Հայաստանը Հարաւային Կովկասում. Սպառնալիքներ և հնարաւորութիւններ

Հրանտ Մելիք-Շահնազարեան

Ս. թ. օգոստոսի 5-ին Սոչիում տեղի ունեցաւ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հերթական հանդիպումը, որը տեւեց չորս ժամ։ Հանդիպումից երկու օր առաջ Վ. Պուտինը Անվտանգութեան խորհրդի նիստ էր հրաւիրել, որի աւարտից յետոյ մամուլին տեղեկացուել է, որ Սոչիում ՌԴ առաջնորդը Էրդողանի հետ պատրաստւում է քննարկելու նաեւ Արցախի հարցը։ Նշենք, որ ճիշդ նոյն օրերին՝ օգոստոսի 1-4-ն ընկած ժամանակահատուածում, իրավիճակը հայկական երկրորդ պետութիւնում կրկին լարուել էր։ Արցախի եւ Ադրբեջանի զինուած ուժերի միջեւ նոր ռազմական բախումներ են եղել, որոնց ընթացքում կողմերը մարդկային կորուստներ են ունեցել, իսկ Արցախը՝ նաեւ տարածքային։ Այդ իրադարձութիւնների լոյսի ներքոյ Պուտին-Էրդողան հանդիպումը լրացուցիչ հետաքրքրութիւն էր բորբոքել ոչ միայն հայ եւ ադրբեջանական հանրութիւնների շրջանում, այլեւ ռուսական մամուլի ու փորձագիտական շրջանակներում: Բանն այն է, որ յիշատակուած լարուածութիւնը լուրջ հարուած է հասցրել Ռուսաստանի միջազգային հեղինակութեանը, քանի որ հենց այդ երկրի խաղաղապահ ուժերն են իրականացնում Արցախում անվտանգութեան եւ կայունութեան ապահովման առաքելութիւնը։

Պուտին-Էրդողան հանդիպման աւարտից յետոյ, սակայն, Արցախի մասին որեւէ նորութիւն չհնչեց։ Երկու երկրների ղեկավարներն ընդհանրապես չեն պատասխանել մամուլի հարցերին, քանի որ հանդիպման աւարտից անմիջապէս յետոյ Էրդողանը մեկնել է Թուրքիա։ Հետագայում այդ հանդիպման արդիւնքների մասին միայն երկու լուր է հաղորդուել հանրութեանը. առաջին՝ Էրդողանն առաջարկել է Ստամբուլում Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպել, եւ երկրորդ՝ կողմերը պայմանաւորուել են միջպետական առեւտրի մի մասն իրականացնել ռուսական ռուբլով։ Այլ մանրամասներ, ցաւօք, չհրապարակուեցին։

Ռուսական «Коммерсантъ» թերթը, սակայն, յղուելով իր սեփական աղբիւրներին, գրել է, որ Արցախի հարցը Պուտինն ու Էրդողանը այնուամենայնիւ քննարկել են եւ նշել, որ «դատելով ամէնից՝ Ադրբեջանն իր ակտիվութիւնն այդ տարածաշրջանում կը նուազեցնի»(1)։ Թէ որքանով է այդ տեղեկութիւնը հաւաստի, եւ ինչու պէտք է Ադրբեջանը դադարեցնի իր ագրեսիվ գործողութիւնները, մինչ այս պահը յայտնի չէ։

Արդարութեան համար միայն նշենք, որ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ ռազմական դրութիւնն Արցախում արդէն քիչ թէ շատ հանդարտուած էր, եւ դրա պատճառը, ցաւօք, հայկական կողմի համաձայնութիւնն էր՝ 20-օրեայ ժամկէտում Ադրբեջանին յանձնելու Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքն ու Սոս եւ Աղաւնօ գիւղերը…

Ընդհանրապէս պէտք է նշել, որ 44-օրեայ պատերազմից յետոյ Արցախի խնդիրն անուշադրութեան չի մատնուել տարածաշրջանային կարեւոր եւ ոչ մի հանդիպման ընթացքում։ Ճիշդ հակառակը՝ Հարաւային Կովկասի ապագան այսօր կառուցւում է հենց արցախեան հիմնախնդրին տրուող այս կամ այն լուծման հիման վրայ։ Աւելին՝ նոյն 44-օրեայ պատերազմով է սկսուել Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքական վերափոխման ծրագիրը, որին ակտիվօրէն մասնակցել են ոչ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, այլեւ Թուրքիան, Իրանը եւ եւրոպական մի շարք երկրներ։ Ուստի ամենեւին էլ զարմանալի չէ, որ, չնայած ուկրաինական ու մերձաւոր արեւելեան ճգնաժամերին, որոնցում Մոսկուան եւ Անգարան ամենաուղիղ ձեւով ներգրաւուած են եւ յաճախ նոյնիսկ մրցակցում են միմեանց դէմ, Պուտինն ու Էրդողանը լուրջ ուշադրութիւն են դարձնում նաեւ արցախեան հիմնախնդրին։ Ի վերջոյ պէտք է գիտակցել, որ աշխարհաքաղաքական փոփոխութիւններ են տեղի ունենում ոչ միայն Հարաւային Կովկասում, այլեւ յարակից բոլոր տարածաշրջաններում, եւ այդ գործընթացները փոխկապակցուած են։

Ս. թ. յուլիսի 19-ին Թեհրանում տեղի ունեցաւ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը։ Քննարկման հիմնական թեման Սիրիայում ստեղծուած իրավիճակն էր։ Սիրիայում նոր ռազմական գործողութիւն սկսելու Թուրքիայի սպառնալիքների լոյսի ներքոյ այդ օրերին սիրիական թեման իր կարեւորութեամբ առաջ էր մղուել նոյնիսկ Ուկրաինայում իրականացուող ռուսական ռազմական յատուկ գործողութիւնից ու դրա հետեւանքով առաջացած խնդիրներից: Սակայն Թեհրանում, ըստ էութեան, առաջին անգամ ակնյայտ դարձաւ, որ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը Մերձաւոր Արեւելքից մինչեւ Սեւ ծովի աւազան եւ Արեւելեան Եվրոպա տեղի ունեցող զարգացումները դիտարկում են որպէս մէկ գործընթացի տարբեր բաղադրիչներ։ Իսկ դա առնուազն նշանակում է, որ այդ բոլոր զարգացումները նրանք յաճախ դիտարկում եւ քննարկում են որպէս մէկ փաթեթ, ինչը Հայաստանի սուբյեկտայնութիւնը նուազեցնող եւս մէկ հանգամանք է։ Թերեւս դա է պատճառը, որ հայկական պետութիւնն ու հանրութիւնը դարձան Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենէի` հայ-իրանական սահմանի անձեռնմխելիութեան մասին յայտարարութիւնների զուտ մեկնաբանները։ Հայաստանում այդ օրերին յստակ գիտակցեցին, որ Սիւնիքի մարզի անվտանգութեան հիմնական երաշխաւորը ոչ թէ հայկական պետութիւնն է, այլ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը։ Եւ սա, ի հարկէ, ցաւալի փաստ էր։

Իսկ ի՞նչ խնդիրներ են հետապնդում Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը մեր տարածաշրջանում։ Սա հարց է, որի մասին հայկական փորձագիտական շրջանակները, ցաւօք, քիչ են մտածում։ Ընդհանրապէս պէտք է նշել, որ Հայաստանում տիրող տրամադրութիւնները որեւէ կերպ չեն նպաստում երկիրը ստեղծուած իրավիճակից դուրս բերելուն ուղղուած լուծումների որոնմանը։ Դատապարտուածութեան համընդհանուր զգացումը մեր ժողովրդին ստիպում է կարծել, որ ամէն բան արդէն կորած է, եւ Հայաստանն այլեւս վերականգնուելու ռեսուրս չունի։ Աւելին՝ քիչ չեն նաեւ այն տրամադրութիւնները, որ երկիրը պէտք է յանձնել արտաքին կառավարման եւ յուսալ, որ օտար պետութիւնները գոնէ մեր անվտանգութեան խնդիրները կը լուծեն։ Սա անընդունելի մօտեցում է, որից պէտք է օր առաջ հրաժարուել։ Փոխարէնը Հայաստանը պէտք է փորձի յստակ հասկանալ մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների տրամաբանութիւնը, բացայայտել ռիսկերն ու հնարաւորութիւնները եւ մշակել առաջ գնալու՝ այդ իրողութիւններից բխող իրատեսական քաղաքականութիւն։

