«Սիմոն Զաւարեանի անտիպ նամակները». Ճիշդ ժամանակին տպագրուած աշխատութիւն

Ներկայ տարեվերջեան թոհուբոհի ու տեղեկատուական հեղեղի մէջ ինչ-որ առումով կարող է տարօրինակ թուալ մնայուն արժէք ունեցող գրքերի տպագրութիւնը, մանաւանդ՝ ռմբակոծութիւնների տակ գտնուող Պէյրութում։ Բայց օրերս Լիբանանի մայրաքաղաքում լոյս տեսած Երուանդ Փամպուկեանի «Սիմոն Զաւարեանի անտիպ նամակները» ժողովածուն ոչ միայն եզակի է իր մէջ ամփոփուած նիւթերի գիտա-ճանաչողական արժէքով, այլեւ արդիական նշանակութիւն ունեցող ուղերձներ է պարունակում նոր սերնդի համար։

«Վէմ Մատենաշարի» թուով արդէն 9-րդ հատորը կազմող այս ժողովածուով հեղինակն աւարտել է ՀՅ Դաշնակցութեան հիմնադիրներից՝ Քր. Միքայէլեանից Ռոստոմից ու նաեւ Նիկոլ Դումանից մնացած անտիպ գրութիւնների հրատարակութեան գործը։ Սակայն իր գիտա-ճանաչողական նշանակութիւնից զատ Սիմոն Զաւարեանի անտիպները մեզ հետաքրքրում են նաեւ դաշնակցականների համար կուսակցութեան խիղճը համարուող անհատականութեան բարոյական նկարագրի վերաբացայայտման խնդրի առումով։ Սիմոն Զաւարեանի կերպարը խիստ պահանջուած է մեր օրերում, երբ նման որակների նահանջ է նկատւում ողջ հայ հասարակութեան ներսում։ Անցեալում մենք ունեցել ենք Զաւարեանի նման անհատականութիւններ, որոնք կասեցրել եւ յետ են շրջել նման վտանգաւոր ու կործանարար միտումները։ Ուստի մօտ ապագայում նոյնպէս սուր կերպով զգացուելու է նրանց կարիքը՝ ազգի ու հայրենիքի համար ստեղծուած բարդ կացութիւնը յաղթահարելու եւ ապագայի դռները բացելու համար։

«Վէմ» հանդէսի խմբագրակազմի անունից շնորհաւորում ենք վաստակաշատ գիտնականին՝ մաղթելով նրան քաջառողջութիւն ու կորով։ Իսկ Երուանդ Փամպուկեանի կազմած ժողովածուի բովանդակութեան մասին նախնական պատկերացում կազմելու համար մեր ընթերցողներին ենք ներկայացնում նրա առաջաբանը եւ աշխատութեան հեղինակի համառօտ բացատրութիւնները։

«Վէմ» հանդէսի խմբագրութիւն

ՍԻՄՈՆ ԶԱՒԱՐԵԱՆԻ ԱՆՏԻՊՆԵՐԸ

Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիր սերնդի գաղափարաքաղաքական հարուստ ժառանգութիւնն իր արժանի տեղն ունի հայ քաղաքական մտքի ոսկէ ֆոնդում, որի արժէքը պարբերաբար գնահատուել ու վերագնահատուել է սերունդների կողմից։

Տարիների ընթացքում այդ ժառանգութեան ուսումնասիրութիւնը սահմանափակուել է կուսակցութեան անդամների ու հետազօտողների նեղ շրջանակի կողմից՝ Քր. Միքայէլեանի, Սիմոն Զաւարեանի ու Ռոստոմի (Ստեփան Զօրեան) ոչ մեծ աշխատութիւնների, յօդուածների ու նամակների քննութեամբ։ Սակայն Հայաստանի խորհրդայնացումից յետոյ հայ ազգային-քաղաքական մտքի երկփեղկման արդիւնքում սահմանափակուել են արտասահմանում մնացած եւ, ի վերջոյ, Պոսթոնում հանգրուանած Հ. Յ. Դաշնակցութեան արխիւների ուսումնասիրութեան հնարաւորութիւնները։

