Կոչ ենք անում հայ ժողովրդին դատապարտել ՀՀ լիակատար կապիտուլիացիան նախապատրաստող ապազգային վարչախմբին. Դիւանագէտների համահայկական խորհրդի յայտարարութիւնը
«Դիւանագէտների համահայկական խորհուրդն իր վճռական անհամաձայնութիւնն ու վրդովմունքն է յայտնում Հայաստանի իշխող վարչախմբի կողմից իրականացուող արտաքին քաղաքականութեանը, որի շարունակական ապազգային դրսեւորումները վերջերս նոր բացայայտումներ են արձանագրել:
Բառախաղերի եւ նենգափոխուած թեզերի միջոցով իշխող կուսակցութեան գլխաւոր դերակատարները ձեռնամուխ են եղել հայկական ինքնութեան եւ հայկական պետականութեան ոչնչացման գործընթացին՝ սպասարկելով թուրք-ատրպէյճանական օրակարգը, այսպիսով հող նախապատրաստելով ազգովի ընդունելու վերջիններիս կողմից պարտադրուող «խաղաղութիւնը»:
Գործող իշխանութիւններն ակնյայտօրէն ոչնչացնում են ազգային յենասիւները, քանդում են Հայաստանի անվտանգային համակարգը, անթաքոյց քայլեր են ձեռնարկում չէզոքացնելու Անկախութեան հռչակագրի առանցքային դրոյթները: Դաշտ է նետւում այսպէս կոչուած «ռազմավարական գործարք» բովանդակազուրկ եւ անհիմն տեսլականը՝ պատրաստուելով նորանոր զիջումների: Կայացւում են որոշումներ, որոնք միտուած են ջնջելու հայկական պատմական յիշողութիւնը եւ վերաձեւելու հայի արժէքային համակարգը:
Պատմական Հայաստանին հակադրւում է հնարովի «իրական Հայաստանը», հրաժարւում են հազարամեայ ազգային խորհրդանիշներից՝ Արարատը փոխարինելով Արագածով, Հայոց պատմութիւնը փոխարինելով «Հայաստանի պատմութեամբ», նսեմացնելով Հայ եկեղեցու ազգապահպան դերը եւ նրա պատմութիւնը դուրս մղելով դպրոցական ծրագրերից, օտարածին ու օտարամոլ նիւթերի ներմուծմամբ ձեռնամուխ են եղել ազգային մտածողութիւնից եւ նկրտումներից զուրկ կամակատար սերնդի դաստիարակմանը:
Հրաժարուելով արցախահայերի ինքնորոշման իրաւունքի համար պայքարից, իսկ 2022 թ.-ին միայնակ թողնելով եւ բացայայտօրէն Արցախը յանձնելով նրա ոչնչացումը երազող Ատրպէյճանին, այս իշխանութիւնն արագօրէն խնդիրը դուրս է մղել արտաքին քաղաքական օրակարգից, վերացրել է Արցախի վերաբերեալ ողջ տեղեկատուութիւնը պետական գերատեսչութիւնների կայքէջերից: Ներկայումս էլ լծուել է ընդհանրապէս Արցախի խնդիրը մոռացութեան տալու գործընթացին՝ դրանով իսկ մաքրագործելով ցեղասպան Ատրպէյճանին իր յանցագործութիւնից:
Արտաքին գործերի նախարարի պաշտօնը զբաղեցնող անձի կողմից ՀՀ ԱԺ-ում վերջին յայտարարութիւններն ակնառու վկայութիւնն են ազգային շահերն ամէն քայլափոխի ստորադասող ու թուրք-ատրպէյճանական նախապայմանների անշեղ կատարմանը լծուած այս վարչախմբի հակապետական յանձնառութիւնների, որոնք կործանարար հետեւանքներ են ունենալու ոչ միայն հայկական պետականութեան, այլեւ հայ ժողովրդի՝ իր հայրենիքում որպէս ինքնուրոյն քաղաքական միաւորի անվտանգ գոյութեան համար:
Մարդկութեան դէմ գործուած մեծագոյն յանցագործութիւնը «պատմութեան ողբերգական անցքեր» որակելը, «1,5 մլն. նահատակներին անուն-առ-անուն գրելը», խնդիրը բացառապէս սփիւռքեան տիրոյթում դիտարկելը միանգամայն տեղաւորւում են տասնամեակներ շարունակ մերժողական քաղաքականութիւն վարող թուրքական պաշտօնական խօսոյթի տրամաբանութեան մէջ: Ինչպէս ճշգրտօրէն բնորոշուել էր ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտի կողմից, այս վարչախումբը եւ նրա պարագլուխը ոչ բացայայտ կերպով միացել են Հայոց ցեղասպանութեան ժխտման գործընթացին:
Ցեղասպանութիւնների կանխարգելման ուղղութեամբ իբրեւ թէ ջանքեր գործադրող կառավարութիւնը բացարձակ լռութեան է մատնել Ատրպէյճանի կողմից շարունակուող ցեղասպանական գործողութիւնները՝ մշակութային ջարդի եւ հայկական հետքը Արցախից ջնջելու միջոցով: Սեփական ժողովրդի հանդէպ գործուած մէկդարեայ հնութեան ոճրագործութիւնն ուրացող, դրա ճանաչումից, դատապարտումից ու իրաւատիրութիւնից հրաժարուող, միայն մէկ տարի առաջ արցախահայերին ցեղասպանութեան ենթարկած պետութեանը չդատապարտող այս իշխանութեան կեղծաւոր ջանքերը ցեղասպանութիւնների կանխարգելման առումով, չի կարող լրջօրէն ընդունուել, ընկալուել եւ վստահութիւն վայելել միջազգային հանրութեան կողմից:
Դիւանագէտների համահայկական խորհուրդը կոչ է անում բոլոր քաղաքական կառոյցներին, հասարակական կազմակերպութիւններին, մասնագիտական հանրոյթներին եւ հայ ժողովրդին թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում աներկբայօրէն դատապարտել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից ու արցախահայութեան ինքնորոշման իրաւունքից հրաժարուած, Հայաստանի լիակատար կապիտուլիացիան նախապատրաստող ապազգային վարչախմբին եւ նրա կողմից տարուող քաղաքականութիւնը, բոլոր հնարաւոր միջոցներով ընդդիմանալ ազգային ինքնութեան ոչնչացմանը եւ համախմբուել յանուն Հայաստանը հային վերադարձնելու, հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքների պաշտպանութեան ու Հայոց արդար դատի հետապնդման: Ուրացողն ու ժխտողը չի կարող իրական խաղաղութեան եւ արդար դատի ջահակիրը լինել»:
Comments are closed.