Մոնթրէալի Համալսարանի հայ ուսանողներու միութիւնը կը զօրակցի Հայաստանի ուսանողական շարժման

Արդէն մի քանի օր է ՝ հայ ուսանողական երիտասարդութիւնը մտահոգութիւն է յայտնում կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարար Արայիկ Յարութիւնեանի ներկայացրած նոր քաղաքականութեան եւ նոր վարդապետութեան հետեւանքների վերաբերեալ:

Նախարարութիւնը որոշել է, որ ԲՈՒՀ-երում հայոց լեզու, հայ գրականութիւն, հայոց պատմութիւն առարկաների դասաւանդումը այլեւս պարտադիր չեն լինելու։ Հայ գրականութիւնն ու հայոց պատմութիւնը երկրորդական առարկայ դարձնելով մենք կարծում ենք, որ դա ոչ այլ ինչ է նշանակում, եթէ ոչ սերունդներին զրկել ազգային, պետական, հայրենասիրական գիտակցութիւնից ու մտածողութիւնից, հետեւաբար եւ մասնագիտական քաղաքական, պետական, ազգային գործիչներ, դիւանագէտներ ունենալու իրաւունքից:

Որն է այս որոշման նպատակն ու իմաստը: Գուցէ այն, որ չեն ուզում մեր սերունդները ունենան ազգային գիտակցութիւն, չճանաչեն մեր ազգի մեծերին, չանիծեն մեր ազգի անխոհեմ ու տհաս առաջնորդներին եւ մեր սերնդի յիշողութիւնից ջնջեն հզօր ու հսկայ հայկական պետականութեան գոյութիւնն ու պատմութիւնը:

Այս փոփոխութիւնները անհանգստացնում են ոչ միայն հայաստանեան համալսարանական դասի եւ ոլորտի մասնագէտներին, այլեւ հայ սփիւռքի հայ ուսանողներին.

***

Université de Montréal-ի հայ ուսանողների միութիւնը (AÉAUM) անհանգստացած է պարոն Արայիկ Յարութիւնեանի գործադրած այս նոր վարդապետութիւնից։

Ուստի, պահանջում ենք՝

  • Հաշուի առնելով հայապահպանութեան գործում հայոց պատմութեան, լեզուի, գրականութեան, մշակոյթի եւ հայ առաքելական կրօնի պաշտպանելու կարեւորութիւնը,
  • Հաւատալով, որ հայ ուսանողների հայոց պատմութեան եւ լեզուի ընդհանուր կրթութիւնը հիմնարար եւ անվերապահ հիմք է համալսարանական բնակչութեան բարձրագոյն կրթութեան համար,
  • Ակնկալելով, որ նախարարութիւնը կը համագործակցի բոլոր ներգրաւուած կողմերի հետ, ներառեալ յարակից եւ քաղաքական շրջանակները։

Université de Montréal-ի հայ ուսանողների միութիւնը՝

  • Կոչ է անում նախարար Յարութիւնեանին չքաղաքականացնել հայ ուսանողների պահանջները եւ չբաժանել Հայրենիքն ու Սփիւռքը,
  • Կոչ է անում նախարարին պահպանել հայոց պատմութեան եւ հայ գրականութեան պարտադիր հանրակրթութիւնը ուսումնական հաստատութիւններում, նամանաւանդ, այս աւելի ու աւելի համասեռուած աշխարհում,
  • Շեշտում է սփիւռքի դպրոցների եւ հայկական համայնքների վերաբերեալ այս նոր վարդապետութեան հնարաւոր ընկերային-քաղաքական հետեւանքները,
  • Առաջարկում է նախարարին վերանայել աշխարհում հաստատուած բարձրագոյն կրթութեան տարբեր օրինակները, ներառեալ Գանատա-Քեպէգի համակարգը,
  • Նշում է, որ անհանգստացնող է նախարարի քաղաքական անկայունութիւնը մշակութային բնագաւառում նախագծերի ֆինանսաւորման առումով, որը սպառնում է հայկական ինքնութեանը եւ մշակոյթին։

Փոքր ժողովուրրդների լեզուների պահպանութիւնը մեր ժամանակների դժուարին խնդիրներից է, եւ այն նրա զաւակների ձեռքում է։

Պահպանենք մեր միամօրիկ, միածին մայրենի լեզուն, մեր ինքնութիւնն ու կրօնը։

Մենք, մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում մեր հայրենիքի ուսանող եղբայրների եւ քոյրերի շարժման։ Մենք ձեր կողքին ենք։

AÉAUM- ի Գործադիր Մարմին
2019 Նոյեմբերի 8

Leave a Comment

You must be logged in to post a comment.