Ուստի, սկսած 1920-1930-ական թուականներից, սփիւռքեան մամուլի էջերում ու զանազան տպագիր հրատարակութիւններում լոյս են տեսել Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիրների առանձին յօդուածների ու նամակների ոչ մեծ հրապարակումներ։ Սակայն դրանց մի քանի անգամ գերազանցող՝ Հ.Յ.Դ. հիմնադիրների գաղտնի գրութիւնների ու, մանաւանդ՝ նամակների հրատարակութեան գործում կարեւոր նշանակութիւն են ունեցել Սիմոն Վրացեանի կազմած «Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան» զոյգ հատորները եւ ապա՝ Հրաչ Տասնապետեանի ու Երուանդ Փամպուքեանի ձեռնարկած «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» ստուարածաւալ ժողովածուների տպագրութիւնը։ Ժամանակի ընթացքում կուսակցութեան հիմնադիրների տարաբնոյթ գրագրութեան, ու առաջին հերթին, նամականիի ամբողջացման համար զգացուել է նաեւ նրանցից իւրաքանչիւրի ժառանգութիւնն ամփոփող առանձին հատորների կարիքը, որոնց շարքում լոյս է տեսել Սիմոն Զաւարեանի եռահատորեակը(1)։

Ամենեւին էլ պատահական չէր, որ Սիմոն Զաւարեանից պահպանուած տարաբնոյթ նիւթերն ամփոփող ժողովածուներին երբեմն տրուել է «Նշխարներ»(2) բնորոշումը, որովհետեւ դրանց քաղաքական ու փիլիսոփայական բովանդակութեանը զուգահեռ կարեւորուել է նաեւ կուսակցութեան խիղճը համարուող անհատականութեան բարոյական որակների արժեւորման խնդիրը։ Սիմոն Զաւարեան յեղափոխականին ու մարդուն նմանուելու բարոյական մղումը՝ զաւարեանականութիւնը, մեզանում ունեցել է ոչ միայն իր քաղաքական, այլեւ իմացաբանական ու բարոյագիտական ակունքները։ Ու թէեւ ժամանակն իր կնիքն է դրել նման գաղափարաբարոյական անկեղծ մղումների վրայ, այնուհանդերձ, դրանցից խամրել է ոչ թէ Սիմոն Զաւարեանի կերպարը, այլ նրա ժառանգութիւնից հեռացածների յիշողութիւնը։

