Պայքար` Յանուն Իրաւունքի
Մեր պայքարը իրաւունքն օտարին չզիջելու համար է: Իւրաքանչիւր համակարգի պահպանման, յարատեւման եւ զարգացման համար անհրաժեշտ է ճշդել այդ համակարգի, նախ` ներմասնիկային, եւ ապա` արտաքին այլ համակարգերի եւ մասնիկների հետ յարաբերութիւնների եւ իրաւասութիւնների սահմանները: Երբ որեւէ այլ համակարգ փորձում է տիրել գործող համակարգին, նախ եւ առաջ հարց է բարձրացնում տուեալ համակարգի իրաւունքների սահմանափակման եւ իր իրաւունքների ամրապնդման ուղղութեամբ: Այստեղ է, որ առաջ են գալիս իրաւունքի պահպանման եւ իրաւունքն օտարելու խնդիրները:
Պատերազմը` որպէս ճնշման եւ ուժի կիրառման միջոց, լծակ է իրաւունքներից զրկելու եւ այլ իրաւական համակարգի ենթարկելու համար: Միեւնոյն ժամանակ պարտութիւնը չի նշանակում իրաւունքի զիջում, եթէ դրանից յետոյ, ըստ էութեան, ձեռքից տալով ինչ-որ բան, պարտուող կողմը իր կեցուածքով եւ յարաբերութիւններով չի օտարում իր իրաւունքները:
Այն, ինչ այսօր կատարւում է Արցախում, վերը նշուած մօտեցումից ելնելով` իրաւատիրութեան ցայտուն օրինակ է: Զուգահեռաբար, այն մօտեցումները, խօսոյթը եւ կեցուածքը, որոնք այսօր ցուցաբերւում են Նիկոլ Փաշինեանի եւ ՔՊ-ականների կողմից, ոչ միայն պարտուածի, այլ ամբողջովին յանձնուածի` անձնատուր եղածի կեցուածք է:
Արտաքին աշխարհից կտրուած լինելու պայմաններում Արցախում օրէցօր շեշտակի է դառնում իրաւունքի համար պայքարի ոգին: Իւրաքանչիւր արցախցի այստեղ բնակուելով, ենթարկուելով զրկանքների, խորը գիտակցումով պատրաստ է դիմակայելու դժուարութիւններին` չզիջել սեփական պետութեան իրաւունքը, իւրաքանչիւր ասպարէզում պահպանել անկախ երկրում գործող օրէնքներն ու կարգը: Այստեղ այլեւս ուժի կիրառումը, անհամաչափ ճնշումներն ու նենգ խաբկանքները դերակատար չեն զիջելու կամ յանձնուելու համար: Դրանք դառնում են անօգուտ միջոցներ. երբ պարզւում է, որ ոչ թէ սեփական կամքով է օտարուել իրաւունքը, այլ` բռնի:
Ցաւով պէտք է ասել, որ այս պայքարի ոգին եւ վճռակամութիւնը չի արտացոլւում փաշինեանական իշխանութիւնների վարքագծում: Բախտի բերմամբ ինչ-որ հանգամանքներ զբաղեցնողներ պետական այրերը, վարկաբեկելով Հայաստանի պետական հաստատութիւնները, ոչ միայն հանրային եւ միջազգային բեմերում հրաժարւում են Արցախի ժողովրդի հիմնարար` անկախ պետականութիւն ունենալու իրաւունքից, այլ նաեւ Հայաստանի պետական փաստաթղթերից եւ պաշտօնական ասոյթներից ջնջում են Արցախի Հանրապետութիւն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն եզրոյթները` դրանք փոխարինելով «Արցախում բնակուող հայեր» եզրոյթով:
Արցախի ժողովրդի դիմադրութիւնը, որը վաղ թէ ուշ ներշնչելու է ողջ հայ ժողովրդին եւ ոգեպնդելու յանուն իրաւունքի պայքարում, ապացուցում է, որ Արցախում հակառակ կրած ծանր կորստի եւ զրկանքների` ոչ ոք չի յանձնուել:
«Ապառաժ»-ի Խմբագրական