«Հայոց բանակի սպան պէտք չէ մոռանայ, որ գործ ունի մարդու հետ». ապագայ սպայ հայուհի

Մերի Մարտիրոսեան

«Հորիզոն»

Դասեր, ճաշ, ծանօթացում օրուայ լուրերին, խնամքի ժամ, ապա հանգիստ: Այսպէս է անցնում օրը Վազգէն Սարգսեանի անուան ռազմական համալսարանում: Հայկական զինուած ուժերը տարիներ անց համալրուելու են ոչ միայն քաջ տղաներով, այլեւ նոյնպիսի աղջիկներով: Համալսարանը պատրաստում է ապագայ սպաների, որոնց մի մասը իգական սեռի ներկայացուցիչներ են: Նրանցից մէկն աւարտական՝ 4-րդ գուրսում սովորող 20-ամեայ Մարիամ Վարդանեանն է: Ինչո՞ւ ընտրեց ռազմական ճանապարհը՝ Horizon weekly-ի հետ զրոյցում անկեղծացաւ այս եւ այլ հարցերի շուրջ:

«Այլ է պատճառը, թէ ինչո՞ւ 4 տարի առաջ ցանկացայ դառնալ զինուորական եւ այլ, թէ ինչո՞ւ եմ շարունակում լինել համակարգում: Երբ ընդունւում էի, 17 տարեկան էի, պատկերացումներս յստակ չէին: Սակայն յետոյ համոզուեցի, որ հայրենիքիս զօրակցելու լաւագոյն տարբերակը ծառայութիւնն է: Եթէ ուրիշ երկրում ապրէի, գուցէ այլ մասնագիտութիւն ընտրէի, սակայն այն, թէ որտեղ եմ ծնուել, նպաստեց մասնագիտական կողմնորոշման հարցում», նշեց ապագայ զինուորականը:

Հետաքրքրական է, որ Մարիամի ազգականների շրջանում զինուորականներ չկան: Սակայն այս հանգամանքը չխանգարեց, որպէսզի նա անսահման սիրի ռազմական գործը: «Տնտեսագէտ, օրինակ, մտածում էի՝ բոլորն էլ կարող են դառնալ, եթէ ունեն համապատասխան գիտելիքներ, բայց զինուորական պէտք է նուիրեալները դառնան: Ուզում էի մի մասնագիտութիւն ընտրել, որով կը տարբերուէի միւսներից: Շատ դժուարութիւնների հանդիպել եմ ծառայութեան ընթացքում, բայց մնացի, քանի որ իրականում այստեղ լինելու առաքելութիւնը շատ մեծ է», շեշտում է ռազմական համալսարանի գուրսանտը:

Տարիներ անց Մարիամն իրեն պատկերացնում է խաղաղապահ ստորաբաժանումներում ծառայելիս: Վստահ է՝ զինուորականի նպատակը խաղաղութիւնը պաշտպանելն է: Իսկ դա աշխարհում ամենակարեւորն է: Իսկ ո՞րն է աղջկայ, կնոջ դերը բանակում, նշում է. «Շատերն ասում են, որ այստեղ զգաստութիւն են բերում աղջիկները: Եւ իսկապէս, մեր ներկայութիւնը զսպուածութիւն է թելադրում: Կարծում եմ՝ հետաքրքիր կը լինի մեր գաղափարները, փոփոխութիւնները ներդնել ոլորտում: Չնայած դեռ յստակ չգիտեմ, թէ ինչը կը փոխէի: Բայց ասեմ, որ տղաները սկզբում դժուար են յարմարւում մեր ներկայութեանը, սակայն յետոյ ասում են, որ մեզ հետ հեշտ է ու հետաքրքիր»:

21-ամեայ Արմինէ Գրիգորեանը նոյնպէս համալսարանի առաջին աղջիկ-գուրսանտներից է: Նա նոյնպէս զինուորական ազգականներ չունի. ոգեշնչուել է դպրոցական տարիներին եղած ռազմամարզական խաղերից: Համալսարանում ստացած կրթութիւնից գոհ է, ասում է՝ սպասելիքներն արդարացան: Արմինէն սահմանամերձ Տաւուշի մարզից է: Համալսարանն աւարտելուց յետոյ ցանկանում է ծառայութիւնն այնտեղ անցկացնել: «Ծնողներս մանկավարժներ են եւ զինուորական գործի հետ ընդհանրապէս կապ չունեն,- շեշտում է նա»:

Ինչպիսի՞ն պէտք է լինի սպան, նշում է. «Սպան իր բոլոր գործողութիւնները պէտք է կատարի կանոնադրութեան պահանջներին համապատասխան, բայց չմոռանայ, որ գործ ունի մարդու հետ, եւ մարդկային բոլոր արժէքները պէտք է պահպանուեն»: Արմինէի հարազատ Տաւուշի մի քանի գիւղեր յաճախ են յայտնւում հակառակորդի թիրախում: Բերում է Չինարի գիւղի օրինակը, երբ հերթական անգամ հակառակորդի նշանակէտում յայտնուած մանկապարտէզի դաստիարակները փորձում են թաքցնել երեխաներին նկուղային յարկերում: «Փոքրիկներն արդէն գիտեն, որ կրակոցների պատճառով է: Այդ ամէնն էլ նպաստեց, որ ես որոշեմ զինուորական դառնալ», վստահ նշում է ապագայ սպան:

Համալսարանի մէկ այլ գուրսանտի՝ 18-ամեայ Կարինէ Սարգսեանի մօտ, զինուորական դառնալու ցանկութիւնը մանկուց չի եղել: «Գրքեր կարդալով, պատմութիւնն ուսումնասիրելով հասկացայ, որ Հայաստանին պէտք են լաւ, կրթուած սպաներ: Դա մեծ պատասխանատուութիւն է պահանջում: Բացի այդ, պատմութիւնից էլ յայտնի է, որ հայ կանայք միշտ ոգեւորել են տղամարդկանց, որ աւելի լաւ պայքարեն: Եւ որոշեցի՝ ինչու ոչ, ես էլ այդ կանանցից մէկը դառնամ»:

Դեռեւս շատ երիտասարդ աղջկայ մօտ վախի զգացողութիւն չի եղել՝ դժուարին ճանապարհն ընտրելիս: Ասում է՝ ռազմական համալսարան գալով, վախն արդէն իսկ պէտք է յաղթահարես: Կարինէն համարձակութիւնը ժառանգել է հօրից, ով զինուորական է եղել եւ ընդամէնը մէկ տարի առաջ է թոշակի անցել: Սակայն ապրիլեան պատերազմի օրերին հանգիստ չի կարողացել նստել եւ կամաւոր մեկնել է սահման: «Այն, որ հայրս մեծ ոգեւորութեամբ գնաց, ինձ ոգեշնչեց, որ ես էլ ապագայում պէտք է գնամ ու պաշտպանեմ իմ հայրենիքը»: Զինուորական հօր գլխաւոր խորհուրդն է եղել Մարիամին լաւ սպայ դառնալ. քաջ ու խելացի, քանի որ մեր հայրենիքին անհրաժեշտ են նման սպաներ: Աղջիկն այսօրուանից արդէն վստահ է՝ առաջնահերթ առաջ է մղում հայրենասիրութիւնը: Ոչ թէ խօսքով, այլ գործով պէտք է դրսեւորուի հայրենասիրութիւնը: Տարիներ անց ցանկանում է դառնալ դասակի հրամանատար եւ ուսուցանել այն, ինչ ինքն է սովորել: Համոզուած է՝ պէտք չէ յուսալքուել ոլորտում առկայ խնդիրներից, այլ աշխատել ամրացնել բանակը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.