ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթէ Հայաստանն իր իրաւունքները չի պաշտպանում

Ատրպէյճանական զօրքերը երբ Հայաստանի տարածք ներխուժեցին, ՀԱՊԿ–ը (Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութիւն) պատրաստ էր համապատասխան քայլեր ձեռնարկել եւ սպասում էր Հայաստանի արձագանգին. Հայաստանը քաղաքական գնահատական պահանջեց Ատրպէյճանի գործողութիւններին` դա դարձնելով նախապայման ՀԱՊԿ–ի համար։ Այս մասին, այսօր՝ Մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թէ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ–ը չեն կատարում իրենց պայմանագրային պարտաւորութիւնները Հայաստանի հանդէպ, Ռուստամեանը նշեց, որ նրանք չեն կարող լինել աւելի հայ, քան մենք. «Միջնորդի դերում հանդէս եկող ՀԱՊԿ–ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթէ Հայաստանն իր իրաւունքները չի պաշտպանում, եթէ դու գնում ասում ես՝ ես ճանաչում եմ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, հիմա էլ արդէն թուերով ենք արձանագրում: Միջնորդը ո՞նց պէտք է պաշտպանի այն հարցը, որ այդ տարածքային ամբողջականութեան մէջ չպէտք է լինի Ղարաբաղը: Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ էլ ՀԱՊԿ-ն ասել է՝ ես պատրաստ եմ իմ բոլոր միջոցներով ներկայ գտնուել, սպասում ենք Հայաստանի արձագանգին: Հայաստանն էլ արձագանգում է այնպէս, որ ՀԱՊԿ գոյութիւն չունի: Քաղաքական գնահատական պահանջելը նախապայման դարձնելը շատ սխալ է: Նախ դու պէտք է քո անվտանգութիւնն ապահովելու քայլերն ապահովես: Պարզ չի՞, որ ՀԱՊԿ–ում կան երկրներ, որոնք կարող են դրան դէմ լինել։ Այդ կառոյցը կոնսենսուսային եղանակով է գործում, մի՞թէ դա նորութիւն էր Հայաստանի համար։ Այն երկրները, որ դէմ են, թոյլ չեն տալիս, որ այդ քաղաքական գնահատականը հնչի», ասաց Ռուստամեանը։

Նա կոչ արեց դուրս գալ բոլորին մեղադրելու մօտեցումից. «Մենք պէտք է հասկանանք, թէ մեր անելիքը որն է: Եթէ մենք չփորձենք մեզ պաշտպանել, ոչ ոք մեզ չի պաշտպանելու: Մենք մեզ ներսից ու դրսից թոլացրել ենք, հիմա էլ յայտարարում ենք, որ ոչ ոք մեր կողքը չի կանգնած: Եթէ դու այդպիսի յայտարարութիւն ես անում, քո ֆիասկօն ես արձանագրում: Բա ԱԳՆ-ն (Արտաքին Գործոց Նախարարութիւն) ինչի՞ համար է, եթէ պէտք է յայտարարես, որ ոչ ոք քո կողքը կանգնած չէ»:

Ռուսաստան-միաւորուած Արեւմուտք պատերազմը գործող իշխանութիւնների թեթեւ ձեռքով տեղափոխուեց Հայաստան. նշեց Արմէն Ռուստամեանը:

«Մէկն ասում է՝ կամ իմ հետ ես… միւսն էլ ասում է՝ եթէ իմ հետ չես, ես քո հետ անելիք չունեմ: Եթէ իմ դէմ ես, ինձ հետ չես, եթէ իմ հետ չես, իմ դէմ ես: Այ այս վիճակի մէջ է յայտնուել Հայաստանը, որը կործանարար է լինելու մեզ համար, ինչը մենք այսօր տեսնում ենք»:

Ես բրյուսելեան բանակցութիւններում չեմ տեսնում Հայաստանի շահածը, տեսնում եմ Ատրպէյճանի շահածը. միակը այն էր, որ գերիներին պէտք է ազատ արձակել, այն էլ վաղուցուայ պահանջ էր, որը պէտք է իրականացուէր անկախ այս համաձայնութիւնից. լրագրողների հետ զրոյցում շեշտեց Արմէն Ռուստամեանը:

«Այսօր Ատրպէյճանի կողմից աւելի մեծ պահանջ է անտեսուել, միջազգային դատարանի որոշումն է անտեսուել, դրա մասին ծպտուն հանե՞լ է Շառլ Միշէլը: ԵՄ արժեհամակարգը պաշտպանող գլխաւոր անձանցից մէկը այս պայմանները համարում է նորմալ: Հայաստանն է դա համարում նորմալ, բա մի տող չէք ուզո՞ւմ գրել, որ ժողովուրդն այնտեղ արնաքամ է լինում: Եթէ այդ հարցը չի լուծուել, ոչ մի հարց էլ չի լուծուել», ասաց նա:

Ռուստամեանը նկատեց, որ Ատրպէյճանն իր մեթոդներով, ուժի սպառնալիքով, պատերազմական գործողութիւններով հարցեր է լուծում, եւ սա դառնում է նորմ այսօրուայ աշխարհում. «Նշանակում է մենք մեր ուժի աղբիւրները ոչ թէ պէտք է ցամաքեցնենք, այլ այդ աղբիւրները օգտագործենք, որ կարողանանք մեր պայքարն իրականացնել: Թէ չէ գալու են մեզ մեր տանը մորթեն», ասաց ընդդիմադիր պատգամաւորը:

Նիկոլն ինքն իր հնարքի տակ է մնացել, երբ յայտարարեց՝ մենք Հայաստանի 29,800 քառակուսի քմ-ի համար ենք պայքարում, Ատրպէյճանն էլ ասաց՝ ես էլ տարածքների թիւ ունեմ, դա էլ նշէք՝ 86,600. ասաց Արմէն Ռուստամեանը:

«Երբ դա նշում էք, պարզ է դառնում, որ Ղարաբաղն Ատրպէյճանի կազմում է: Եթէ մենք դրան համաձայնում ենք, եթէ Նիկոլը վեր է կենում եւ յստակ ասում այն պահանջը, որը Ալիեւն է դրել իր առաջ, որ պէտք է ասես՝ «Ղարաբաղը Ատրպէյճան է եւ վերջ»… Մենք մօտեցել ենք դրան, մի օր դա յստակ ասուելու է: Արդէն ասուած է, ըստ էութեան, ովքեր հասկանում են, արդէն հասկացել են դա: Միւսները պէտք է թմբիրից դուրս գան: Հայաստանն այդ գիծն է տանում, որ տանք Արցախը, որ փրկենք Հայաստանը: Այսօր մենք հայութեան բոլոր ռեսուրսները պէտք է մոբիլիզացնենք, եռամիասնութիւնը պէտք է օր առաջ վերականգնուի, իսկ դա չի կարող կայանալ յանձնուելու գաղափարի շուրջ, պէտք է կայանայ պայքարի գաղափարի շուրջ: Պէտք է գան ուժեր, որոնք կարող են պայքար տանել: Պէտք է հասկանան, որ եթէ չկայ պայքար, կայ ինքնասպանութիւն եւ ինքնաոչնչացում», ընդգծեց Ռուստամեանը:

Որեւէ հայեցակարգուած գործընթաց, թէ մեր արտաքին դիւանագիտական մարզում, թէ անվտանգութեան խնդիրները լուծելու առումով, մենք պարզապէս չունենք. նշեց Արմէն Ռուստամեանը:

«Այս իրարամերժ յայտարարութիւնները խօսում են այն մասին, որ ուղեգիծ չկայ, հայեցակարգ չկայ, որով մենք փորձենք մեր անվտանգութիւնն ապահովել եւ մեր շահերը պաշտպանել արտաքին յարաբերութիւններում», ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Հայաստանը ցանկութիւն է ունեցել 2022-ի սեպտեմբերեան իրադարձութիւններից յետոյ դուրս գալ ՀԱՊԿ-ից, սակայն յետոյ փոշմանել է, Ռուստամեանն ասաց. «Նախ չի կարելի մի բանի մասին յայտարարել, եթէ գործը կատարուած չէ: Սա էլեմենտար տրամաբանութիւն է: Ի՞նչ իմաստ ունի այդ խոհանոցը դուրս հանել, երբ դուրս չէք եկել ՀԱՊԿ-ից: Կամ դուրս եկէք եւ բացատրէք, թէ ինչու էք դուրս գալիս, կամ մնացէք ՀԱՊԿ-ում եւ օգտագործէք բոլոր նուազագոյն հնարաւորութիւնները, որ ՀԱՊԿ –ը կարողանայ մեր անվտանգութեան հարցերը լուծել»:

Դիտարկմանը, որ գուցէ դրանով սպառնո՞ւմ են ՀԱՊԿ-ին, որ դուրս կը գանք, ընդդիմադիր պատգամաւորը նկատեց. «Հանրային միջոցներով սպառնալը հարուած է մեզ, այսինքն մենք փճացնում ենք մեր յարաբերութիւններն այդ կառոյցի մէջ: Մենք դառնում ենք անվստահելի գործընկեր եւ դրանից բխում են բոլոր սպառնալիքները, վտանգները, որոնք օր օրի մեր երկրի նկատմամբ առաջանում են: Այս ձեւով աշխատել չի կարելի»:

Comments are closed.