«Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական». Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեանը նուիրուած միջազգային համաժողով Հռոմում
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անուան քահանայապետական համալսարանում Նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով նուիրուած Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեանը։ Այն կրում էր «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական» խորագիրը («Sacred Grounds, Shared Vision»)։
Համաժողովը կազմակերպուել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչութեան եւ Անգելիկումի էկումենիկ հետազօտութիւնների ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան հովանաւորութեամբ:
Համաժողովին իր մասնակցութիւնն է բերել Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տէր Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեանը, ով իր ողջոյնի խօսքը փոխանցեց համաժողովի մասնակիցներին։ Վրթանէս Սրբազանն իր խօսքում մասնաւորաբար անդրադարձ կատարեց տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմին եւ բռնի տեղահանութեանը, ինչը խախտել է այն բազմադարեայ ներդաշնակութիւնը, որը տիրում էր տարածաշրջանում արցախցիների տեղաբնակութեամբ պայմանաւորուած:
Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրել է, որ ներկայումս պղծւում եւ ոչնչացւում է մեր բազմադարեայ մշակոյթը, ինչը ստեղծուել է նուիրական հաւատքի եւ քրտնաջան աշխատանքի շնորհիւ` յիշեցնելով եւ կոչ անելով, որ գիտական միտքը պիտի դառնայ գերիշխող քաղաքական մտքի նկատմամբ, որպէսզի օբիեկտիւ արդարութիւնը տեսանելի լինի։ Վրթանէս Սրբազանը նաեւ կոչ արեց քրիստոնեայ աշխարհին աղօթել եւ գործել տարածաշրջանում խաղաղութեան պահպանման համար։ Ամփոփելով իր խօսքը` Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց համաժողովի կազմակերպիչներին, մասնաւորաբար Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանին, որից յետոյ ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։
Համաժողովին ելոյթ է ունեցել Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը: Համաժողովին ներկայ հոգեւորականները ընթերցել են Կարդինալ Կուրտ Քոխի, Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտիի եւ Կարդինալ Խոսէ Տոլենտինո տէ Մենդոնսայի ողջոյնի խօսքերը: Ելոյթով հանդէս են եկել Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ Արմինէ Ալեքսանեանը՝ «Հակամարտութեան գօտիներում մշակութային եւ կրօնական ժառանգութեան պաշտպանութեան դիւանագիտական եւ այլ միջոցներ. ի՞նչ կարելի է անել դրանք ընդլայնելու համար» թեմայով եւ պ․գ․դ․, պրոֆ․, ԵՊՀ, ՀԱԻ Համլետ Պետրոսեանը «Յուշարձանների ներկայիս վիճակը Արցախում» թեմայով։
Համաժողովում զեկոյցներով հանդէս եկան նաեւ մի շարք այլ փորձագէտներ Եւրոպայից, ԱՄՆ-ից, Հայաստանից եւ Մերձաւոր Արեւելքից։
ՀԱՍԵ Արցախի թեմ
Comments are closed.