ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի հոկտեմբերին իրականացրած հիմնական աշխատանքների ամփոփագիր
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի, ՀՀ ԳԱԱ Պատմութեան եւ Արեւելագիտութեան ինստիտուտների եւ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամի համակազմակերպմամբ՝ հոկտեմբերի 19-21-ը Երեւանում անցկացուեց «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրեայ միջազգային գիտաժողով՝ նուիրուած 1921 թ. Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին։
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը, մասնաւորապէս խստօրէն դատապարտել է Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկուայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնի եւ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթիու Բրայզայի խնդրայարոյց յայտարարութիւնները։ Գրասենեակը արձանագրել է, որ ադրբեջանական կողմը, միջազգային սաստկացող ճնշումների եւ վերահաս պատժի անխուսափելիութեան հեռանկարի ֆոնին, ձեռնամուխ է եղել իր արարքների միջազգային լեգիտիմութեան պատրանքի ձեւաւորմանը` այդ գործում փորձելով ներառել հնարաւորինս հնչեղ անուններ։ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը միջազգային ամենատարբեր գործընկերներից եւ հոգեւոր կառոյցների պետերից ակնկալում է՝ իրենց իրաւասութիւնների սահմաններում կանխել կարեւոր հանգամանքներ զբաղեցնող անձանց ներգրաւումն ադրբեջանական քարոզչամեքենայում։
Ամերիկայի Միացեալ նահանգներ
Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գործողութիւնների արդիւնքում եւ Կոնգրեսմեն Ջիմ Կոստայի առաջնորդութեամբ մի խումբ կոնգրեսականներ դիմել են նախագահ Բայդէնին՝ Հայաստանին 5 մլն դեղաչափ պատուաստանիւթ տրամադրելու համար, որպէսզի երկիրը կարողանայ մեղմել համավարակի հետեւանքները։
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առանցքային յանձնաժողովներին կոչ է արել ԱՄՆ պետդեպարտամենտի եւ յարակից գործակալութիւնների նկատմամբ գործադրել կոնգրեսական վերահսկողութեան միջոցներ եւ հետաքննել ԱՄՆ-Հայաստան երկկողմանի եւ տարաշաշրջանային քաղաքականութեան համակարգային անյաջողութիւնները։ Համապատասխան գրութիւնը հոկտեմբեր 7-ին Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէսին, Ներկայացուցիչների պալատի արտաքին յանձնաժողովի նախագահ Գրեգ Միքսին եւ առանցքային այլ յանձնաժողովների անդամներին է ուղարկել Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը։ Հետաքննութեան արդիւնքում պէտք է վերանայուի ԱՄՆ պետդեպարտամենտի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան վարքագիծը՝ Հայաստանի հետ յարաբերութիւններում։
Հայ Դատի յանձնախմբի հաղորդմամբ՝ ԱՄՆ Սենատի յատկացումների յանձնաժողովը հոկտեմբերի 20-ին հաւանութիւն է տուել Արցախի ականազերծման ծրագրերի օժանդակմանը՝ 2022թ․ ֆիսկալ տարուայ համար։
Հայ Դատի ԱՄՆ Արեւելեան ափի յանձնախումբը հոկտեմբերի 23-ին անցկացրել է ամենամեայ աւանդական գալլա ընթրիք, որին մասնակցել են համայնքային կեանքում եւ հայութեան շահերի պաշտպանութեան գործում ակտիւութիւն դրսեւորած հարիւրաւոր մարդիկ։ Ընթրիքի ընթացքում կայացել է նաեւ մրցանակաբաշխութիւն եւ անցնող տարուայ ընթացքում Հայ Դատի պաշտպանութեան գործում կարեւոր արդիւնք արձանագրած գործիչները պարգեւատրուել են։
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը եւ ԱՄՆ-ում գործող յունական, քրդական, հնդկական եւ մերձաւորարեւելեան կազմակերպութիւնները, հոկտեմբերի 28-ին համատեղ դիմել են ԱՄՆ Սենատի ղեկավարութեանը՝ կոչ անելով արգելանք դնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F16 կործանիչների վաճառքի ծրագրի վրայ։
Գանատա
ՀՅԴ Հայ Դատի Գանատայի յանձնախումբը ուրախութեամբ տեղեկացնում է, որ Հայ Դատի յանձնախմբի ջերմ բարեկամներ Մելանի Ջոլին եւ Մարի Էնջին նշանակուել են համապատասխանաբար Գանատայի արտաքին գործերի եւ տնտեսական բլոկի նախարարներ։ Հայ Դատի Գանատայի յանձնախումբը շարունակելու է օգտագործել իր քաղաքական յարաբերութիւնների ամբողջ ներուժը՝ Հայաստան-Կանադա յարաբերութիւնների զարգացման եւ հայութեան շահերի պաշտպանութեան գործում։
Հայ Դատի Գանատայի յանձնախումբը հաղորդում է, որ գանատական Telemus Systems ընկերութիւնը յայտարարել է իր սնանկացման մասին։ Սա այն ընկերութիւնն է, որի տեսանկարահանման եւ կրակի կառավարման համակարգերը կարեւոր նշանակութիւն են ունեցել թուրքական «Բայրակթար» անօդաչուների արդիւնաւէտութեան համար։ Անօդաչուների կիրառումից անմիջապէս յետոյ, ՀՅԴ Հայ Դատի Գանատայի յանձնախմբի ջանքերով գանատական կառավարութիւնը դադարեցրել է Թուրքիային ռազմական նշանակութեան արտադրանքի վաճառքը, ինչի արդիւնքում էլ, փաստօրէն, յիշեալ ընկերութիւնը սնանկացել է։
