ՀՅԴ Երեւանի Քաղաքային Կոմիտէի Յայտարարութիւնը
ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէն հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէն մտահոգ է այս օրերին Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացուող գործողութիւնների կապակցութեամբ:
Մենք կողմ ենք քաղաքի կեդրոնում կանաչ տարածքների վերականգնմանը, սակայն քաղաքային իշխանութիւնների թիրախաւորուած շտապողականութիւնը եւ շահեր ձեռք ձգելու բացայայտ ամբոխավարական քայլերը` կանաչ տարածքների վերականգնման քողի տակ, մեզ անհանգստացնում են:
Գնահատելի կը լինէր, եթէ քաղաքային իշխանութիւնները նոյն ջանասիրութեամբ լծուէին մեր քաղաքի բացայայտօրէն աւելի կարեւոր խնդիրներու լուծմանը, ինչպէս օրինակ` երթեւեկութեան համակարգը, վերելակաշինութիւնը, աղբահանութիւնը եւ այլ առաջնային խնդիրներ: Հինգ ամիսների ընթացքում իրենց իսկ ծրագրի մէջ նշուած դրոյթներից եւ ոչ մէկի իրագործման համար քայլեր չեն արուել: Աւելի՛ն` շարունակւում են նախկինից եկած յոռի երեւոյթները, ինչպէս օրինակ Երեւանի պատմական տեսքին մաս կազմող շինութիւնների ոչնչացումը:
Շատ աւելի կենսական է կանաչապատումը սկսել Նորքի անտառներից, քաղաքի ծայրամասերում գտնուող բազմաթիւ զբօսայգիներից, շէնքերի բակերից, որոնք ապօրինի կառուցուած ինքնաշարժների տնակներով վերածուել են ինքնաշարժների կայանատեղիների եւ դարձել վտանգաւոր քաղաքացիների եւ յատկապէս երեխաների համար:
ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէն պնդում է, որ Երեւանի քաղաքային իշխանութիւնները պարտաւոր են ունենալ յստակ մարտավարութիւն` իրենց ցանկացած որոշումից կամ քայլից տուժող Երեւանի քաղաքացուն ապահովագրելու համար: Անընդունելի է հարիւրաւոր քաղաքացիների գործազրկութեանը նման անլրջութեամբ մօտենալը: Ի դէպ, այդ նոյն քաղաքացիների ձայներով են ընտրուել նրանք:
ՀՅԴ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԷ
Երեւան, 17 մարտ 2019