ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների գործունէութեան ամփոփագիր (Նոյեմբերի 15 – Դեկտեմբերի 25, 2024 թ․)
Ամփոփուող ժամանակահատուածում նոյնպէս ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքները շարունակել են կեդրոնացած մնալ արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման, գերիների ազատ արձակման, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութեան, Հայաստանում արցախահայութեան սոցիալ-տնտեսական օժանդակութեան, ատրպէյճանական էթնիկ զտման քաղաքականութեան որպէս այդպիսին բնորոշման եւ այլ ուղղութիւններով։
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Պաքուում անցկացուող COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիեւի կառավարութեան կողմից ճնշումների եւ ահաբեկումների պայմաններում, ամերիկեան սենատորներ Էդ Մարքին եւ Շելդոն Ուայթհաուսը, ինչպէս նաեւ Կոնգրեսի հայկական յանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնը բարձրաձայնել են Արցախի էթնիկ զտումների ենթարկուած հայ բնակչութեան վերադարձի իրաւունքի իրացման եւ հայ գերիներին անյապաղ ազատ արձակելու անհրաժեշտութիւնը։
Նոյեմբերի 16-ին Պաքուում COP 29-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան ատրպէյճանցի լրագրողի հարցին՝ թէ ինչու ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառել Հայաստանի նկատմամբ, սենատոր Ուայթհաուսը պատասխանել է. «Մենք շատ ենք ցաւում, որ տեղի է ունեցել այդքան մեծ թուով հայերի տեղահանում։ Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզումից, որ հայերն են դրա մեղաւորը։ Եւ ես, ինձ հիւրընկալողների տանը չեմ ուզում անդրադառնալ մարդու իրաւունքների հարցերին, բայց եթէ դա անեմ՝ հաճոյախօսութիւն չի լինի։ Մենք կարծում ենք՝ քաղբանտարկեալները պէտք է ազատ արձակուեն։ Կարծում ենք՝ պէտք է լինի հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրաւունք։ Եւ մենք կարծում ենք՝ Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ պէտք է կնքուի խաղաղութեան պայմանագիր»:
Արդէն Ուաշինկթոն վերադառնալուց յետոյ՝ Հոկտեմբերի 18-ին, Կապիտոլիումի բարձունքում հրաւիրուած մամուլի ասուլիսին կոնգրեսականները մանրամասներ են ներկայացրել Ատրպէյճանի կողմից մարդու իրաւունքների խախտումների լայնածաւալ վատթարացումների եւ COP 29-ի ժամանակ իրենց անձնական անվտանգութեանը վերաբերող սպառնալիքների վերաբերեալ:
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի դաշնային, շրջանային եւ նահանգային ղեկավարները, ինչպէս նաեւ Հայ դատի համակարգին կից գործող մի շարք կազմակերպութիւնների ներկայացուցիչներ Նոյեմբերի 23-ին Գալիֆորնիայում, Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարան-թանգարանում քննարկել Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններն ու գործունէութեան հիմնական ուղղութիւնները 2024 թ․ ընտրութիւններից յետոյ։ Մասնաւորապէս ուշադրութեան կեդրոնում են եղել ինչպէս Սպիտակ տան վարչակազմի, այնպէս էլ կոնգրեսականների հետ աշխատանքի առաջնահերթ ուղղութիւնները, յատկապէս այն կոնգրեսականների հետ, ովքեր ընտրութիւնների ընթացքում վայելել են Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի սատարումը։ Այդպիսի թեկնածուների շուրջ 90 % -ը ընտրապայքարն աւարտել է յաջողութեամբ։
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Ուաշինկթոնի կեդրոնական գրասենեաի կողմից ներկայացուել է կազմակերպութեան ռազմավարական առաջնահերթութիւնները գալիք վարչակազմի եւ Կոնգրեսի յաջորդ նստաշրջանի համար: Դրանք ներառում են Ատրպէյճանի եւ Թուրքիայի կողմից վերսկսուած հակահայկական ագրեսիայի զսպումը, արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացումը, ապօրինի կալանաւորուած հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակումը, հայ փախստականներին մարդասիրական օգնութեան տրամադրումը, Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը եւ Արցախում իրականացուած էթնիկ զտման ցեղասպանական գործողութիւնների համար Ալիեւի ռեժիմին պատասխանատուութեան ենթարկումը։
Մասնաւորապէս, կարեւորուել է Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի (907-րդ բանաձեւ) կիրարկման ապահովումը, Ատրպէյճանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութեան բացառումը, ատրպէյճանցի պատերազմական յանցագործների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառումը, Ատրպէյճանի կողմից իրագործուած պատերազմական յանցագործութիւնների ամերիկեան յետաքննութիւնը, Հայաստանին տրամադրուող մարդասիրական բնոյթի օժանդակութեան աւելացումը, Ատրպէյճանում մարդու իրաւունքների սարսափելի պատկերի վերաբերեալ ամերիկեան պատշաճ արձագանգի ապահովումը եւ այլն։
Ամերիկեան սենատորներ Գարի Փեթերսը եւ Բիլ Քեսիդին Դեկտեմբերի կէսերին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ատրպէյճանի կողմից Արցախի էթնիկ զտումները, կոչ է անում Ալիեւի ցեղասպան ռեժիմի դէմ նպատակային պատժամիջոցներ սահմանել, պահանջում անյապաղ ազատ արձակել ապօրինի գերութեան մէջ պահուող հայերին, ինչպէս նաեւ ԱՄՆ կառավարութեանը յորդորում է դադարեցնել ռազմական օգնութիւնն Ատրպէյճանին եւ օժանդակել միջազգային պատշաճ պաշտպանուածութեամբ՝ արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացմանը։
Ներկայացուած բանաձեւով մասնաւորապէս առաջարկւում է՝
1. Արցախահայութեան շրջափակումն ու հետագայ ռազմական գործողութիւնները որակել որպէս էթնիկ զտում։
2. Նպատակային պատժամիջոցներ սահմանել Արցախում հայ բնակչութեան դէմ յանցագործութիւններում ներգրաւուած ատրպէյճանցի պաշտօնեաների դէմ։
3. Արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման համար միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրում, ինչն ի զօրու կը լինի կանխել նրանց նկատմամբ հերթական ագրեսիան։
4. Ամերիկեան օժանդակութեան տրամադրում՝ Հայաստանում արցախահայութեան կարիքները պատշաճ հոգալու համար։ Նոյն նպատակով ամերիկեան կառավարութեան կողմից միջազգային ջանքերի առաջնորդում։
5. Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի (907-րդ բանաձեւ) կիրարկում։
6. Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեանն աջակցութիւն՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերութեան զարգացում անվտանգութեան ոլորտում։
7. Ամերիկեան դիւանագիտութեան յաւելեալ ակտիւութիւն Հարաւային Կովկասում՝ նպաստելու Ատրպէյճանի կողմից անարդարացիօրէն բանտարկուած բոլոր հայերի ազատ արձակմանը:
8. Ամերիկեան դիւանագիտութեան յաւելեալ ակտիւութիւն՝ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան գործում։
Բանաձեւի տեքստում յատուկ անդրադարձ կայ հայ ռազմագերիների խնդրին՝ պահանջելով ամերիկեան միջնորդութիւն վերջիններիս ազատ արձակման միջազգային ջանքերում։
Վերջին շրջանում Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակական աշխատանքներ է սկսել յօգուտ արցախահայութեան վերադարձի իրաւունքի պաշտպանութեան հանդէս եկող միջազգային ու հայկական կազմակերպութիւնների ու հեղինակաւոր անհատ գործիչների աշխատանքներն առանձին հարթակով հանրահռչակելու ուղղութեամբ։
Եւրոպա
Պաքուում ընթացող COP 29-ի առիթով Պելճիքայի Դաշնային, Ֆլանդրիայի, Վալոնիայի եւ Պրուքսէլի խորհրդարանների 20 անդամներ դիմել են Ատրպէյճանի կառավարութեանը եւ COP 29-ին մասնակից Պելճիքայի կառավարութեան պատուիրակութեանը` երեք հիմնական պահանջներով. Ազատութիւն Ատրպէյճանում գտնուող հայ ռազմագերիներին, Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն եւ ատրպէյճանական ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետութեան բռնագրաւուած տարածքից, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան դէմ ատրպէյճանական ցանկացած ագրեսիայի զսպում։
Յայտարարութիւնը ստորագրուել է Պելճիքայի հիմնական քաղաքական կուսակցութիւնների կողմից՝ MR, Les Engagés, DéFI, N-VA, CD&V, Vooruit եւ Groen։ Առաջին երեքի դէպքում յայտարարութիւնը ստորագրել են անձամբ կուսակցութիւնների ղեկավարները։ պելճիքացի քաղաքական գործիչները նախ շեշտում են, որ իբրեւ COP 29-ը ընդունող երկիր՝ Ատրպէյճանը պարտաւոր է շօշափելի հաւատարմութիւն ցուցաբերել մարդու իրաւունքների, մարդու արժանապատուութեան եւ արդարութեան հիմնարար սկզբունքներին։ Այնուհետեւ նրանք նշում են իրենց պահանջները՝ յիշեցնելով 2020 թուականի Դեկտեմբերի 16-ից յետոյ Պելճիքայի Դաշնային, Ֆլանդրիայի եւ Վալոնիայի խորհրդարանների կողմից ընդունուած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ բանաձեւերը։
«Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակը Նոյեմբերի 21-ին գումարել է առցանց հանդիպում՝ Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Հոլանտայի, Չեխիայի, Պելճիքայի, Զուիցերիայի, Շուէտի, Դանիայի, Բուլկարիայի եւ Ֆրանսայի հայ համայնքների ներկայաուցչական մարմինների պատասխանատուների եւ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի անձնակազմի մասնակցութեամբ։ Յարգելի պատճառներով հանդիպմանը չեն մասնակցել Յունաստանի, Ռումինիայի եւ Փորթուկալի ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի կողմից ստեղծուած Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը եւ յանձնախմբի անդամ Արմինէ Ալեքսանեանը։
Քննարկման ընթացքում կարեւորուել է նաեւ վերադարձի իրաւունքի իրացման գործում համահայկական ուժերի զօրաշարժի անհրաժեշտութիւնը, անդրադարձ է կատարուել ներկայումս Հայաստանի իշխանութիւնների կողմից այս հարցի հետապնդման բացակայութանը։
Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դէմ, 89 ձեռնպահ ձայներով Եւրոպական խորհրդարանը ընդունել է Ատրպէյճանում քաղաքացիական հասարակութեան եւ անկախ լրատուամիջոցների շարունակական ճնշման վերաբերեալ բանաձեւ։ Այս քուէարկութեանը նախորդել էր Դեկտեմբերի 18-ին նոյն թեմայով խորհրդարանական քննարկումը:
Եւրոպական խորհրդարանի անդամները խստօրէն դատապարտել են Ալիեւի վարչակարգի կողմից մամուլի ազատութեան եւ այլախոհութեան ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանութիւններին նպատակաուղղուած պատժամիջոցներ սահմանել Ատրպէյճանի պաշտօնեաների դէմ, ովքեր խախտում են մարդու իրաւունքները։ Խորհրդարանն առաջարկում է նաեւ կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերութեան մասին 2022 թ․ փոխըմբռնման յուշագիրը։ Բանաձեւում խորհրդարանականները պնդում են՝ Ատրպէյճանը պէտք է «անվերապահօրէն ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով ձերբակալուած իրաւապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական եւ քաղաքական գործիչներին, վերացնի նրանց դէմ ուղղուած բոլոր մեղադրանքները»։
Մեկնաբանելով բանաձեւը՝ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը նշել է. «Այս բանաձեւը ընդգծում է ԵՄ գործադիրի կողմից համապարփակ եւ արդիւնաւէտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտութիւնը՝ Ալիեւի վարչակարգին յետ պահելու իր բռնաճնշումների եւ անարդարութեան քաղաքականութիւնից։ Ընդդիմադիր գործիչների եւ լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումները եւ անմարդկային պայմանները, որոնցում կալանաւորւում են քաղբանտարկեալները, այդ թուում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախկին ղեկավարները եւ այլ կեղծ գործերով բանտարկուած հայերը, ներկայացնում են Եւրամիութեան հիմնարար սկզբունքների եւ արժէքների խախտում։ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախումբը յանձնառու է ապահովել, որ այս արժէքները պաշտպանուեն, եւ մենք կը շարունակենք մեր գործողութիւններում ընդգծել մամուլի ազատութեան, արդարադատութեան եւ մարդու իրաւունքների միջազգային սկզբունքները»։
Աւստրալիա
Նոյեմբերի երկրորդ կէսին Հայ դատի Աւստալիայի յանձնախմբի առաջիկայ աշխատանքների ապահովման համար Մելպոռնում եւ Սիտնիում անցկացուած հանգանակութիւնների արդիւնքում հաւաքուել է շուրջ 155․000 տոլար։ Հանգանակութեան երեկոներին մասնակցել են շուրջ 200 հիւրեր՝ այդ թուում դաշնային ու նահանգային քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ, համայնքային ղեկավարներ, Հայ դատի նշանաւոր բարեկամներ։
Դեկտեմբերի կէսերին Աւստրալիայի ֆետերալ խորհրդարանի պատգամաւորներ Մայքլ Սուքարը եւ Փոլ Ֆլեթչերը դիմել են ատրպէյճանական իշխանութիւններին՝ համապատասխանաբար նախագահ Բակօ Սահակեանի եւ Դաւիթ Իշխանեանի անազատութեան պայմանների, նրանց ընդհանուր վիճակի մասին տեղեկութիւններ խնդրելով, միաժամանակ պահանջելով Ատրպէյճանում պահուող բոլոր հայ գերիների անյապաղ ազատ արձակում։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակ
27 Դեկտեմբեր 2024 թ․
Comments are closed.