Սոցինտերնի խորհուրդն իր խոր մտահոգութիւն է արտայայտել ՀՀ-ում 2020թ․-ից յետոյ ընկած ժամանակահատուածի զարգացումների վերաբերեալ

Սոյն թուականի յուլիսի 7-8-ը ՄԱԿ-ի Ժնեւի նստավայրում կայացել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը։ Շուրջ հարիւր երկրներից քաղաքական կուսակցութիւններ համախմբող մոլորակի խոշորագոյն այս կազմակերպութեանը Հ․Յ․ Դաշնակցութիւնն անդամակցում է դեռեւս 1907 թուականից, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Մարիօ Նալբանդեանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է ինչպէս Խորհրդի, այնպէս էլ նախագահութեան եւ ֆինանսական ու կազմակերպական հարցերի յանձնաժողովի նիստերին։
Նախագահութեան եւ խորհրդի նիստերի ընթացքում Մարիօ Նալբանդեանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի Հանրապետութեան շուրջ ստեղծուած անվտանգային միջավայրը, ադրբեջանական կողմի յանցագործութիւններն ու շարունակական ագրեսիան, Հայաստանին ռազմական ուժի սպառնալիքի տակ նոր ճնշումներ պարտադրելու Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու «Դիմադրութիւն» շարժման հիմնական նպատակները եւ ծրագրերը։
Խորհրդի այս նիստը կրում էր «Գլոբալ մարտահրաւէրներին հումանիտար եւ կայուն լուծումներ գտնելու մեր յանձնառութիւնը» խորագիրը։ Նիստի հիմնական աշխատանքները ծաւալուել են հետեւեալ թեմաների շուրջ․
1. Աշխատել յանուն խաղաղութեան եւ միջազգային անվտանգութեան՝ հիմնուած մեր ընդհանուր նպատակների, սկզբունքների եւ կանոնների վրայ։
2. Ուժեղացնել ժողովրդավարութիւնն ու ապահովել հիմնարար իրաւունքները։
3. Արձագանգել գլոբալ ճգնաժամերին՝ համաճարակ, կլիմայի փոփոխութիւն, տնտեսութիւն, միգրացիա եւ փախստականներ։
Սոցիալիստական Ինտերնացիոնալի Խորհուրդն ընդունել է յայտարարութիւն եւ առանձին տարածաշրջանների մասին բանաձեւեր, որոնցից մէկում էական անդրադարձ է կատարել Հարաւային Կովկասի տարածաշրջանին՝ արձանագրելով․ «Հարաւային Կովկասի վերաբերեալ, Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհուրդն արտայայտում է իր խոր մտահոգութիւնը 2020թ․ յետոյ ընկած ժամանակահատուածի զարգացումների վերաբերեալ, ներառեալ Հայաստանի Հանրապետութեան սահմաններ ներխուժումների եւ փոխհրաձգութիւնների, ինչպէս նաեւ հայ ռազմագերիներին եւ ձերբակալուած քաղաքացիական անձանց շարունակուող պահման առթիւ»։ Աւելին, Խորհուրդը Հայաստանի իշխանութիւններին յորդորում է զերծ մնալ հակաժողովրդավարական գործելաոճից, որոնք նրանք որդեգրել են յատկապէս 2020թ․ պատերազմի պարտութիւնից յետոյ՝ հետապնդելով «Դիմադրութիւն» շարժման եւ ընդհանրապէս ընդդիմադիր ակտիւիստներին, ճնշում գործադրելով իրաւական համակարգի վրայ՝ նպատակ ունենալով մեծացնել իրենց ազդեցութիւնը դատարանների վրայ եւ սահմանափակել բաց ու թափանցիկ հանրային հաշուետուողականութիւնը։
Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական եւ աշխատաւորական կուսակցութիւններ համախմբող համաշխարհային կառոյց է, որը բոլոր մայրցամաքներից ներառում է աւելի քան 110 երկիրների շուրջ 130 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ։ Թուրքիայից Ժողովրդահանրապետական (CHP) եւ Ադրբեջանից Սոցիալ դեմոկրատական կուսակցութիւնները (SPDA) եւս լիիրաւ անդամ են։
Մոլորակի խոշորագոյն այս կազմակերպութեանը Հ․Յ․ Դաշնակցութիւնն անդամակցում է դեռեւս 1907 թուականից։ Սոցիալիստական Ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիօ Նալբանդեանը կազմակերպութեան փոխնախագահ է։ ՀՅԴ համապատասխան կառոյցները լիիրաւ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միութեանը (IUSY)։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սարինէ Աբրահամեանն IUSY-ի փոխնախագահն է։
 
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
20.07.2022 թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.