Չեմ Պատկերացնում Մեր Կեանքն Առանց Աղաւնոյի… Իմ Երեխայի Արցունքների Պատասխանը Բոլորը Տալու Են

Այս օրերին օգոստոսի 25-ին Ազրպէյճանին յանձնուելիք Աղաւնոյից դուրս եկաւ նաեւ հայրենադարձ Թամար Տումպալեան-Թիթիզեանի ընտանիքը: Ամուսնու եւ դստեր հետ 2017թ. Լիբանանում ապրող Թամարը որոշեց հաստատուել Աղաւնոյում:

«Ո՛չ առիթ կար, ո՛չ էլ ոեւէ մէկը պատճառ հանդիսացաւ: Պարզապէս ցանկացանք մեր երեխային մեր երկրում, մեր հայրենիքում, Արցախում մեծացնել: «Արի» կազմակերպութիւնը մեզ Աղաւնոյում տուն տուեց», 168.am-ի հետ զրոյցում ասաց Թամար Տումպալեան-Թիթիզեանը:

Դուստրը հիմա 11 տարեկան է. որեւէ կերպ չի հաշտւում Աղաւնոն լքելու մտքի հետ: Մայրն ասում է` Աղաւնոյում դպրոց էր գնում, այնտեղ ընկերներ ունէր, գիւղը շա՜տ շա՛տ էր սիրում:

«Երբ նոր եկանք, ես չէի աշխատում, ամուսինս Աղաւնոյի դպրոցում համակարգչային օպերատոր էր: Յետոյ սկսեցի հանրախանութում աշխատել: 2020թ. պատերազմի ժամանակ հանրախանութը փակեցին, «Ճենեսիս Արմենիա» կազմակերպութիւնը մեր գիւղում հացի փուռ բացեց, սկսեցի այնտեղ աշխատել: Փռի պատասխանատուն էի: Տանն էլ լահմաճիւն, փիցցայ, ամէն տեսակի խմորեղէններ ու ուտեստներ էի պատրաստում», ասաց տիկին Թամարը:

Լիբանանից հայրենադարձուած, Արցախում հաստատուած ու կրկին գաղթականի ուղին բռնած կինը շեշտում է` երբեք չէր լքի գիւղը, անգամ պատերազմի ժամանակ ոչ մի վայրկեան գիւղից դուրս չեն եկել, զինուորներին են կերակրել:

«Երբ ասացին` դուրս պիտի գաք գիւղից, սիրտս պայթում էր: Չեմ պատկերացնում մեր կեանքն առանց Աղաւնոյի® Շատ դժուար է, խօսքերով անհնար է բացատրել` ի՛նչ եմ զգում: Միայն կ՛ասեմ` իմ երեխայի արցունքների պատասխանը բոլորը տալու են, բոլոր նրանք, որոնք պատճառ եղան, որ երեխաս գիւղից դուրս գայ»,- ասաց Թամար Տումպալեան-Թիթիզեանը` մեզ տրամադրելով երեխայի`

արցունքից կարմրած աչքերով լուսանկարը:

Լուսանկարը հրապարակում ենք ծնողի համաձայնութեամբ:

Մայրն ասում է` երեխան շատ ծանր է տանում, շարունակ արտասւում է:

Հարցին` ինչպէ՞ս դուրս եկան գիւղից, կարողացա՞ն արդեօք տեղափոխել իրերը, տիկին Թամարը պատասխանեց` լրագրող Նայիրի Հոխիկեանի օգնութեամբ կարողացան տեղափոխուել, մեքենան ինքն է ուղարկել:

Հիմա հաստատուել են Էջմիածնում, Սուրբ Հռիփսիմէ եկեղեցու հարեւանութեամբ: Բնակւում են վարձով: Կարմիր խաչը երկու ամիս 70.000 դրամ գումար պէտք է տայ, դրանով վարձը կը տայ: Երեխայի դպրոցը տանից հեռու է, ամսական 25.000 դրամ միայն դպրոց տանել-բերելու համար կը ծախսուի: Ամուսինը հաշմանդամ է, դեղորայքի խնդիր ունեն:

Ինչ վերաբերում է բնակարանի փոխհատուցման հարցին, տիկին Թամարն ասաց` մինչեւ օգոստոսի 25-ն ասել են` պէտք է բնակարանի գնման հաստատագիր տան:

«Ի՞նչ ենք անելու, չգիտեմ: Ամուսինս հիմա այն վիճակում է, որ անգամ միայնակ ուտել չի կարողանում: Իրեն ներարկումներ էինք կատարում, 2 ներարկում ստացաւ, շատ լաւ էր, երրորդից յետոյ լրիւ վատացաւ: Հիմա ձեռքերը չեն աշխատում: Ֆիզիոթերապեւտիկ բուժումներ են անհրաժեշտ: Ոչինչ չեմ ուզում, միայն օգնեն, կարողանամ ամուսնուս ոտքի կանգնեցնել: Ինքը որ առողջ լինի, մենք ձեռք ձեռքի կը տանք, նորից ամէն բան կը ստեղծենք: Ինքը հիմա յատուկ խնամքի կարիք ունի: Դեղորայքն էլ շատ թանկ է», ասաց տիկին Թամարը:

168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.