Կայ իրականութիւնը տեսնելու, հաշուարկելու, ազգային շահով առաջնորդուելու անհրաժեշտութիւն. Մհեր Գարագաշեան
«Ամէն գիտակից հայ սփիւռքում հասկանում է, որ Լաչինի միջանցքի փակումը ֆէյք է. բնապահպանների և հանքի խնդիրն արդբեջանցիների համար իրենց լկտիութիւնը ցուցաբերելու հերթական պատրուակն է: Սրա արմատը գնում է մինչև կապիտուլիացիան»,- 168.am-ի հետ զրոյցում Արցախի շրջափակմանն արձագանքելով՝ նշեց ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Մհեր Գարագաշեանը:
Նա ադրբեջանցիների կողմից Լաչինի շրջափակումը համարեց ՀՀ իշխանութիւնների պարտուողական քաղաքականութեան տրամաբանական հետևանք՝ արձանագրելով, որ՝ «Արցախը տանք, Հայաստանը փրկենք» կոչերն են սկիզբն այս գահավիժումի:
«Ամէն անգամ զիջումներ անելու հետևանքով է, որ միջանցքը փակելու համար դիկտատորական Ադրբեջանն այսօր անգամ իր զինուորներին ուղարկելու կարիք չունի. ուղարկում է մի քանի պառաւ կին, որոնք խեղդուած աղաւնիներով, այսպէս կոչուած, բնապահպանական շարժում են անում»,- յաւելեց նա:
Գանատայի Հայ դատի շրջանային յանձնախմբի նախագահը ցաւով արձանագրեց, որ այսօր Արցախի շրջափակման հարցի առնչութեամբ չկայ համապատասխան արձագանգ, քանի որ աշխարհաքաղաքական առկա իրավիճակով պայմանաւորուած՝ ՌԴ-Արևմուտք պայքարի համատեքստում խոշորացոյցի տակ է յայտնուել բացառապէս Ուքրաինան:
Մհեր Գարագաշեանին չի գոհացրել նաև գանատական լրատուամիջոցների արձագանքը, սակայն շեշտեց, որ շրջափակման առաջին իսկ օրից Գանատայի Հայ դատի յանձնախմբի անդամները նամակարշաւ և բողոքի միջոցառումներ են իրականացնում:
«Անցնող շաբաթ ուղղակի դէմ առ դէմ նստեցինք Գանատայի արտգործ նախարար Մելանի Ժոլիի հետ, և յստակ ասացինք, որ Լաչինի միջանցքը պետք է բացուի,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ Գանատան քչերից էր, որ կոչ է յղել միջանցքն ապաշրջափակելու վերաբերեալ,- Իսկ մենք աւելին պահանջեցինք՝ սպասելով, որ Գանատան գործնական քայլերի դիմի: Իրենց ներկայացրել ենք 7 կէտանոց առաջարկներ՝ մարադասիրական օժանդակութիւնից՝ մինչև ճնշում Ադրբեջանի վրայ, եթէ պէտք լինի, նույնիսկ սանկցիաներ»:
Վերադառնալով Արցախի շրջափակման հարցով ՀՀ իշխանութիւնների գնահատականներին և, մասնաւորապէս, ռուսական կողմին ուղղուած պահանջներին, միջազգային խաղաղապահներ տեղակայելու մասին Նիկոլ Փաշինեանի կոչերին՝ Մհեր Գարագաշեանն առաջարկեց դրանք դիտարկել առկայ իրողութիւնների, մասնաւորապէս՝ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հետախուզական օղակների պետերի Հայաստան այցերի և ՀՀ ԱԽՔ Արմէն Գրիգորեանի՝ ՄԲ այցի համատեքստում:
Ըստ նրա՝ սա վկայում է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական հաշիւները մաքրելու կիզակէտերից մէկն է:
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչը յաւելեց. «Կայ իրականութիւնը տեսնելու, հաշուարկելու, ազգային շահով առաջնորդուելու անհրաժեշտութիւն, և հասարակական գործչից մինչև պետական գործիչ՝ պէտք է հաշուի նստի դրա հետ:
Այս պահի դրութեամբ ո՛չ Մաքրոնը, ո՛չ Եւրոպան, ո՛չ ԱՄՆ-ը պատրաստ չեն զինուորական կօշիկներ դնել, ներկայութիւն ունենալ: Մեր պատմութիւն էլ եթէ ուսումնասիրենք՝ «Անգլիական նաւերը չեն կարող բարձրանալ Տաւրոսի լեռները»:
Եւ այս ամէնը հաշուի առնելով՝ նստել և դատափետել ռուս խաղաղապահներին և կամ՝ առանց փաստարկների ԱԽՔ բերանով ասել, թե ՌԴ-ն ուզում է անպայմանօրէն պարտադրել Զանգեզուրի միջանցք, առաւել ևս՝ միութենական երկիր դառնալու ինչ-որ պարտադրանք, այդ մարդկանց ձեռագիրն է՝ օդի մէջ խօսել»:
Հարցադրմանը՝ արդեօք ՌԴ-ն այս պահին չի՞ կարող աւելին անել, Մհեր Գարագաշեանն արձագանքգեց, որ մինչ այդ հարցը հնչեցնելը պէտք է հարց տալ՝ իսկ ի՞նչ է անում օրուայ իշխանութիւնը՝ բացի օդում խօսելուց:
«Իրենք Նոր տարուայ իրենց միջոցառումներով են զբաղուած: Վերջ ի վերջոյ, պետութեան ամենատարրական պարտականութիւնն է ուժեղ բանակ ունենալը, ինչի համար շատ ժամանակ ունէին:
Դիւանագիտական ի՞նչ միջոցներ են նախաձեռնել, որտե՞ղ էք տեսնում դիւանագիտական եռուզեռ՝ Արևմուտքից մինչև ՌԴ, որ մեր դեսպանները վազվզում են, որպէսզի Լաչինի միջանցքը բացուի,- նկատեց նա, ապա արձագանգելով դիտարկմանը, թէ՝ դիմել են ՄԱԿ ԱԽ, ՄԻԵԴ՝ յաւելեց,- Այդքանով չպէտք է բաւարարուել, եթէ մինչև հիմա միջանցքը փակ է: Այդ ճգնաժամին համազօր քայլերը չպէտք է մի քանի դասական քայլերով աւարտուեն»:
Սփիւռքահայ գործիչը համոզուած է՝ ՌԴ-ն, թերևս, կարող է այս պահին աւելին անել, սակայն ճնշուած է ուքրաինական ճակատով և այն աշխարհագրական հաշուարկներով, որոնք միտում ունեն իրեն դուրս թողնել տարածաշրջանից, եթէ Արցախում միջնորդից վերածուի կողմի:
Իսկ եթէ, ըստ նրա, «արևմտեան ազդեցութեան գօտին մտաւ ՀՀ, առաջին ոտքը, որ կը մտնի ՀՀ, ՆԱԹՕ-ական Թուրքիան է լինելու»: