Պայքարի միջոցով միայն կը մաքրուի պարտութեան խարանը. ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեան

2024-ը «Ապառաժ»ն ամփոփում է ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանի հետ։

– Արցախի բռնի տեղահանութիւնից աւելի քան մէկ տարի է անցել, ինչպէ՞ս կը գնահատէք 2024-ը, ի՞նչ խնդիրների առջեւ են կանգնած մեր հայրենակիցները եւ ի՞նչ է արւում Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ։
– 2023-ի բռնի տեղահանութիւնից յետոյ Արցախն ու արցախցիները յայտնուեցին շատ ծանր պայմաններում։ Այն ակնկալիքը, որ անհրաժեշտ օժանդակութիւն ու հոգատարութիւն կը ցուցաբերուի ՀՀ Կառավարութեան կողմից Արցախի ու ժողովրդի ճակատագրի նկատմամբ՝ չարդարացուեց։ Արցախցի մեր հայրենակիցները չհամակերպուելով տեղի ունեցածի հետ փորձեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել եւ մասնակցել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձութիւններին, յատկապէս «Սրբազան շարժման» շրջանակներում եւ թիրախաւորուեցին ՀՀ իշխանութիւնների կողմից թէ՛ ֆիզիքապէս, թէ՛ հոգեբանօրէն եւ թէ սոցիալական տեսանկիւնից։

Այսօր ՀՀ իշխանութիւնների ծրագրերից բաւարարուած չէ Արցախի ժողովուրդը։ Թէ՛ 50 հազար դրամ աջակցութիւնը, թէ՛ բնակարանային ապահովման, թէ՛ աշխատանքի տեղաւորման ծրագրերը, եւ թէ՛ իրաւական տեսակէտից՝ անձնագրերի, քաղաքացիութեան հարցերը մի շարք դժուարութիւնների առաջ կագնեցրեցին մեր հայրենակիցներին։ Այդ արհեստական խոչընդոտները, ծրագրերի ոչ համաչափ կիրառումը խռովութիւն առաջացրեց Արցախի ժողովրդի մօտ իրենց իսկ հայրենիքի՝ Հայաստանի նկատմամբ։ Դա առաջին հարցն էր, որին դէմ յանդիման կանգնեց Արցախի ժողովուրդը։

Երկրորդը՝ Արցախի իշխանութիւնների նկատմամբ ՀՀ իշխանութիւնների արհամարհումն է եւ Ատրպէյճանի ուղղակի ազդեցութեան տակ՝ նրանց աշխատանքի խոչընդոտումը ՀՀ-ում։ Արցախի իշխանութիւնը միակ ուղղակի ընտրուած լեգիտիմ մարմինն է, որն իրաւունք ունի եւ կարող է ներկայացնել Արցախի դատը, տեղեակ է ժողովրդի հոգսերին, սակայն անտեսուեց Հայաստանի իշխանութիւնների կողմից։ 2024-ին այն աւելի արտացոլուեց նաեւ քաղաքական դաշտում, որը ազգային շահերին դէմ գնալու դրսեւորում է։ Շատ ծրագրեր քննարկուեցին՝ առանց հաշուի առնելու Արցախի իշխանութիւնների կարծիքները եւ որոնք ձախողուեցին, որովհետեւ չեն արատայայտում Արցախի մեր հայրենակիցների շահերը։

Պէտք է գիտակցեն բոլորը, որ Հայաստանն ինչպէս ամբողջ հայ ժողովրդի, այնպէս էլ Արցախի ժողովրդի հայրենիքն է։ Մէկ անգամ մենք հայրենիք ենք կորցրել ու գիտենք դրա ծանրութիւնը։ Այսօր վտանգուած է նաեւ մեր հայրենիքի մէկ այլ հատուածը, որի կորուստն անընդունելի է մեզ համար։ Վստահ եմ, որ Հայաստանի անվտանգութեան պահպանման, ապազգային հոսանքների դէմ պայքարում առաջինն է լինելու Արցախի ժողովուրդն ու ՀՅԴ Արցախի կառոյցը։

