«Մենք զբաղւում ենք Արցախի պատմամշակութային ժառանգութեանը նուիրուած ակադեմական հետազօտութիւններով, եւ կարծում եմ, որ դա մեր հիմնական կոչումն է». փրոֆեսոր Համլետ Պետրոսեան

Երից Մանկանց վանք, Մարտակերտ, Արցախ։ Լուսանկարը՝ Սեւակ Ասրեանի

…«Եղբայրներ, զգաստ եղէք:

Դադիվանք, խաչքար, 1182 թ.: Խաչէնի իշխանութեանը վերաբերող եզակի քաղաքական փաստաթուղթ, խաչքար բառի միակ յիշատակութիւնը եւ փիլիսոփայական ծածկագիրը:

Խաչքարի աջ կողի հայերէն արձանագրութիւնը.

«ՈԼԱ (1182) թուիս: Ես Հասան որդի Վախտանգա, տէր Հաթերքո եւ Հանդաբերդոյ, Խաչինաբերդո եւ Հաւախաղացին կացի յաւագութեան ամս :Խ: Շատ պատերազմա եւ յաղթեցի թշնամեաց իմոց աւգնականութեամբն Աստուծոյ: Եւ եղեն ինձ :Զ: որդի, զբերդերս եւ զգաւառս ետու նոցայ եւ եկի ի վանքս մաւտ յիմ եղբայրս Գրիգորէս եւ եղէ կրաւնաւոր: Եւ բերի զխաչաքարս յԱզուա, շատ աշխատութեամբ եւ բազում հնարիւք եւ կանգնեցի սուրբ նշան հոգոյ իմո յիշատակ: Արդ, վասն ձեր հոգոյդ, որք ընթեռնոյք՝ զիս յաղաւթս յիշեցէք»:

Ինչպէս տեսնում ենք, կանգնեցնելու թիւը գրուած է Հայոց թուականով: Խաչքար, Հանդաբերդ, Խաչինաբերդ, Հաւախաղաց տեղանունները հասկանալի են միայն հայերէն: Աւելին, կայ հայերէն ծածկագիր արձանագրութիւն, որը յայտնում է. «Ձեռնայգիր է իմ՝ Հասանայ. եղբա՜յրք, զգաստ կացայք: Ես յաշխարհայս չետարա ոչինչ. Հաւատացա՛յք, դո[ւ]ք այլ չտանիք»:

Դադիվանքում կայ 200 արձանագրութիւն՝ միայն հայերէն, չկայ այլալեզու նոյնիսկ մէկ տառ:

Ասում են՝ դա կարեւոր չէ, դա աղուանա-ուտիական ժառանգութիւն է:

Այս եւ բազամաթիւ այլ մանրամասներ շուտով»:

Պատմական կենդանի վաւերագիր ու միաժամանակ տագնապալից այս գրառումը ԵՊՀ մշակութաբանութեան ամպիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի արշաւախմբի ղեկավար, պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր Համլետ Պետրոսեանի դիմագրքի էջից է: Գիտնական ու մտաւորական, ով ամբողջ կեանքը նուիրել է մեր պատմութեան հնագոյն շերտերի բացայայտմանը, հեղինակել բազմաթիւ արժէքաւոր աշխատութիւններ, որոնք նոր լոյս են սփռում մեր անցեալի ժառանգութեան էջերին:

Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախն իր պատմամշակութային ժառանգութեամբ՝ հնագոյն եկեղեցիներով ու վանքերով, խաչքարերով, իր Տիգրանակերտով եւս եղել է քաղաքակրթութեան օրրաններից մէկը, որոնք ունեն համաքրիստոնէական եւ համամարդկային նշանակութիւն: 2020 թուականի Արցախեան երրորդ պատերազմից եւ 2023 թ. բռնի տեղահանութիւնից յետոյ թշնամու ձեռքում յայտնուեց մի հսկայական մշակութային ժառանգութիւն, որի գոյութիւնը վտանգուած է:

Զինուած ընդհարման դէպքում մշակութային արժէքների պաշտպանութեան մասին Հաագայի 1954 թուականի կոնվենցիան սահմանում է իւրաքանչիւր ազգի մշակութային ժառանգութիւնը պահպանելու բազմաթիւ դրոյթներ եւ միջազգային իրաւունքի նորմեր: (Տեսնել՝ այս յղումով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75856): Սակայն թշնամու ձեռագիրը մեզ յայտնի է, քանի որ տեսել ենք Հին Ջուղայի խաչքարերի ճակատագիրը: Եւ սա միակ ողբերգական օրինակը չէ, իսկ որեւէ ազգի մշակութային ժառանգութիւնը ոչնչացնելը եւս ցեղասպանութեան բաղադրիչ է…

Պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր, հնագէտ Համլետ Պետրոսեանի հետ զրոյցում փորձել ենք վեր հանել այն մարտհրաւէրները, որոնց առաջ կանգնած է Արցախի մեր պատմամշակութային ժառանգութիւնը: Անդրադարձ է կատարուել այն ծրագրերին, որոնք փորձում է կեանքի կոչել փրոֆեսոր Համլետ Պետրոսեանի ղեկավարած թիմը՝ համագործակցելով միջազգային մի շարք կեդրոնների հետ:

– Յարգելի Փրոֆեսոր, տարիներ առաջ աշխարհը լսեց Արցախում Տիգրան Մեծ արքայի հիմնած Տիգրանակերտ քաղաքի մասին: Իմացաւ, որ Արցախի տարածքը համաշխարհային քաղաքակրթութեան օրրաններից է: Եւ 2006 թուականից ղեկավարում էիք Տիգրանակերտի պեղումները՝ միջազգային ճանաչում ունեցող գիտնականների ներգրաւուածութեամբ: Ձեր գնահատմամբ որքանո՞վ էին միջազգային գիտական շրջանակները բացայայտել Արցախի մշակութային ժառանգութիւնը:

– Խնդիրն այն է, որ Արցախի հանրապետութիւնը միջազգայնօրէն ճանաչուած չէր, եւ դա իր ազդեցութիւնն էր թողնում գիտնական համագործակցութեան վրայ: Նրանք, ովքեր հետաքրքրւում էին Արցախի Տիգրանակերտով, Ատրպէյճանը սպառնում էր մտցնել սեւ ցուցակի մէջ: Մեր հնարաւորութիւնները չէին ներում դրսից մասնագէտներ հրաւիրելու համար, Եւրոպայի հեղինակաւոր համալսարաններից գիտնականները չէին կարող գործուղուել Արցախ, քանի որ դա միջազգայնօրէն համարւում էր Ատրպէյճանի տարածք… Խոչընդոտներ կային: Բայց, կարող եմ ասել, որ Տիգրանակերտի պեղումներին ներգրաւուած էին հեղինակաւոր հետազօտողներ: Եւ նոյնիսկ, ասենք, որ Տիգրանակերտի յայտնագործման, նրա մեծ քաղաք, յատուկ ամրաշինական կառուցուածք ունեցող բնակավայր լինելու մասին մէկ անգամ չի, որ օտար հետազօտողները նշել են, շեշտել են, դա կարեւորել են: Ես կարող եմ, օրինակ, ասել Ջուստօ Տրայինայի մասին՝ Սորպոնի համալսարանից, ով յատուկ յօդուած է նուիրել «Հռոմէական պատկերացումները Արեւելքի մասին», ընդգծել է Ստրապոնից մի քանի կարեւոր տեղեկութիւններ, որոնք նոր լոյս են սփռում Տիգրանակերտի պատմութեան վրայ: Յիշենք Ստեֆան Կրոլին, ով զբաղւում էր յետուրարտական շրջանի ամրաշինական կառոյցներով եւ Տիգրանակերտը համարում էր հելլենիստական ամենադասական պաշտպանական համակարգը: Դա նրան օգնել է կազմելու նաեւ համանման յուշարձանների ցանկը եւ քարտէզագրել դրանք՝ չնայած այդ յուշարձաններից շատ փոքր հետքեր են պահպանուել. Տիգրանակերտն աւելի քան մէկ քիլոմեթր ձգուող պարիսպներ ունի, եւ այդ պարիսպները նման ամրաշինական համակարգերի համեմատ ամենալաւն են պահպանուել, ամենաամբողջականն են:

Մեր աշխատանքներին մասնակցել են նաեւ Ֆլորենսիայի համալսարանի հետազօտողները: Շուտով գիրքը պէտք է լոյս տեսնի: Մարսէլի համալսարանից մեզ հետ աշխատել է մարդաբան Փոլ Պեյլին, Ֆլորենսիայի համալսարանից՝ Սառա Չամպին եւ Ֆրանչեսկա Քելլին… Ուզում եմ ասել, որ մէկ-երկու հոգի չեն եղել, մեզ հետ աշխատել է գիտնականների լուրջ խումբ: Յատուկ ուզում եմ շեշտել գերմանացի հետազօտող Զուգենպէրկի յօդուածը, որը նուիրուած է Հերակլ կայսեր արշաւանքներին եւ յատուկ ուշադրութիւն է հրաւիրել Տիգրանակերտի գոյութեան փաստին…

– Գիտենք, որ Արցախի Տիգրանակերտի պեղումների ժամանակ բացայայտուել էր նաեւ նրա քրիստոնէական շերտը: Ի՞նչ ուշագրաւ փաստեր կը նշէք այս մասին…

– Երբ մենք փնտռում էինք քաղաքի տեղը, յստակեցնում էինք, շատ լաւ պատկերացում չունէինք քրիստոնէական Տիգրանակերտի մասին: Չնայած Կաղանկատուացին յատուկ նշում է, որ Պարտաւի եկեղեցական ժողովին՝ 8-րդ դարի սկզբին, մասնակցել է նաեւ Տիգրանակերտի քահանան, որի անունը Պետրոս էր: Բայց պեղումները հնարաւորութիւն տուեցին բացել վաղ-քրիստոնէական շրջանի մի ընդարձակ հրապարակ, որտեղ կան երկու եկեղեցիներ, կայ մասունքարան, կայ տապանաբակ, կան վաղքրիստոնէական կոթողի մնացորդներ, որ այսօր Տիգրանակերտի վաղքրիստոնէական հրապարակը համեմատելի է, ասենք, Դուինի հրապարակի հետ: Մենք, ի հարկէ, շատ լաւ պատկերացում չունենք Վաղարշապատի հրապարակի մասին, բայց, ըստ էութեան, Դուինից յետոյ Տիգրանակերտի հրապարակն ամենաընդարձակ վաղքրիստոնէական հրապարակն է՝ իր բազմաթիւ կառոյցներով: Ցաւօք, այստեղ պեղումները կիսատ մնացին: Ատրպէյճանի ագրեսիայից յետոյ հնարաւորութիւն չունեցանք մեր ուսումնասիրութիւնները շարունակելու:

Եզակի թեւաւոր խաչքար արեւային ժամացոյցի քանդակով` Ա – ԺԲ (1-12) թուանշումներով, 10-րդ դար, Շահմասուր գիւղ, Մարտակերտի շրջան, Արցախ:

– 2020 թուականի պատերազմից յետոյ թշնամու ձեռքին յայտնուեցին աւելի քան 1500 մշակութային յուշարձաններ, 19000 թանգարանային նմոյշ: Եւ սա դեռ ամբողջ վիճակագրութիւնը չէ, թէ ինչպիսի հսկայական ժառանգութիւն է ոչնչացման սպառնալիքի տակ: Թշնամին անգամ պատերազմի ժամանակ էր թիրախ դարձնում մեր պատմական յուշարձանները: Իսկ մշակոյթը ոչնչանցնելը եւս ցեղասպանութեան բաղադրիչ է: Ի՞նչ քայլեր պէտք է ձեռնարկել, որպէսզի խնդիրը ներկայացուի Եունեսքոյին:

– Խնդիրն այն է, որ յուշարձանները շատ աւելին են, քան նշեցիք: Բայց, մտածել, թէ պէտք է հարցը հասցնենք միջազգային համապատասխան կառոյցներին, որ նրանք պէտք է հոգ տանեն այդ ժառանգութեան պահպանութեան համար, ռէալ չեմ համարում: Ատրպէյճանը ոչ միայն ոչնչացնելու է այն կոթողները, որոնք դեռ յայտնի էլ չեն միջազգային հանրոյթին, այլեւ առաջ է տանելու «աղուանականացման թէզը», ըստ որի, իբր, դրանք հայկական չեն, ատրպէյճանցիները աղուանների յետնորդներն են, հայերը եկուորներ են, յուշարձաններին արձանագրութիւններ են փորագրել, որպէսզի դարձնեն հայկական եւ այլն: Այս բոլոր անհեթեթութիւնները, ցաւօք, որոշակի «քաղաքական բումի» մէջ են եւ որոշակի ազդեցութիւն ունեն:

Ի հարկէ, ես գտնում եմ, որ մեր խնդիրը այդ յուշարձանները հնարաւորինս հանրահռչակելն է, փորձել հետեւել մեր կոթողների վիճակին, որպէսզի կարողանանք համապատասխան ուշադրութիւն հրաւիրել:

– Գիտենք, որ թուրքական շրջանակները միշտ աչքի են ընկել պատմութեան կեղծարարութիւններով: Արցախեան երրորդ պատերազմից յետոյ ի՞նչ նոր դրսեւորումներ կը ստանայ ատրպէյճանական քարոզչութիւնը միջազգային գիտական հարթակներում՝ ոչ միայն մեր քրիստոնէական յուշարձանների, այլեւ Արցախի Տիգրանակերտի հետ կապուած:

– Արցախի Տիգրանակերտի հետ կապուած եղել է Ֆրանսիայի ազգային ժառանգութեան ինստիտուտի տնօրէնի առաջարկը, որ գուցէ հնարաւոր է ստեղծել հայ-ֆրանս-ատրպէյճանական խումբ, միասնական արշաւախումբ, որը կը փորձի առաջ տանել աշխատանքները: Ես ուղղակի պատասխանել եմ , որ ատրպէյճանցի հնագէտները գտնում են, թէ իբր ես գող եմ, ինձ պէտք է պատժեն, ինչպէ՞ս պէտք է աշխատել նման գործընկերների հետ: Չնայած հետագայում որեւէ առաջընթաց, առաջարկ այդպէս էլ չի եղել: Ես կարծում եմ, որ հիմա ատրպէյճանական ակադեմիան փորձում է հերքել Տիգրանակերտը, թէ ինչպէս ցոյց տալ, որ եղել է «աղուանական» քաղաք… Քանի որ Տիգրանակերտը հելլենիստական նախաձեռնութիւն է, եւ վարպետները միանշանակ բերուել են Փոքր Ասիայից, Արտաշատից: Եւ պէտք է լինէր տիրակալ, ով իր հետ բերէր փոքրասիական ինտելեկտը, յատկապէս՝ ճարտարապետա-շինարարական, շատ դժուար է հերքել այս փաստերը: Իրենց մասնագէտներից Խալիլովը նոյնիսկ մի յօդուած էր գրել՝ նուիրուած՝ «աղուանական Տիգրանակերտին», ինչը պարզապէս աբսուրդի ժանրից է: Եթէ «աղուանական» է, ինչո՞ւ է Տիգրանակերտ: Եւ, եթէ Տիգրանակերտն է, ինչպէ՞ս կարող է լինել «աղուանական»: Ես կարծում եմ, որ յուշարձանի հանդէպ մի քիչ զգօն վերաբերմունքը կախուած է ատրպէյճանական գիտական «հանրութեան» հետ՝ չգիտեն, թէ ինչպէս պէտք է փորձեն հերքել:

– Արցախի վանքերում եղե՞լ են հնագիր գրքեր, որոնք հետպատերազմեան իրավիճակում եւս ոչնչացման վտանգի առաջ են բոլոր թանգարանային ցուցանմուշների, արտեֆակտների հետ միասին:

– Արցախի վանքերում որեւէ հին ձեռագրեր չի եղել: Կային միայն ծիսական գրքեր՝ գործող վանքերում, եկեղեցիներում: Եւ ինձ յայտնի չէ որեւէ հնագոյն ձեռագրի առկայութիւն Արցախի վանքերում: Բոլոր հին ձեռագրերը ժամանակին հաւաքագրուել են ե՛ւ թանգարանների, ե՛ւ Մատենադարանի ֆոնդերում: Յատկապէս 44-օրեայ պատերազմից յետոյ, գիտեմ, որ բերուել են բոլոր հնագիր ձեռագրերը:

– Տարիներէ ի վեր Արցախի Տիգրանակերտի պեղումներին մասնակցել են եւրոպացի յայտնի հնագէտներ: Ինչպէ՞ս են նրանք արձագանգել Արցախի յուշարձանների պահպանութեան խնդրին:

– Մի քանիսը գրել են, որ շատ վշտացած են, ցաւակցում են… Ի՞նչ պիտի արձանագրեն անհատ գիտնականները: Ես ուզում եմ յատուկ շեշտել, որ պատերազմից յետոյ աղուանական գրերի լաւագոյն մասնագէտ Եոս Գիպերտը եւ Զայլցպուրկի համալսարանի Եասմին Դում-Թրագուտը նախաձեռնեցին մի միջազգային ձեռնարկ՝ «Կովկասեան Աղուանք» անգլերէն աշխատութիւնը: Գրքի 16 գլուխները հեղինակել են տարբեր գիտնականներ` լեզուաբաններ, արեւելագէտներ, հայագէտներ՝ աշխարհի տարբեր գիտական հաստատութիւններից: Գիրքը նաեւ գիտահեն պատասխան է ատրպէյճանական կեղծ պատմոյթներին: Եւ մենք այնտեղ ներառել ենք նաեւ Արցախի Տիգրանակերտի մանրամասն ներկայացումը: Սա պատասխան է ատրպէյճանցիների բոլոր կեղծ թէզերին:

Սոյն ձեռնարկը օբիեկտիւ, գիտականօրէն հիմնաւորուած կերպով ներկայացնում է կովկասեան «աղուանների» վերաբերեալ հետազօտութիւնների ներկայ վիճակը: Հատորը համախմբում է միջազգայնօրէն ճանաչուած գիտնականների եւ հետազօտողների, ներառում է ուսումնասիրութիւնների տարբեր ոլորտներ, որոնք ներկայացնում են կովկասեան «աղուաններին», նրանց պատմութիւնը եւ հնագիտութիւնը, լեզուն եւ գրաւոր աղբիւրները, կրօնը, եկեղեցին եւ արուեստը, կապերը հարեւանների եւ, յատկապէս մերօրեայ ուտի ժողովրդի հետ։ Ձեռնարկը նպատակ ունի ընթերցողներին չէզոք կերպով ներկայացնել Կովկասեան Աղուանքի թեման տարբեր գիտական տեսանկիւններից:

Նշենք, որ սա փրոֆեսոր Համլետ Պետրոսեանի ու նրա նուիրեալ թիմի ջանքերով ստեղծուած միակ ձեռնարկը չէ: Պատմաբան, հնագէտ Համլետ Պետրոսեանի ու Նժդեհ Երանեանի համատեղ աշխատանքի արդիւնքում հրատարակուել է նաեւ «Արցախի կոթողային մշակոյթը» եռալեզու հետազօտութիւնը, որը հասանելի է նաեւ «Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում» («MONUMENT WATCH») կայքում (կայքի յղումը այստեղ՝ https://monumentwatch.org/hy/): Սա անկախ ակադեմիական հարթակ է, որ նպատակ ունի մշտադիտարկելու Արցախի մշակութային ժառանգութեան վիճակն ու փոփոխութիւնները, ներկայացնել եւ մեկնաբանել մասնագիտական գիտելիքի եւ ակադեմիական բարեկրթութեան սահմաններում: Եւ այս աշխատանքներում ներգրաւուած են նաեւ Եւրոպայում յայտնի բազմաթիւ հեղինակաւոր գիտնականներ ու միջազգային կեդրոններ: Դրանց դեռ անդրադառնալու ենք զրոյցի ընթացքում:

– Մենք,- ասում է փրոֆեսորը,- ստեղծել ենք «Արցախի կոթողային մշակոյթը» եռալեզու հետազօտութեան ձեռնարկը, որը ելեկտրոնային տարբերակը հասանելի է մեր կայքում։

Գրքում պատմա-աղբիւրագիտական, ճարտարապետական, պատկերագրական եւ իմաստաբանական քննութեամբ ներկայացւում է Արցախի կոթողային մշակոյթը՝ ներառելով հին, անտիկ, վաղքրիստոնէական կոթողները, խաչքարերն ու տապանաքարերը։ Մանրամասնւում եւ պատճառաբանւում են այդ կոթողների էթնոդաւանական պատականելութեան խնդիրները։ Ներկայացւում եւ փաստագրական տուեալների քննութեամբ հերքւում են Արցախի կոթողային մշակոյթի վերաբերեալ ատրպէյճանական զեղծարարութիւնները։ Հետազօտութիւնը լոյս է տեսել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան աջակցութեամբ:

Լոյս է տեսել Գ. Սարգսեանի, Ա Գնունու եւ Լ. Մկրտչեանի «Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի ամրոցները» գիրքը։ Գիրքը ներկայացնում է Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի 37 ամրոց՝ ներառելով դրանց յատակագծային առանձնայատկութիւնները, բնապատմական եւ հնագիտական համատեքստը:

Ներկայացուած աշխատութեան շրջանակներում ամրոցների, դրանց տեղադրման օրինաչափութիւնների, շինարարական տեխնիկայի հետազօտութեան միջոցով քննութեան են առնւում ինչպէս ներտարածաշրջանային, այնպէս էլ միջտարածաշրջանային մշակութային եւ քաղաքական փոխառնչութիւնները եւ զարգացման օրինաչափութիւնները: Ըստ այդմ՝ տիպաբանուել եւ դասակարգուել են ամրոցները, ճշդուել դրանց սահմանները եւ զբաղեցրած տարածքները, ժամանակագրութիւնը, միմեանց միջեւ տեսողական եւ այլ կապերը:

Մենք հրատարակում ենք ահա այսպիսի աշխատութիւններ, որ, եթէ օտարները հետաքրքրուեն, կարողանանք գիտական նիւթ ներկայացնել: Մենք զբաղւում ենք ակադեմիական հետազօտութիւններով, այլ ոչ թէ պատկերազարդ գրքեր հրատարակելով: Եւ կարծում եմ, որ դա մեր հիմանական կոչումն է:

– Մենք աշխարհում ունենք շատ բարեկամ հայագէտներ, որոնք պատերազմի առաջին օրուանից մեր կողքին են: Համագործակցութիւն կա՞յ նրանց հետ, որ ստեղծուեն այլ միջազգային թիմեր եւս եւ պայքարեն Արցախի ժառանգութիւնը վանդալիզմից փրկելու համար:

– Ի հարկէ, կան: Եւ մենք միասին ստեղծել ենք «Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում» անկախ ակադեմիական հարթակը: Եւ մենք այդ կայքում ունենք հետազօտողներ Ֆրանսիայից, Լեհաստանից: Համագործակցում ենք Արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութիւնների ազգային ինստիտուտի (ԻՆԱԼԿՈ) հետ (Փարիզ), Միջերկրական ծովի աւազանի միջնադարեան եւ ժամանակակից հնագիտութեան լաբորատորիայի (LA3M, Aix-en-Provence), Պոզնանի համալսարանի Մարդաբանութեան եւ ազգագրութեան ինստիտուտի Լեհաստան) եւ այլ գիտական հաստատութիւնների ու կենտրոնների հետ: Համազօրակցում ենք Կոռնելի համալսարանի հետ, որտեղ 2020 թ.-ի պատերազմից յետոյ յատուկ խումբ է ստեղծուել մշակութային ժառանգութեան հարցով, որով արբանեակային նկարներով հետեւում են Արցախի յուշարձանների վիճակին։ Այդ աշխատանքը շատ վաղուց արւում է, մոնիտորինգը ներկայացւում է նաեւ ատրպէյճաներէն ու ռուսերէն մեդիահարթակներով: Յաճախ ենք միմեանց հետ նիւթերով փոխանակում:

Հարկ ենք համարում նշել, որ «Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում» (MONUMENT WATCH) ծրագիրը նախաձեռնել են Համլետ Պետրոսեանը (Երեւանի պետական համալսարան) եւ Աննա Լէյլոյեան-Եկմալեանը (Արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութիւնների պետական ինստիտուտ, INALCO, Փարիզ): Խմբի մէջ ներգրաւուած են հնագէտներ, ճարտարապետներ, մշակութաբաններ, հայագէտներ, մեդիա եւ ինտերնետ մասնագէտներ, թարգմանիչներ: Եւ այս խումբը հետեւողականօրէն դիտարկում է Արցախի մշակութային ժառանգութեան վիճակն ու փոփոխութիւնները, այն ներկայացնում եւ մեկնաբանում է մասնագիտական գիտելիքի եւ ակադեմիական բարեվարքութեան սահմաններում:

– Մեր հիմնական նպատակներից է 44-օրեայ պատերազմի արդիւնքում Արցախի հանրապետութեան` Ատրպէյճանին անցած տարածքների եւ արցախա-ատրպէյճանական սահմանային գօտու անշարժ մշակութային ժառանգութեան, թանգարանների, մշակութային օճախների քարտէզագրումը եւ գոյքագրումը (վիճակը մինչեւ պատերազմը), ընթացիկ վիճակին հետեւելը եւ փոփոխութիւնների վաւերացումը (աւերում, ձեւափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրութիւնների ջնջում ու փոփոխում, նոր սիմպոլների կիրառում եւ այլն), եւ այդ ամէնը միջազգային գիտական ու մշակութապահպան հանրութեանը ներկայացնելը:

Սահմանային յուշարձանների հետ կապուած դոկտոր Եասմին Դում-Թրագուտը եւ մեր Հայկուհի Մուրատեանը նախաձեռնել են մի մեծ ծրագիր, որը գիտպետկոմը հաստատել է, եւ հիմա աշխատում ենք այդ ուղղութեամբ: Այո, ունենք համագործակցութիւն: Բայց ասել, թէ կայ մի կառոյց, որն օրնիբուն լծուած է այդ աշխատանքին՝ գոյութիւն չունի:

– Բացի Եունեսքոյից կան միջազգային այլ կառոյցներ եւս: Դրանցից է Միջազգային «Կապոյտ Վահանը», որը ղեկավարում է Աւստրիայի Հաբսբուրգների դինաստիայի ժառանգը: Արդէն ծրագրեր ունեն զբաղուելու նաեւ Արցախի յուշարձանների ճակատագրի խնդրով: Համագործակցո՞ւմ էք այս կառոյցի հետ, որտեղ գործում է նաեւ հայ ժողովրդի աւստրիացի բարեկամ դոկտոր Եասմին Դում-Թրագուտը::

– Ընդհանրապէս «Կապոյտ Վահանը», ըստ էութեան, ուղղուած է առանձին երկրների համապատասխան կառոյցներին: Այս կառոյցը ներկայ դրութեամբ չի կարող հանդէս բերել որեւէ նախաձեռնութիւն, որն ուղղուած է Արցախի յուշարձանների պաշտպանութեանը: Նրանց հիմնական խնդիրն է մե՛ր զինուորականներին, մե՛ր համապատասխան կառոյցներին սովորեցնել, թէ ինչպէս վարուել յուշարձանների հետ յատկապէս սահմանային գօտում: Կառոյցը հիմա ստեղծման ընթացքում է: Դոկտոր Եասմին Դում-Թրագուտը այս ուղղութեամբ մեծ ջանքեր է գործադրում, որը, յուսով եմ, կը պսակուի յաջողութեամբ: Բայց մտածել, որ այս կառոյցը կ’օգնի Արցախի յուշարձանների պահպանութեանը, հազիւ թէ…

– Յարգելի ՛ փրոֆեսոր, համացանցում՝ դիմագրքի Ձեր էջում ընթերցողը մշտապէս ի վեր հնարաւորութիւն է ունեցել տեսնելու Արցախի պատմամշակութայաին ժառանգութեան մասին հարուստ նիւթեր: Ձեր գրառումներից մէկն եմ ուզում յիշատակել. «Երբ Արցախը բնաջնջում էր թշնամին, ամերիկեան ոչ մի նաւ կամ նաւակ, ֆրանսիական ոչ մի հրաձիգ հայեացքն անգամ չուղղեց դէպի մեզ: Հասկանում ե՞ս, թէ ինչ է նշանակում դաշնակից, կամակից կամ բարեկամ, ով միայնակ մոլորեալ»: Ո՞րն է պատճառը Ձեր գնահատմամաբ, որ «քաղաքակիրթ» աշխարհը այդպէս էլ երբեք չկանգնեց քաղաքակրթութիւն կրող ժողովուրդների կողքին, եւ այսօր վտանգուած է նաեւ Արցախի պատմամշակութային ժառանգութիւնը:

– Դժուար է որեւէ բան ասելը: Մի բան կարող եմ ասել. գլխաւոր պատճառը մեր անկազմակերպուածութիւնն էր, ազգային համակարգ ստեղծելու մեր անկարողութիւնն էր, ազգակցական-ընկերական համակարգերին առաջնութիւն տալու հայկական «ֆենոմենը», որը խանգարեց կերտել ամուր, կուռ պետութիւն… Աշխարհում թոյլերին չեն սիրում ու չեն յարգում:

– Արցախի շուրջ տասն ամսեայ շրջափակումից յետոյ տեղի ունեցաւ հայաթափումը: Արցախը զրկուեց իր բնիկ տիրոջից: Եւ Դուք շատ կարեւոր ու ազդեցիկ գրառում էիք արել՝ ներկայացնելով Ամարասի վանքի քարերից մէկի վրայ արուած մի արձանագրութիւն. «Ամարաս. Դաս Ա. ԲԳԴ». Այդպէս էլ չսովորեցինք պատմութեան դասերը»: Մեր ազգային գիտակցութեան մէջ որտե՞ղ պիտի տեղաւորենք ու ամրապնդենք այդ դասերը, որ Արցախը չմնայ որպէս Էրգիր ու կարողանանք պայքարել ու դատապարտուած չլինենք որպէս ազգ:

– Արցախը արդէն իսկ Էրգրի կարգավիճակում է: Եւ ներկայ գործընթացները որեւէ նշոյլ անգամ չունեն՝ յուսալու, որ այդպէս չի դառնալու: Կարեւոր դասն այն է, որ մարդը պիտի ի՛ր ազգը, ի՛ր ժողովուրդը կարողանայ դարձնել ամուր, կարգապահ գաղափարական հանրոյթ, այլ ոչ թէ ընտանեկան, հայրենակցական համայնք: Ինչի՞ պիտի տարիներ շարունակ խօսենք «ղարաբաղեան կլանի» մասին: Որտե՞ղ է հայ ժողովուրդը: Ինչո՞ւ պիտի խօսենք տարբեր ընտանիքների հարստացման մասին: Ինչո՞ւ պիտի խօսենք դաւաճանական պահուածքի մասին, որ ունեցել են ղեկավարները՝ թուլացնելով պետութիւնը, բանակը՝ ստեղծելով կաշառակերական համակարգը: Այս բոլորը պատմութեան դասեր չեն, ապա ի՞նչ են: Եւ ոչ ոք դրանից դասեր չի քաղում: Անգամ ամենածանր պայմաններում շատերը չհրաժարուեցին այդ կեցուածքից: Երեւի մենք՝ հայերս այդպէս էլ չենք սովորում ապրել որպէս հանրոյթ…

– Ի՞նչ գնահատական կը տաք ՄԱԿ-ի Ախ-ում տեղի ունեցած վերջին նիստին, որտեղ հնչեցին կարեւոր դիրքորոշումներ, որ Ատրպէյճանը պարտաւոր է ոտնձգութիւններ չկատարել հայկական մշակութային յուշարձանների նկատմամաբ, եւ որ հայերը ունեն Հայրենիք վերադառնալու իրաւունք: Ինչպէ՞ս հետամուտ լինել մեր իրաւունքին…

– Իրաւունքը՝ ուժն է: Ատրպէյճանն իրաւունք ունէ՞ր հայերին այնտեղից բռնի քշելու: Ի հարկէ, ոչ: Հայերն իրաւունք ունեն վերադառնալու իրենց հայրենիք: Բայց արդեօ՞ք ունենք այդ ուժը: Ո՛չ: Մնացեալը սին խօսակցութիւն է, որը մեզ այս պահին ոչինչ չի տալիս: Պէտք է դառնալ ուժ…

Յ.Գ. Երեւանի Պետական համալսարանի Պատմութեան ֆակուլտետի Մշակութաբանութեան ամպիոնում փրոֆեսոր Համլետ Պետրոսեանի ղեկավարութեամբ աշխատանքները ոչ օր ու ժամ կանգ չեն առնում: Ներդրւում են անմնացորդ ջանքեր, որ կարողանանք աշխարհին ներկայացնել ճշմարտութիւնը: Կատարւում է հսկայական աշխատանք: Եւ այս զրոյցը վարելու ընթացքում դարձեալ յիշեցի փրոֆեսորի գրառումներից մէկը. «Գանձասարի հրեշտակները, յուշակապարիկներն ու սրբերը: Չգիտեմ՝ մե՞նք լքեցինք նրանց, թէ՞ նրանք՝ մեզ»: Այս հարցի պատասխանը մեր մէջ փնտռելով ՝ պէտք է հանդէս բերենք համազգային համախմբուածութիւն եւ բոլորս լինենք այսպիսի նուիրական ձեռնարկների կողքին: Թշնամին արդէն Շուշին հռչակել է 2024 թուականի իսլամական աշխարհի մայրաքաղաք, որը ինչի առթիւ վերը նշուած կայքում Համլետ Պետրոսեանի ու նրա ղեկավարած թիմի կողմից տեղ է գտել համապատասխան արձագանգ. «…Շուշի քաղաքը միայն մահմետական աշխարհին վերագրելը ակնյայտօրէն ժխտում է նաեւ արցախահայ հանրոյթի մշակութային իրաւունքները, որով նրանք ունեն թէˊ կեանքի, թէˊ իրենց ստեղծագործ մտքի արդիւնքում ստեղծուած ժառանգութեան պահպանութեան իրաւունք, որը կարող է ընդգրկել նաեւ ոչ նիւթական տիրոյթը (աւանդոյթ, պատկերացումներ, հաւատալիքներ, մշակութային յիշողութիւն եւ այլն) ինչպէս հաստատուած է Միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերում»:

Հարցազրոյցը վարեց՝ Յասմիկ Պօղոսեան

«Հորիզոն»

Comments are closed.