Թուրքիան սիրիական տարածքների նկատմամբ ունի պատմականօրէն ձեւաւորուած նկրտում, որն արձանագրուած է 1920-ական թուականներին ընդունուած «Ազգային ուխտ» եզրոյթում
«Հորիզոն»-ի հարցազրոյցը թրքագէտ, պատմական գիտութիւններու թեկնածու Մհեր Աբրահամեանի հետ
«Հորիզոն»-ի զրուցակիցը թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Մհեր Աբրահամեանն է։ Անդրադարձել ենք այս օրերին Սիրիայում տիրող իրավիճակին, հնարաւոր նոր զարգացումներին, որոնք կարող են առնչուել նաեւ այնտեղ բնակուող հայ համայնքին եւ Հայաստանին։
– Որո՞նք են հիմնական պատճառները, որոնց հետեւանքով Սիրիան յայտնուեց այսպիսի վիճակում։
– Հիմնական պառճառներից մէկն այն է, որ 13 տարի առաջ տարատեսակ ուժեր կարողացան համոզել սիրիական ժողովրդին, ընդվզել Ասատի իշխանութեան դէմ, եւ այդ իսկ ուժերը, որոնցից մէկն էր Թուրքիան, յաջողեցին այս ընդվզման մէջ ներառել տարատեսակ ահաբեչական ուժերի եւ այն վերածել քաղաքացիական պատերազմի: Ռուսաստանի եւ Իրանի ներգրաւմամբ պատերազմական գործողութիւնները որոշ ժամանակով հանդարտուեցին, բայց վերջին տարիներին տեղի ունեցող աշխարհաքաղաքական հակամարտութիւնների սրումը հնարաւորութիւն տուեց ահաբեկչական ուժերին իրենց հովանաւորների՝ այս պարագայում Թուրքիայի օգնութեամբ հասնել Սիրիայի իշխանութեան: Ռուսաստանի եւ Իրանի դիրքերի թուլացումը Սիրիայում այս իրականութեան յաջորդ պատճառներից մէկն է:
– Արդեօ՞ք սա Սիրիայի անկումն է, սիրիական պետութեան կործանումը, թէ՞ հնարաւոր է, որ սիրիական ուժերը կարողանան պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականութիւնը։
– Այո, սա Սիրիայի անկումն է, քանի որ միայն այն, որ Սիրիայի դրօշը փոխուեց, վկայում է վերջինիս մասին: Սիրիական ուժեր, իմ կարծիքով, գոյութիւն չունեն, քանի որ այն խմբաւորումները, որոնք գրաւել են իշխանութիւնը, շուտով ունենալու են յստակ տարաձայնութիւններ՝ իշխանութեան կիսման հետ կապուած: Փրոթուրքական ուժերը անելու են հնարաւորը, որպէսզի Սիրիայի հիւսիսը՝ Հալէպով հանդերձ, դառնայ Թուրքիայի կամ թուրքական տնօրինութեան տակ գտնուող տարածք։
– Սիրիական պետութեան անկման դէպքում ո՞ր երկրներին կարող են բաժին հասնել Սիրիայի տարածքները։
– Հիմնական շահառուն այս հարցում Թուրքիան է, որը սիրիական տարածքների նկատմամբ ունի նաեւ պատմականօրէն ձեւաւորուած նկրտում, որն արձանագրուած է դեռեւս 1920-ական թուականներին ընդունուած «Ազգային ուխտ» եզրոյթում նէոօսմանական քաղաքականութեան մաս է։
– Թուրքիան իր ծաւալապաշտական քաղաքականութիւնը Սիրիայում իրագործելուց յետոյ կարո՞ղ է որպէս յաջորդ քայլ՝ անցում կատարել մէկ այլ երկրի՝ շարունակելով ծաւալապաշտական քաղաքականութիւնը։ Կա՞ն երկրներ, որոնք առաջիկայ տարիներին կարող են արժանանալ մօտաւորապէս այնպիսի ճակատագրի, որին արժանացաւ Սիրիան։
– Թուրքիայի յաջորդ քայերից մէկը, որ մէկ այլ քաղաքականութեան՝ «փանթուրքիզմի» շարունակականութիւն է, լինելու է այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը ռէալ վտանգ է Հայաստանի համար: Թուրքերը, մարսելով 44 օրեայ ագրեսիան Արցախի դէմ, սիրիական իրադարձութիւնները, ռազմական եւ դիւանագիտական ճանապարհներով փորձելու են հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը: Սիրիական իրադարձութիւններից յետոյ Թուրքիան դարձաւ տարածաշրջանային գերտէրութիւն, եւ այո, ինչպէս արդէն նշեցի «Զանգեզուրի միջանցքը» լինելու է նրանց յաջոդ քայլը:
– Այն ուժերը, որոնք դուրս էին եկել Պաշշար ալ-Ասատի իշխանութեան դէմ եւ գրաւում էին Հալէպը կամ միւս քաղաքները, նախ անուանւում էին «ահաբեկիչներ» բազմաթիւ պետութիւնների կողմից։ Իսկ յետոյ, երբ այդ նոյն ուժերը Թուրքիայի աջակցութեամբ յաջողեցին՝ տապալելով Ասատի իշխանութիւնն, արդէն աստիճանաբար կարծես թէ անուանւում են «ընդդիմութիւն»։ Ի վերջոյ այս ուժերին ինչպէ՞ս կարելի է անուանել։ Ովքե՞ր են նրանք։ Սիրիայի ժողովուրդն այս ուժերին ընկալում է որպէս «ահաբեկիչների՞», թէ՞ «ընդդիմադիրների»։
– Այժմ Սիրիայի ժողովուրդը, գտնուելով էյֆորիայի ազդեցութեան տակ, այս ուժերին ընկալում է որպէս փրկիչներ, սակայն Սիրիային սպասում են աւելի դաժան օրեր: Այս ուժերը ահաբեկչական են, քանի որ նրանց մի մասն ահաբեկչական Իսլամական պետութեան եւ Ալքայիտայի մասնիկներ են։
– Թուրքիայից զատ՝ ո՞ր երկրներին էր ձեռնտու Ասատի իշխանութեան անկումը եւ այն, ինչ այսօր կատարւում է Սիրիայում։ Ինչո՞ւ։
– Այստեղ լիովին համընկնում են Թուրքիայի եւ Իսրայէլի շահերը, եւ նրանք թշնամութեան քողի տակ «հրաշալի» համագործակցեցին, քանի որ Ասատի անկումից մէկ օր յետոյ Իսրայէլը չեղարկեց 1974 թուականին Հաֆէզ Ասատի հետ կնքուած զինադադարը եւ մտաւ սիրիական տարածքներ՝ իբր անվտագութեան գօտի ստեղծելու համար:
– Այն պետութիւնները, որոնք Սիրիան բաժան-բաժան անելու, տիրելու նպատակներ ունեն, կարո՞ղ են բախումներ ունենալ։ Հնարաւո՞ր է, որ այս ֆոնին Թուրքիայի եւ Իսրայէլի յարաբերութիւնները սրուեն ու նոյնիսկ ռազմական բախման վտանգ առաջանայ այդ երկրների միջեւ։
– Չեմ կարծում, որ Իսրայէլը եւ Թուրքիան կ’ունենան ռազմական բախում, քանի որ վերջին իրադարձութիւնները վկայում են այն մասին, որ այս երկուսը յստակ գիտեն, թէ իրենց ինչ է հարկաւոր: Թուրքիան արդէն ունի իր քարտէզները, որտեղ յստակ գծուած են Սիրիայից գրաւուող տարածքները. դրանք հիւսիս եւ հիւիս-արեւմտեան տարածքներն են՝ Հալէպով հանդերձ: Իսկ Իսրայէլին հարաւ-արեւմտեան տարածքներն են հարկաւոր, որոնք համարեա մօտ են Դամասկոսին:
– Սիրիայի նախկին առաջնորդ Պաշշար ալ-Ասատը Դեկտեմբերի 16-ին իշխանափոխութիւնից յետոյ առաջին անգամ, հրապարակել է գրաւոր յայտարարութիւն։ Նա վստահեցրել է, որ մտադիր էր շարունակելու պայքարը, բայց միեւնոյն ժամանակ ընդգծել է, որ, իր կարծիքով, «երբ պետութիւնն ընկնում է ահաբեկիչների ձեռքը, դրանում ցանկացած դիրքի զբաղեցում կորցնում է իր իմաստը»։ Այսուհանդերձ, նա յայտարարութեան եզրափակիչ հատուածում նշել է. «Երկրին եւ սիրիացի ժողովրդին պատկանելու իմ խոր զգացումն ինձ լցնում է յոյսով, որ Սիրիան նորից ազատ եւ անկախ կը դառնայ»։ Ինչպէ՞ս կը մեկնաբանէք Ասատի յայտարարութիւնն ընդհանուր առմամբ եւ յատկապէս այս հատուածը։
– Ասատի այս յայտարարութիւնը, կարծում եմ, պաթետիկ եւ մի քիչ էլ յուզական էր, սակայն այսօրուայ արագ փոփոխուող աշխարհում ամէն ինչ հնարաւոր է, եւ մի գուցէ ելքեր գտնելու ճանապարհով Ասատը կարողանայ նորից վերադառնալ Սիրիա եւ իշխել այնտեղ։ Բայց, ես սա աւելի շատ պաթետիկ եւ յուզական յայտարարութիւն եմ համարում։ Ասատն, ի հարկէ, փորձում է այսպէս պատասխանել նաեւ այն մեղադրանքներին, որոնք հնչում են ահաբեկիչների եւ իշխանութիւնը գրաւած մարդկանց կողմից, որոնք նրան մեղադրում են տարատեսակ յայտարարութիւնների մէջ։ Ուստի, Ասատը, մի գուցէ, փորձում է սկսել յայտարարութիւնների շարք՝ ներկայացնելով իր տեսլականը կամ իր տեսակէտը՝ այս մեղադրանքների վերաբերեալ։ Պէտք է ընդգծել, որ Ասատը հրաժարական չի տուել՝ չի հրաժարուել երկրի ղեկավարի պաշտօնից, ուստի նա այս պարագայում շարունակում է փաստաթղթերով մնալ Սիրիայի ղեկավարը, հետեւաբար ընթացքում կարող են լինել տարատեսակ փոփոխութիւններ։
Յասմիկ Բալէեան
Comments are closed.