«Ծախեցի՛ն մեր Աղաւնոն, ծախեցի՛ն մեր գիւղը, մեր Արցախը․․․»

Թամար Տումպալեան-Թիթիզեանը 7 տարի առաջ 4-ամեայ դստեր ու ամուսնու հետ Լիբանանից Հայաստան տեղափոխուեց։ Հայրենիք տեղափոխուելուց անմիջապէս յետոյ հաստատուեցին Արցախում՝ Աղաւնոյում։ Աղաւնոյում կեանքը խաղաղ ու երջանիկ էր անցնում, մինչեւ 44-օրեայ պատերազմը․․․

2022 թուականի օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետութեան տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարար Հայկ Խանումեանն Աղաւնոյ է գնացել ու տեղեկացրել՝ օգոստոսի 25-ին ռուսները դուրս են գալու, ազերիներն են մտնելու Աղաւնոյ։

«Խանումեանն ասաց՝ ուզում էք՝ մնացէ՛ք Աղաւնոյում, ուզում էք՝ դո՛ւրս եկէք գիւղից։ Յետոյ ասաց՝ կարող էք Հին Շէն, Մեծ Շէն տեղափոխուել կամ Ասկերանի շրջանի Օհանաւան գիւղ, որը Խոջալուին շատ մօտ է։ Հազիւ մեզ նմաններին են ասում՝ գնացէ՛ք, ապրէ՛ք այդ գիւղերում, ստացւում է՝ ասում են՝ գնացէ՛ք, մեռեէք»,- պատմում է Թամարը։

Նա սկզբում յոյս ունէր, որ շուտով կ՚ասեն ռուսները շարունակելու են մնալ, Աղաւնոյի բնակիչնեը չպէտք է հեռանան, բայց աւա՜ղ․․․

«Յետոյ հասկացայ՝ ծախեցին մեր Աղաւնոն․ չեմ ասում՝ տուեցին, ասում եմ՝ ծախեցի՛ն մեր գիւղը, Արցախը․․․  Թոյլ չէին տալիս՝ մեր տներն այրէինք, չէին թողնում, որ մարդիկ իրենց տան դուռը կամ լուսամուտը հանէին։ Հայ ոստիկաններն Աղաւնոյում հսկում էին, որ մեր տները չայրէինք, ասում էին՝ տներից միայն ձեր իրերը կարող էք հանել»,- յիշում է Թամարը։

Ամուսինը հաշմանդամութիւն ունի, չէր կարող տունն այրել, Թամարն էլ չի կարողացել, հազիւ հասցրել է իրերը հաւաքել։

Օգոստոսի 15-ին Թամարի ընտանիքը դուրս եկաւ Աղաւնոյից, իսկ 25-ին ադրբեջանցիները մտան Աղաւնոյ։ Աղաւնոյի բնակիչներին խոստացել էին վկայականներ տրամադրել, որոնց միջոցով հնարաւոր կ լինէր նոր բնակարան ձեռք բերել, սակայն տեղահանուած աղաւնոցիներն այդ վկայականները մինչեւ հիմա չեն ստացել։

Թամարն այժմ իր հաշմանդամութիւն ունեցող ամուսնու եւ 11-ամեայ դստեր հետ ապրում է Էջմիածնում՝ վարձով։ Պետութիւնը ընտանիքի 3 անդամներից իւրաքանչիւրին ամսական 40 հազար դրամ գումար է տրամադրում․ այդ 120 հազար դրամն ընտանիքը հազիւ տան վարձ է վճարում։ Թամարն ու ամուսինն Աղաւնոյում աշխատանք ունէին, ապրում էին խաղաղ ու արժանապատիւ կեանքով, իսկ հիմա ընտանիքում ոչ ոք աշխատանք չունի։

Էջմիածին տեղափոխուելուց յետոյ Թամարը սկսել է խմորեղէն եւ ուտեստներ պատրաստել, վաճառել․ առաջին օրերին պատուէրներ կային, հիմա անհամեմատ քիչ են: Հաշմանդամութիւն ունեցող ամուսինը խնամքի կարիք ունի, Թամարը պէտք է մնայ տանն ու նրան խնամի, բայց պատրաստ է տանն աշխատելու, ուտեստներ պատրաստելու, միայն թէ, պատուէրներ լինեն․․․․

Թամարն ու իր ընտանիքի անդամներն ամէն օր յիշում են Աղաւնոն, կարօտում։ Թամարն Աղաւնոյի անունը տալիս լալիս է, ասում է՝ չի կարող ապրել առանց Աղաւնոյի։ Գիշերներն էլ քնել չի կարողանում․․․

«Տուն է, ապրում ենք այստեղ, մեր գլխաւերեւում տանիք կայ, բայց ասես դրսում լինեմ, ասես անտուն լինեմ։ Աղաւնոյից դուրս ամէն տեղ ինձ օտար եմ զգում։ Ո՛չ ես, ո՛չ էլ ամուսինս ու դուստրս չենք կարողանում համակերպուել Աղաւնոյի կորստին, չենք կարողանում համարկուել այս նոր միջավայրին։ Մեր Աղաւնոյի օդն ու ջուրն ուրիշ էր։ Հիմա քնում եմ ու արթնանում Աղաւնոյի կարօտով ու երազանքով, որ մի օր կրկին Աղաւնոյ վերադառնանք»,- եզրափակում է Թամարը։

Յասմիկ Բալէյեան

Մանրամասնութիւննրը՝ տեսանիւթում։

 

 

 

 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.