Պէտք է այս էջը շրջել եւ վերականգնել Հայաստան-Արցախ եւ Սփիւռք միասնականութեան գաղափարը

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի նախագահ Մուրատ Փափազեանի հարցազրոյցը «Պրեսսինգ» եւ «Սփիւռքի ձայն» հաղորդաշարերին
«Պրեսսինգ»հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը ՀՅԴ Բիւրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի նախագահ Մուրատ Փափազեանն է։

Հարցազրոյցի հիմնական թեզերը՝ ստորեւ.

– Երբ 2022 թուականի Յուլիսի 13-ին ինձ Նիկոլ Փաշինեանի հրահանգով արգելեցին Հայաստան մուտք գործել, իսկ յետոյ Յունուարին դատարանի որոշումով ինձ թոյլատրուեց մուտք գործել, դա նշանակում է, որ Արդարադատութիւնը Հայաստանում կարող է անկախ լինել։ Իմ հարցով ԱԱԾ կողմից չբողոքարկուեց որոշումը, բայց ԱԱԾ-ն Հոլանտայի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Մասիս Աբրահամեանի, միւսների հարցով բողոքարկեց Վարչական դատարանի որոշումը եւ Հայաստան մուտքի արգելքը չհանուեց։

Ընթերցողին յիշեցնենք, որ 2022 թ. Յուլիսին Մուրատ Փափազեանին արգելուել էր մուտք գործել Հայաստան, նա ՀՀ-ում ճանաչուել էր անցանկալի անձ։ Երեւան ժամանելուց յետոյ ոստիկանութիւնը նրան ուղեկցել էր դէպի վերադարձի օդանաւ։ Նիկոլ Փաշինեանի աշխատակազմն աւելի ուշ պարզաբանել էր, թէ ինչ հիմքով է արգելուել Փափազեանի մուտքը Հայաստան․ «Տուեալ անձը հանդիսանում է նախորդ տարուայ Յունիսի 1-ին Ֆրանսայում ՀՀ դեսպանութեան մօտ վարչապետի գլխաւորած կառավարական պատուիրակութեան՝ ՀՀ պետական դրօշակիր աւտօշարասեան դէմ յարձակում կազմակերպած անձանցից մէկը։ Ոչ միայն նշուած անձի, այլեւ յարձակման ակտիւ մասնակիցների մուտքը ՀՀ արգելուել է»։

2023 թ. Փետրուարին ՀՅԴ Փարիզի գրասենեակը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինեանը, Մուրատ Փափազեանը եւ «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանեանը թէժ զրոյց են ունեցել Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնի ներկայութեամբ, երբ Փաշինեանը Փարիզում ներկայ էր գտնւում Միսաք Մանուշեանի եւ նրա կնոջ վերայուղարկաւորութեան արարողութեանը։ Հանդիպումը կազմակերպել էր Էմանուէլ Մաքրոնը, զրոյցը տեղի էր ունեցել Մաքրոնի ներկայութեամբ` Ելիսէյան պալատում կազմակերպուած ընթրիքի աւարտին։

Ըստ ՀՅԴ Փարիզի գրասենեակի՝ Մաքրոնը բարձր է գնահատել Մուրատ Փափազեանի եւ Արա Թորանեանի կատարած աշխատանքը ի նպաստ Հայաստանի։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ են ՀՀ վարչապետի եւ Ֆրանսայի հայ համայնքի ներկայացուցիչների շփումները, եթէ նոյնիսկ տարաձայնութիւններ կան։

«Փափազեանը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակուած Հայաստան մուտք գործելու իրաւունքի արգելքի փաստը (այն, ի վերջոյ, վերացուել է)։ Մուրատ Փափազեանը քննադատել է Նիկոլ Փաշինեանին այս խորապէս ոչ ժողովրդավարական եւ պառակտող որոշումը կայացնելու համար։ Ժողովրդավարութեան այս դասից Նիկոլ Փաշինեանը բարկացել է եւ քննադատել Մուրատ Փափազեանին՝ Ֆրանսայի նախագահի առջեւ այս թեման քննարկելու համար», ասուած էր ՀՅԴ Փարիզի գրասենեակի տարածած հաղորդագրութեան մէջ։

Մուրատ Փափազեանը յիշեցրել է, որ Ֆրանսայի նախագահն է այդ նախաձեռնութեան հեղինակը։ Այդ պատասխանից Փաշինեանն աւելի է զայրացել եւ ասել է, որ Փափազեանի մուտքը Հայաստան արգելել է այն պատճառով, որ վերջինս 2021 թուականի Յունիսի 1-ին Փարիզում ցոյց է կազմակերպել իր դէմ։ Զրոյցի աւարտին Է. Մաքրոնը առանձնացել է Փաշինեանի հետ, ինչից յետոյ Փաշինեանը Փափազեանին յայտնել է, որ իշխանութիւնները Հայաստան վերադառնալու նրա իրաւունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու։

– Նիկոլ Փաշինեանը Մաքրոնի ներկայութեամբ ինձ հետ հանդիպման ընթացքում ասաց, որ արգելքի պատճառն իր դէմ ցոյց կազմակերպելն է: Ի հարկէ, ես չեմ կազմակերպել, սակայն, անգամ եթէ ինքս կազմակերպած էլ լինէի՝ ժողովրդավարական երկրում ցոյցեր անցկացնելու իրաւունք ունեն բոլորը։ Իրական պատճառն այն է, որ ես ընդդիմացել եմ իրեն, եւ ինքը դա չի ընդունում։

– Սեղանի վրայ դրուած է իշխանութիւն-Սփիւռք յարաբերութիւնները: Սփիւռքի համար պետականութիւնն ամենաբարձր արժէքն է, մեր առաքելութիւնն է՝ պաշտպանել եւ հզօրացնել պետականութիւնը։

– 2009-ի Հոկտեմբերին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը եկաւ Փարիզ, ես ինքս ցոյց կազմակերպեցի իր դէմ, բայց Սերժ Սարգսեանը չարգելեց իմ մուտքը Հայաստան, որովհետեւ հասկանում էր, որ Սփիւռքը պէտք է իր խօսքն ասի եւ երբեք չպէտք է ենթարկուի Հայաստանին։

– Սփիւռքը ոչ Լեւոն Տէր-Պետրոսեանի, ոչ Ռոպերթ Քոչարեանի, ոչ Սերժ Սարգսեանի օրօք չի ենթարկուել Հայաստանին, չի ենթարկուելու նաեւ Նիկոլ Փաշինեանի օրօք: Սփիւռքի իմաստն այն է, որ արտերկրում կարողանայ զօրակցել, աջակցել Արցախի, Հայաստանի ժողովրդի խնդիրներին, անվտանգութեանը, չպէտք է ենթարկուի Հայաստանի իշխանութիւններին, մենք պէտք է պահենք մեր անկախութիւնը, եւ դրանում է մեր եւ թուրքական Սփիւռքի տարբերութիւնը: Սփիւռքն այդ երկրներում աշխատում է՝ որպէս տեղացի, եւ սրտով ու խելքով՝ յանուն հայրենիքի:

– Սփիւռքի իմաստն այն է, որ պէտք է զօրակցի Հայաստանին նաեւ Արցախի հարցում։ Մենք Ֆրանսայում ֆրանսացի ենք եւ իբրեւ ֆրանսացի ենք զօրակցում Հայաստանին։ Մենք Ֆրանսայում 0-ի վերածեցինք թուրքական եւ ատրպէյճանական լոբբինգը։ Պէտք չէ մտածել, որ որեւէ իշխանութիւն, օրինակ, Զարեհ Սինանեանի միջոցով կարող է ձեռք բարձրացնել Սփիւռքի վրայ՝ նաեւ զուգահեռաբար այլ կազմակերպութիւններ ստեղծելով, ընդհակառակը, պէտք է օգտուեն Սփիւռքի աշխատանքներից։

– Ի՞նչ կը շահի Հայաստանը՝ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների նման արգելքներով, խոչընդոտներով։

– Ֆրանսայում այդ հանդիպման ընթացքում Փաշինեանը լաւ չներկայացաւ Մաքրոնի առջեւ, խօսակցութիւնը թէժ էր, եւ ես չէի ցանկանայ, որ այդ խօսակցութիւնը Մաքրոնի ներկայութեամբ լինէր։ Տարիների մեր աշխատանքի շնորհիւ է յաջողուել հայ-ֆրանսական լաւ յարաբերութիւնները։ Մաքրոնն է միջազգային հարթակներում Հայաստանի շահերի պաշտպանը։ Իշխանութիւնները պէտք է հասկանան, որ Հայաստանն իրենց չի պատկանում, այլ Հայաստանի ժողովրդին եւ ամբողջ հայ ազգին է պատկանում։ Միայն մէկ ազգ-մէկ ժողովուրդ հասկացութիւնը կարող է մեզ փրկել։ Աշխարհում Հայաստանը ներկայ կը լինի, եթէ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները ճիշդ ընթանան, միայն այդ դէպքում Հայաստանը զօրաւոր կը լինի: Այսօր Հայաստանը, ցաւօք, զօրաւոր չի։

– 2018-ի յեղափոխութեան ժամանակ Սփիւռքում եւս 80-85 տոկոսը Փաշինեանին համակիր էր, բայց այսօր վիճակն այլ է։ Կան Փաշինեանին որոշ սատարողներ, բայց Սփիւռքի կարեւոր հատուածը Փաշինեանի դէմ է, պահանջում է նրա հրաժարականը, նա կորցրել է իր հեղինակութիւնը, իր ժողովրդավարութիւնը Սփիւռքում: Բայց շատ աւելի կարեւոր է, որ Հայաստանի ժողովուրդը հասկանայ, որ այդ հրաժարականը կարեւոր է Հայաստանի անվտանգութեան համար։

– Սփիւռքն իր հայրենասիրութեամբ է մասնակցում, Սփիւռքը պայքարում է հայ մնալու համար։

– Հայաստանի ժողովուրդը պէտք է հասկանայ, որ վտանգի առջեւ է կանգնած, որ Հայաստանում կարող է լինել այն, ինչ եղաւ Արցախում։ Հայաստանի ժողովուրդը պէտք է իր քայլն անի՝ փոփոխութիւնների համար:

– Ալիեւի համար Հայաստանն Արեւմտեան Ատրպէյճանն է, եւ վաղը պահանջ է դնելու Սիւնիքը եւ այլ տարածքներ յանձնելու մասին, ուրեմն Փաշինեանը պէտք է յանձնուի՞, պէտք է զիջի՞՝ տրուելով Ալիեւի այդ շանտաժին՝ կամ յանձնում ես տարածքները, կամ՝ պատերազմ:

– Հայաստանը պէտք է ահազանգի միջազգային հանրութեանը, որ Ալիեւը շանտաժ է անում ու պահանջներ է ներկայացնում Հայաստանին: Հայաստանը Սփիւռքի հետ պէտք է աղմուկ բարձրացնի միջազգային ասպարէզում:

– Պէտք է միասնական մերժել զիջողական քաղաքականութիւնը, որը վերջ չունի, Հայաստանի ժողովրդի իրաւունքները պէտք է յարգուեն, Հայաստանի ժողովուրդն այսօր լուրջ վտանգի տակ է։

– Ծիծաղելի է Տաւուշի ժողովրդին առաջարկել ատրպէյճանցիներից եկող վտանգից պաշտպանուելու համար ծառեր տնկել. դա երկրի վարչապետի պատասխան չէ։ Նման ձեւով ժողովրդի վրայ ծիծաղելն անթոյլատրելի է: Պէտք չէ Հայաստանը եւ հայ ժողովրդին ծնկի բերել թուրքի առաջ։ Հայ ժողովուրդն արժանի է այլ իշխանութիւնների, որ նաեւ Սփիւռքի հետ միասին ուժ ներկայացնեն Հայաստանի համար։ Այնինչ այսօր ճիշդ հակառակն է տեղի ունենում:

Յիշեցնենք ընթերցողին, որ երբ կիրանցեցիները Փաշինեանին ներկայացրել էին անվտանգային իրենց խնդիրները, որ դպրոցը թիրախաւորուելու է ատրպէյճանցիների կողմից, խորհուրդ էր տուել ծառ տնկել, որ ատրպէյճանցիները չերեւան:

– Իսրայէլը ոչ միայն չի հրաժարւում Հոլոքստից, պնդում է, որ բոլորը պէտք է ճանաչեն հրէական Հոլոքոստը, պաշտպանում է իր յիշողութիւնը, իր անվտանգութիւնը, իր արժէքները, մինչդեռ Հայաստանի իշխանութիւնը պատրաստ է մոռանալ, ուրանալ Ցեղասպանութեան զոհերին, պատմական յիշողութիւնը եւ զիջել։ Չեն հասկանում, որ իրենք առաջինը պէտք է պաշտպանեն մեր ազգային արժէքները, սիմպոլները, Ցեղասպանութեան պահանջները…

– Ֆրանսայում չեն հասկանում Հայաստանի այս իշխանութիւնների քայլերը՝ Ցեղասպանութեան ուրացման ուղղութեամբ…
– Սահմանազատման եւ սահմանագծման հարցն այլ անկիւնից պէտք է դիտարկել, որպէս մի ամբողջական փաթեթ, ոչ թէ առանձին առանձին տարածքներում հատուածներ՝ գիւղեր, այլ տարածքներ զիջելով: Պէտք է հաշուի առնել այդ տարածքներում ապրող ժողովրդի անվտանգութիւնը։ Այսօր եթէ զիջում են Ատրպէյճանին, չի նշանակում, որ վաղն Ատրպէյճանն էլ մեզ է զիջելու։

– Հայաստանը բոլոր ռազմագերիներին յանձնեց, Ատրպէյճանը նոյնը չարեց։

– Ալմա Աթայի հռչակագիրն ինչո՞ւ բերեցին բանակցային սեղանի վրայ դրեցին։ Ֆրանսան մեծ շահեր չունի այս հարցում, բայց ունի խնդիրներ։ Ֆրանսայի յարաբերութիւններն Ատրպէյճանի հետ շատ-շատ վատ են, Ֆրանսան Ատրպէյճանից կազ կամ նաւթ չի գնում, ինչպէս դա անում է Եւրոպան: Ֆրանսան միշտ պաշտպանել է Հայաստանի եւ հայութեան շահերը, անգամ այն դէպքում, երբ Հայաստանի ղեկավարութիւնը թոյլ է պաշտպանել իր շահերը։ Ֆրանսան միշտ կանգնած է Հայաստանի կողքին, ոչ իշխանութեան, այլ հենց ժողովրդի, եւ Ֆրանսայի հայ համայնքը միշտ ճնշում է գործադրում:

– Ֆրանսայի համար կարեւոր է, որ Հայաստանի ղեկավարութիւնը պաշտպանի իր երկրի եւ ժողովրդի շահերը։ Ֆրանսայի համար շատ դժուար է պաշտպանել այն, ինչը Հայաստանի ղեկավարութիւնը չի պաշտպանում։ Ֆրանսան չհասկացաւ, թէ ինչո՞ւ Հայաստանն այդքան արագ լքեց Արցախը… Եւ նոյնիսկ, երբ տեղի ունեցան սեպտեմբերեան այդ դժբախտ դէպքերը, Ֆրանսայի Արտաքին գործերի նախարարն ուղղակի գրաւոր յայտարարութիւն արեց՝ ասելով, որ պէտք է յարգել Արցախի ժողովրդի վերադարձի հարցն ապահով կոնտեքստի մէջ: Շատ կարեւոր է, որ Ֆրանսայի պէս երկիրը սեղանի վրայ է պահում Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը՝ ոչ Ատրպէյճանի ձեռքի տակ:

– Ֆրանսայի կառավարութեան համար շատ դժուար է պաշտպանել մի հարց, որը Հայաստանի իշխանութիւնը չի պաշտպանում: Ֆրանսայի համար դժուար է պաշտպանել անկախ Արցախը, կամ մտածել Արցախի անկախութեան ճանաչման մասին, երբ Հայաստանի իշխանութիւնը չի ճանաչում:

– Երբ մենք 2023 թ. հանդիպեցինք Մաքրոնի հետ, նա ինձ ասաց՝ չեմ հասկանում՝ դուք ինձ վրայ ճնշում էք գործադրում, որպէսզի ես աշխատանք տանեմ ռազմագերիներին ազատելու հարցով, բայց մենք մի պահ յաջողեցինք, իսկ երբ վերադարձան Հայաստան, բանտարկուեցին, ինչո՞ւ: Պատասխանեցի, որ այդ հարցն ինձ չպէտք է տալ, Հայաստանի ղեկավարին է պէտք հարցնել: Ֆրանսան չի կարող Հռոմի Պապից աւելի կաթոլիկ լինել… պէտք է Հայաստանի ղեկավարութիւնը հայամէտ, հայկական շահերն առաջ մղող քաղաքականութիւն վարի։

– Չնայած Ատրպէյճանի հետ յարաբերութիւններին, Ֆրանսան Հայաստանին զէնք վաճառեց, նոյնիսկ պատրաստ է աւելի հեռուն գնալ համագործակցութեան առումով:

– Ատրպէյճանը նոյնիսկ մի քանի անգամ կոչ արեց միջազգային հանրութեանը, որպէսզի Ֆրանսան դուրս գայ ԵԱՀԿ Մինսկի խմբից, Ալիեւն ասում էր, որ Ֆրանսան օբիեկտիւ չէ, հայամէտ է իր դիրքորոշումներում: Ալիեւը պահանջում էր, որպէսզի Ֆրանսան ԵԱՀԿ Մինսկի խմբում իր տեղը զիջի Եւրոմիութեանը: Ֆրանսայի փրոհայկական քաղաքականութիւնը խանգարում էր Ատրպէյճանին:

– Ինչո՞ւ մենք այսօր ռազմագերիներ ունենք Ատրպէյճանում, որովհետեւ Հայաստանի իշխանութիւնն ատրպէյճանցի ռազմագերիներին ազատ արձակեց, ոչ թէ փոխանակեց հայ ռազմագերիների հետ:

– Արեւմտեան քաղաքականութիւնը կարող է Հարաւային Կովկասում լիազօրել Թուրքիային եւ առաջնորդութիւն տալ (ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյվօ Կլաարը յայտարարել է Հարաւային Կովկասում Թուրքիայի առաջնորդութեան մասին,-հեղ.), այնինչ պէտք է հաշուարկել նման դիվւնագիտութեան ռիսկերը։

– Հայաստանում լուրջ սխալ է հակառուսական քաղաքականութիւն վարելը, դա նշանակում է, որ վտանգւում է հայ ժողովրդի անվտանգութիւնը։ Ես քանիցս յայտարարել եմ, որ Հայաստանի գործող իշխանութիւնների վարած արտաքին քաղաքականութիւնը սխալ է: Ես ինքս ծնուել եմ Ֆրանսայում, ուսանել եմ Ֆրանսայում, ես Ֆրանսացի եմ, այսինքն՝ չեմ կարող փրոռուս լինել, եւ առհասարակ կապ չունի՝ փրոռուսական ես, թէ հակառուսական ես, երբ դու երկիր ես ղեկավարում՝ քո առաջնահերթութիւնը քո երկրի, քո ժողովրդի անվտանգութիւնն է: Եւ հակառուսական քաղաքականութիւն հաստատելով Հայաստանի մէջ՝ նշանակում է դու վտանգում ես քո ժողովրդի անվտանգութիւնը: Երբ հետեւում ես աշխարհաքաղաքականութեանը, իսկ դու շրջապատուած ես թշնամիներով, որոնք չեն ցանկանում քեզ հետ խաղաղութիւն կնքել, Ատրպէյճանը եւ Թուրքիան քեզ հետ խաղաղութիւն չեն ուզում, ուզում են Հայաստանը ենթարկեցնել իրենց, ուրեմն պէտք է հակակշիռ ունենալ: Այո, պէտք է Արեւմուտքի հետ լաւ յարաբերութիւններ ունենալ, բայց երէկուայ բարեկամիդ չպէտք է այսօր թշնամի դարձնես, ինչպէս արեցին Ռուսաստանի հետ:

– Ես Մաքրոնի հետ բաւականաչափ խօսել եմ այդ մասին. ասացի՝ լաւ, Ռուսաստանն էլ չկայ, եթէ վաղն Ատրպէյճանը կամ Թուրքիան մտնի Հայաստան, ո՞վ է կոնկրետ, գետնի վրայ պաշտպանելու Հայաստանին: Պատասխան, անշուշտ, չկար: Հայաստանի այն բոլոր քայլերը, որոնք արուեցին իրենց կառավարման այս 6 տարիների ընթացքում, շատ վտանգաւոր են:

– Ատրպէյճանը եւ Թուրքիան ոչ թէ ուզում են նորմալ յարաբերութիւններ Հայաստանի հետ, այլ ուզում են ենթարկեցնել Հայաստանին։
– Արեւմուտքի աջակցութիւնը սահմաններ ունի:

– Պէտք չէ երէկուայ բարեկամին թշնամի դարձնել. Ռուսաստանին վերածեցին թշնամու, ինչը սխալ է։ Քաղաքականութեան եւ դիւանագիտութեան մէջ առաջնահերթութիւնը պէտք է տրուի ժողովրդի անվտանգութեանը, եթէ, ի հարկէ, տուեալ երկրի ղեկավարութիւնն այլ նպատակներ չունի։

– ՀՀ իշխանութիւնների կողմից այս 6 տարուայ ընթացքում կատարուած քայլերը շատ վտանգաւոր են Հայաստանի ժողովրդի համար։

– Չեմ կարծում, որ Հայաստանին ԵՄ կը թողնեն, որովհետեւ այդ 27 երկրների տնտեսական մակարդակն արդէն իսկ շատ խնդիրներ է ստեղծում, հիմա, ընդհակառակը, մտածում են նուազեցնել ԵՄ երկրների թիւը։

– ՆԱՏՕ մեզ ոչ ոք չի թողնի. Հարաւային Կովկասում ՆԱՏՕ-ի գործընկերն է Թուրքիան, որը թոյլ չի տայ, որ Հայաստանը լինի ՆԱՏՕ-ի անդամ:
– Արեւմուտքը Ռուսաստանին Հարաւային Կովկասից հանելու համար Հայաստանին որպէս գործի՞ք է օգտագործում: Եւ Փաշինեանը որոշել է իր իշխանութիւնը պահելու համար Հայաստանը դարձնել գործիք Արեւմուտքի ձեռքին՝ Ռուսաստանի դէմ:

– Հարցնո՞ւմ էք: Դուք պատասխանէք այդ հարցին: Որոշ երկրներ այլ երկրներին սեփական շահերն են պարտադրում, ստիպում այս կամ այն քաղաքականութիւնն իրականացնել։ Ես միամիտ չեմ եւ գիտեմ՝ ինչպէս է սկսել 2018-ի շարժումը։ Հայ ժողովուրդը շատ թանկ վճարեց, եւ որեւէ երկիր, այդ թւում՝ որեւէ եւրոպական պետութիւն չեկաւ եւ չկանգնեցրեց 2020 թ. 44-օրեայ պատերազմը: Շահերն են պարտադրում որեւէ երկրի քաղաքականութիւնը, ոչ թէ նախընտրութիւնները, նոյնիսկ, եթէ քո սիրած քաղաքականութիւնը չէ, դու պէտք է ապահովես քո երկրի, քո ժողովրդի անվտանգութիւնը, քո երկրի շահերով առաջնորդուես:

– Ո՞վ կը շահի, եթէ Ռուսաստանը յետ քաշուի Հայաստանից: Կը շահեն Ատրպէյճանը եւ Թուրքիան: Հայաստանի ժողովուրդը չի շահի, եթէ Ռուսաստանը դուրս գայ Հայաստանից:

– 44-օրեայ պատերազմի ընթացքում ո՞վ աջակցեց Հայաստանին, մէկը քաջութիւն չունեցաւ, բոլորը դաւաճանեցին, որեւէ մէկը մատնանգամ չշարժեց։ Բայց որեւէ մէկից նեղանալու իրաւունք չունենք, պէտք է նեղանանք Հայաստանի իշխանութիւններից։

– Երբ 2020 թ. Նոյեմբերի 13-ին Ֆրանսայի նախագահ Մաքրոնի հետ ամփոփեցինք, նա ինձ հարց ուղղեց, ասաց՝ բացատրի ինձ՝ ի՞նչ արեցիք, ինչպէ՞ս տեղի ունեցաւ 44-օրեայ այդ պատերազմը: Ես լաց եղայ, իմ լացս եկաւ… Ասացի, որ բոլորը մեզ դաւաճանեցին: Ասացի՝ չեղաւ մէկ երկիր անգամ, որ այդ քաջութիւնն ունենար, գնար եւ կանգնեցնէր այդ խենթութիւնը… Մէկդ այդ քաջութիւնը չունեցաւ: Իր աչքերի մէջ նայելով՝ ասացի. «Պարոն նախագահ, Ֆրանսան էլ չարեց դա»: Մաքրոնն ինձ պատասխանեց. «Մտածեցինք՝ ինչպէս կարող էինք անել, բայց կարելի չէր», երազելն ու կարելին (հնարաւորը,-հեղ.) տարբեր բաներ են:

– Չպէտք է կարծենք, որ ուզելով՝ կարող ենք փոխել մեր դաշնակիցներին, էժան քարոզչութեամբ չպէտք է խաբենք մեր ժողովրդին:
– Կան երկրներ, որոնք Կովկասը որպէս պիզնէսի տարածք են դիտում: Տոյվօ Կլաարը յայտարարեց Թուրքիայի ներկայութեան մասին, որ պէտք է նորմալ յարաբերութիւններ ունենայ Հայաստանը Թուրքիայի հետ, եւ Թուրքիան կարող է այս տարածաշրջանում դերակատարութիւն ունենալ։ Թուրքիան ուզում է տնտեսապէս իշխել Հայաստանում, իսկ ով իշխում է տնտեսապէս, նա էլ իշխում է նաեւ քաղաքականապէս։

– 2020-ի 44-օրեայ պատերազմից յետոյ ասել եմ, որ Հայաստանի իշխանութիւններն իրենց այս քաղաքականութեամբ դէպի այդ ռիսկերն են տանում։
– Սփիւռքի յանձնակատար Զարեհ Սինանեանն ամէնուր փորձել է պառակտել Սփիւռքը, բայց միեւնոյն է, չի յաջողել, ձախողուել է։

– Փաշինեանի վերջին պատերազմը՝ ջարդել Եկեղեցին, չի յաջողուի, թող ի զուր չփորձի։ Զօրակցում եմ Բագրատ Սրբազանի առաջնորդած սրբազան շարժմանը, դա առողջ շարժում է, առողջ արժէքներով, մենք պէտք է գնահատենք եւ ուժ տանք, պէտք է կարողանանք միասնականութեան ուժ գտնել, դա է հայ ազգի փրկութեան ճանապարհը։ պէտք է այս էջը շրջել եւ Հայաստան-Արցախ եւ Սփիւռք միասնականութեան գաղափարը վերականգնել, դա ուժ կը տայ մեզ։

Մանրամասները՝ տեսանիւթում.

 

 

Comments are closed.