– Այսօր Արցախի քաղաքական օրակարգում արցախցիների իրաւունքների բարձրացումն ու հաւաքական վերադարձի իրաւունքի իրացման խնդիրն է, ի՞նչ յաջողութիւններ են արձանագրուել այս ուղղութեամբ։ Ովքե՞ր են հետապնդում այն, եթէ ՀՀ-ն՝ որպէս Արցախի երաշխաւոր պետութիւն, հրաժարուել է նրանից։
– 2024-ին մի շարք յաջողութիւններ արձանագրուեցին այս ուղղութեամբ։ Վերջինը՝Զուիցերիայի խորհրդարանի ստորին պալատի բանաձեւը՝ արցախցիների վերադարձի իրաւունքի հարթակ ստեղծելու մասին, թէ՛ կոնգրեսականների, թէ՛ Գանատայի արտաքին գործերի նախարարի, պատգամաւորների, Եւրոպայի խորհրդի պատգամաւորների մօտեցումները եւ դիրքորոշումները, անհամեստութիւն չթուայ, մեծ մասամբ, ՀՅԴ Հայ դատի գրասենեակների շնորհիւ է ու նրանց աշխատանքի արդիւնքը։

Կարեւորում եմ այն հանգամանքը, որ որքան էլ արտասահմանեան տարբեր կառոյցներ, Սփիւռքը՝ հայկական պահանջատիրութեան ներկայացման գործում ունենան յաջողութիւններ՝ շահեն բանաձեւեր, յայտարարութիւններ, գլխաւորը մեր հաւաքական վճիռն ու այն իրականացնելու կամքն է։ Արցախում մենք կարողացանք մեր հաւաքական վճռով ցոյց տալ, որ ազատ ու անկախ ենք ուզում ապրել։ Արցախի ժողովուրդն արիւն ու քրտինք թափելուց յետոյ պատրաստ չէ օտարի լծի տակ ապրել։ Վերադարձը պէտք է լինի նոյն մօտեցումով։ Մինչեւ մեր մէջ չլինի հաւաքական կամքի դրսեւորում՝ չի կարող իրականանալ մեր վերադարձը։ Ժողովրդի մէջ պէտք է ստեղծել հաւաքական ընկալում՝ անվտանգութեան, սոցիալական-տնտեսական, հանրային, իշխանութեան հարցերի շուրջ։ Ամէն ինչ պէտք է անել, որ հայկական Արցախի գոյութիւնը հանդիսանայ որպէս խաղաղութեան գործօն, հակառակ դէպքում կրկին կը լինի անկայունութիւն ու պատերազմ։

– Ի՞նչ չափով է այսօր Սփիւռքը ներգրաւուած Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան հարցերում։
– Արցախի ժողովրդի իրաւունքերը չպէտք է դիտել միայն որպէս Արցախի ժողովրդի իրաւունք, այլեւ՝ ամբողջ հայ ժողովրդի։ Հայաստանն՝ Արցախով, Ջաւախքով ու Արեւմտեան Հայաստանով միասին հայ ժողովրդի հայրենիքն է։ Արցախի հարցը համահայկական բնոյթ ունի։ Արցախի կորուստը արցախցին իր մաշկի վրայ է զգացել, ու դա հայրենիքի կորուստն է, որը պէտք է զգայ իւրաքանչիւր հայ։ Հայրենիքի ազատագրման համար պայքարը պէտք է դառնայ բոլորի սեփականութիւնը։ Դաշնակցութիւնը կանգնած է ազատագրական պայքարի առաջին դիրքերում, ինչպէս անցեալ 130 տարիների ընթացքում։ Միջազգային առումով Հայ դատի գրասենեակները լծուած են այդ աշխատանքներին։ Չեմ թաքցնի ասելով, որ Արցախի ժողովրդի կողմից դա գնահատւում է, եւ ոչ ոք չի կարող ժխտել Դաշնակցութեան դերակատարութիւնն այդ հարցում։

