Թուրքիան «ուտում է» Աջարիան, իսկ Ադրբեջանը Վրաստանը դարձնում է իր գաղութը

Վրաստանի քաղաքական վերնախաւը, կատարելով արևմտեան կուրատորների կամքը, շարունակում է մոլի ռուսատեաց լինել, բայց, միևնոյն ժամանակ, չի նկատում, որ հանրապետութեան տարածքային ամբողջականութեանը սպառնում է իր ամենամօտ «բարեկամներից» ու «դաշնակիցներից» բխող միանգամայն իրական վտանգը. գրում է EADaily-ն:

«Այսօր, մի շարք իրազեկ աղբիւրների համաձայն, վրացական այս տարածաշրջանի (Աջարիայի) թուրքերը ոչ միայն իրենց զգում են ինչպէս տանը, այլեւ լրջօրէն մտադիր են այն ինտեգրել Թուրքիային։ Այն, որ թուրքերը չեն պատրաստւում դրանով կանգ առնել, հաստատել է թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն, Աջարիայից բացի, ելոյթներում սկսել է յիշատակել Մեսխեթիան ու Ջաւախքը։ Այս մարդը պատահական ոչինչ չի ասում։ Ակնյայտ է, որ նա ձեռնամուխ է եղել Ռուսական կայսրութեան կողմից ժամանակին օսմանցիներից խլուած վրացական տարածքների վերադարձին։

Այն վտանգին, որին Վրաստանը ենթարկւում է արևմուտքից, կարելի է հանգիստ աւելացնել արևելքից եկող սպառնալիքը։ Ադրբեջանական կապիտալի ներթափանցումը վրացական տնտեսութիւն, Բաքուի քաղաքական ազդեցութեան աճը շատ քիչ է զիջում Թուրքիային։

Միխեիլ Սահակաշվիլին և «Միացեալ ազգային շարժումը» իրենց իշխանութեան օրոք ամէն ինչ արել են, որպէսզի թուրք-ադրբեջանական ազդեցութիւնը տնտեսութեան մէջ գերիշխող լինի։ Այսպէս «ազգայինները» իբր պայքարել են Ռուսաստանի ազդեցութեան դէմ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կարծես արձագանքելով Էրդողանին, իր ելոյթներում բազմիցս յայտարարել է, որ ժամանակակից Վրաստանն ու Հայաստանը գտնուել են ադրբեջանական հողերի վրայ։ Այս թեզը ամրագրուած է Ադրբեջանի պատմութեան դպրոցական դասագրքերում։

Վրաստանի իշխանութիւններն, իրենց հերթին, ստիպուած են յետհայեացք գցել Ադրբեջանի իշխանութիւններին, երբ փորձում են ռազմավարական որոշումներ կայացնել։ Իսկ եթէ Բաքուին ինչ-որ բան դուր չի գալիս, բաւական է մէկ կոշտ պատասխան՝ դժգոհութիւն առաջացրած վրացական նախագիծը թաղելու համար։

Չնայած բարեկամութեան և եղբայրութեան մշտական հաւաստիացումներին՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև կան մի շարք խնդիրներ։ Պատմական վրացական Սաինգիլօ շրջանը Ադրբեջանի կազմում է, վրացական Քվեմո-Քարթլի շրջանում բնակչութեան մեծամասնութիւնը էթնիկ ադրբեջանցիներ են։ Ինգիլոյների հիմնական խնդիրն այն է, որ նրանց համար շատ դժուար է պահպանել իրենց ազգային ինքնութիւնը, իսկ ուծացման գործընթացը, որը կարելի է առանց մեծ չափազանցութեան բռնի կոչել, բաւականին հեռուն է գնացել։ Իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու՝ վրացական իշխանութիւնների երկչոտ փորձերը գործնականում ոչ մի արդիւնք չեն տուել։

Բոլորովին այլ է իրավիճակը Քվեմո-Քարթլիում և էթնիկ ադրբեջանցիների կոմպակտ բնակութեան այլ վայրերում։ Այստեղ ոչ մի ձուլման մասին խօսք լինել չի կարող։ Վրաստանում ադրբեջանցիների կոմպակտ բնակութեան վայրերում յաջողութեամբ գործում են բազմաթիւ ադրբեջանական դպրոցներ։ Մառնեուլի փոքրիկ քաղաքում տեղի ունեցաւ Հեյդար Ալիևի անուան վրաց-ադրբեջանական հումանիտար համալսարանի բացումը:

Ադրբեջանական պետական նաւթագազային SOCAR ընկերութիւնը, որը փաստացի մենաշնորհ ունի վրացական էներգետիկ շուկայում, նպատակային ֆինանսական աջակցութիւն է ցուցաբերում ադրբեջանական բնակչութեանը։ Վճարում են ուսանողների ուսման վարձը, օգնում կրթութիւն ստանալ Թուրքիայում կամ Ադրբեջանում, հոգում են հիւանդների բժշկական ծախսերի մի մասը։ SOCAR-ը Վրաստանի՝ ադրբեջանական ծագումով քաղաքացիներին հնարաւորութիւն է տալիս գազի համար վճարելու արտօնեալ սակագնով։