Սկսենք թերեւս ամենապարզ ճշմարտութիւնների արձանագրումից: Այսպէս՝ Հարաւային Կովկասը վերափոխուող աշխարհակարգի կարեւորագոյն օղակներից մէկն է, որտեղ կենսական շահեր են հետապնդում թէ՛ Ռուսաստանը, թէ՛ Արեւմուտքը եւ թե՛ տարածաշրջանային տէրութիւնները։

Իրանի համար այն ելք է դէպի Սեւ ծով եւ Եւրոպա։ Ընդ որում, Թեհրանի համար չափազանց կարեւոր է, որ այդ ելքը չվերահսկուի իր աշխարհաքաղաքական դարաւոր մրցակցի՝ թրքական աշխարհի կողմից։ Այդ վտանգը չէզոքացնելու համար Իրանի իշխանութիւններն օգտւում են ինչպէս դիւանագիտական, այնպէս էլ անհրաժեշտութեան դէպքում ռազմական գործիքակազմից։ Սակայն նախապատուութիւնը տրւում է հենց դիւանագիտական միջոցներին։ Դա է պատճառը, որ Թեհրանը շարունակ յղում է տարածաշրջանային պետութիւնների՝ միջազգային ճանաչում ունեցող սահմանների պահպանման անհրաժեշտութեանը։ Որպես արդիւնք, որպէսզի Իրանը կարողանայ վստահ դէմ դուրս գալ Սիւնիքի հանդէպ թուրք-ադրբեջանական դաշինքի ոտնձգութիւններին, ստիպուած է ողջունել նաեւ արցախեան վերջին պատերազմի արդիւնքները եւ հայկական այդ տարածաշրջանի նկատմամբ ադրբեջանական վերահսկողութեան հաստատումը։ Այսինքն՝ եթէ հայ-իրանական յարաբերութիւններին գնահատական տանք՝ նկատի առնելով զուտ տարածաշրջանի քաղաքական քարտէսը, ապա ստիպուած կը լինենք փաստել, որ Սիւնիքի հարցում Իրանը մեր դաշնակիցն է, իսկ Արցախի հարցում՝ Ադրբեջանի։

Հետեւաբար ո՞րը պէտք է լինի Հայաստանի քաղաքականութիւնը Իրանի հանդեպ։ Պատասխանը կարծես ակնյայտ է՝ ամէն կերպ նպաստել Սիւնիքի տարածքով իրանա-հայկական հաղորդակցական ուղիների ստեղծմանն ու բարելաւմանը՝ զուգահեռաբար ամէն ինչ անելով, որ Արցախի խնդրում Թեհրանն առաուելագոյնս չէզոք լինի։ Ընդ որում, դա պէտք է անել՝ լաւ գիտակցելով, որ նման չէզոքութիւնը ցանկալի է նաեւ իրանական կողմի համար։ Պարզապէս պէտք է այդպիսի հնարաւորութիւններ ստեղծել պաշտօնական Թեհրանի համար, չկանգնեցնել նրան ընտրութեան առաջ, եւ համապատասխան մեխանիզմը կ՚աշխատի։

Թուրք-ադրբեջանական դաշինքի ծրագիրը մեր տարածաշրջանում առաւել քան պարզ է՝ ամբողջական վերահսկողութիւն։ Դա դարեր շարունակ հետապնդուող թրքական աշխարհի ծրագիրն է՝ պանթուրանիզմը։ 44-օրեայ պատերազմում յաղթանակից յետոյ թուրք-ադրբեջանական դաշինքն ամեն ինչ անում է, որպէսզի առաւելագույնս բարելաւի իր ռազմաքաղաքական դիրքերը Հարաւային Կովկասում։ Անգարայի համար երկրորդ շահեկան հանգամանքն այն է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով Թուրքիան դարձել է միակ պետութիւնը, որը կարող է երկխօսութեան որեւէ մակարդակ ապահովել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։ Սա կարեւոր գործօն է Ռուսաստանի համար, որը պահպանելու համար նա կարող է ժամանակ առ ժամանակ զիջումներ անել Թուրքիային Հարաւային Կովկասում։ Իհարկէ՝ ի հաշիւ Հայաստանի ու Արցախի…

