«Հիմա միակ փրկութիւնը միասնականութիւնն է, միայն այդ դէպքում կարող ենք հասնել մեր հայրենիքի փրկութեանը». Լիսագորի գիւղապետ

Արցախի Հանրապետութիւնում բնակիչներն անընդունելի են համարում Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը՝ Արցախն Ատրպէյճանի կազմում ճանաչելու վերաբերեալ։

Արցախի Շուշիի շրջանի Լիսագոր գիւղում Նիկոլ Փաշինեանի այդ քայլը դաւաճանական են համարում։

168.am հետ զրոյցում  Լիսագորի գիւղապետ Գագիկ Նասիբեանն ասաց, որ նման յայտարարութիւնն իր բնակիչներն ընդունել են այնպէս, ինչպէս ցանկացած հայ, հետեւաբար՝ չի ցանկանում իր բնակիչներին տարանջատել հայութիւնից։

«Չեմ ուզում տարանջատել, եթէ որեւէ բան ճիշդ է յայտարարւում, բոլորը դա ընդունում են, եթէ սխալ ու անընդունելի յայտարարութիւն է արւում՝ չեն ընդունում, այս հարցում այստեղ միասնական ենք։

Սա այն հարցն է, որ եթէ բոլորս նոյն ուղղութեամբ մտածենք ու կողք կողքի կանգնենք, ապա հնարաւոր կը լինի ինչ-որ բան փոխել։ Այսինքն՝ հիմա մեր միակ փրկութիւնը միասնականութիւնն է, միայն այդ դէպքում կարող ենք հասնել մեր նպատակին՝ հայրենիքի փրկութեանը։ Եթէ պառակտուենք ու ամէն մէկս մի ուղղութեամբ գնանք, ոչինչ չենք ունենալու», նշեց Լիսագորի գիւղապետը։

Ինչ վերաբերում է գիւղի ընդհանուր վիճակին, որն Ապրիլի 23-ից գտնւում է լիակատար շրջափակման մէջ, Գագիկ Նասիբեանն ասաց, որ ընդհանուր իրավիճակը բնականոն է, առաջացող խնդիրները կարգաւորում են։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Ապրիլի 23-ից բնակիչներից որեւէ մէկը ո՛չ Ստեփանակերտ է գնացել, քանի որ չեն պատրաստւում անցնել ատրպէյճանական անցակէտով, ո՛չ Գորիս։

«Այս ողջ ընթացքում որեւէ լիսագորցի չի անցել ատրպէյճանական անցակէտով, ու ոչ էլ պատրաստւում են անցնել», եզրափակեց Գագիկ Նասիբեանը։

Նշենք, որ Ապրիլի 23-ին ատրպէյճանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնուող Հակարիի կամուրջը, որը գտնւում է Ռուսական խաղաղապահ զօրակազմի պատասխանատուութեան տիրոյթում՝ «Լաչինի միջանցք»ում, փակել է եւ իրականացնում է հսկիչ անցակէտեր տեղադրելու աշխատանքներ։ Արդիւնքում՝ Արցախի Հանրապետութեան Լիսագոր, Եղցահող, Մեծ Շէն եւ Հին Շէն գիւղերը գտնւում են շրջափակման մէջ, նրանք կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հետ։

Յիշեցնենք, որ Դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ատրպէյճանական կողմը խախտելով 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթները, բնապահպանական պատճառաբանութիւններով փակել է Արցախն աշխարհին կապող կեանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչութեան կենսական շահերն ու իրաւունքները: Այս ամէնի հետեւանքով արդէն 171-րդ օրն է՝ Արցախը գտնւում է շրջափակման մէջ։

Comments are closed.