Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մէկը՝ սպիտակ դրօշն առած Փաշինեանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը անդրադարձել է Կապան-Զանգելան (Կովսական) հատուածում Ատրպէյճանի հրաձգութեանը.

«Երէկուանից ողջ Հայաստանը սրտատրոփ հետեւում էր Կապանի հատուածում տեղի ունեցող զարգացումներին։ Օրուայ ընթացքում ստացուեցին ցաւալի լուրեր. ունենք զոհեր՝

Էդուարդ Համլետի Յարութիւնեան

Հրաչեայ Թալիշի Յովհաննիսեան

Գագիկ Վարազդատի Մանուկեան

Արսէն Գագիկի Համբարձումեան։

Տարաբնոյթ քննարկումներ կարող են ծաւալուել, բայց ինչո՞ւ պատահեց հարցն ունի նախապատմութիւն։

Ինչո՞ւ է թշնամին յայտնուել Ներքին Հանդի մատոյցներում, գիւղի սահմանին՝ անգամ գերեզմանատունը տիրապետութեան տակ պահելով, վերահսկելով բոլոր բարձրադիր դիրքերը, բարձունքները, բլուրներն ու գագաթները։

Պատճառն ամենեւին 44-օրեայ պատերազմը չէ։ Պատճառը Նիկոլ Փաշինեանն է ու իր իշխանութիւնը։

Փաստերը հերթով՝

2020 թուականի Նոյեմբերի 9-ի Յայտարարութիւնը ստորագրելու պահին ատրպէյճանական ուժերը ոչ միայն այս դիրքերում չէին, այլեւ գտնւում էին շուրջ երկու տասնեակ քիլոմեթր հեռու այդտեղից ու, համաձայն եռակողմ Յայտարարութեան, պէտք է մնային այդտեղ։

Բայց 2020 թուականի Դեկտեմբերի 17-18-ին անկանկալ մեր զօրքերին հրամայում են ետ քաշուել այդ տարածքներից։ Ինչո՞ւ։ Պատասխան չկար, ասում էին բանաւոր պայմանաւորուածութիւնների շրջանակներում։

Գործընկերուհուս՝ ԱԺ պատգամաւոր Աննա Գրիգորեանի հետ ամիսներ շարունակ յետաքննութիւն էինք անում, հարցումներ ուղարկում ՊՆ, ԱԱԾ, Քննչական, վարչապետի աշխատակազմ, ԳՇ: Մէկ տարի յետոյ, միայն 2021 թուականի Դեկտեմբերին ստացանք ԳՇ պատասխանը՝ եղել է պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանի գրաւոր համաձայնագիրը, որը Նիկոլը ասում էր՝ կայացուել է իր որոշմամբ։

2021 թուականի Դեկտեմբերին այդ ողջ շղթան Ազգային ժողովում մամուլի ասուլիսում, փաստաթղթերով, քարտէզներով ու տեսանիւթերով ներկայացրել ենք։ (ասուլիսի մանրամասները, ողջ տեսագրութիւնը կը դնեմ յղումում)։

2022 թուականի Մարտի 16-ին գործընկերուհիս՝ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Աննա Գրիգորեանը այցելել էր Սիւնիքի մարզի Ներքին Հանդ գիւղ, որտեղ օրեր առաջ ատրպէյճանական զինուած ուժերը մօտ 1 քմ առաջ էին եկել եւ վրաններ տեղադրել։ Իշխանութեան պատասխա՞նը՝ պաշտպանութեան նախարարութիւնը մեղադրել էր Աննա Գրիգորեանին կեղծ տեղեկութիւն տրամադրելու եւ հանրութեանը մոլորեցնելու մէջ։

«Նշուած հատուածում, որը գտնւում է ատրպէյճանական վերահսկողութեան տակ, ատրպէյճանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահաւորուած չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատուածում հնարաւոր չէ օգտագործել։ Հիմա, կապուած եղանակային պայմանների փոփոխութեան հետ, ատրպէյճանական զինուորականներն ընդամէնը վերադառնում են այդ դիրքեր», հաղորդել էր պաշտպանութեան նախարարութիւնը։

Իշխանաւորները հասարակութեանը մոլորեցրին ու կրկին սկսեցին խաղաղութեան յանկերգ երգելը, մի պահ միայն նորից տիրեց անհանգստութիւն, երբ նոյն հատուածում մեր զինուորը սպանուեց վրանում նոյն այդ թշնամական դիրքից։ Բայց արագ թեման մոռացուեց։

Կապանի Ներքին Հանդի այդ հատուած ատրպէյճանական յենակէտի տեղադրումից մի քանի ամիս անց՝ 2022-ի Յուլիսի 6-ին եղանք Սէյրան Օհանեանի հետ։ Ցաւ էր տեսնել անգործութեան հետեւանքով թշնամական առաջխաղացումը, հայկական կողմի անգործութիւնն ու անիմաստ արդարացումները։

Ահաւորն այդ օրերին։

Մեր այցից երկու օր յետոյ Աննա Յակոբեանը յայտնել էր, որ այցելել էր Ներքին Հանդ։ Կարծես ոչինչ չի պատահել, նա գրառել էր, թէ գիւղի կանայք ցանկացել են էքսկուրսիա գալ Երեւան, նա էլ որոշել է Գառնի-Գեղարդ նրանց տանել։ Չհասցրեց։

Յետոյ պատահեց սարսափելին՝ 2022 թուականի Սեպտեմբերի 13-ին թշնամական գրոհն էր այդ ուղղութեամբ, զոհեր, կորուստներ, ամէն օր տանիցս դուրս գալիս խոնարհւում եմ այդ նահատակներից մէկին՝ մեր հարեւան 18-ամեայ Արմէնի յուշապատին ու նրա խրոխտ դիմանկարին։

2022-ի Սեպտեմբերին այս ողջ առաջնագծում թշնամական առաջխաղացում։ Ու դեռ Յուլիսին ՀՀ անբաժան հատուածն այլեւս նրանց վերահսկողութեան տակ է։

Ներքին Հանդում էինք պատգամաւորներով արդէն 2022-ի Դեկտեմբերի վերջին օրերին, դրանից յետոյ էլ, տարբեր առիթներով։ Մեր տղերքը կանգնած են։ Փորձում են ամրաշինական աշխատանքներ անել։ Երեք կողմից, բարձրադիր դիրքերից թշնամին է։ Ու ամէն անգամ միտքս 2020-ի Դեկտեմբեր 17-18-ի փաշինեանական որոշմամբ պարտադրուած նահանջն է, դրան յաջորդած զոհերը։

Այսօր Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մէկը՝ սպիտակ դրօշն (իր ասած, իբր խաղաղութեան) առածը»։

 

Comments are closed.