Ելնելով աշխարհաքաղաքական մրցակցութեան պարտադրած ծանր պայմաններից՝ Ռուսաստանում կարծես որոշել են, որ Հարաւային Կովկասը պահելու իրենց միակ ու ամենագործօն գործիքը ռազմական ներկայութիւնն է։ Ժամանակակից քաղաքականութեան այնպիսի կարեւոր գործօնից, ինչպիսին, այսպէս կոչուած, «փափուկ ուժն» է («soft power»), Մոսկուան հրաժարուել է։ Ռուսաստանում վստահ են, որ Հարաւային Կովկասում թուրք-ադրբեջանական դաշինքին արուած զիջումները անհրաժեշտութեան դէպքում կարելի կը լինի փոխհատուցել Արցախում եւ Հայաստանում տեղակայուած զօրքերի միջոցով։ Իսկ հայ ժողովրդի շրջանում օրեցօր աճող հակառուսական տրամադրութիւնները Մոսկուան պարզապէս անտեսում է՝ վստահ լինելով, որ, միեւնոյն է, այլ ընտրութիւն հայութիւնը չունի։

Հակառակ սրա՝ թուրք-ադրբեջանական դաշինքն օգտագործում է Ռուսաստանի թոյլ տուած բոլոր սխալներն ու պահի ընձեռած հնարաւորութիւնները եւ ամէն յաջորդ շրջափուլում էլ աւելի է մեծացնում սեփական պահանջների ծաւալը։ Սա մահացու շրջափուլ է, որից դուրս գալու համար Հայաստանը պարզապէս պարտաւոր է մի շարք քայլեր ձեռնարկել։ Նախ՝ անհրաժեշտ է Թուրքիայի ծաւալապաշտութիւնը զսպող քաղաքականութիւն մշակել։ Նախկինում Հայաստանն ունէր նման գործիքներ, օրինակ՝ Հայոց ցեղասպանութեան հարցը, որն այսօր ի սպառ մոռացութեան է մատնուել պաշտօնական Երեւանի կողմից։ Աւելին՝ պատերազմից երկու տարի անց մեր պետութիւնը նոյնիսկ սեփական բանակը վերականգնելու եւ երկիրը պաշտպանելու ոչ մի շօշափելի քայլ չի ձեռնարկել։ Սա յանցաւոր անգործութիւն է, որը միայն գրգռում է թուրք-ադրբեջանական դաշինքի ախորժակը եւ մեզանից նոր տարածքներ գրաւելու պատճառ դառնում։ Ուստի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւններում մեր օրակարգի միակ հարցը պէտք է լինի հետեւեալը՝ ինչպէ՞ս զսպել թշնամական այդ դաշինքի յարձակապաշտ քաղաքականութիւնը։ Այսպէս կոչուած «խաղաղութեան օրակարգը», որի հիմքում հակառակորդների ախորժակը յագեցնելով մի կերպ նրանց հայակործան քաղաքականութիւնից ձերբազատուելն է, ոչ միայն չի լուծում այդ խնդիրը, այլեւ նոր կորուստների պատճառ է դառնում։ Արցախում մի քանի ամիսը մէկ ադրբեջանական զօրքերի առաջխաղացումը դրա վառ ապացոյցն է։ Ուստի այդ քաղաքականութիւնից անհրաժեշտ է հրաժարուել եւ զսպման մարտավարութիւն որդեգրել։ Նոյնիսկ եթէ դրա համար նոր պատերազմի անհրաժեշտութիւն առաջանայ, Թուրքիային եւ Ադրբեջանին պէտք է զսպել։ Այլ տարբերակ չկայ։ Մնացած բոլոր ուղիները Հայաստանը տանում են դէպի կործանում։