Երբ իր պատմութեան վճռական պահերին հայ ժողովուրդը կանգնել է ինքնամաքրման եւ ինքնաճանաչողութեան՝ որակապէս նոր աստիճանի հասնելու հրամայականին առջեւ, Սիամանթոյի, Յովհ. Թումանեանի, Աւ. Իսահակեանի, Գարեգին Նժդեհի եւ այլոց շուրթերով արտաբերել է Սիմոն Զաւարեան նուիրական անունը։ Բանն այն է, որ Սիմոն Զաւարեանը սահմանել է հայ մարդուն ու, մանաւանդ՝ քաղաքական ու պետական գործչին անհրաժեշտ բարոյաքաղաքական այն չափանիշները, որոնց չի կարող ստուերել ամենազօր թուացող ժամանակը։ Նման իրողութիւնը յանգեցրել է նրան, որ հայ պոէտները Սիմոն Զաւարեանի կերպարը փնտռել են անցեալի փոշիներում, իսկ գիտնականները փորձել են նրա գործունէութեան մէջ տեսնել նոր ժամանակների յեղափոխական շարժումների, մասնաւորապէս՝ ռուսական յեղափոխական նարոդնիկութեան արմատական թեւի (Մ. Բակունին, Պ. Կրոպոտկին) գաղափարների ու բարոյաբանութեան կնիքը։ Որպէս համամարդկային որոշակի գաղափարներ ներառող դարաշրջանային կաղապարներ՝ այդ գործիչների անարխիստական գաղափարները միգուցէ ունեցել են իրենց մակերեսային ազդեցութիւնը Սիմոն Զաւարեանի ներաշխարհի վրայ։ Սակայն անհնար է բացայայտել նրա աշխարհայեացքն առանց այն պատմա-քաղաքական յետնախորքի ու, մանաւանդ՝ աշխարհագրական միջավայրի արժեչափերի խորը ըմբռնման, որում ձեւաւորուել է Հ. Յ. Դաշնակցութեան խիղճը դարձած անհատականութիւնը։
Միայն հայկականութիւնն անարատ պահպանած միջավայրում էր հնարաւոր հայ ազգին ի սկզբանէ բնորոշ, բայց նրա դարաւոր ստրկացման արդիւնքում զգալի նահանջ ապրած արժեհամակարգի վերածնունդը, առանց որի չէին լինի հայ ազատամարտն ու նրա ծնունդը դարձած Հայաստանի Հանրապետութիւնը։ Դարերի պատմութիւն ունեցող օտար արշաւանքների արդիւնք՝ հայրենաբնակ հայութեան հիմնական զանգուածի ստրկացման, երկրի էթնիկ դիմագծի աղճատման պայմաններում անգամ Հայաստանի անառիկ լեռներում պահպանուել էր հայ մարդու՝ պարզ ու վճիտ նախնական տեսակը։ Սիմոն Զաւարեանը հայոց լեռնաստանների ոգին պահպանած այդ տեսակի մարմնացումն էր՝ մեծամասնութեան ստրկացման արդիւնք կեղծիքի, շողոքորթութեան ու կամային որակների անկման մթնոլորտից հեռու մնացած այն մաքրամաքուր լեռնական հայը, որն իր ժամանակի յեղափոխական ու սոցիալիստական գաղափարների արտաքին կաղապարի միջոցով համամարդկային արժէքները կրկին ներբերեց հայ իրականութիւն։

Պատահական չէր, որ Միջնադարում կրօնական համայնքի գաղափարաբանութեան տեսքով հանդէս եկած հայկականութեան արժեհամակարգի հիմնաքարը՝ կաթողիկոս Յովհաննէս Գ. Օձնեցու «Կանոնագիրք Հայոց»ը, աւելի քան հազար տարի անց նրա հայրենիք Օձունի հարեւան Այգեհատ գիւղում ծնուած Սիմոն Զաւարեանը փոխակերպեց նոր ժամանակներում մեր ազգային վարքը կանոնակարգած Հ.Յ.Դ. Կանոնագրի բարոյաքաղաքական նորմերի։ Միջնադարում ու նոր ժամանակներում մեր ազգային կեցութեան հիմքը դարձած այս երկու առաջնային փաստաթղթերը՝ որպէս Գուգարաց աշխարհի միջուկ՝ չքնաղ Լոռու մշակութային ֆենոմէնի զոյգ խտացումներ, հասկանալի են դառնում միայն միւս մեծ լոռեցու՝ Յովհաննէս Թումանեանի քառեակի միջոցով.

Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՛նչ կայ որ.
Ես եղել եմ, կա՛մ, կը լինեմ յար ու յաւէտ, ի՛նչ կայ որ,
Հազար էսպէս ձեւեր փոխեմ, ձեւը խաղ է անցաւոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կայ որ։

Նոր ժամանակներում ազգի ինքնամաքրման գործընթացի հունաւորման գործում թթխմորի դեր խաղացած հայոց լեռների զաւակները՝ Զաւարեանը՝ Լոռուց, ինչպէս նաեւ մշակութային մէկ այլ անկրկնելի միջավայրից՝ Գողթն գաւառից սերած Քրիստափոր Միքայէլեանն ու Ռոստոմը, կերտեցին հայ ազատամարտը։ Իսկ նրա ամենահերոսական դէմքերը՝ Դումանի ու Դրոյի նմանները՝ արեւելահայ, եւ Սերոբ Աղբիւրի ու Գէորգ Չաւուշի նմանները՝ արեւմտահայ իրականութեան մէջ, նոյնպէս լեռնական անարատ միջավայրերում պահպանուած հայոց գենետիկ որակների կրողներն էին։ Դարերի խորքից եկող նման ժառանգութիւնը Սիմոն Զաւարեանին դարձրեց չափազանց պահանջկոտ եւ անգամ՝ դաժան, ինչպէս ինքն էր պարբերաբար կրկնում՝ «երէկւայ ստրուկի զաւակների» հանդէպ։ Ուստի նա դարձաւ Հ.Յ.Դ. Կանոնագրի խստապահանջ ուսուցիչն ու նրանից շեղուողների անխնայ քննադատը։ Սեփական նուիրումի եւ ինքնազոհաբերման բարձրութիւնից գնահատելով իր ընկերներին՝ նա առաջ անցաւ իր ժամանակից, ինչի հետեւանքով ոչ միշտ հասկացուեց ժամանակակիցների կողմից։ Հայկական գաւառական միջավայրն ունէր իր իւրայատուկ բարոյաբանութիւնը՝ «Մարդկութեան» իր կենցաղային ընկալումը, ուստի, լինէր դա Կիլիկիայում, թէ Տարօնում՝ Զաւարեանի պահանջկոտութիւնը յաճախ դիտւում էր որպէս նման պարզունակօրէն գաւառական չափորոշիչները ոտնահարող աւելորդ սկսզբունքայնութիւն։

Բայց Զաւարեանը միանգամայն ճիշտ հասկացուեց իր ժամանակի քաղաքական ընտրախաւի լաւագոյն ներկայացուցիչների կողմից ու նրանց համար դարձաւ բարձր իդէալ, որի հմայքը չի մարել անգամ բազում տասնամեակներ անց։ Ուստի այսօր էլ Զաւարեանի իւրաքանչիւր խօսքն ու ասոյթը ոչ միայն կուսակցութեան հիմնախնդիրներից մէկի արժէքաւոր ժառանգութեան մասնիկն են, այլեւ անկախ պետականութեան պայմաններում անգամ մեզանում պահպանուող աւանդական արատների յաղթահարման բալասանը։

Այդ պատճառով Զաւարեանի ժառանգութեան ամբողջացման առաջադրանքը վեր է սովորական գիտա-ճանաչողական հիմնախնդրի մակարդակից։ Սա ազգի ներքին առողջացման համար անհրաժեշտ՝ անցեալի ու ներկայի պայքարը նոր սերնդին փոխանցելու հերթական փորձն է։ Ուրախալի է, որ այդ փոխանցման դժուարին գործը կրկին իրականացնում է Հ.Յ.Դ. Կենտրոնական արխիւում պահուող Քր. Միքայէլեանի, Նիկոլ Դումանի ու Ռոստոմի անտիպներն արդէն հայ հասարակութեան դատին ներկայացրած՝ հայագիտութեան անխոնջ մշակ Երուանդ Փամպուքեանը։

Ինչպէս Քրիստափոր Միքայէլեանի ու Ռոստոմի նամակների դէպքում, այնպէս էլ ներկայ հատորն ընդգրկող Սիմոն Զաւարեանի անտիպների տպագրութեան միջոցով, Հ.Յ.Դ. Կենտրոնական արխիւից յայտնաբերուած վերջին պատառիկները դրւում են գիտական շրջանառութեան մէջ։ Դրանք սկսւում են 1890-ականներից մնացած ոչ մեծ գրութիւններով, որոնք 20-րդ դարասկզբից արդէն կանոնաւոր տեսք են ստանում։ Ժամանակագրական առումով այդ նամակները հիմնականում ընդգրկում են Հ.Յ.Դ. երկրորդ ընդհանուր ժողովին յաջորդած՝ իրադարձութիւններով հարուստ ժամանակաշրջանը։ Չնայած Սիմոն Զաւարեանը Հ.Յ.Դ. երկրորդ ընդհանուր ժողովում ընտրուել էր Արեւելեան բիւրոյի անդամ ու Կովկասում մնացած Հ.Յ.Դ. ամենաճանաչուած առաջնորդն էր, բայց ինչպէս վկայում են արխիւային վաւերագրերը, դրանից քիչ անց նա Ժընեւում էր, ուր նամակներ էր գրում արդէն՝ Արեւմտեան բիւրոյի անունից։ Այսպէս, 1903 թ. Յունիսի 9-ին, այդ մարմնի հետ Կիլիկիայի դաշնակցականների խորհրդակցութեան ժամանակ, նա Արեւմտեան բիւրոյի անունից է կազմել համապատասխան եզրակացութիւն, իսկ Հ.Յ.Դ. երրորդ ընդհանուր ժողովից յետոյ՝ 1905 թուականի սկզբներին, անձամբ ժամանել է Բէյրութ՝ մեծ դեր խաղալով Կիլիկիայի ուղղութեամբ յետագայ աշխատանքների կազմակերպման գործում։
Մինչ այդ նրա ուշադրութեան կենտրոնում էր նաեւ Սասունի ապստամբութիւնից յետոյ Տարօնում ստեղծուած բարդ կացութիւնը, որին օգնելու համար Սիմոն Զաւարեանը հսկայական ջանքեր է գործադրել։ Ուստի միանգամայն հասկնալի էր, որ 1908-ի երիտթուրքական յեղաշրջումից յետոյ արդէն, գտնուելով Տարօնում, նա դրա համար հաշիւ էր պահանջելու իր կուսակցական ընկերներից…։

Նոյն շրջանում Սիմոն Զաւարեանն անմասն չի մնացել նաեւ Կովկասում տեղի ունեցող իրադարձութիւններին, մասնաւորապէս՝ Ռուսական առաջին յեղափոխութեան աւարտին կուսակցութեան ներսում ծաւալուած բուռն պայքարին, որն իր տրամաբական հանգուցալուծումը գտաւ Վիեննայում տեղի ունեցած 4-րդ ընդհանուր ժողովի որոշումների հիման վրայ։

Երիտթուրքական յեղաշրջումից յետոյ Սիմոն Զաւարեանն արդէն Կ. Պոլսում էր, իսկ Կիլիկիայի հայութեան՝ 1909-ի դաժան կոտորածից յետոյ՝ Ադանայում, որտեղից նոյն թուականի Յունիսին երկար ճանապարհորդութիւն է կատարել տարբեր բնակավայրերում՝ ուսումնասիրելով տեղի ունեցած աղէտի բոլոր մանրամասները, որպէսզի ընդամէնը մի քանի ամիս անց՝ 1909-ի աշնանը, ստանձնի Տարօնի Ազգային վարժարանների տեսչութիւնը…։
Սիմոն Զաւարեանի մեծ հետաքրքրութեամբ ընթերցուող անտիպ նամակների ներկայ ժողովածուի վերջին փաստաթուղթը 1913 թուականին գրուած անթուակիր մի նամակ է, որում Հ. Յ. Դաշնակցութեան առաջնորդն իրականացնում է երիտթուրքական վերնախաւի ներսում ստեղծուած հակասական դրութեան ու մօտեցող պատերազմի նախօրէին Ռուսաստանի կողմից խրախուսուող բարեփոխումների իր վերլուծութիւնը։ Մեր օրերի համար խիստ արդիական է Սիմոն Զաւարեանի եզրակացութիւնը՝ միմեանց բախուող, բայց երբեմն նաեւ միահիւսուող ռուս-թուրքական շահերի արանքում հայութեան համար ստեղծուած խիստ վտանգաւոր կացութեան մասին, որում առկայ են յիրաւի մարգարէական կանխատեսումներ՝ «Միւս կողմից ռուսների՝ հայերին շոյելը եւ միաժամանակ քրդերին ոյժ տալը թելադրել է տալիս, որ ռուսները ձգտում են ոչ այնքան բարեկարգութեան, որքան պղտոր ջրի մէջ ձուկ որսալու համար… Ընկած ենք երկու կրակի մէջ…» (ընդգծումը մերն է – Գ.Խ.) (3)։

Ծաւալով ոչ մեծ, բայց խիստ արժէքաւոր փաստաթղթերի այս ժողովածուի աղբիւրագիտական քննութիւնը ցոյց է տալիս, որ մանրամասնօրէն խմբագրուած ու տողատակերում տրուած համապատասխան բացատրութիւններով հիմնաւորուած՝ Սիմոն Զաւարեանի անտիպներով Երուանդ Փամպուքեանն աւարտում է մեր մեծերից մնացած գրութիւնների ամբողջական գործը։ Աւարտում է՝ կատարուած աշխատանքի կարեւորութեան խորը գիտակցումով, բայց նաեւ՝ երբեք վերջ չունեցող այս գործի շարունակման ակնկալիքով։ Դրանով իր հպարտութիւնն ու պատասխանատուութեան զգացումը նա փոխանցում է նաեւ մեզ, քանզի պատիւ ունեցանք լինելու Երուանդ Փամպուքեանի նման վաստակաշատ գիտնականի՝ բազում սերունդների համար հաւաքած հարուստ սկզբնաղբիւրների առաջին մեկնաբանն ու հրատարակութեան գործի մասնակիցը։

1.- Տե՜ս «Սիմոն Զաւարեան» մահուան եօթանասունամեակին առթիւ, Ա. հատոր, Պէյրութ, Համազգայինի Վահէ Սէթեան տպարան, 1983, «Սիմոն Զաւարեան» Բ. հատոր, Պէյրութ, Համազգայինի Վահէ Սէթեան տպարան, 1992, «Սիմոն Զաւարեան» Գ. հատոր, Պէյրութ, Անթիլիաս, 1997։
2.- Տե՜ս «Նշխարներ Սիմոն Զաւարեանէ», Պէյրութ, հրատարակութիւն Հ. Յ. Դաշնակցութեան, տպ. Համազգային, 1968։
3.- Տե՜ս ներկայ ժողովածուի էջ 193-ը։

ԳԷՈՐԳ Ս. ԽՈՒԴԻՆԵԱՆ

Պատմագիտութեան դոկտոր, «Վէմ» հանդէսի խմբագիր

ՍԻՄՈՆ ԶԱՒԱՐԵԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՆ ՄԱՍԻՆ

Սիմոն Զաւարեանի նամակներէն որոշ թիւ մը առաջին անգամ հրատարակած է Սիմոն Վրացեան իր կազմած «Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան» գործի երկու հատորներուն մէջ (1934 եւ 1938 թթ.). ասոնք Զաւարեանի նամակներու հնագոյններէն են եւ կը վերաբերին 1890-ական թուականներուն։ Շատ աւելի ընդհանուր եւ համապարփակ բնոյթ ունի, սակայն, 1983, 1992 եւ 1997 տարիներուն Հրաչ Տասնապետեանի կողմէ Սիմոն Զաւարեանի ամբողջական գործերուն նուիրուած եռահատորը, որուն Բ. եւ Գ. գիրքերուն մէջ կազմողը լոյս ընծայած է համագումար 423 նամակներ։
Յայտնենք որ վերեւ յիշուած հատորներուն մէջ լոյս տեսած գրեթէ բոլոր նամակները քաղուած են Պոսթըն-Ուոթրթաունի Հ. Յ. Դաշնակցութեան արխիւներէն։ Այդպէս է, բնականաբար, պարագան նաեւ ներկայ հատորով լոյս ընծայուող 111 անտիպներուն, զորս յայտնաբերած ենք նոյն դիւանատան մէջ կատարուած յաւելեալ պրպտումներով։

