Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դէմ է
Ժողովրդական երթը դէպի Երեւան Հայաստանի թուրքացման դէմ է. լրագրողների հետ զրոյցում ասել է երթի մասնակից, ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։
«Ես ինքս Տաւուշից եմ եւ մեծացել եմ այդ հողի վրայ։ Մեզ համար այդ հողից ու ջրից աւելի թանկ բան չկայ։ Եթէ սահմանը անձեռնմխելի չլինի, ատրպէյճանցիները կը ստանան մեր յենակէտերը, եւ թշնամին կը յայտնուի ամէնուրեք։ Նաեւ Երեւանում։ Գուցէ ինչ-որ մէկը Երեւանում մտածում է, թէ աղէտն իրեն չի հասնելու։ Սխալւում է։ Ատրպէյճանցիներով կը բնակեցնեն ողջ երկիրը, կը չեղարկեն զինանշանը եւ Անկախութեան հռչակագիրը։ Հայաստանի իշխանութիւնները սահմանին սահմանափակ թուով սահմանապահներ կը կանգնեցնեն, ընդամէնը 5 հազար։ Իսկ ատրպէյճանցիները իրենց սահմանապահներին զինում են մինչեւ ատամները, որոնք կարող են հաշուած րոպէներում յայտնուել ամէնուրեք։ Այժմ իրականացւում է պիլոտային ծրագիր։ Սահմաններին կը կանգնեն «Եաշման» եւ «Կոմանդոսը» (Ատրպէյճանական էլիտար յատուկ ջոկատներ)։ Ռամիլ սաֆարովի տիպի ահաբեկիչները կը բնակեցուեն հայկական գիւղերի մօտ։ Իբր սեփական անվտանգութեան համար։ Իշխանութիւնների նպատակն է բոլորին դարձնել իրենց նման։ Բայց արժանապատիւ քաղաքացիները կը պաշտպանեն իրենց պատիւը, եկեղեցիները, կ’ընդդիմանան թուրքացմանը։ Ատրպէյճանում հեռուստաալիք են բացել՝ ի աջակցութիւն «արեւմտեան Ատրպէյճանի», այստեղից բխող բոլոր հետեւանքներով։
Յետոյ ձեռնամուխ կը լինեն Վարդենիսին։ Եւ իշխանութիւնները կ’ասեն՝ եկէք մի 20 գիւղ տանք ու հանգիստ ապրենք։ Չնայած այս ամէնին՝ գտնւում են այնպիսիները, որոնք շարունակում են հաւատալ իշխանութիւններին։ Ինչպէ՞ս կարող էք հաւատալ այն ամէնից յետոյ, ինչ տեղի ունեցաւ։ Ինչի՞ն էք հաւատում։ Եւ եթէ հաւատում էք՝ եկէք Կիրանց, տեսէք, թէ ինչ է տեղի ունենում։ Բոլորին, ովքեր շարունակում են հաւատալ, հրաւիրում եմ, որ գնան Կիրանց ու տեսնեն, թէ ինչ է իրենց սպասւում։
Ատրպէյճանցիները հանրահաւաքներ են անցկացնում ի պաշտպանութիւն Հայաստանի իշխանութիւնների։ Դա խայտառակութիւն է, իսկ նրանք ուրախանում են։ Նրանց յաջողուել է համախմբել ատրպէյճանցիներին եւ թուրքերին ամբողջ աշխարհում», նշել է Գառնիկ Դանիէլեանը։
Մանրամասները՝ տեսանիւթում.
Comments are closed.