ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի յայտարարութիւնը
1905
0
Սոյն թուականի փետրուարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի ունեցաւ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատուիրակները քննարկեցին և արժևորեցին համահայկական կառոյցի հաշուետու ժամանակաշրջանի գործունէութիւնը, ուղենշեցին ՀՅԴ առաջիկայ քառամեակի ռազմավարութիւնը՝ որդեգրելով քաղաքական գործունէութեան առաջնահերթութիւններն ու հիմնական ուղղութիւնները։
Ժողովը արձանագրեց, որ.
- Ողջ հայութիւնը, Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնները, յայտնուել են մեր նորագոյն պատմութեան ճակատագրական փուլերից մէկում, որն աննախադէպ սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանութեան եւ անվտանգութեան համար։
• ՀՀ Իշխանութիւնների որդեգրած ապազգային քաղաքականութիւնը, արտաքին եւ ներքին ճակատներում առաջ եկած մարտահրաւէրներին անհամարժէք արձագանգն ու սխալ գործողութիւնները յանգեցրել են 44-օրեայ աղիտալի և կորստաբեր պատերազմի՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների համար ստեղծելով լինելիութեան վտանգ։
• ՀՀ Իշխանութիւնները խորացրել են ներազգային պառակտումներն ու ջրբաժանները, որոնք ուղեկցւում են քաղաքական հետապնդումներով, բանտարկութիւններով եւ ճնշումներով։ Փլուզուած է Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդւում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները։
• Սփիւռքը բազմաթիւ աշխարհաքաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններով թելադրուած, համազգային պառակտման եւ յատկապէս 44-օրեայ պատերազմում պարտութիւնից եւ յետպատերազմեան զարգացումներից յետոյ գտնւում է յուսալքութեան, ահռելի դժուարութիւններ յաղթահարելու եւ ելքերի փնտռտուքի փուլում, որն հարկ է հունաւորել ու արդիւնաւորել։
• Տարածաշրջանում ակտիւացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ Հայաստանի իշխանութիւնները դադարել են լինել Արցախի Հանրապետութեան և արցախահայութեան անվտանգութեան երաշխաւորը։
ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց, որ. - Ստեղծուած իրավիճակը և հայկական զոյգ պետութիւնների վտանգուած հեռանկարը հնարաւոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով, Հայաստան-Սփիւռք-Արցախ եռամիասնական ներուժով։
• Հայութեան ներուժի, ազգային արժէքների նահանջի պայմաններում Դաշնակցութիւնը պարտաւոր է ստանձնել ազգային նպատակներ բանաձևողի, ապազգային իշխանութիւններին երկրի ղեկավարումից հեռացնելու գործընթացի որոշիչ դերակատարութիւնը։
• Սփիւռքը իբրեւ գլխաւորաբար Հայոց Ցեղասպանութեան ծնունդ, Արեւմտահայաստանի կորուստի արդիւնք եւ արեւմտահայերէնի պահպանման կռուան՝ ռազմավարական նշանակութիւն ունի հայութեան մղած պայքարի համար: Անհրաժեշտ է նոր աւիւն ներարկել Սփիւռքի առաւել կազմակերպման եւ համահայկական քաղաքական նպատակների իրականացման պայքարին։
• Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների հնարաւոր հաստատումը չի կարող լինել ի հաշիւ Հայաստանի, Արցախի եւ համայն հայութեան օրինաւոր եւ անժամանցելի իրաւունքների:
• Արցախում ստեղծուած նոր կացութիւնը անհրաժեշտութիւն է առաջացնում պայքարի նոր մօտեցումների եւ ռազմավարութեան որդեգրման՝ մեկնակէտ ունենալով արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի լիարժէք իրացումը։
• ՀՅԴ-ն իր ողջ ներուժով, համահայկական կառոյցի կարողականութեամբ և նուիրումով ձեռնամուխ է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների անվտանգութեան, տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան, կայունութեան ու զարգացման ապահովման եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ու ընկերային արդարութեան հաստատման աշխատանքներին։
• ՀՅԴ-ն հաւատարիմ Հայ Դատի պայքարին՝ հանդէս է գալու ցանկացած գործընթացի դէմ, որը կը հակասի 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունուած ՀՀ անկախութեան եւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին հրապարկուած Համահայկական Հռչակագրերին։
• Ապազգային քաղաքականութիւն վարող և երկրին ծանր կորուստների բերած իշխանութիւնների հեռացումը առաջնահերթ օրակարգ է և կուսակցութիւնը շարունակելու է ընդլայնել հունաւորուող ազգային դիմադրութեան շարժումը:
ՀՅԴ-ն իր համահայկական կառոյցով եւ համակիրների աջակցութեամբ վճռական է իրականացնելու որդեգրած ուղեգիծն ու ռազմավարութիւնը։
ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողով
8 Մարտ, 2022