«Հայաստանի և Արցախի քարտէզն է՝ 2021թ․ տպագրուած առաջին դասարանի «Այբբենարանում», հաստատուած՝ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից․․․»

Տաթև Խաչատրեանը ֆէյսպուքեան իր էջում գրում է․ «Հայաստանի և Արցախի քարտէզն է՝ 2021թ․ տպագրուած առաջին դասարանի «Այբբենարանում», հաստատուած՝ ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակույթի և սպորտի նախարարութեան կողմից։

Ասում են, որ սերունդները պէտք է լինեն պահանջատէր, բայց ինչի՞ն, եթէ առաջին դասարանից տեսնելու են այս քարտէզը։ Ադրբեջանում 30 տարի սովորեցրել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, դասագրքերում քարտէզներ են նկարել, որտեղ Արցախը ներառել են Ադրբեջանի կազմում։ 30 տարի ադրբեջանցի առաջին դասարանցին դպրոցի նստարանից սկսած երազել է Արցախի մասին, ներշնչուել, որ դա իր հողն է, որ պէտք է երազել ու հետ բերել այն։

Իսկ Հայաստանում 2021թ․ դասագրքում արդէն տպում են այս քարտէզը՝ առաջին դասարանցուն ասելով՝ սա է այն Արցախը, որի մասին այդքան խօսում են։ Առաջին դասարանցին էլ ինչի՞ մասին պէտք է երազի այս քարտէզով, ինչի՞ն պէտք է լինի պահանջատէր, եթէ Արցախը փաստացի հէնց այնպիսին է, ինչպիսին ինքը տեսնում է դասագրքերում։

Ինչո՞ւ պէտք է ամբողջական Արցախ, Շուշի, Հադրութ, Քարվաճառ վերադառնալու երազանք ունենայ, եթէ առաջին դասարանից ԿԳՄՍՆ երեխաների ուղեղում ամրապնդում է պարտութեան այս քարտէզը, չէ՞ որ երազանքն իրականացնելու գլխաւոր գրաւականը նաև այն գլխում պահելն է։

Մինչ այդ #ArtsakhFlagChallenge-ին միանալու եմ հրաւիրում առաջին դասարանի «Այբբենարանի» հեղինակ Վաչագան Սարգսեանին, խմբագիրներ՝ Արտաշէս Թադևոսեանին, Հրանտ Վարդանեանին, Կարինէ Թորոսեանին և քարտէզի նկարիչ Խորէն Յակոբեանին»։

168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.