Ռուսաստանի համար Հարաւային Կովկասը ռազմական կարեւոր յենակէտ է։ Ռուսական փորձագիտական շրջանակները մեր տարածաշրջանը յաճախ ֆորպոստ են կոչում։ Դա մի տարածք է, որտեղից Ռուսաստանը կարող է ոչ միայն ազդել Թուրքիայի եւ Իրանի քաղաքականութեան վրայ, այլեւ հայեացք նետել ողջ Մերձաւոր Արեւելքին, Պարսից ծոցի աւազանին, խոչընդոտել դեպի Միջին Ասիա եւ Աֆղանստան տանող արեւմտեան կապուղիների օգտագործումը եւ այլն։ Աւելին՝ Հարաւային Կովկասն այն տարածաշրջանն է, որտեղից Ռուսաստանն ապահովում է նաեւ սեփական տարածքային ամբողջականութիւնը։ Այլ խօսքով՝ մեր տարածաշրջանը ռուսական կենսական շահերի գօտի է, որի բոլոր երկրները աշխարհաքաղաքականութեան տեսանկիւնից Մոսկուայի համար նոյն կարեւորութիւնն ունեն։

Հայաստանը չի կարող Հարաւային Կովկասում Ռուսաստանի համար բացառիկ դերակատարութեան հաւակնութիւն ունենալ, առաւել եւս հիմա, երբ մեր երկիրը տարածաշրջանում անվտանգութիւն ապահովող երկրից վերածուել է անվտանգութիւն սպառող երկրի։ Բայց Հայաստանը կարող է այնպէս անել, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանն ի հաշիւ մեզ խնդիրներ չլուծի։ Սա նուազագոյն խնդիրն է, որ այս պահին պէտք է դրուի մեր երկրի քաղաքական էլիտաների առջեւ։ Դա առաջին հերթին ենթադրում է հաւասարակշռուած եւ իրատեսական քաղաքականութեան մշակում, ինչպէս նաեւ Ռուսաստանի հետ համագործակցութեան ճիշտ ոլորտների եւ ուղիների հաստատում։

Յատկապէս Ռուսաստանի հետ յարաբերութիւններում հայ քաղաքական միտքը պէտք է լաւ հասկանայ բոլոր ռիսկերն ու հնարաւորութիւնները։ Սա կարեւոր աշխատանք է, որը տարիներ շարունակ մեր երկրում շատ վատ է կատարուել։ Չեն եղել լուրջ փորձագիտական կեդրոններ, մասնագիտական հաղորդակցութիւն ռուսական համապատասխան շրջանակների հետ, մամուլի միջոցների՝ բաւարար մակարդակի համագործակցութիւն եւ այլն։ Իսկ 2018 թ. յեղաշրջման հետեւանքով Հայաստանում իշխանութեան եկած ուժերն իրենց հերթին հնարաւորինս փչացրին հայ-ռուսական յարաբերութիւնները։ Հետեւանքն այն է, որ ունենք այն, ինչ ունենք, եւ դեռ ամէն ինչ կարող է աւելի վատ լինել…

Հետագայ յօդուածներում մենք դեռ կ՚անդրադառնանք այս բոլոր խնդիրներին՝ փորձելով աւելի մանրամասն ուսումնասիրել տարածաշրջանային երկրների քաղաքականութիւնը Հարաւային Կովկասում։ Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ է եւս մէկ անգամ արձանագրել, որ Հայաստանը դատապարտուած չէ, որ մենք ունենք հնարաւորութիւններ եւ վերականգնուելու ներուժ։ Պարզապէս անհրաժեշտ են ճիշդ նպատակադրումներ եւ քրտնաջան աշխատանք։ Այնժամ արդիւնքները երկար չեն սպասեցնի։

1https://www.kommersant.ru/doc/5501396?from=main (մուտք՝ 5082022 )

Հրանտ Մելիք-Շահնազարեան

«Դրօշակ» թիվ 8 (1669), 2022թ․

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.