ՀՅԴ ԱԵՄ-Ը ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՄՈՄԵՐՈՎ ԵՐԹ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ փետրուարի 13-ին կազմակերպուել է ճրագներով երթ: Այն նուիրուած էր Արցախեան գոյապայքարի զոհասեղանին իրենց կեանքը զոհած բոլոր հայորդիների սուրբ յիշատակին: Ընտրուած օրն էլ պատահական չէ՝ 33 տարի առաջ հէնց այս օրն է Ստեփանակերտում կայացել Արցախեան գոյապայքարի առաջին հանրահաւաքը:
«Երթ խոնարհումի և հպարտութեան» խորագրով միջոցառումը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Յակոբ եկեղեցու բակից դէպի Եղբայրական գերեզմանոց: Երթը մի պահ կանգնել է Վերածննդի հրապարակում տեղադրուած 44-օրեայ պատերազմի զոհերի լուսանկարների մօտ, վառուել են 88 մոմեր:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերկէյ Շահվերդեանը նշել է, որ Արցախեան շարժումը սկսուեց մայր Հայաստանին վերամիաւորուելու կոչով ու այսօր, անկախ պատերազմի դաժան հետևանքներից, ունենք Արցախի Հանրապետութիւն: «Մենք մեր պայքարը պէտք է շարունակենք՝ անկախ պատերազմի արդիւնքներից: Մենք բոլորս այս ոգեկոչմամբ հաւատով ու վստահութեամբ պէտք է նայենք դէպի առաջ, դէպի ապագայ ու մեր բոլոր ուժերով ջանք թափենք, որպէսզի այդ ապագան դառնայ պայծառ»,- ասել է Սերկէյ Շահվերդեանը:
Մոմերով երթը եզրափակուել է Եղբայրական գերեզմանոցում, որտեղ մատուցուել է հոգեհանգստեան կարգ:
ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ Անի Յովհաննիսեանն իր ելոյթում նշել է, որ մոմավառութեամբ ցանկանում են ոգեկոչել հերոս տղաների յիշատակը.
«Ուզում ենք ասել նրանց: Դուք Ձեր սխրանքով ու անմնացորդ նուիրումով ևս մէկ անգամ ապացուցեցիք, որ ոչինչ չի փոխուել՝ հայը նոյն քաջ ու մարտունակ ռազմիկն է, որ կարող է իր մատղաշ կեանքը զոհաբերել յանուն հայրենիքի, յանուն լուսաւոր ապագայի»,- ասել է Անի Յովհաննիսեանը:
Ճրագներով Երթ` Արցախեան Շարժման Օրուան Առիթով Եւ Պատերազմին Նահատակուած Զինուորներու Յիշատակին

Leave a Comment

You must be logged in to post a comment.