Լոյս Է Տեսել ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»ի 2024ի Երկրորդ Համարը
Կարելի է ընթերցել Դրօշակի 2024ի Փետրուարի համարը (www.droshak.am): Փետրուար ամիսը, յիշարժան իրադարձութիւնների առումով, խորհրդանշական արժէք ունի հայութեան համար: Այդ իւրայատուկ շունչը ընթերցողը կը զգայ ծանօթանալով պաշտօնաթերթի ներկայ համարի հետ՝ շապիկի առաջին էջից մինչեւ վերջին էջը: Փետրուարեան սոյն համարի «Առաջնորդողի» վերնագիրն է «Ինչու՞ Իշխանափոխութիւն Տեղի Չի Ունենում»: Յօդուածում փորձ է արւում հիմնական մի քանի գործօնների ազդեցութեամբ բացատրել, թէ ինչու տեղի չի ունենում քաղաքական իշխանափոխութիւնը, երբ այն հասունացած պահանջ է Հայաստանի բնակչութեան մեծամասնութեան համար:
Երկրի ներքին մթնոլորտի ու գործընթացների պատճառները Մանուէլ Մկրտչեանը պարզաբանում է քննութեան նիւթ դարձնելով հասարակութեան մէջ իշխող մտայնութիւնները, ինչպէս եւ դրանց օրինաչափութիւնները:
Հրանդ Մելիք Շահնազարեանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական քաղաքական-դիւանագիտական գործընթացներին, ներկայացնում է դրանց վրայ արտաքին շահագրգիռ ուժերի ներգործութիւնը, որոնցով էլ պայմանաւորուած է տուեալ գործընթացների առկայ վիճակը:
Հայութեան համար Փետրուար ամսին տեղի ունեցած ամենանշանակալից եւ պատմական իրադարձութիւններից մէկն է 1921ի Փետրուարեան ապստամբութիւնը: Խմբագրութիւնը այս առիթով վերահրատարակել է «Դրօշակի» 1926ի Մարտի համարում ազգային-պետական նշանաւոր գործիչ Կարօ Սասունու յօդուածը: Լինելով փետրուարեան իրադարձութիւնների ուղղակի եւ գործօն մասնակիցներից մէկը, Սասունին իր յօդուածում ներկայացնում է ապստամբութեան բռնկման դրդապատճառները, ընթացքը, ինչպէս եւ ազգային վեհ ծառացման պատմական նշանակութիւնը:
Ուշագրաւ բազմաբնոյթ այլ յօդուածների շարքում, որոնք անպայման կը հետաքրքրեն ընթերցողներին, այս համարում տեղ է գտել նաեւ գրականագէտ Դաւիթ Գասպարեանի յօդուածը, որը վերնագրուած է. «Չարենցը Քաղաքական Մեղադրեալ՝ Նացիոնալիստ (ազգայնական), Դաշնակցական Ժողովրդի Թշնամի»: Առաջի հայեացքից ներկայացուող նիւթը չի առնչւում 1920ականների, 1980ականների եւ մեր օրերի անցքերի հետ, սակայն ակնյայտ է բոլոր այս իրադարձութիւնների օրգանական ներքին կապը՝բռնութեան երեւոյթը հայ ժողովրդի ազգային եւ մարդկային իրաւունքների, նրա արժէքների եւ ազատութիւնների դէմ: Անկախ նրանից, թէ ում դէմքով են հանդէս գալիս այդ իրաւունքը բռնաբարող, հայութեան զանգուածներին ու անհատ գործիչներին քաղաքական հալածանքների ենթարկող դահիճները:
«ԴՐՕՇԱԿ»
Comments are closed.