Կեանքը պատերազմից յետոյ․ սահմանամերձ Շիկահող գիւղի երիտասարդ կին-համայնքապետի հարցազրոյցը
1842
0
Գայեանէ Մկրտչեան
Արցախեան վերջին պատերազմից յետոյ Հայաստանի Սիւնիքի մարզի Շիկահող գիւղը, որը նախկինում սահմանամերձ չէր, այժմ Ատրպէյճանի հետ 30 քմ սահման է կիսում։
«Տեղ կայ՝ քիչ է հեռու, տեղ կայ՝ շատ, տեղ էլ կայ՝ ընդհանրապէս հեռաւորութիւն չկայյ, տեղ էլ կայ՝ մի սարն իրենցն է, կողքինը՝ մերը։ Խիստ անկանոն սահման է։ Ամէնավատ սցենարի դէպքում նման իրավիճակ չէի պատկերացնի, որ կարող է կորցնենք Արցախի տարածքները, յետոյ էլ մեր գիւղերի մի մասը, մեր սեփական վարչական սահմանները», — ասում է Շիկահողի գիւղապետ 30-ամեայ Նարէ Ղազարեանը։
Մասնագիտութեամբ դիւանագէտ Ղազարեանը գիւղի վարչական ղեկավար է ընտրուել չորս տարի առաջ, ձայների 90 տոկոսով։ Շիկահողցիները վստահել են երիտասարդ կնոջը, իսկ ինքը՝ Նարէն, չի էլ պատկերացնել, թէ իրեն ինչ դժուարութիւններ են սպասւում։
Շիկահողի գիւղապետը խօսում է Ատրպէյճանի հետ նոր սահմանների, անորոշ տնտեսական ապագայի և անվտանգ ապրելու համար անհրաժեշտ պայմանների մասին։
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐԻՆ
Շիկահողի կին գիւղապետի հարցազրոյցը
«Ինձ պատասխանատու էի զգում իւրաքանչիւրի կեանքի համար, ամբողջ համայնքի համար։ Ինքս պատրաստ եմ եղել միանալ մեր գիւղի տղաների ջոկատին, ուր էլ գնային, սկսած առաջնագծից։ Մեր գիւղից ընդհանուր կազմուել է 35 հոգանոց ջոկատ։
Տղաները կանգնել են Շիկահողի դիրքերում, քանի որ Զանգելանը գրաւել էին, չգիտէինք ինչ սպասէինք, հանգիստ կարող էին առաջ գալ», — պատմում է Շիկահողի համայնքապետը։
Շիկահողից Կապան հասնելու համար, գիւղացիները անցնում են Մ-17 միջազգային նշանակութեան ճանապարհով (Երևան-Կապան-Մեղրի-Իրան)։ Կապան-Ճակատեն ճանապարհի 4 քմ հատուածն անցել է Ատրպէյճանին։ Ճակատենը Շիկահողին նախորդող գիւղն է։
«Կապան գնալիս՝ ցերեկը դեռ ոչինչ, բայց երբ արդէն մթնում է, աշխատում ենք մի քանի հոգով գնալ։ Եթէ յանկարծ որոշեն վերցնեն իրենց ճանապարհը, մենք չենք ունենայ այլընտրանքային ճանապարհ Կապան հասնելու համար։ Միակ ճանապարհը մնում է Մ-17-ի շարունակութիւնը դէպի Մեղրի, այսինքն Մեղրիով պտտուել Կապան հասնելու համար, 130 քմ՝ 23-ի փոխարէն։
Այս պահին ռուս խաղաղապահների միջոցով կարողանում ենք հանգիստ գնալ ու գալ, ռուսները մեծ յոյս են ներշնչում։ Եթէ յանկարծ նրանք չլինեն, մենք ընդհանրապէս ռիսկ չենք անի շարժուել այդ ուղիով, որովհետև հանգիստ կարող են ամենատարբեր սադրանքների դիմել», — բացատրում է Նարէն։
ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ ՈՒ ԱՐՕՏԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Շիկահողի տնտեսական ապագան գլխիվայր շուռ է եկել պատերազմից յետոյ։
«Ատրպէյճանի թիրախում են յայտնուել մեր վարչական տարածքում գտնուող վարելահողերը։ Չկայյ հեռաւորութիւն, չէզոք գօտի ընդհանրապէս չունենք, անգամ մի մեթր հեռաւորութիւն չկայ։ Մենք հիմա մեծ խնդրի առաջ ենք կանգնել, աշնանացան ենք արել մինչև պատերազմի սկսուելը, շուտով հունձ ենք ունենալու ու չգիտենք` ինչպէս ենք իրականացնելու։
Բարդ է լինելու, նախ պէտք է գտնուի մեխանիզատոր, որը կը համարձակի մտնել այդ տարածք ու այդ աշխատանքն անել, երկրորդն էլ, չգիտես՝ հակառակորդից ինչ սպասել», — ասում է Նարէ Ղազարեանը։
Գիւղի ընդհանուր հողատարածքը 52 հկ. է, որից 16 հկ. խոտհարք է, մնացածը՝ վարելահող։ 13 հեկտարը մշակուած ցորենն է։ Ամբողջ 52 հեկտարից վտանգի տակ են յայտնուել խոտհարքն ու ցորենը։ Համոզուածութիւն չկայ՝ հնարաւոր կը լինի՞ ցորենի բերքահաւաքը կազմակերպել։