Ինչպէս Աջարիայում, այնպէս էլ ադրբեջանցիների կոմպակտ բնակութեան վայրերում մզկիթներ են կառուցւում։ Ստեղծուել են բազմաթիւ հասարակական կազմակերպութիւններ, որոնք կրում են շատ խօսուն անուններ՝ «Վրաստանի թուրքերի համադաշնութիւն», «Վրաստանի ադրբեջանցիների ազգային ժողով», «Բորչալուի երիտթուրքերի միութիւն», «Վրաստանի թուրք կանանց կոմիտէ», «Գեյրյաթ» ժողովրդական շարժում, «Ահլի-Բեյթ» կրօնական հասարակութիւնը։ Գործում է «Ալգեթ» հեռուստաալիքը և Մառնեուլի համայնքի ռադիոն։

Ադրբեջանական բնակչութեան շրջանում ինտենսիւօրէն մշակւում է այն միտքը, որ նրանք ապրում են ադրբեջանական հողերում։ Քայլ առ քայլ նման կարծիքը դառնում է գերիշխող։ ՀԿ-ների ներկայացուցիչները վիրաւորւում են, երբ Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիներին սփիւռք են անուանում։ Մարդը, որը համարձակւում է դա ասել, անմիջապէս ենթարկւում է կատաղի քննադատութեան։ Իրականում մի քանի դար առաջ Իրանի կառավարիչ Նադիր Շահը թուրքական ցեղին վերաբնակեցրեց այս հողերում։ Իրենց օգտին փոխելով բնակչութեան ժողովրդագրական կազմը՝ եկուոր էթնոսն իրենով արեց վրացական տարածքները (սա վերաբերում է նաև Արևելեան Հայաստանին, ներառեալ՝ Արցախը` խմբ.)։

Հաշուի առնելով, որ քաղաքական ազդեցութիւնը հիմնուած է ադրբեջանական կապիտալի հզօր տնտեսական դիրքերի վրայ, որոնց ձեռքում են հիւրանոցների, ռեստորանների, սրճարանների, արդիւնաբերական ձեռնարկութիւնների և նոյնիսկ խաղատների ճնշող մեծամասնութիւնը, կարող ենք հանգիստ փաստել, որ Վրաստանի կառավարութեան դիրքերն այս տարածաշրջանում օրեցօր աւելի երերուն են դառնում:

Ադրբեջանը ձևականութիւնների հետևից չի ընկնում իր դաշնակցի հետ յարաբերութիւններում, որին յստակօրէն տրւում է կրտսերի կարգավիճակ։ Դրա վառ հաստատումն է հին քրիստոնէական Դաւիթ Գարեջի վանական համալիրի պատմութիւնը, որի մի մասը դեռ խորհրդային տարիներին միութենական հանրապետութիւնների սահմանների բացարձակ կամայական սահմանագծով յայտնուել է Ադրբեջանի տարածքում։ Թէև վրաց հասարակութիւնը չափազանց զգայուն է ազգային սրբավայրի մասնատման փաստի նկատմամբ, Ադրբեջանի իշխանութիւնները կտրականապէս հրաժարւում են վերադարձնել վանական համալիրի այդ հատուածը՝ այնտեղ կազմակերպելով սեփական արգելոց «Քեշիքչիդաղը» և այն հռչակելով ադրբեջանական պատմական ժառանգութիւն։

Ղարաբաղեան վերջին պատերազմում յաջողութեան հետ կապուած՝ Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում նկատելիօրէն ամրապնդվել են, իսկ Հայաստանը կորցրել է իր հաւասարակշռող դերը Վրաստանի համար։ Նոր իրողութիւնները, անշուշտ, կ’ազդեն Վրաստանի ռազմավարական դիրքերի վրայ, որը, փորձելով պաշտպանել իր դիրքերը, ստիպուած կը լինի աւելի յաճախ համաձայնութեան գալ Բաքուի ու Անկարայի հետ։

Համաշխարհային պատմութեան զարգացման ընթացքը ցոյց է տուել, որ անհնարին թուացող իրադարձութիւններն իրականութիւն են դառնում։ վրացական քաղաքական վերնախաւը վերջապէս պէտք է գիտակցի, որ Թուրքիայից Աջարիայի ֆորմալ դուրսբերումը հեռանկար է առաջիկայ տարիների համար, և դրանից յետոյ կը ծագի վրացական պետութեան գոյատևման հարցը։ Մինչ վրացի քաղաքական գործիչները յոյս են կապում իրենց հեռաւոր արտերկրեայ հովանաւորի հետ, վիճում են Ռուսաստանի հետ և անձնուրաց թուլացնում սեփական պետութիւնը, Թուրքիան և Ադրբեջանը, զինուած «Մէկ ժողովուրդ, երկու պետութիւն» գաղափարով, միաւորւում են։ Իսկ Վրաստանն ու Հայաստանը ակնյայտօրէն խոչընդոտ են նրանց ճանապարհին»:

Գէորգի Ասատիանի – https://eadaily.com/ru/news/2021/11/07/turciya-sedaet-adzhariyu-azerbaydzhan-prevrashchaet-gruziyu-v-svoyu-koloniyu (Eurasia Daily EADaily տեղեկատուական գործակալութիւնը ստեղծուել է 2015թ.Մոսկուայում և լուսաբանում է Եւրասիական տարածքում տեղի ունեցող քաղաքական, սոցիալ-տնտեսական գործընթացները:

Leave a Comment

You must be logged in to post a comment.