ՀՅԴ Հայաստանի ԳՄ շնորհաւորական ուղերձը Հայոց բանակի 30-ամեակի առթիւ
30 տարի առաջ՝ 1992 թ․ յունուարի 28-ին, «Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան վերաբերեալ» պատմական որոշումով ազդարարուեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Այն ծնունդն էր մեր արդար պայքարի, մեր պոռթկած արժանապատուութեան՝ ծառայելու մեր անվտանգութեանն ու պետականութեան ամրապնդմանը։
Հայոց բանակը կոփուեց հերոսական մարտերում՝ դառնալով հզօր ու մարտունակ: Իւրաքանչիւր հայ հպարտ էր իր բանակով և իր զինուորով։ Մեզ միացնում էր այն հաստատ համոզումը, որ Հայրենիքի սահմանին կանգնած զինուորը գիտակցում և ծառայում է վեհ գաղափարի՝ ինքն է հայկական պետութեան և անվտանգութեան հիմնական երաշխաւորը:
Հայոց բանակն ու Հայոց պետականութիւնն իրենց կայացման ճանապարհին դժուար փորձութիւններով են անցել, արձանագրել հերոսական էջեր, դիմագրաւել և շարունակում են դիմագրաւել լրջագոյն մարտահրաւէրներ։
Մեր ժողովրդի և բանակի համար այս ծանր օրերին պէտք է գիտակցենք և առաջնորդուենք կամքով և հաւատով, որ մեր նահանջները ժամանակաւոր են, որ մեր բանակն ու զինուորը իւրաքանչիւրիս անվերապահ զօրակցութեան կարիքն ունեն։ Միասնական նուիրումով զօրացնենք մեր ազգային բանակը, սահմանին կանգնած մեր որդիներին հաւատ ու վստահութիւն ներշնչենք սեփական ուժերի և վսեմ առաքելութեան նկատմամբ։
ՀՅԴ-ն, լինելով Հայոց բանակի կազմաւորման ակունքներում, մշտապէս սատարել է Հայոց բանակին։ Մենք դա գործով ենք ապացուցել՝ պետականութեան և հայ զինուորի կողքին կանգնելով Արցախեան ողջ ազատամարտի, նաև 44-օրեայ պատերազմի օրերին։ Մենք դա արել ենք անսակարկ, մեր տասնեակ նուիրեալ ընկերների կեանքի գնով, նրանց հերոսական զոհողութիւններով։ Այսօր էլ կանգնած ենք հայրենիքի և պետականութեան, նրա նուիրեալ գեներալների, սպաների ու զինուորների կողքին և թոյլ չենք տայ նսեմացնել մեր ազգի ու պետութեան անվտանգութեան երաշխաւոր Հայոց բանակը, այն էլ` անվտանգային լրջագոյն սպառնալիքներով լի այս ժամանակներում:
Խոնարհում հայ զինուորին։
Շնորհաւո´ր տօնդ, Հայո՛ց բանակ: Շնորհաւո´ր տօնդ, հա՛յ ժողովուրդ, անկոտրում կամքով դէպի նոր ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