Լիլիթ Գալստեան ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին Անդրադարձաւ Հայաստանի Մէջ Ժողովրդավարութեան Անկումին
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովին ընթացքին Հայաստանի Ազգային ժողովի պատուիրակութեան անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեան ելոյթ ունեցաւ Պուքրեշի մէջ ընթացող նստաշրջանին եւ հիմնականօրէն լուսարձակի տակ առաւ Հայաստանի մէջ ժողովրդավարական կարգերու շարունակական կոպիտ խախտումները: Այս մասին կը յայտնեն Ազգային ժողովէն:
Իր խօսքին մէջ Գալստեան ըսաւ հետեւեալը. «Խօսելու եմ Հայաստանում մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան համատեքստում անվտանգային մշտական մարտահրաւէրների, ինչպէս նաեւ այն մասին, որ ներազգային պառակտուածութեան մթնոլորտում Հայաստանը բախւում է կառավարման մենատէր վարչակարգի շարունակական հաստատման հետ: Մի շարք միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններ արձանագրել են Հայաստանում ժողովրդավարութեան անկման մասին` շեշտելով ոստիկանական ապօրինի գործողութիւնները, բռնութիւններն ու խոշտանգումները, ընդդիմադիրների նկատմամբ անօրինական քրէական հետապնդումները, խորհրդարանական եւ համայնքային ընդդիմադիր ընտրուած ղեկավար անձանց պաշտօնանկութիւնները, որոնք վկայում են իշխող ուժի կողմից իշխանութեան իւրացման եւ կենտրոնացման մասին: Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ շինծու գործերով հետապնդումներն ու քաղաքական բռնաճնշումների իրականացումը դարձել են սովորական գործելաոճ: Ընդդիմադիր հայեացքների համար ՀՀ հարիւրաւոր քաղաքացիներ են ապօրինաբար բանտարկուել, նրանցից շատերը, միջազգայնօրէն ընդունուած չափանիշների համաձայն, քաղաքական բանտարկեալներ են: Իշխանութեան կողմից ոտնահարւում են ժողովրդավարական պետութեան առանցքային կառոյցները: Ատելութեան խօսքն ու բացայայտ թշնամանքն օգտագործւում են լռեցնելու նրանց, որոնք համարձակւում են ընդդիմանալ վարչակարգին: Դատական համակարգի անկախութեան վերաբերեալ խոր մտահոգութիւններ է յայտնել նաեւ Դատաւորների եւրոպական միութիւնը:
Չնայած տասնեակ հաղորդումներին եւ արձանագրուած փաստերին` ոչ մի ոստիկան քրէական պատասխանատուութեան չի ենթարկուել: Մենք անգամ ականատես ենք եղել ընդդիմադիր պատգամաւորի հետ կապուած իրողութեան, երբ ԱԺ պատգամաւորը տասնեակ ոստիկանների կողմից դաժան ծեծի է ենթարկուել իր կուսակցութեան գրասենեակի դիմաց: Լայնածաւալ վերջին խաղաղ հանրահաւաքի ժամանակ ոստիկանութիւնն անիրաւաչափ ուժ եւ յատուկ միջոցներ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, կրկնում եմ` խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի պատճառով վիրաւորում եւ բեկորային վնասուածքներ ստացան հարիւրից աւելի ցուցարարներ, այդ թւում` 10 լրագրող: Ոմանք հետագայ կենսունակութեան հետ կապուած խնդիրներ ունեցան: Հայաստանի կառավարութեան գլխի կողմից խրախուսուող ոստիկանական բռնութիւնները Մարդու հիմնարար իրաւունքների եւ միջազգային չափանիշների բացայայտ ոտնահարում են, որոնք սպառնալիք են զարգացման ժողովրդավարական ուղին ընտրած հայ ժողովրդին: Յարգելի՛ գործընկերներ, կոչ եմ ուղղում ձեզ` դատապարտել Հայաստանում ժողովրդավարութեան շարունակական անկումը եւ համերաշխութիւն յայտնել իրաւական պետութիւն կառուցելու Հայաստանի քաղաքացիների հաւատարմութեանը: Եզրափակելով` դիմում եմ ԵԱՀԿ ԽՎ մարդու իրաւունքների հարցերով զեկուցողին եւ առաջարկում այցելել Հայաստան, տեղում ուսումնասիրել իրավիճակն ու անել համապատասխան հետեւութիւններ»:
Comments are closed.