— Արցախի իշխանութիւնները միակ լեգիտիմ մարմինն են, որ ընտրուել են ժողովրդի կողմից այն պայմաններում, երբ Արցախը գոյութիւն ունէր որպէս պետութիւն։ Ինչպէ՞ս կը յաջողուի պահպանել նրանց լեգիտիմութիւնը։
– Արցախի իշխանութիւնը ժողովրդավարութեամբ ընտրուած այն մարմինն է, որը ներկայացնում է Արցախի ժողովրդին։ Այն, որ ժողովրդավարական կարգերի առկայութեան պայմաններում են ընտրուել Արցախի գործող իշխանութիւնները, փաստ է բոլորի համար։ Առաջնահերթ են Արցախի նախագահական եւ Ազգային ժողովի ինստիտուտների գործունէութեան ապահովման հարցերը, առաջինը՝ որպէս գործադիր եւ երկրորդը՝ որպէս ներկայացուցչական մարմիններ։ Տեղին է դժգոհութիւնն այդ երկու մարմինների ոչ բաւարար գործունէութիւնից, որտեղ նկատելի են յուսահատութեան, անկարողութեան, թուլութեան դրսեւորումներ։

Այս մթնոլորտի ստեղծման գործում իրենց դերն ունեն ՀՀ իշխանութիւնները, որոնք փորձում են Արցախի ժողովրդի մէջ պառակտում մտցնել, թիրախաւորելով Արցախի իշխանութիւններին։ Դա արւում է Արցախում ժամանակին գործող որոշ քաղաքական դէմքերի միջոցով, ինչը դատապարտելի է։ Այդպիսով ջուր են լցնում նաեւ արտաքին թշնամու ջրաղացին։ Պառակտման սերմեր են մտցնում ժողովրդի մէջ, թուլացնում իշխանութիւնների դերն ու դերակատարութիւնը, խաթարելով այն համախմբման օղակը, որը պէտք է առիթ դառնայ մեր վճռական խօսքն ասելու՝ վերադարձի, ինքնորոշման, իրաւունքների սոցիալական հարցերի լուծման համար։

— ՀՅԴ Արցախի կառոյցի համար եւս անցնող տարին վերակազմակերպման տարի էր, ի՞նչ ընթացքում էք այսօր։
– ՀՅԴ Արցախի կառոյցը, տեղահանութիւնից յետոյ, անցեալ տարուայ Հոկտեմբեր եւ Նոյեմբեր ամիսներին վերակազմակերպուել է։ ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւան քաղաքում կուսակցական բոլոր ընկերները ներգրաւուել են կառոյցի աշխատանքներին։ Յատկապէս կեդրոնացած են Երեւանում, որտեղ բաւականին աշխոյժ է կուսակցական կեանքը, ունենք բաւականին թուով խմբեր։ Համագործակցում ենք տեղի ՀՅԴ կուսակցական մարմինների հետ, մասնակցում աշխատանքներին։ Գործում են նաեւ մեր կառոյցին ուղեկից միութիւնները։

Վստահ եմ, որ մեր պայքարը շարունակուելու է։ Նահանջելու տեղ չունենք։ Ի հարկէ, կայ հոգեբանական ընկճուածութիւն, բայց հետզհետէ ի մի են գալիս մեր մտքերն ու անելիքները։ Պարտութեան խարանը ճակատին մշտապէս պահել չենք կարող, այն կարող ենք ջնջել միայն պայքարի միջոցով։ Յուսով եմ, որ 2025-ին դրական տեղաշարժ կ’ունենանք այդ առումով։ 2025-ը չհասցրեցինք դիմաւորել մեր օճախներում, մաղթում եմ՝ 2026-ը դիմաւորենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։

Comments are closed.