Ս. Զաւարեանի նորայայտ նամակներուն մեծագոյն մասը գրուած է 1903 թ. յետոյ, հեղինակին Թիֆլիսէն Ժընեւ անցնելէ ետք։ Զուիցերիական այս քաղաքին մէջ, պաշտօնաթերթ «Դրօշակ»ի խմբագրութեան կողքին, իբրեւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ ան պիտի վարէր կուսակցական-կազմակերպական մարմիններու հետ գրագրութեան կապը։ Շուրջ տարի մը Ժընեւ մնալէ ետք Զաւարեանը կը գտնենք այլեւայլ վայրեր։ 1904-ին Սոֆիա է՝ հոն գումարուող Հ.Յ.Դ. երրորդ Ընդհ. ժողովին, ուր կþընտրուի անդամ Լեռնավայր-Կիլիկիոյ Պատասխանատու մարմնին եւ այդ հանգամանքով կþանցնի Արեւելք՝ գործելով ընդհանրապէս Աղեքսանդրիոյ, Գահիրէի եւ Պէյրութի մէջ։ Կովկասի մէջ ծայր առած հայ-թաթարական ընդհարումներուն, Բիւրոյի անդամներուն մեծ մասը եւ հանգամանաւոր ընկերներ կը փութան Կովկաս. Զաւարեան եւս 1906 թ. առաջին ամիսներէն հոն է շուրջ երկու տարի, մինչեւ 1908 թ. Օսմանեան Թուրքիոյ մէջ սահմանադրական կարգերու հաստատումը։ Այնուհետեւ, 1909-ի Ատանայի կոտորածներէն ետք, զինք կը գտնենք Կիլիկիա, ապա Տարօն-Սասուն, ուր երկու տարեշրջան (1909–1911) կրթական տեսուչի պաշտօնով կը զբաղի այդ լեռնաշխարհի գիւղերուն մէջ լուսաւորութեան գործի զարգացումով եւ տարածումով։ Իր կեանքի վերջին երկու տարիներուն Դաշնակցութեան խիղճը համարուող Սիմոն Զաւարեան անցած է Պոլիս, ուր եւ 1913 Հոկտեմբեր 14/27-ին կը կնքէ իր մահկանացուն։

Ինչ կը վերաբերի Զաւարեանի նամակներուն, անոնք ստորագրուած են առ հասարակ իր ծածկանուններով.– Սմբատ, Սմ. Օհանեան, նաեւ Սիմոն։ Ժընեւ գտնուած միջոցին, կուս. մարմիններուն կամ անհատ ընկերներուն ուղղուած գրութիւններուն տակ կը ստորագրէր «Արեւմտեան բիւրօ»։ Այդպէս էր, հակառակ անոր որ ինք անդամ էր Արեւելեան բիւրոյին։ Ի դէպ, Արեւելեան բիւրոյի անդամ Ռոստոմ եւս, երբ գտնուէր Ժընեւ կամ Պոլիս, նոյնպէս կը ստորագրէր Արեւմտեան բիւրոյի անունով։

Ի վերջոյ, Ս. Զաւարեանի ձեռագրին վարժ մէկու մը համար, անոր ընթերցումը մասնաւոր դժուարութիւններ չի յարուցաներ, բացի այն պարագաներէն, երբ, ինչպէս կը պատահի յաճախ, հեղինակը իր գրութիւնը կը խճողէ լուսանցքային եւ տողամէջի սրբագրութիւններով եւ յաւելումներով։

Երուանդ Փամպուքեան

Comments are closed.