Եւրոպա
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը հոկտեմբերի 26-ին յայտարարութիւն է տարածել, որով խստիւ դատապարտել է յայտնի թուրք իրաւապաշտպան Օսման Քաւալայի անօրինական ձերբակալութիւնը։ Կարապետեանն անընդունելի է համարել առանց դատական քննութեան Քաւալային ահաբեկիչ անուանելու Էրդողանի քայլը եւ եւրոպական ղեկավարութեանը կոչ արել վերջ տալ Թուրքիայում քաղաքացիական հասարակութեան ակտիւիստների նկատմամբ հետապնդումների հարցում լռութեանը։
Աւստրալիա
Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի քաղաքական հետաքրքրութիւնների շրջանակում գտնուող առանցքային հարցեր են քննարկուել Աւստրալիայի Խորհրդարանում, հոկտեմբերի երկրորդ կէսին։ Մասնաւորապէս, Արցախեան հիմնախնդրին են անդրադարձել խորհրդարանականներ Ջոն Ալեքսանդրը եւ Ջոէլ Ֆիցգիբոնը, ով Աւստրալիայի պաշտպանութեան նախկին նախարարն է եւ Հայաստան-Աւստրալիա խորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահը։ Վերջինս բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից իրականացուող բռնութիւնների դէմ Աւստրալիայի կողմից հասարակական եւ պետական արձագանգի անհրաժեշտութեան մասին։ Ջոն Ալեքսանդրն էլ իր հերթին խորհրդարանին տեղեկութիւններ է ներկայացրել Արցախի վրայ ադրբեջանական նախկին եւ յընթացս յարձակումների վերաբերեալ։
Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբից նաեւ հաղորդում են, որ սենատոր Պետէր Վիշ Վիլսոնը հանդէս է եկել հայերի, յոյների եւ ասորիների ցեղասպանութիւնները ֆեդերալ մակարդակով ճանաչման կոչով։
Լիբանան
Քաղաքական-յարաբերական աշխատանքների շրջանակում ՀՅԴ Հայ Դատի Լիբանանի մարմինը հոկտեմբերի 6-ին, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծուած ագրեսիայի առաջին տարելիցի առթիւ, նամակներ է յղել Լիբանանում հաւատարմագրուած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ ԵԱՀԿ-ն նախագահող Շուեդի եւ այլ երկրների դեսպանութիւններին։ Ի թիւս այլնի՝ բարձրաձայնուել է Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքի իրացման ճանաչման անհրաժեշտութիւնը՝ որպէս հակամարտութեան համապարփակ կարգաւորման գրաւական։
Նոյն աշխատանքների շրջանակում Հայ Դատի Լիբանանի մարմինը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լիբանանում Շուեդ դեսպանութեան առաջին քարտուղարի հետ։ Հայ Դատի մարմնի ներկայացուցիչներն ընդգծել են Արցախեան հիմնախնդրի՝ լուծուած չլինելու հանգամանքը, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի Կանոնադրութեան եւ Հելսինկիի Եզրափակիչ ակտի խախտումները, ինչպէս նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչման, Մինսկի խմբի համանախագահութեան աշխատանքի աշխուժացման եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութեան անհրաժեշտութիւնը։
Հայկական իրաւական կենտրոն (ALC)
Վաշինգտոնում տեղակայուած «Արդարադատութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոն»-ը (ALC) յայտարարել է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերեալ 16 նոր գործերի ներկայացման մասին։ Դրանք վերաբերում են թիւով 20 անձանց, ովքեր անհետացել են ադրբեջանական գերութեան մէջ։ ALC-ն, համագործակցելով Երեւանում գործող «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի» հետ, հիմնաւոր ապացոյցներ է ներկայացրել առ այն, որ այդ անձինք կալանաւորուել եւ գերեվարուել են ադրբեջանական ուժերի կողմից 2020 թուականի արցախեան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկութիւններ չեն հրապարակւել։ Միջազգային հումանիտար իրաւունքի եւ Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիայի համաձայն՝ այդ անհետացումներն «հարկադիր անհետացման» միջադէպեր են, եւ Ադրբեջանը պարտաւոր է հետաքննել ու հրապարակել այդ անձանց վերաբերեալ տեղեկութիւնները:
Միջազգային իրաւունքի համաձայն՝ «հարկադիր անհետացումը» պատերազմական շարունակական յանցագործութիւն է, եւ որպէս այդպիսին՝ այն տեւում է այնքան ժամանակ, քանի դեռ զոհի ճակատագրի եւ գտնուելու վայրի մասին յստակ տեղեկութիւն չի տրամադրուել։ ALC-ի ներկայացրած այս նոր գործերը ՄԻԵԴ-ին մղում են պարտադրելու Ադրբեջանին հետաքննել ոչ միայն այդ անձանց անհետացումները, այլեւ խաղաղ բնակչութեան վրայ Ադրբեջանի համատարած յարձակումների դէպքերը:
Իրաւական այս գործողութիւնների նպատակն է նաեւ ընդգծել, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկութիւններին եւ մինչ այժմ չի ճանաչել նրանց գերութիւնը եւ այդ տեղեկութիւնները չի փոխանցել զոհերի ընտանիքներին:
Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատուամիջոցներին օբիեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
01.11․2021 թ.