խօսքերին
Լոս Անջելեսի հայերի պատասխանն է Հայաստանի սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանին: Օրեր առաջ Սինանեանն էր դաւաճան անուանել սփիւռքի այն հայերին, որոնք քննադատում են պետական պաշտօնեաներին:
Ըստ Սինանեանի՝ իր ու միւս իշխանականների դէմ յայտարարութիւնների, բողոքի ակցիաների հեղինակները սփիւռքի դաշնակցականներն են, որոնց ուղղորդում են Հայաստանից ու տրամադրում հայրենիքի դէմ: Այս դէպքում Սինանեանն, ըստ էութեան, իշխանութիւններին նոյնացնում է Հայաստանի հետ:
Սինանեանը սփիւռքահայերին յորդորել է յարգել հայաստանցիների ընտրութիւնը՝ նկատի ունենալով Փաշինեանին ու թիմակիցներին: Դաշնակցութեանն էլ մեղադրել է 25 տարի Հայաստանը կեղեքելու մէջ:
Սփիւռքի գործերով յանձնակատարի գործունէութեանը Շուշիի ազատագրման օրն անդադարձել էր Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը: Սինանեանի միջոցով է Հայաստանի իշխանութիւնը փորձում պառակտել սփիւռքը. ասել էր Տէր-Խաչատուրեանն ու այդ քաղաքականութիւնն ազգակործան որակել:
Բոլոր նման փորձերը՝ Հայաստան-սփիւռք կապն ու սփիւռքը պառակտելու, անյաջողութեան են մատնուելու. համոզուած է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը: Նոյնը հաւաստիացրել են նաեւ Լոս Անջելեսի հայերը: Փաշինեանի հրաժարականի պահանջով ակցիաների ժամանակ յայտարարել են, որ Հայաստան-սփիւռք-Արցախ եռամիասնութեամբ պայքարելու են հզօր հայրենիքի համար:
Մանրամասները՝ Անահիտ Յովհաննիսեանի տեսանիւթում