«Անասուններն էլ զրկուած են արօտավայրերից։ Գիւղին մօտիկ արօտավայրեր ունենք, բայց դարձեալ անվտանգ չեն։ Այդ պատճառով փորձում ենք անասուններին պահել գիւղի շրջակայքում։ Հիմա գիւղացին մտածում է ինչպէս ազատուի իր անասունից։ Ես ինքս էլ յորդորում եմ ազատուել, քանի որ այլ տարբերակ չեմ տեսնում», — ասում է գիւղապետը։
ՎԵՐՋ ԶԲՕՍԱՇՐՋՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐՆԵՐՈՒՆ
Վերջին տարիներին Շիկահողում մեծ թափով զարգանում էր զբօսաշրջութիւնը։ Նարէ Ղազարեանը պատմում է, որ դիմել է տարբեր դրամաշնորհային ծրագրերի, դրանք հասցրել գիւղ։
Գերմանական զարգացման պանքի միջոցով գիւղում տեղադրուել են արևային տաքացուցիչներ, նաև եւրոպատուհաններ՝ գիւղը զբօսաշրջիկների համար գրաւիչ վայր դարձնելու համար։
Տարեկան միջինը 2000 զբօսաշրջիկ է այցելել Շիկահողի արգելավայրի անառիկ բնութիւնով և յուշարձաններով հիանալու, Հայաստանի Կարմիր գրքում գրանցուած բեզօարեան այծերի շարժին յատուկ դիտակէտից հետևելու համար։
Շիկահողցիներից մի քանիսն էլ իրենց տները վերածել են հիւրատների, ընդունել զբօսաշրջիկների Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։
«Գերմանիայից մեզ գրել էին, որ անհանգիստ են մեզ համար, ափսոսում են, որ յայտնուել ենք նման իրավիճակում։ Նպատակներ շատ ունէինք, անգամ զիփլայնի մասին էինք մտածում։ Մեր անտառները կուսական են, որոշել էինք անտառներում կառուցել տնակներ արշաւականների համար։ Գիւղացիները վաճառում էին իրենց բերքն ու բարիքը նոյն զբօսաշրջիկներին։
Ամէն ինչ գլխիվայր շուռ եկաւ, ու հիմա մտածում ենք՝ ինչպէ՞ս ենք ապրելու։ Չեմ կարծում, որ զբօսաշրջիկ կու գայ այս կողմերը, հիմա տեղացին չգիտի՝ մնալու է, թէ ոչ, զբօսաշրջիկն ո՞ւր գայ», — ասում է Նարէն։
ԴՊՐՈՑԸ ԳՈՐԾՈՒՄ
Շիկահողի դպրոցում սովորում է տասնչորս աշակերտ։ Ամէն առաւօտ Կապանից Շիկահող վեց մանկավարժ է գալիս դասաւանդելու, կէսօրից յետոյ՝ վերադառնում։
«Այսինքն, նրանք ճանապարհը կտրում են երկու անգամ։ Ճանապարհին կանգնած են Ատրպէյճանցի զինուորականներ, մի հատուածում էլ՝ ռուսներ, հայեր չկան։ Խաղաղ չի մի տեսակ։ Անվտանգութիւն չեմ տեսնում։ Կեանքը կտրուկ փոխուել է, բայց ամէն ինչ անում ենք, որ դպրոցը պահպանուի, կեանքը շարունակուի։ Չենք յանձնուելու», — ասում է համայնքապետը։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆԸ` ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ
Նարէ Ղազարեանն ասում է, որ մարդիկ գիւղը լքելու մասին դեռ չեն մտածում, արտագաղթ չկայ։ Սակայն անվտանգութեան հետ կապուած խնդիրները պէտք է յստակեցուեն, որպէսզի գիւղացին իրեն ապահով զգայ ու գիշերը գլուխը հանգիստ դնի բարձին։
«2020-ի սեպտեմբերից նոյեմբեր՝ Արցախեան պատերազմի ժամանակ, օրհասական պահեր ենք ապրել, չգիտէինք ապրելու ենք, թէ չէ։ Բայց գիւղից մի քայլ չենք հեռացել։ Ինքնաթիռները, անօդաչուները գիւղերի վերևով պտտւում էին անընդհատ։ Նոյն ռազմական գօտին էր, չէինք տարբերւում», — ասում է Շիկահողի ղեկավարը։
«Դեռ հանգիստ են, բայց եթe վաղը մի հրաման ստացան, ես չգիտեմ ինչ կը լինի, իրենք մինչև ո՞ւր առաջ կու գան։ Նոյեմբերի տասից՝ պատերազմական գործողութիւնների աւարտից մինչև այսօր արդէն չորս ամիս է անցել։ Ու մինչև այս պահը սահմանը յստակեցուած չէ»։
Համայնքի ղեկավարը պնդում է, որ սահմանագծի յստակեցումից յետոյ կողմերը պէտք է պարտադիր չէզոք գօտի ստեղծեն։ Ու սահմանը պէտք է հսկի սահմանապահ զօրքը, ոչ թէ Երկրապահ կամաւորականների միութեան անդամները։
«Ես յարգում եմ, խոնարհում նրանց առաջ, բայց ամէն դէպքում կանոնաւոր բանակը պէտք է կանգնած լինի։ Այս հարցերը պէտք է յստակեցուեն։ Մեր դիրքերից մեզ ետին են տուել։ Որ տեսան խելօք ետեւ եկանք, նորից են փորձում առաջ գալ։ Ու պատկերացրէք, այդպէս քիչ-քիչ՝ մէկ էլ տեսար հասել են մեր գիւղ։ Պէտք է կոտրել անորոշութիւնը վաղուայ օրն աւելի ապահով ու անվտանգ ապրելու համար», — կարծում է Նարէն։
Jam News