Նիկոլի Հետ Մեր Պետութիւնը Դատապարտուած Է Կործանման
Դեկտեմբեր 21-ին հայրենիքի փրկութեան շարժումի համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան կատարեց հետեւեալ յայտարարութիւնը.
Պատերազմի եւ դրա խայտառակ պարտութեան հետեւանքով աննախադէպ աւելացել են երկրի ընկերային եւ առողջապահական ծախսերը:
Մօտ ապագայում արդէն անհնար կը դառնան կենսաթոշակների, նպաստների, պետական աշխատավարձերի վճարումները:
Մինչ այդ`
պետական պիւճէ եկամուտների կրճատումը շարունակւում է,
կայուն աճում է երկրի արտաքին եւ ներքին պարտքը,
կտրուկ նուազել է երկրի տնտեսական աշխուժութիւնը,
արձանագրուել է երկրից դրամագլուխի աննախադէպ արտահոսք,
արժեզրկւում է մեր երկրի ազգային արժոյթը,
առաջին անհրաժեշտութեան ապրանքների գներն աճում են, իսկ մարդկանց եկամուտները` նուազում,
արդէն իսկ առաջնային են դարձել ժողովրդի գոյատեւման, պարենային անվտանգութեան խնդիրները,
Յառաջիկայում սպասվում է գազի, ուժանիւթի եւ փոխադրամիջոցի սակագների բարձրացում:
Համատարած ձախողումների այս կշռոյթով մօտ ապագայում բնակչութեան կէսն աղքատ է դառնալու` արագ կշռոյթով աճում են գործազրկութիւնը, ապագայի հանդէպ անորոշութեան զգացումն ու բացասական սպասումները:
Կործանարար այս ընթացքի կասեցումը, ծառացած խնդիրների հետեւողական լուծումները պահանջում են դրանց հիմնապատճառի եւ ձախողումների թիւ մէկ պատասխանատու Նիկոլ Փաշինեանի հեռացումը պաշտօնից:
Առանց Նիկոլի մենք ունենք փրկութեան հնարաւորութիւն, Նիկոլի հետ մեր պետութիւնը դատապարտուած է կործանման: Առաջնորդուել պէտք է բացառապէս այս տրամաբանութեամբ:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