«Զինանոցով հարուստ Թուրքիան Հայաստանի դէմ նոր ճակատ է բացում». Ռուբէն Մելքոնեան

Մայիսի 3-ին հերթական անգամ տեղի ունեցաւ Հայաստանի եւ Թուրքիայի յատուկ բանագնացներ Ռուբէն Ռուբինեանի եւ Սերդար Քըլըչի հերթական՝ 3-րդ հանդիպումը, որի աւարտին երկու կողմերը պաշտօնական յայտարարութիւններով վերահաստատեցին՝ գնում են առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու ճանապարհով։

Այս պաշտօնական յայտարարութիւնից զատ՝ հայ հանրութեանը պաշտօնապէս որեւէ պարզաբանում, յստակ տեղեկութիւն դեռ չի տրուել, թէ մասնաւորապէս ի՞նչ են քննարկել կողմերը, ինչը, ըստ վերլուծական շրջանակների, կարող է հիմք տալ պնդելու՝ հերթական անգամ գործ ունենք ժողովրդի թիկունքում փակ օրակարգի ու քողարկուած բանակցային բովանդակութեան հետ։

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հայ-թուրքական օրակարգն ամէն գնով հաստատելու՝ ՀՀ իշխանութիւնների ստանձնած պատրաստակամութեանը, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանն ընդգծեց՝ հայ-թուրքական դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու դէպքում էլ դրանք շարունակելու են մնալ կոնֆլիկտային, որովհետեւ հայատեացութիւնը Թուրքիայում դրուած է պետական մակարդակի վրայ, իսկ ինչ վերաբերում է առանց նախապայմանների բանակցելու մասին խոստումներին՝ ապա նախապայմանները կան, ու դրա ապացոյցներից մէկն էլ հայկական աւիաընկերութեան համար Թուրքիայի օդային տարածքը փակելու որոշումն էր՝ որպէս հայկական կողմի վրայ ճնշում գործադրելու մեխանիզմ։

«Ուստի, եթէ ՀՀ իշխանութիւնն այս ոճով յարաբերութիւններ հաստատի Թուրքիայի հետ, ապա օդային տարածքը փակելու ոճի արձագանգները, որոնք Թուրքիայի համար ճնշման գործիք են, շարունակական են լինելու, իսկ դա հէնց թուրքական էքսպանսիան է»,- ասաց թուրքագէտը՝ ընդգծելով՝ սա է թուրքական բարեկամութեան ոճը։

Ամբողջ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնել ցանկացող Թուրքիան, ըստ Մելքոնեանի, հիմա ցանկանում է Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատել, որովհետեւ Հայաստանը հիմա պատրաստ է զիջել այն կարմիր գծերը, որոնք չեն զիջել 30 տարիների ընթացքում Հայաստանի որեւէ իշխանութիւն, իսկ քանի որ չեն զիջել, Թուրքիային էլ որեւէ բանակցութիւն Հայաստանի հետ պէտք չէր։

«Այ, հիմա պէտք է. պէտք է, որովհետեւ կարող է պարտադրել իր կամքը։ Ուշադրութիւն է պէտք դարձնել այն հանգամանքի վրայ, որ Թուրքիան հիմա՝ այս փուլում, առաջարկում է Հայաստանի հետ հայ-թուրքական սահմանների վերասահմանագծում անել, օրինակ՝ գետերի հուներ փոխել եւ այլն, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը պէտք է վերջնարդիւնքում ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը՝ Կարսի պայմանագիրը, ինչը Թուրքիայի հետ Հայաստանի առաջ դրուած նախապայմաններից մէկն է ընդամէնը։ Չգիտեմ՝ ՀՀ այս իշխանութիւնը Թուրքիայի այդ առաջարկն ինչ հիմնաւորմամբ է մերժել, բայց վստահ եմ՝ դա ծառանալու է Հայաստանի առաջ։ Թուրքիան, սահմանների վերաձեւաւորման մասին խօսելով, ցոյց է տալիս իր իրական նպատակները»,- ասաց Մելքոնեանը՝ ընդգծելով, որ Թուրքիան հիմա Հայաստանի իշխանութիւններից պահանջում է նաեւ մտնել որոշակիացման դաշտ։

 

«Թուրքիան Հայաստանի դէմ նոր ճակատ է բացում։ Թուրքական կողմը Հայաստանից պահանջում է մտնել կոնկրետացման դաշտ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանութիւնների համար սկսելու է դառը ժամանակաշրջան։ Հայաստանին թուրքական իշխանութիւնը պարտադրելու է այդ դաշտ մտնել, եթէ չմտաւ, ապա թուրքական զինանոցը շատ հարուստ է»,- խօսքը եզրափակեց թուրքագէտը։

Աղաւնի Սուքիասեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.